×


Առնականության հարցում նոր սերունդն ավելի առողջ մոտեցումներ ունի. Արուսիկ Մկրտչյան

TeensLive նախագծի «Ստեղծիր նոր պատմություն» միջոցառման շրջանակում նոյեմբերի 14-ին Նկարիչների միությունում ամփոփվել են համանուն արշավի արդյունքները: UNESCO-ի եւ UNAIDS-ի աջակցությամբ իրականացված արշավն ուղղված է եղել 16-ից 25 տարեկան տղամարդկանց շրջանում առնականության վերաիմաստավորմանը: Նախաձեռնության նպատակն է եղել պայքարել գենդերային վնասակար կարծրատիպերի ու բռնության դեմ եւ խթանել դրական առնականությունը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի խոսքով՝ գենդերային բռնության զոհ հիմնականում կանայք են դառնում, դրա համար էլ ծրագիրն ուղղված էր տղամարդկանց, որպեսզի նրանք վերաիմաստավորեն ու վերանայեն իրենց պահվածքը եւ օրինակ դառնան մյուսների համար:

«Կանանց եւ աղջիկների իրավունքները պաշտպանելն ու նրանց աջակցելը մեր առաջնահերթություններից են, բայց դա պետք է սկսել հենց տղամարդկանց շրջանում: Ծրագրի նպատակն էր երիտասարդ տղամարդկանց տարբեր խմբերի հետ քննարկել նրանց վարքագիծն ու հասարակության մեջ արմատացած ավանդական պահվածքը՝ փորձելով տեսնել, թե ինչպիսի դրական փոփոխությունների կարող ենք հասնել: Կարեւոր է կանանց ու աղջիկների համար ապահով եւ անվտանգ միջավայր ստեղծել»,- նշել է Ժակոբը:

Ֆրանսուազ Ժակոբը


Նա ընդգծել է, որ կանանց համար ամենավտանգավոր վայրը շարունակում է մնալ տունը, եւ այդ իրավիճակը միայն Հայաստանին չէ հատուկ. բռնություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, իր հայրենի Ֆրանսիան էլ բացառություն չէ. «Փորձեցինք հասկանալ՝ երիտասարդների ու պատանիների հետ կարո՞ղ ենք փոխել այդ վարքագիծն ու այնպես անել, որ կանայք ու տղամարդիկ կողք կողքի ապահով լինեն ու հարգանքով վերաբերվեն իրար»:

TeensLive-ի ղեկավար եւ համակարգող Արուսիկ Մկրտչյանն էլ պատմել է, որ «Ստեղծիր նոր պատմություն» արշավի շրջանակում նախ պարզել են, թե երիտասարդ տղամարդիկ առնականությանն ինչ հատկանիշներ են վերագրում, ապա տարբեր ինֆլյուենսերների հետ համագործակցությամբ սոցիալական հարթակներում հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել:

Արուսիկ Մկրտչյանը


«Հասարակությունում կարծրացած մոտեցումներ կան, որ տղամարդը պետք է իշխող ու բռնարար լինի: Անառողջ մոտեցում է կարծել՝ «եթե տղամարդն ապտակում է կամ խանդում, ուրեմն՝ սիրում է»։ Դրա համար ուսումնասիրեցինք, թե 16-ից 25 տարեկաններն արդյոք կիսում են այդ կարծրատիպերը, եւ հուրախություն մեզ՝ հասկացանք, որ նոր սերունդն ավելի առողջ մոտեցումներ ունի, քարացած չէ ու պատրաստ է փոխվել։ Ծրագրի մասնակիցները համարում են, որ տղամարդը երբեք չպետք է կնոջ հանդեպ բռնություն կիրառի ու խանգարի նրան զարգանալ, կրթություն ստանալ ու աշխատել: Նաեւ տղամարդկանց բացատրեցինք, որ կարեւոր է ունենալ եւ արտահայտել ինչպես դրական, այնպես էլ բացասական հույզեր եւ ոչ մի դեպքում չպարփակվել ներսում»,- ասել է Մկրտչյանը:

Նա ուրախ է, որ իրենց նախաձեռնությանն արձագանքել են նաեւ տղամարդ բլոգերներն ու ռիլերով անդրադարձել ծրագրի առանցքում եղած կարեւոր թեմաներին: Նրանք սեփական օրինակով ցույց են տվել, թե ինչպես են հոգ տանում իրենց կնոջ մասին, օգնում խնամել նորածնին. հայրիկներից մեկն ակտիվ զբաղվում է երեխայի խնամքով ու կենցաղային գործերով, մեկ այլ բլոգեր էլ ուշադրություն է դարձնում էմոցիաներն արտահայտելու կարեւորությանը: Ռիլերը տարբեր բովանդակություններ են ունեցել, իսկ դրանք նկարահանած բլոգերներից շատերը ներկա են եղել միջոցառմանը:


«Ուրախ ենք, որ սոցիալական հարթակներում մեր արշավին հետեւեց 840 հազար մարդ, ինչը մեծ ձեռքբերում է, ինքներս էլ չէինք սպասում այդպիսի արդյունք: Մեր արշավը բռնության դեմ պայքարի օվկիանոսում մի փոքր կաթիլ էր, բայց վստահ եմ, որ շարունակական քայլերի դեպքում առողջ մտածելակերպը կարմատավորվի մեր հասարակության մեջ: Հուսանք՝ արշավը շարունակություն կունենա ու հաջորդ փուլը կլինի 2025-ին»,- եզրափակել է Արուսիկ Մկրտչյանը:

TeensLive ծրագրի համակարգող եւ գենդերային հարցերով պատասխանատու Արմի Մկրտչյանն էլ ավելացրել է, որ Հայաստանում առնականության վերաբերյալ հետազոտություններ վերջին տասնամյակում չեն անցկացվել, եւ իրենց ստացած տվյալները արժեքավոր են: Հարցմանը մասնակցել են 16-ից 25 տարեկան տղամարդիկ, 18-20 տարեկանների մասնակցությունը, զինվորական ծառայությամբ պայմանավորված, ավելի պասիվ է եղել:

«Մեր նպատակը դրական առնականությունը խթանելն էր ու բացատրել, որ այն ոչ թե ուժի եւ իշխանության մասին է, այլ՝ հոգատարության։ Երբ տղաներին փոքր տարիքից ագրեսիա ես սովորեցնում, բռնություն կիրառելը նորմալ է համարվում: Իսկ մենք փորձեցինք փոխել բռնության հանդեպ վերաբերմունքն ու դրա նկատմամբ անհանդուրժողականություն ձեւավորեցինք»,- պատմել է նա:

Արմի Մկրտչյանը


Այդ նպատակով Երեւանում ու մարզերում բնակվող 24 տղամարդու հետ ֆոկուս խմբեր են կազմել ու առնականության մասին թվային հարցաշար ներդրել, որը նաեւ առցանց են տարածել եւ թիրախային լսարանից 1900 մասնակից ներգրավելով՝ ստացել պատասխաններ արդեն մեծ թվով լսարանից: Արդյունքների հիման վրա էլ իրականացրել են «Ստեղծիր նոր պատմություն» արշավը:

«Արշավի լավագույն կողմերից մեկն այն է, որ դրական մոդելն ենք ցույց տվել: Ակտիվ ենք եղել տարբեր մուլտիմեդիաներով՝ տեքստեր ենք հրապարակել, փոդքասթ արել ու Բարուժան անունով ինտերակտիվ բոտ ստեղծել: Փորձել ենք թեմային համապարփակ ու բոլոր կողմերից անդրադառնալ: Առաջին փուլն այսքանով ավարտվեց, բայց մեր սոցիոլոգն ու հոգեբանը խորհուրդ են տալիս սոցիալական հարթակներում մշտապես տարածել առնականության դրական օրինակները: Եվ քանի որ TeensLive-ը սոցիալական թվային մեդիա է, մեր նպատակներից է լինելու այս թեմայի մասին շարունակական հրապարակումներ անելը»,- նշել է Արմի Մկրտչյանը:

Ելենա Կիրյուշինան


UNAIDS-ի գենդերային եւ երիտասարդության հարցերով պատասխանատու Ելենա Կիրյուշինան ուրախ է, որ ծրագրի մի մասն են կազմել. «Ըստ հարցումների՝ կանանց 40 ու տղամարդկանց 54 տոկոսը նորմալ են համարում ուժի եւ բռնության կիրառումը: Այս նախաձեռնությամբ հենց նման կարծրատիպերի դեմ ենք պայքարում: Բռնությունն առաջին հերթին գենդերային անհավասարության, անառողջ կարծրատիպերի ու սխալ սոցիալական նորմերի արդյունք են, որոնք փոխելն այդքան էլ հեշտ չէ: Ուրախ եմ, որ կարողացել ենք ներգրավել երիտասարդ տղամարդկանց ու ոչ միայն բարձրաձայնել խնդրի կարեւորությունը, այլ նաեւ դրական փոփոխություններ առաջացրել»:

Նրա համոզմամբ՝ լուրջ խնդիրներից մեկն էլ այն է, որ բռնության զոհ շատ կանայք չեն ցանկանում այդ մասին բարձրաձայնել ու օգնության դիմել: Դրա համար էլ նրանց կոչ են անում չլռել ու միայնակ չպայքարել բացասական երեւույթի դեմ: Նաեւ ավելացրել է, որ գենդերային բռնությունը զգալի վնաս է հասցնում կանանց եւ աղջիկներին՝ մեծացնելով ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը:

«Շնորհավորում եմ մեր բոլոր գործընկերներին ու հովանավորներին, որոնց օգնությամբ կյանքի ենք կոչել այս ծրագիրը: Անհրաժեշտ ֆինանսավորումը տրամադրել է Լյուքսեմբուրգի կառավարությունը»,- ընդգծել է UNAIDS-ի ներկայացուցիչը:

Եկատերինա Սամոլիգոն


UNESCO IITO նախագծերի համակարգող Եկատերինա Սամոլիգոն էլ ավելացրել է, որ կարողացել են իրենց նպատակին հասնել ու հասարակության մեջ առնականության մասին դրական պատկերացումներ ձեւավորել. «Ուզում ենք, որ տղամարդիկ ամուր, դիմացկուն եւ կանգուն լինեն այն վտանգների ու դժվարությունների առաջ, որոնցով հարուստ է մեր տարածաշրջանը: Դրա հետ մեկտեղ էլ պետք է կարողանան արտահայտել իրենց հույզերն ու աջակցել կանանց, բարենպաստ պայմաններ ստեղծել, որ նրանք զարգանան ու ներուժն արտահայտեն: Անկասկած, այս նախագծի հաջողության գործում մեծ դեր է ունեցել մեր հայաստանյան թիմը: Այդ երիտասարդ առաջնորդների ջանքերի շնորհիվ ենք նման փայլուն արդյունքների հասել, սոցիալական կայքերում անհավանական ներգրավվածություն ունեցել եւ այս կարճ ժամանակում կարեւոր ուղերձներ տեղ հասցրել: Այդ ամենը կօգնի ամուր ու կայացած հասարակություն ստեղծել»:

Հովհաննես Ղազարյանը


«Ստեղծիր նոր պատմություն» արշավին մասնակցել է ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը: Այնպես է ստացվել, որ նախագծի մեկնարկն ու նրա որդու՝ Դանիելի ծնունդը գրեթե միաժամանակ են եղել: Եվ Ղազարյանն իր ռիլում ցույց է տվել, թե որքան կարեւոր է մայրիկների կողքին լինել ու աջակցել նրանց:

«Ես հենց այդպես էլ անում էի, դրա համար ռիլում շատ անկեղծ էի: Եթե ուզում եք, որ ձեր կանայք խուսափեն հետծննդաբերական դեպրեսիաներից, պարտադիր է նրանց կողքին լինել: Շատ հեշտ է հիմքը սխալ դնելու արդյունքում ընտանիքը քայքայել ու երեխային դեպրեսիվ մթնոլորտում մեծացնել։ Երբ երեխան լացում է, չեմ կարող քնած մնալ, եթե որեւէ բանով չեմ էլ օգնում, նրանց կողքին նստում եմ ու էմոցիոնալ աջակցություն ցույց տալիս: Նույնն էլ մյուս հայրիկներին խորհուրդ կտամ. երեխաները սովորում են այն ամենն, ինչ տեսնում են, հետագայում այդպես էլ իրենց ընտանիքներում են վարվելու: Դանին մեր կյանք նոր գույն է բերել, իրար սիրելով ամուսնացել ենք ու հիմա էլ նույնքան երջանիկ ենք, միակ տարբերությունն այն է, որ քիչ ենք քնում: Շատ կարեւոր է, որ երեխան սպասված լինի, ու հասկանաս՝ նոր մարդ ես ստեղծել, որն այս կյանքում իր առաքելությունն ունի: Հիմա այն գիտակցումն ունեմ, որ պետք է օգնեմ՝ իրականացնի այն ու հասարակությանը վնաս չտա»,- եզրափակել է ռեժիսորը:


Միջոցառման ընթացքում հոգեբան Սիրանուշ Դավթյանը ինտերակտիվ կարճ դասախոսություն է անցկացրել, ավարտին էլ ներկաներն Ալիս Ազատյանի հետ միահամուռ ուժերով կոլաժ են ստեղծել, որը խորհրդանշում է միասնականության կարեւորությունը։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW