×


«Մսյո Ազնավուրը»՝ Երեւանում. ինչ են պատմել Թահար Ռահիմը, ռեժիսորն ու երգչի ընտանիքի անդամները

Դեկտեմբերի 5-ից երեւանյան կինոթատրոններում կցուցադրվի «Պարոն Ազնավուր» ֆիլմը, որը պատմում է աշխարհահռչակ երգչի կայացման եւ համաշխարհային փառքի հասնելու ճանապարհի մասին: Ցեղասպանությունից փրկված եւ Ֆրանսիայում ապաստանած հայ գաղթականների որդին իր համառության շնորհիվ ոչ մի դժվարության առաջ կանգ չառավ ու աշխատասիրությամբ հասավ ամենամեծ բեմերին:

Ազնավուրյանից Ազնավուր դարձած, հայկական քթից հրաժարված, բայց իր արմատների մասին չմոռացած Ազնավուրի մասին է ռեժիսորներ Գրան Կոր Մալյարդի ու Մեհդի Իդիրի ֆիլմը: Այն ոչ միայն մեծագույնը դառնալու ճանապարհն է  ներկայացնում, այլ ցույց է տալիս Ազնավուր մարդուն, ընկերոջը, որդուն, եղբորն ու հորը: Միշա Ազնավուրյանի՝ ֆիլմում հնչող խոսքերը՝ «Ո՜ւր էինք, ո՛ւր հասանք», իսկ եւ իսկ որդու դեպի փառը կատարած անհավանական ճանապարհորդության մասին է:


«ԿինոՄոսկվա»-ում ֆիլմի փակ դիտումից հետո «Մսյո Ազնավուր»-ի անձնակազմի ու Ազնավուրի ընտանիքի անդամների հետ լրագրողների հանդիպումն անցավ անմիջական ու ջերմ մթնոլորտում: Ռեժիսոր Մեհդի Իդիրը խոստովանեց, որ ֆիլմը կայացել է իր կողքին նստած լավ ընկերոջ ու եղբոր՝ Ժան-Ռաշիդ Կալուշի շնորհիվ: Կալուշը երգչի դստեր՝ Կատյա Ազնավուրի ամուսինն է:

«Մեր համատեղ աշխատանքը դիտելուց հետո Ազնավուրը համաձայնել էր, որ իր մասին կենսագրական ֆիլմ նկարենք: Հավատում էր, որ այն հաջողություն կունենա: Նրա հետ երկար ժամանակ քննարկել ենք, թե ֆիլմն ինչպիսին է լինելու ու ինչ զարգացումներ է ունենալու: Դժբախտաբար, մահացավ, ինչից հետո որոշեցինք ֆիլմն անմիջապես չնկարել ու հետո անդրադառնալ»,- պատմեց ռեժիսորը:


Թահար Ռահիմն էլ նրան լրացրեց, որ ֆիլմն իրականություն չէր դառնա, եթե իրենց կողքին չլիներ Շառլ Ազնավուրի մեծ ընտանիքը։ Կալուշն էլ չդիմացավ ու նրան ընդհատեց. «Ռահիմն աշխարհի լավագույն դերասաններից է, նա, իհարկե, չի սիրում, երբ այդ մասին խոսում ենք: Ազնավուրին փայլուն կերպով է մարմնավորել»:

Ռահիմը շարունակեց՝ ոչ ոք, ինքն էլ այդ թվում, երբեք չէին կարող պատկերացնել, որ Ազնավուրին հենց նա կմարմնավորի. «Ազնավուրի դերի համար նախ անհայտ դերասանների են փնտրել, ապա հասել մինչեւ կոնսերվատորիա։ Քանի որ եղբայրների պես ենք, այդ թեման հաճախ էինք արծարծում, մի գեղեցիկ օր էլ քասթինգի տնօրեն Դավիթ Բերտրանն ասաց, որ ես եմ մարմնավորելու Ազնավուրին: Այդ գաղափարն այնքան խենթ էր թվում, որ ցանկանում էի մերժել առաջարկը։ Հանգստյան օրերին Ազնավուրի մասնակցությամբ փաստավավերագրական կադրեր դիտեցի ու թեեւ անհանգստությունս չանցավ, մի քիչ թուլացավ։ Չէի կարող դիմակայել գայթակղությանն ու չմարմնավորել այս մեծ պարոնին»:


Ազնավուրի դուստրը՝ Կատյան, չթաքցրեց, որ սկզբում մտավախություններ են ունեցել. «Բայց 3 տարվա տքնաջան աշխատանքներն իզուր չանցան. Թահարը քրտնաջան աշխատում էր, օրական 6-8 ժամ նվագել ու երգել սովորում, ինչի արդյունքում էլ հասանք վերջնական կետին: Համոզված եմ՝ հայրս էլ կսիրեր այս ֆիլմը»:


Նրա հետ համամիտ էր նաեւ եղբայրը՝ Նիկոլյա Ազնավուրը. «Հեղինակները կարողացել են ստանալ հայրիկիս դիմախաղը, փոխանցել են նրա երաժշտականությունը, անհատականությունն ու հուզականությունը։ Այսօր արդեն վայելում ենք նրանց կատարած աշխատանքի պտուղները»:


Ժան-Ռաշիդ Կալուշը նորից չէր կարող իր դիպուկ հուշումներով չմիջամտել. «Ափսոս Նիլկոլյան հայերեն չխոսեց, քանի որ իր ընտանիքի հետ բնակվում է Հայաստանում»:

«Մի քիչ եմ խոսում»,- եղավ Նիկոլյա Ազնավուրի արձագանքը:

Իսկ Թահար Ռահիմը նորից հիշեց ֆիլմի կայացման գործում Ազնավուրի ընտանիքի մեծ ներդրումը, որը գրկաբաց ընդունել է դերասանին ու կիսվել իրենց հայրիկի մասին նվիրական հիշողություններով. «Այնքան էի վախենում մարմնավորել այս կերպարը, քանի որ Ազնավուրը մեծ արտիստ է՝ փոքրամարմին հսկա, որը նաեւ փխրուն էր: Նա մերժված էր իր ժամանակակիցների կողմից, բայց աշխարհը նվաճեց իր ուժով եւ հավատամքով, տաղանդով, խելացիությամբ եւ հատկապես զգացմունքայնությամբ։ Կարողացել է հաղթահարել ամեն դժվարություն ու Ֆրանսիայի խորհրդանիշը դարձել։ Ինքս ինձ ասում էի, որ պիտի դիմանամ, պայքարեմ ու մինչեւ վերջ գնամ: Ազնավուրին մարմնավորելու համար իմ զինանոցում եղած բոլոր զենքերն օգտագործել եմ»։


Նրա խոսքից հետո ստեղծագործական թիմին միացավ ֆիլմում Հայաստանից մասնակցություն ունեցած միակ դերասանուհին՝ Նարինե Գրիգորյանը: Ռահիմը նրան դիմավորեց «Մայրիկ»-ով, իսկ դերասանուհին պատասխանեց. «Որդիս»: Մի պահ նրանք, ինչպես եւ ֆիլմում, Շառլ ու Քնար Ազնավուրյաններն էին:

Ռեժիսոր Մեհդի Իդիրը խոստովանեց՝ քանի որ Ազնավուրին ծագումով ալժիրցի Ռահիմն է խաղացել, ցանկացել են նաեւ հայ դերակատար ունենալ: Նախ նրան ֆրանսահայերի շրջանում են փնտրել, ապա Նարինե Գրիգորյանի մասնակցությամբ տեսանյութ տեսել ու հավանել խաղը:


«Տեսակապով միացանք Նարինեի հետ ու խոսեցինք: Էկրանի մյուս կողմում լույս էր վառվում ու էներգիա փոխանցում. Քնարին հենց այդպիսին էինք պատկերացնում։ Նա հաջողությամբ անցավ լեզվի փորձությունն, ու ամեն ինչ ստացվեց։ Հերոսաբար իր ընտանիքին թողեց Երեւանում ու միացավ մեզ Ֆրանսիայում»,- ասաց ռեժիսորը:

Նարինե Գրիգորյանն էլ ավելացրեց, որ իր համար մեծ պատիվ է եղել «Մսյո Ազնավուր» ֆիլմի մի մասը լինել. «Առաջին անգամ էի տեսնում երկու ռեժիսորների համատեղ աշխատանքն ու այդքան ներդաշնակ համագործակցելը։ Նրանք ինձ համար իսկական օրինակ դարձան։ Իսկ Թահար Ռահիմի հետ խաղալը մեծ պատիվ էր: Ուզում էի ֆիլմը նաեւ Երեւանում դիտել, ու երբ սկզբում ամուսինս արտասվեց, հասկացա՝ միայն ես չէի այդքան հուզվել առաջին կադրերից, որոնք ցույց են տալիս Ցեղասպանությունից հետո հայերի ապրելու կամքը։ Ֆիլմի սկիզբն ապրելու ու պարով հաղթելու հիանալի ուղերձ է»:


«Մսյո Ազնավուր»-ի թիմը Հայաստանում կարճ ժամանակով էր, երկրին ծանոթացնելու ծրագիրը Նիկոլյա Ազնավուրի կինը՝ Քրիստինան է կազմել: Նախ հյուրերին Գառնի ու Գեղարդ են տարել, այցելել են նաեւ Էջմիածին:

Ծանոթացել են նաեւ հայկական խոհանոցին: Թահար Ռահիմն անկեղծացավ՝ այնքա՜ն ուտելիքներ են համտեսել եւ ամեն ինչ շատ համեղ է եղել, իսկ Իդիրն ավելացրեց. «Ալժիրի լեռնային գյուղերից մեկից եմ, ու հայկական ուտելիքն այնքան համեղ էր, ասես տատիկիս պատրաստածը լիներ»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW