×


«Մտածում են՝ Մկրտիչ Արզումանյանի կամ Մենչի աղջիկն եմ, բայց ես բալետի արտիստ Գարիկ Խաչիկյանի աղջիկն եմ». Աննա Խաչիկյան

Աննա Խաչիկյանը հեռուստադիտողին հայտնի է «Արտակարգ Արտակ» եւ «Բոլոլա» սիթքոմներից: Նա նաեւ երգում է, խաղում ներկայացումներում ու մյուզիքլներում: Ծնվել է արվեստագետների ընտանիքում՝ հայրը բալետմայստեր Գարիկ Խաչիկյանն է, մայրը՝ երգչուհի Անժելա Բարխուդարյանը: BRAVO.am-ի հետ զրույցում Աննան խոստովանել է՝ լուսահոգի պապիկի՝ բալետմայստեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանի ցանկությունն է եղել, որ պարն ընտրի, բայց հայրը չի համաձայնել, ասել է՝ դժվար ուղի է։

- Դու էլ ընտրեցիր դերասանուհու եւ երգչուհու ուղին։

- Շատերն ասում են՝ ես ու քույրս կուլիսներում ենք մեծացել: Նեղվում էի, որ ծնողներս միասին տանն այդքան էլ չէին լինում՝ մայրս երեկոյան էր աշխատանքի, հայրս՝ առավոտյան։ Բայց ես բեմը շատ սիրեցի։ Հիմա հաճախում եմ «Եվ» շոու-դպրոց ու ներգրավված եմ ներկայացումներում։ Այս պահին հասկանում եմ, որ թատրոն ինձ ավելի հոգեհարազատ է։

- Հիշում եմ՝ քովիդի ժամանակ սկսեցիր հեքիաթներ կարդալ ու սոցցանցերում շատերին հետաքրքրեցիր:

- Չէի պատկերացնում, որ նման արձագանք կլինի։ Երբ բոլորս փակված էինք տանն ու անգործությունից չգիտեինք՝ ինչ անել, դասերն առցանց տարբերակով էին, ամեն ինչ շատ տխուր էր, որոշեցի հեքիաթներ կարդալ։ Առաջին եթերից հետո շատ արձագանքներ եղան, նույնիսկ հուշում էին՝ որ հեքիաթը կարդամ։ Ոգեւորիչ էր:

Աննա Խաչիկյանը


- Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր «Արմենիա» հեռուստաընկերության «Արտակարգ Արտակ» սիթքոմում։

- Մայրս տեղեկացել էր, որ սերիալի համար քասթինգ է հայտարարված։ Որոշեցի մասնակցել, ու բավական երկար տեւեց։ Թեկնածուները շատ էին, բայց ռեժիսոր Հարություն Խալաֆյանն ինձ ընտրեց այդ դերի համար։

- Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ հայտնվեցիր նույն նկարահանման հրապարակում։ Նա ֆիլմում ձեր հայրն է։ Կաշկանդվո՞ւմ էիր, թե՞ նա օգնում էր, որ տեսախցիկի առաջ ավելի ազատ ու բնական խաղաս։

- Սկզբում կաշկանդվածություն կար, բայց իմ ավագ ընկերները միշտ կողքիս էին։ Հատկապես Մկրտիչ Արզումանյանը շատ օգնեց, որ ազատ լինեմ ու կերպարի մեջ մտնեմ։ Այս սիթքոմում կերպարս ինձ ավելի նման է. Գայանեն զուսպ է, գերազանցիկ աշակերտուհի։ Ընտանիքը միշտ հայտնվում էր պատմությունների մեջ, ու Գայանեն լուծում էր խնդիրները:

Շատերը մտածում էին, որ ես Մկրտիչ Արզումանյանի աղջիկն եմ, հետո «Բոլոլա»-ում դարձա Արմեն Պետրոսյանի՝ Մենչի աղջիկը, բայց իրականում ես բալետի արտիստ Գարիկ Խաչիկյանի աղջիկն եմ։ Ի դեպ, Մկրտիչ Արզումանյանը եւ Արմենը Պետրոսյանը նկարահանման հրապարակում են իմացել՝ ովքեր են ծնողներս:

Լուսանկարը՝ անձնական արխիվից Գարիկ Խաչիկյանը եւ Անժելա Բարխուդարյանը՝ դուստրերի հետ


- «Բոլոլա»-ում ինչպե՞ս հայտնվեցիր։

- Դե, ինձ արդեն նախորդ սիթքոմից նկատել էին, զանգահարեցին եւ առաջարկեցին նկարահանվել։ Երբ ծանոթացա կերպարին, մի փոքր լարվեցի, քանի որ Նարեն ընդհանրապես ինձ նման չէ՝ ավելի չարաճճի է, սիրում է ֆուտբոլ, տղաների հետ բակում կռիվ անել եւ այլն։ Բայց լարվածությունս անցավ նկարահանման հրապարակում, քանի որ շատ ընտանեկան միջավայր է, ու Նարեին սկսեցի սիրել։

- Հիմա ֆուտբոլով հետաքրքրվո՞ւմ ես:

- Հայրիկիս հետ դիտում եմ Հայաստանի հավաքականի խաղերն ու սկսում եմ հասկանալ ֆուտբոլասերներին։

- Երբ սերիալը եթերում է լինում, ընտանիքով դիտո՞ւմ եք, քո խաղը քննարկո՞ւմ եք։

- Շատ անկեղծ ասեմ՝ իմ տեսարանների ժամանակ սենյակից գնում եմ, որ ձայնս չլսեմ. չեմ սիրում։ Մաման ամենախիստն է՝ անընդհատ քննադատում է ու խորհուրդներ տալիս: Շատ պահանջկոտ է, բայց միշտ կողքիս է ու աջակցում է ամեն ինչում: Հիմա դեռ չգիտեմ՝ կընտրեմ դերասանուհու մասնագիտությունը, թե մայրիկիս պես երգչուհի կդառնամ:

Աննա Խաչիկյանը


- Բայց արդեն երկու տեսահոլովակ ունես: Ինչո՞ւ որոշեցիր ռուսերեն երգել:

- Առաջին երգի ընտրությունը պատահական եղավ. մայրս մենահամերգի համար երգեր էր ընտրում, եւ երբ այդ երգը լսեցի, շատ սիրեցի։ Որոշեցինք քավեր տարբերակը հրապարակել, եւ արձագանքները շատ լավն էին։ Նոր երգս էլ նվիրված է Երեւանին: Երաժշտության հեղինակը մայրս է, խոսքերը ես եմ գրել: Տեսահոլովակը նկարահանվել է Երեւանի տարբեր թաղամասերում, ռեժիսորը Նարեկ Քթոյանն է։



- Աննա, այս հարցը քեզ շատերն են տվել՝ իրականում քանի՞ տարեկան ես:

- Քանի որ իմ տարեկիցներից բարձրահասակ եմ, շատերն ասում են՝ իմ տարիքից մեծ եմ երեւում։ Բայց ես 13 տարեկան եմ, սովորում եմ Ստեփան Լիսիցյանի անվան դպրոցում՝ 8-րդ դասարանում։

- Դասարանցիներդ դիտո՞ւմ են քո մասնակցությամբ սիթքոմները։

- Առաջինը նրանք են իմանում, որ նկարահանվում եմ, ու ինձ շատ են ոգեւորում։

- Ուսուցիչներդ չե՞ն բարկանում, երբ նկարահանումների պատճառով դասերից բացակայում ես։

- Այնպես եմ անում, որ դասերին երբեք անպատրաստ չլինեմ։ Մինչ այս պահը գերազանցիկ եմ։

- Իսկ ճանաչվածությունդ նպաստո՞ւմ է լավ գնահատականներ ստանալուն։

- Ո՛չ: Ես դպրոցում սովորական աշակերտ եմ ու չեմ էլ ուզում, որ այլ կերպ լինի։

- Մի օր տեսա՝ դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը գրառում էր կատարել՝ «Այս երեխան նաեւ կարդում է»։

- Շատ սիրում եմ կարդալ ու միշտ կարդում եմ։ Ընկերուհիս՝ Միլենան, սերմանեց իմ մեջ ընթերցասիրությունը։ Առաջին գիրքը հենց նա է ինձ նվիրել։ Նկարահանումներին միշտ գիրք եմ վերցնում հետս, որ ազատ ժամանակ կարդամ։ Կարդում եմ ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն, ավելի շատ սիրում եմ ֆանտաստիկ գրականություն։ Միշտ պատկերացնում եմ՝ ինչպիսին են հերոսները, եւ երբ այդ գրքի ֆիլմն եմ դիտում, ասում եմ՝ չէ՜, այս կերպարը բոլորովին այլ պետք է լիներ։

Աննա Խաչիկյանը


- Թխվածքներ պատրաստել ես սիրում:

– Խոհանոցի հանդեպ սերն էլ եկել է տատիկցս։ Իր հետ միշտ համով խմորեղն ենք պատրաստել։

- Ո՞ւմ հետ ես ավելի մտերիմ՝ հայրիկի՞դ, թե՞ մայրիկիդ: Օրվա տպավորություններն ո՞ւմ ես պատմում:

- Երկուսի հետ էլ մտերիմ եմ: Եթե հայրս է տանում նկարահանման, ապա միշտ ունենում ենք ժամանակ ճանապարհին զրուցելու եւ մտքեր փոխանակելու համար։ Մամայի հետ այլ թեմաներ ունենք քննարկելու։ Իսկ նկարահանման հրապարակում ինձ ավելի հանգիստ ու ազատ եմ զգում, երբ տան անդամներից ոչ ոք չի լինում։

- Ո՞վ է ավելի խիստ:

- Մայրս: Հայրս այդքան չի քննադատում, միշտ ոգեւորում է ինձ։ Իսկ մայրս պահանջկոտ է։ Քույրս պատասխանատու է իմ դասերի համար։ Եթե պատմության դասին որեւէ թվական սխալ ասեմ, միշտ նկատողություն է անում։

- Առաջին հոնորարդ ե՞րբ ստացար, ի՞նչ արեցիր։

- Առաջին հոնորարս ստացել եմ 8 տարեկանում՝ 2019-ին։ Նարեկ Քթոյանի հետ Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում էի վարում։ Ու այդ գումարով ծնողներիս համար փոքր հեռուստացույց գնեցի, քանի որ մենք խաղալուց ջարդել էինք մեր տան հեռուստացույցը։ Երբեք չեմ մոռանա այդ օրը։ Ես Արցախում շատ եմ եղել. մորեղբայրս այնտեղ էր ծառայում։

- Աննա, երբ մայրդ 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորական աշխատանք էր կատարում, դասերից հետո մինչ ուշ երեկո նրա հետ էիր լինում: Կարեւո՞ր էր այդ աշխատանքը քեզ համար։

- Գնում էինք երեքով՝ ես, մայրս, քույրս: Օրեր են եղել, որ այնտեղ ենք մնացել մինչ ուշ գիշեր։ Սնունդ ու հագուստ էինք հավաքում, փաթեթավորում։ Երբ մտածում էինք, թե այդ ամենը զինվորների համար որքան կարեւոր է, հոգնելու մասին մոռանում էինք:

Զրուցեց՝ Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW