BRAVO.am-ն ընթերցողներին օգնում է նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք Երեւանի կամերային թատրոնի դերասան Սենիկ Բարսեղյանի հետ:
- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:
- Քչերը գիտեն, որ ընդունելության քննություններին միավորներս չեն հերիքել եւ չեմ ընդունվել ինստիտուտ: Չգիտեն նաեւ, որ երազ չեմ տեսնում ու երեխա չունեմ:
- Արվեստի գործեր, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Էդվարդ Ռաձինսկու «Ներոնի եւ Սենեկայի ժամանակների թատրոն» ստեղծագործության հիման վրա Արա Երնջակյանի «Ներոն» կամ «Կեսարի խրախճանքը» պիեսը եւ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»:
- Զվարճալի կամ տարօրինակ բան Ձեր մասին, որ վերջերս եք իմացել։
- Տարօրինակ չէ, բայց պարզել եմ, որ կարող էի Հայաստանում ծնված չլինեի:
Սենիկ Բարսեղյանը
- 3 պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնն այդքան հարազատ Ձեզ:
- Թատրոնն ինձ համար կենսակերպ է, եւ երբ սիրում ես, դա տեղի է ունենում առանց պատճառի: Իմ Կամերային թատրոնն ինձ համար տուն է շուրջ 20 տարի:
- Հայկական թատրոնը՝ մի քանի բառով: Ի՞նչ է նրան պակասում:
- Պակասում է նորովի ապրելու ու ժամանակին համահունչ ընթանալու ունակությունը: Ճշմարիտ եկեղեցին թատրոնն է:
- Նոր ներկայացում ստեղծելու ամենահաճելի պահերը:
- Ամենասիրելին ընթերցումների փուլն է, որի ժամանակ տեղի են ունենում ռեժիսորի եւ դերասանների ամենամտերիմ բացահայտումները:
- Ամենադժվարները:
- Դժվարություններ էլ, իհարկե, լինում են: Կառանձնացնեմ գործողության անցնելու փուլը:
- 3 հոգեվիճակ, որ ունենում եք բեմում:
- Բացարձակ խաղաղություն, ինքնավստահություն եւ կատարյալ զգոնություն:
- Ռեժիսորներ, որոնք ամենաշատն են ոգեշնչել:
- Արա Երնջակյան եւ Պեդրո Ալմադովար:
- Ներկայացումներ, որ միշտ անհամբերությամբ եք սպասում, թե երբ են Ձեր թատրոնում խաղալու:
- «Ի՛ զեն», «Կեսարի խրախճանքը», «Ռոմեո եւ Ջուլիետ»:
- Ո՞ւմ սիրո խոստովանություն կանեք ու ի՞նչ կասեք:
- Բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Ոչ ոք չի արգելել մեզ ասել իրար, որ սիրում ենք:
- Կերպարներ, որոնք մեծ հետք են թողել Ձեզ վրա կամ օգնել Ձեզ նորովի բացահայտել:
- Ներոնի կերպարն ինձ համար առանցքային կարեւորություն ունի. սովորել եմ ապրել նրա հետ, նա էլ՝ ինձ հետ. շատ ենք բանավիճել, կռվել, հաշտվել: Մեկ էլ Մաուգլիին կառանձնացնեմ՝ իր առաջնորդի ու հավաքական կերպարի համար:
- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ կողմերը:
- Արվեստի գեղեցկության մասին անվերջ կարելի է խոսել: Գիտեք, ամեն ճիշտ չէ արվեստում, որ գեղեցիկ է հանդիսանում, սակայն ամբողջ գեղեցկությունը ճիշտ է:
- Ինչպիսի՞ն է Կամերային թատրոնն ու ինչո՞վ է տարբերվում մյուսներից:
- Այս մասին էլ կարելի է անվերջ պատմել, բայց Կամերային թատրոնի առաջին առանձնահատկությունն առանձին ձեւաչափն է՝ Արա Երնջակյանի «նույնականացման համակարգը», որը որպես հեղինակային թատրոն ապրում եւ արարում է գրեթե կես դար:
- Դերասաններ, որոնցից սովորել եք եւ սովորում եք։
- Դերասանի մասնագիտությունն ամեն օր սովորելու մասին է: Սովորել եմ Կամերային թատրոնում հայտնված առաջին իսկ օրվանից, իսկ դա տեղի է ունեցել 2007 թվականին: Այդ պահից սկսած՝ Գեորգի Ամիրաղյանի գլխավորությամբ իմ բոլոր ավագ ընկերներից ինչ-որ բան եմ վերցրել:
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:
- Մարդիկ, ովքեր ինձ շատ լավ են ճանաչում, գուցե ասեն, որ ինձ սիրում են: Մարդիկ, ովքեր ճանաչում եւ սիրում են, կառանձնացնեն, որ շատ բարի եւ մեծահոգի եմ: Իսկ ովքեր սիրում են, ճանաչում եւ գիտեն, որ բարի եմ, կասեն՝ ես ու իրենք կյանքում անբաժան մասնիկներ ենք:
- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:
- Թոնրի մեջ թխվող լավաշի բույրը:
- Ամենավառ հիշողությունը, որ ունեք մանուկ տարիքից:
- Գուցե 4 կամ 5 տարեկան էի, երբ սիրահարվել էի իմ դայակին`ընկեր Գայանեին (ծիծաղում է,-հեղ.): Չարաճճի եմ եղել ու բակում տեղի ունեցող բոլոր կռիվների մասնակիցը, բայց միեւնույն ժամանակ ունեցել եմ կազմակերպչական ջիղ՝ ճամբարներ ու երեկոյան խաղեր էի նախաձեռնում:
- Ինքներդ Ձեզ ո՞ր տարիքից եք մտաբերում ու ինչպիսի՞ն էիք այդ ժամանակ:
- Ինձ հիշում եմ դեռ մանկապարտեզից, որտեղ բոլոր հանդեսներին գլխավոր բոլոր դերերն իմն էին (ծիծաղում է,-հեղ.): Սիրում եմ իմ մանկությունը եւ անկախ բոլոր դժվարություններից՝ համարում եմ, որ այն, այնուամենայնիվ, անհոգ էր:
- Իսկ տարիների հետ ո՞ր որակներն եք կարողացել շարունակել պահել:
- Ամենակարեւորը, որ համարձակվում եմ կարծել՝ կարողացել եմ պահպանել ու չկորցնել այն երեխային, ով մինչ օրս ապրում է ինձ հետ ու իմ մեջ:
- Արտաշատում Ձեր ամենասիրելի անկյունները:
- Քաղաքի լիճը եղել է իմ ամենասիրելի վայրն ու նրա ափին ապրող փշատենին, որն, ինչպես վերջերս պարզեցի, այլեւս չկա:
- Վայրեր, որոնք որոշիչ են եղել Ձեր կյանքում:
- Տատիկիս տունը, որը Մրգավան գյուղում էր. սիրում ու կարոտում եմ:
- Հայտնի մարդկանցից ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել:
- Մեկ գավաթ սուրճի շուրջ կցանկանայի զրուցել Ալբերտ Էյնշտեյնի հետ ու շատ կուզեի հանդիպել ու շփվել Հիսուսի հետ, բայց արդեն՝ ոչ սրճելու նպատակով:
- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:
- Վերջին մեկ տարվա ընթացքում, երեւի, ամենահետաքրքիր կադրերն ու պահերն ունեցել եմ ամառային հանգստիս օրերին, երբ Հռոմում էի, Փարիզում, Մադրիդում եւ Բարսելոնայում: Ամենատպավորիչ կադրերից մեկն էլ արվել է այդ ուղեւորություններից մեկի ժամանակ՝ Վատիկանում:
- Իսկ վերջին կադրը, որ արել եք Ձեր հեռախոսով ու դեմ չէիք լինի կիսվել մեր ընթերցողների հետ:
- Հեռախոսով վերջին արված կադրը սա է:
- Ձեր ոճի մի քանի կանոն:
- Առանձնահատուկ կանոններ չունեմ, կարեւորը հարմարավետությունն է:
- Ինչի՞ց եք հրաժարվել այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:
- Ոչ մի բանից առայժմ չեմ պատրաստվում հրաժարվել, ինչն իմը չէ, ժամանակի ընթացքում ինքն իրեն հեռանում է:
- 3 ոգեշնչող հանգամանք:
- Հանդիսատեսը, մասնագիտական սերը եւ ճամփորդելը:
- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքի կուզեիք տիրապետել:
- Չեմ կարող ասել՝ արհեստ է, բայց կուզեմ նոր լեզուների տիրապետել:
- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:
- Առանձնապես վախեր չունեմ եւ ինչ ուզում եմ, անում եմ: Դրա համար էլ չկա այնպիսի մի բան, որ ցանկացել եմ ու չեմ արել:
- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:
- Ամենաշատը շնորհակալ եմ ամեն նոր բացող առավոտին:
- Ի՞նչ կա 2024-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:
- Քանի որ սպասվում են նոր ներկայացումներ, ու վստահ եմ՝ կունենամ պրեմիերաներ, բոլոր պակաս ու բաց տեղերը շուտով կլրացվեն: Ինչպես նաեւ «Darwin's Project» մեր խմբի հետ երգի պրեմիերա ու նաեւ նոր համերգներ կլինեն: Կարծում եմ՝ ամեն բան հերթով ու կարգով պիտի հասցնեմ մինչեւ 2024 թվականի ավարտը:
Զրույցը՝ Հասմիկ բաբայանի
Լուսանկարներն՝ անձնական արխիվից, Կամերային թատրոնի եւ Bravo.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: