×


Արամ Նիկոլյանի «Տասը հիմնասյուն» հավաքածուի ուղերձները

Երեւանի նորաձեւության շաբաթվա ընթացքում դիզայներ Արամ Նիկոլյանն անսովոր կերպով է ներկայացրել իր «Տասը հիմնասյուն» հավաքածուն։ Պոդիումով քայլող մոդելների փոխարեն նա ընտրել է արվեստի ներկայացուցիչների, որոնք կրել են իր զգեստներն ու հղել կարեւոր ուղերձներ:

Դիզայները BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է հավաքածուն ստեղծելու նրբությունների, հիմնասյուների միջոցով իր արտահայտած գաղափարների ու դրանք մարմնավորող կանանց ընտրության մասին։

«Տասը հիմնասյուն» հավաքածուն ինձ համար գաղափարական իմաստ ունի: Համարում եմ՝ ազգային անվտանգության խնդիր ունենք եւ կարող ենք կորցնել մեր դեմքն ու մշակույթը։ Ինձ համար կարեւոր էր բարձրաձայնել այդ խնդրի մասին։ Դրա համար էլ ընդգծել եմ դարերով մեզ պահած արժեքների կարեւորությունը, որ դրանք գնահատենք ու արժեւորենք, հավատարիմ մնանք մեր տեսակին, այլ ոչ թե ձուլվենք ու խառնվենք այլոց, ինչը մեր պատմության ընթացքում հաճախ է եղել։

Չեմ ուզում այլեւս կորցնենք մեր ինքնությունն ու դիմագիծը, որովհետեւ մեր ազգը օտարամոլության ու սեփականի փոխարեն ուրիշների արժեքները գնահատելու հակում ունի։ Եվ իմ գաղափարն էր ցույց տալ հենց այն տասը հիմնասյուները, որոնք պահում են ցանկացած ազգ ու պետություն եւ նրան տարբերում մյուսներից։


Սերն է ինձ համար ամեն ինչի հիմքը։ Իսկ մարմնավորում էր Արեւիկ Գեւորգյանը, քանի որ սեր է իր տեսակով, գաղափարներով եւ մոտեցումներով։ Մարդկանց ընտրելիս առաջնորդվել եմ այն սկզբունքով, որ ասոցացվեն այդ արժեքների հետ ու դրանք իրենց ներսում էլ կրեն։


Հավատքն արտահայտել եմ իր խոր գաղափարական իմաստով, քանի որ հենց այն է մարդուն ապրեցնում։ Սպիտակն ընտրեցի, որովհետեւ ամենապարզ ու մաքուր գաղափարը պետք է արտահայտեր։ Նազենի Հովհաննիսյանն էլ իր գաղափարներով ու տեսակով հավատքը քարոզող, քրիստոնեությունը ներկայացնող եւ ճիշտ արժեքներով մարդ է։


Հույսն ուղղված է դեպի ապագան, մարդու գոյության ամենակարեւոր սյուներից է, ապրելու ուժը: Սիրուն Մինասը պատահական չէր ընտրված եւ հղիությունն էլ հատուկ էր ընդգծված: Առհասարակ, հավաքածուն բացառապես կանայք են ներկայացրել, որովհետեւ իմ ոգեշնչման աղբյուրը մշտապես հայ ուժեղ կինն է։ Ցուցադրությանն էլ այն կանայք են եղել, որոնք ստեղծում են ապագան ու կյանք տալիս։


Ազատությունն Իվետա Մուկուչյանն էր: Հագուստի հիմքում ասիմետրիկ լուծումներն են՝ հստակ դասական պիջակն ու կտրվածքներով դրա միջից դուրս գալու եւ ճառագայթելու գաղափարը։ Իսկ բերանի փակ լինելը խորհրդանշում էր ազատությունը հաճախ լռեցնելու ջանքերը: Մարդիկ, այն սխալ ընկալելով կամ ներկայացնելով, փորձում են նաեւ ինչ-որ բաներ լռեցնել։ Հագուստն արտահայտում էր բարձր գոռոց, ազատ ապրելու եւ ոչ մեկից կախված չլինելու գաղափարը։


Ուժն ու զորությունն Անի Քոչարն էր՝ իր տեսակով, անցած կյանքով ու երբեք չհանձնվելով։ Ինձ համար այդ հենասյունը չհանձնվելու, ինքդ քեզ հետ հաշվի նստելու եւ քեզ հարգելու մասին է։  


Հավասարակշռությունը կյանքում ճգնաժամային պահերին ճիշտ որոշումներ եւ ճանապարհներ ընտրելու եւ սթափ լինելու մասին է։ Հագուստը, որում ընդգծված էին թեւքերն ու հիշեցնում էին կշեռքի նժարներ, կրում էր Սոֆի Մխեյանը։


Ներդաշնակությունն ինքդ քո ու միջավայրի հետ հաշտ լինելու ու նաեւ ներքին կռիվների բացակայությունն է։ Պատահական չէ, որ բնությունն այդքան ներդաշնակ է, քանի որ իր մեջ պատահական ոչինչ չի պարունակում։ Իսկ այն մարմնավորում էր Սոնա Ռուբենյանն իր խաղաղ ու ներդաշնակ տեսակի շնորհիվ։


Մյուսը հայրենիքն էր, որը քեզ առանձնացնում ու տարանջատում է մնացած բոլորից։ Ամենակարեւորն այդ տարածքը սիրելն, արժեւորելն ու նրա համար պայքարելն է։ Իսկ այդ տեսակն ինձ համար մշտապես Շուշան Պետրոսյանն է եղել՝ իր հայրենասիրությամբ ու մոտեցումներով։


9-րդ հիմնասյունը պատմությունն է. երբ չես ընդունում եւ հարգում քո անցած ճանապարհն ու անցյալը, նշանակում է՝ ապագա էլ չունես։ Պետք է սովորես քո սխալների ու ձեռքբերումների վրա եւ առաջ գնալու ուժ ունենաս։ Պատմությունը ջնջել ու հերքել չես կարող, բայց դրանից դասեր քաղել պարտավոր ես։ Այն ներկայացրեց Էվելինա Շահիրյանը, որը կայացած կին է, պատմություն ունեցող ու այն ստեղծած մարդ։


Վերջինը մշակույթն է՝ այն ԴՆԹ-ն, որ ցանկացած ազգ ու պետություն պետք է ունենա եւ դրանով տարբերվի։ Այն դիմագիծն է, որը քեզ առանձնացնում է մյուսներից՝ քո դեմքն է, մարմինը, գույնը, ամեն ինչը։ Մարջան Ավետիսյանն ինձ համար հենց այն մարդ է, ով կրում է մշակույթը։

Շատ դժվար եմ կարողացել գտնել այս տասը կանանց, քանի որ մեր երկրում իմ արտահայտած տեսակները կրողները շատ քիչ են մնացել։ Բայց բոլորն էլ առաջին իսկ զանգից իմ կողքին են եղել եւ բացառապես նրանց շնորհիվ ենք կարողացել այս արդյունքին հասնել, ինչի համար անչափ շնորհակալ եմ բոլորին։ Նրանց վարսահարդարումն իրականացրել էր Անի Ավդալյանը, դիմահարդարումը՝ Հրանուշ Եղոյանը։


Ուզում էի հավաքածուն ներկայացնել անսպասելիության ու, ինչու չէ, նաեւ շոկային էֆեկտով, որ մարդիկ նախապես չիմանան, թե ինչի ականատես են լինելու։ Կարծում եմ՝ ստացվեց. կարողացա մարդկանց վրա ազդել եւ ճիշտ տեղերին դիպչել։ Թեեւ իմ տեսակով պերֆոկցիոնիստ եմ ու միշտ թերություններ եմ փորձում գտնել, բայց միանշանակ գոհ եմ, որ գաղափարական առումով ամեն ինչ հաջողել ենք, թեեւ որոշ տեխնիկական սխալներ էլ կային։

Ամեն մի արված ու ավարտված աշխատանքից հետո մեջս դատարկություն է լինում։ Սովորաբար, արտահայտվելու խնդիր չեմ ունենում, բայց իմ կյանքում երկու դեպք է եղել, երբ հավաքածուն ներկայացնելուց հետո հուզմունքի պատճառով չեմ կարողացել խոսել։ Առաջինը «Երազ» հավաքածուից հետո էր, որն արել էի շաքարախտով հիվանդ երեխաների հետ, մյուսն՝ այս մեկը։ Հասկանում էի, որ գաղափարային ու իմաստային առումով ստացված նախագիծ է, որում ինքնաարտահայտվել եմ ու ներսիս եղածը ցույց տվել։ Այդ ամենն իմ հուզմունքն ու բառերը զրոյացրել էին եւ դժվար էր ցուցադրությունից հետո խոսել։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Ադել Բրեխտի, Արամ Ներսեսյանի եւ «Արամ Նիկոլյան»
նորաձեւության տան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW