×


Մացուեւը եւ ընկերները Երեւանում հրաշալիորեն միախառնեցին ջազն ու դասականը

Դենիս Մացուեւի եւ նրա երաժիշտ ընկերների երեւանյան համերգը աներեւակայելի էներգիայի, անսովոր կատարումների եւ հրաշալի տպավորությունների փունջ էր: «Ջազը եւ դասականը» հեղինակային ծրագրով երաժիշտը հանդես է եկել Փարիզի «Շանզ Էլիզե»-ից մինչեւ Մոսկվայի Մեծ թատրոնում, Վիեննայի «Մուզիքֆերայն»-ից հասել մինչեւ Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահ:


Երեկոն մեկնարկեց Դենիս Մացուեւի, Անդրեյ Իվանովի (կոնտրաբաս) եւ Ալեքսանդր Սինգերի (հարվածային գործիքներ) վիրտուոզ ու իմպրովիզներով լի 15 րոպեանոց կատարմամբ՝ ներկաների սրտերը գրավելով առաջին իսկ հնչյուններից։

Մացուեւը հանդիսատեսին խոստովանեց, որ ուրախ են այս ծրագրով առաջին անգամ Երեւանում հանդես գալու համար. «Հույս ունեմ՝ բոլորը ռուսերեն հասկանում են, մյուս անգամ հայերեն կխոսեմ։ Ծրագրում իշխում է իմպրովիզը, առանց որի ես էլ չեմ նվագում, թեեւ ինձ ջազ երաժիշտ անվանել չեմ կարող։ Իսկական հրավառության եք ականատես լինելու. միավորել ենք անհամատեղելին: Երաժիշտներից էլ ջազի ներկայացուցիչները միայն երկուսն են՝ Իվանովն ու Սինգերը, որոնք պատասխանատու կլինեն այդ հատվածի համար»։

Ապա բեմ հրավիրեց Եկատերինա Մոչալովային, որը նվագում է ռուսական ազգային դոմրա եւ իտալական մանդոլին: Մացուեւը կատակով ավելացրեց, որ հատուկ այդ երեկոյի համար Նիկոլո Պագանինին իրենց պատվերով գրել է «Կապրիս համար 24»-ը, որն էլ կկատարեն։


Հաջորդ դադարի ժամանակ Մացուեւը հիշեց լեգենդար Գեորգի Գարանյանին, որին նվիրված համերգը նույն բեմում օրեր առաջ է կայացել։ Պատմեց, որ իրեն բախտ է վիճակվել նվագել Գարանյանի հետ ու նաեւ ընկերություն անել. «Իմանալով ջազի նկատմամբ իմ հետաքրքրությունն՝ առաջարկեց միասին նվագել Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում։ Այդ պահից սկսած՝ ընկերացանք, ու Գարանյանը ջազում իմ ուսուցիչն էր, նրա վերջին համերգին էլ միասին ենք եղել բեմում։ Երեւանում եւս չենք կարող չհիշատակել այդ լեգենդար մարդուն, կոմպոզիտորին, սաքսոֆոնահարին կամ պարզապես Սաքսին, ինչպես նրան անվանում էին»։


Երաժիշտներին միացավ երիտասարդ սաքսոֆոնահար, ռուսական «Կապույտ թռչուն» հեռուստանախագծի հաղթող Սոֆյա Տյուրինան. «Եվ այս կազմով ի՞նչ կարող էինք կատարել Երեւանում, դե, իհարկե «Իշամեղվի թռիչքը»»,- հայտնեց Մացուեւը եւ մոտեցավ դաշնամուրին, ու մինչ Տյուրինան սաքսոֆոնով իշամեղվի բզզոցն էր տարածել դահլիճով մեկ, դաշնակահարը ձեռքի շարժումներով փորձում էր նրան հեռացնել՝ զվարճացնելով ներկաներին։

Երաժշտական այդ համարից հետո Մացուեւն առաջարկեց լսել, իր իսկ խոսքերով, գանգրահեր կոնտրաբասահարի մշակումը, բայց հատուկ չանվանեց կատարումը, ներկաներն իրենք հասկացան, որ այն Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից հայտնի «Սուսերով պար»-ի հիման վրա է։


Այս կատարմանը Մացուեւը չէր մասնակցում, իսկ բեմ վերադառնալուց հետո իրեն հատուկ հումորային ոճով հայտնեց. «Իհարկե, հազիվ ճանաչեցիք երաժշտությունը, որի մշակումն արտասովոր էր, մյուս անգամ ինքս կկատարեմ։ Իսկ հիմա կմիավորենք անմիավորելին. այսօրվա ողջ ծրագիրն է այդպիսին, կլսեք Ալեքսանդր Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայից «Թռիր քամու թեւերովն» ու Փոլ Դեզմոնդի եւ Դեյվ Բրուբեկի «Take Five»-ը»:

Դրան հաջորդեցին Չիկ Կորեայի ջազային հայտնի «Spain» ստեղծագործությունը, Մացուեւի հեղինակային բալլադն ու 3 պիես Էդվարդ Գրիգի «Պեր Գյունտ» սյուիտից՝ «Անիտրայի պար», «Սոլվեյգի երգը» եւ «Լեռնային թագավորի քարայրում»։


Վերջին երաժիշտը, որ միացավ նրանց, թավջութակահար Բորիսլավ Ստրուլեւն էր, ով նվագեց 35 կգ կշռող ու սաթից պատրաստված ինքնատիպ գործիքը. «Եթե բեմի վրա գործիք կա, ըստ ավանդույթի՝ այն անպայման պետք է նվագի։ Բորիսլավը վաղուց է սպասում իր ելույթին, նա նվագում է բոլոր ժանրերում, բայց այսօր անսովոր գործիքով ու նաեւ անսովոր ժանրում է հանդես գալու։ Երբեք այս յուրահատուկ գործիքով ամբողջ կազմով ելույթ չենք ունեցեք, կկատարենք Քամիլ Սեն-Սանսի «Մեռնող կարապը» եւ Ժոզեֆ Կոսմայի «Աշնան տերեւները»»։

Ներկաները չէին ցանկանում, որ հոգիները գերող հնչյուններով երեկոն ավարտվի, եւ իրենց ծափերով ոչ մի կերպ բաց չէին թողնում երաժիշտներին: Համերգը տեղի ունեցավ «Երեւանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Դավիթ Ջոտյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW