×


Նարինե Գրիգորյանը եւ Թահար Ռահիմը

«Պարոն Ազնավուր»-ի կուլիսային գաղտնիքները

Ֆրանսիական կինոթատրոններում ցուցադրվում է ֆրանսահայ մեծանուն երգիչ, երգահան Շառլ Ազնավուրին նվիրված «Պարոն Ազնավուր» կենսագրական ֆիլմը, որում արտիստի մորը՝ Քնար Ազնավուրյանին, մարմնավորել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանը: Նա BRAVO.am-ի հետ զրույցում կիսվել է պրեմիերայից ստացած տպավորություններով եւ խոստովանել, թե որքան հաճույքով է աշխատել ռեժիսորներ Մեհդի Իդիրի, Ֆաբիեն Մարսոյի եւ Ազնավուրի դերակատար Թահար Ռահիմի հետ:

«Պարոն Ազնավուր»-ում Գրիգորյանը հայտնվել է Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի շնորհիվ: Կաննի կինոփառատոնում այն դիտելուց հետո դերասանուհուն նկատել է քասթինգի տնօրեն Դավիթ Բերտրանն ու Ազնավուրի մոր դերի համար հենց նրան առաջարկել ռեժիսորներին:


«Քասթինգը տեսակապով եմ անցել. մի կողմում Մեհդին ու Ֆաբիենն էին, մյուսում՝ ես, մեզ էր միացել նաեւ Նորա Մարտիրոսյանը, որպեսզի թարգմանի զրույցը: Հանձնարարություններից մեկը Սայաթ-Նովայի բանաստեղծությունը կարդալն էր, ուրիշ տեքստ էլ ունեի»,- նշել է դերասանուհին:

Նրա համար ամենամեծ մարտահրավերը լեզուն է եղել. պետք է արեւմտահայերեն եւ ֆրանսերեն խոսեր: Դժվարություններն օգնել է հաղթահարել Նունե Ղարիբյանը, որը ներկա է եղել նկարահանումներին ու թարգմանել է բոլոր խոսակցությունները, ինչպես նաեւ տեքստի ճիշտ արտաբերմանը հետեւել.«Նա մանրակրկիտ աշխատանք է տարել նաեւ ֆրանսիացի ու ֆրանսահայ դերասանների, որպեսզի ճիշտ ու մաքուր հայերեն խոսեն: Ամեն վայրկյան ներկա էր, որ սխալ ոչ մի բառ չլինի, քանի որ հայկական մշակույթն ենք ներկայացում»:


Երիտասարդ Քնար Ազնավուրյանին Գրիգորյանը հեշտությամբ է ստացել, իսկ նրան պատկառելի տարիքում մարմնավորելու համար ստիպված է եղել դիմանալ 4 ժամ տեւողությամբ գրիմին: Ռահիմի հետ հասակակիցներ են, բայց հրաշալի կերպարանափոխության շնորհիվ էկրանին իսկական մայր ու որդի են դարձել:

«Ռահիմն իսկապես հիանալի ու շատ պարզ մարդ է: Նկարահանումներին հաճախ էի մտածում՝ ինչ լավ է իր փոխարեն չեմ, քանի որ Ազնավուրին խաղաղը սարսափելի մեծ պատասխանատվություն է: Նա զգում էր այդ բեռն ու սկզբում այնքան լարված էր, քանի որ ուզում էր ամեն ինչ լավ ստացվի: Բայց ինչպես էլ մարմնավորես, չգիտես՝ արածդ ինչպես կընդունվի, քանի որ ամեն մեկն իր Ազնավուրն ունի, եւ հենց դրանով էլ կենսագրական ֆիլմերը խոցելի են:

Ռահիմն ամեն ինչ այնքան սիրով էր անում, հատուկ դասերի հաճախում, որպեսզի որոշ տեսարաններում հենց ինքը երգի: Միասին առաջին կադրը նկարելուց հետո ինձ գրկեց ու ասաց. «Դուք իսկապես շատ լավ դերասանուհի եք, հարգում եք դիմացինի տարածքը, բայց Ձերն էլ չեք կորցնում»: Նրա հետ նկարահանվելը մեծ պատիվ էր ինձ համար, իրար շատ սիրեցինք»,- ժպիտով պատմել է դերասանուհին:


Նա հիացած ու տպավորված է նաեւ ռեժիսորների հետ աշխատանքից: Զարմացած է, թե ինչպես երկու մեծ անհատներն ու արվեստագետները կարող են այդքան միասնական գործել ու հարգել միմյանց մտահղացումները. «Երբեք չէին բարկանում, կարողանում էին հանգստություն պահպանել ու այնպես անել, որ նկարահանումների ընթացքում լարվածություն չառաջանա: Աշխատանքն ուրախ էր անցնում, ու փորձում էին այնպես անել, որ ամեն պահը տոն դառնա: Հենց հոգնում էինք, երաժշտություն էին միացնում, որ ընդհանուր մթնոլորտը թեթեւանար:

Մինչ այդ համարում էի, որ երկու ռեժիսորի համատեղ աշխատանքը հնարավոր չէ, բայց դրանից հետո մեր թատրոնում Անդրանիկ Միքայելյանի հետ բեմադրեցինք «Լակոտը»: Ամեն գործ չէ, որ կարող ես միայնակ անել. օգնություն է պետք»:


Նրա խոսքով՝ պրեմիերան շատ լավ է անցել, ներկաները հուզվել են, արտասվել, հիացել ու վայելել ֆիլմը: «Պարոն Ազնավուր»-ում անդրադարձել են ինչպես Ցեղասպանությանը, այնպես էլ երկրաշարժին, ցույց տվել Շառլ Ազնավուրի կյանքի ամենածանր ու դժվար պահերը, որոնք նա կարողացել է հաղթահարել եւ համաշխարհային մեծություն դառնալ. «Նրա կյանքն ամենադիպուկը հայրիկի խոսքերն են բնութագրում՝ «Ուր էինք, ուր հասանք»: Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես փախստականների ընտանիքի երեխան ամենածանր չքավորությունից կարողացավ հասնել նման բարձունքի եւ Ֆրանսիայի ամենամեծ երգիչներից մեկը դարձավ»:

Գրիգորյանն ավելացրել է, որ ֆիլմի ավարտին հանդիսատեսը բավական երկար ծափահարել է ստեղծագործական կազմին: Դերասանուհին նշել է, որ Հայաստանում «Պարոն Ազնավուրը» մեծ էկրան կբարձրանա այս ամիս:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Նարինե Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW