×


«Երկու պապիկս էլ երգել են մեր ընտանեկան առիթներին»․ Սոնա Ռուբենյան

Սոնա Ռուբենյանը հյուրընկալվել է «Բարի հայկական երեկո՝ Մոսկվայում» նախագծին, շոուի ընթացքում կատարել իր սիրված երգերից մի քանիսը եւ պատասխանել հարցերին, որոնք վերաբերում են ստեղծագործական ուղուն, Գարիկի հետ համագործակցությանը եւ հնարավոր տարաձայնություններին: Երգչուհին նաեւ կիսվել է հաջողության հասնելու իր գաղտնիքով։

Հայաստանում ու Սփյուռքում սիրված լինելու գաղտնիքը

Միշտ ասում եմ` ես մարդ եմ, որը շատ սիրում է երգել, սիրում է իր երկիրը, ամենից շատ սիրում է այն քաղաքը, որտեղ ապրում է, սիրում է հայերին, հայկական մշակույթը։ Եվ անում եմ այն ամենն, ինչ կարողանում եմ, ինչն իմ սրտին մոտ է։


Համերգները՝ շուտով

Այս պահին ե՛ւ ես, ե՛ւ իմ ընկեր երգահանները նոր երգեր ենք գրում։ Ու կարծում եմ՝ շատ շուտով, երբ համերգային ծրագիրն արդեն պատրաստ կլինի, նաեւ կորոշենք այդ երգերը ներկայացնելու օրը։

«Վոկալային տվյալներս, երեւի, գեներով են փոխանցվել»

Երկու պապիկս էլ երգել են, բայց ոչ թե բեմում, այլ ընտանեկան առիթների ժամանակ։ Մայրիկիս հայրը նույնիսկ կիթառ է նվագել ու երգել է։ Հայրիկիս հայրն էլ ժողովրդական է շատ լավ երգել։ Երեւի, ինչ-որ բան գեներով փոխանցվել է, կամ բնությունը նվիրել է ինձ այս շնորհը, ինչի համար շատ ուրախ եմ։  

«Իմ կյանքը չեմ պատկերացնում առանց երգի»

Վաղ տարիքից եմ երգում՝ մանկապարտեզից։ Չեմ հիշում որեւէ առիթ կամ ընտանեկան միջոցառում, որի ժամանակ չեմ երգել։ Իսկ Կոնսերվատորիան ավարտել եմ որպես ջազ դաշնակահար։ Ամեն մարդ ինչ-որ առաքելությամբ է ծնվել այս կյանքում, եւ ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց երգի։

Գարիկ Պապոյանի հետ տասը տարվա աշխատանքը

Լուրջ վեճեր չենք ունեցել, այլապես չէինք կարողանա այսքան տարի միասին ստեղծագործել։ Բայց յուրաքանչյուր հարաբերության մեջ՝ թե՛ անձնական, թե՛ աշխատանքային, լինում են փոքրիկ տարաձայնություններ եւ իրար չհասկանալու դեպքեր: Ստեղծագործական փոքր վեճեր ունեցել ենք, բայց շատ քիչ ու շատ մեղմ (ժպտում է,- հեղ․)։  

Հաջողության հասնելու գաղտնիքը

Խորհուրդ կտամ ուժեղ լինել, հավատալ ներքին ձայնին եւ իմանալ՝ ամեն ինչ լավ է լինելու, հասնելու եք հաջողության։ Պետք է դրական տրամադրվել, ու եթե քո երազանքն անկեղծ է, անպայման կատարվելու է։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW