Ի՞նչն է օգնում, որ կատարվեն մեր երազանքները, միայն հրա՞շքը, թե՞ մեզնից յուրաքանչյուրն է այդ հրաշքի բանալին մյուսի կյանքում։ Մեծ էկրան է բարձրացել ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո»-ն: Սցենարի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է։ Ամանորյա տրամադրությամբ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան երեկ էր՝ «ԿինոՄոսկվա»-ում։
Լավ գաղափարը ֆիլմում համախմբում է ամենատարբեր մարդկանց՝ ցույց տալով բարության եւ նպատակի զորությունը։ Հերոսները, շրջելով Հայաստանի մարզերում, հավաքում են կախարդական խաղալիքները, որոնցից մեկը մնացել էր Արցախում, եւ միայն հրաշքով կարող էին ձեռք բերել։
«Մեզնից յուրաքանչյուրը հոգու խորքում հավատում է հրաշքին։ Գաղտնիք բացեմ՝ ֆիլմը ստեղծելիս մենք խոսել էինք միայն Շուշիի մասին, բայց, ցավոք, հետո շատ բան փոխվեց եւ թեմաները փոխվեցին։ Այսօր հանդիսատեսը մեզ հետ կիսեց մեր երազանքը, չէ՞ որ այս ֆիլմը յուրաքանչյուրիս մասին է եւ ամենքից ունի մասնիկ։ Բոլորիս հիմա հեքիաթ է հարկավոր, որն այս ֆիլմով փորձեցինք բերել։ Ուզում ենք, որ մարդիկ երբեք չդադարեն երազել, իսկ ամենալավ ժամանակն Ամանորն է »,-նշել է ռեժիսոր Ելենա Արշակյանը:
Սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանի խոսքով՝ ֆիլմը կհետաքրքրի ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին. «Աշխարհում բոլոր հեքիաթները հենց մեծերի համար են, քանի որ նրանք շատ բան ունեն սովորելու: Ֆիլմի գլխավոր ուղերձը սեփական երազանքներն ու նպատակները կարեւորելն է, բայց նաեւ ավելի կարեւորները տարբերակելու անհրաժեշտությունը»։
Գլխավոր հերոսուհու կերպարում Վիկտորյա Շամիրյանն է, որն արդեն երկրորդ անգամ է նկարահանվում ռեժիսորի նախագծերում. առաջինը «Նունիկ» գեղարվեստական ֆիլմն է։
«Ֆիլմի շնորհիվ հասկացա՝ եթե հավատաս ու պայքարես, ապա ստացվելու է ամեն բան։ Մանկուց երազել եմ դերասանուհի դառնալ եւ վեց տարի առաջ, երբ առաջարկ ստացա նկարահանվել ֆիլմում, անբացատրելի ուրախացել էի ու հասկացել՝ երազանքներն իսկապես կատարվում են»,- նշել է Վիկան՝ հավելելով, որ ֆիլմից հետո իր երազանքների շրջանակն ավելի է մեծացել։
«Նոր տարվա կինո»-ի նկարահանումներն իրականացվել են Լոռիում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում եւ Երեւանում։ Ֆիլմում ներկայացվել է ամեն բնակավայրին բնորոշ կոլորիտը, բարբառը եւ հումորները: Հատկանշական է, որ դերասանները ներկայացնում են հենց իրենց ծննդավայր մարզը:
Ֆիլմում նկարահանվել են Արթուր Կարապետյանը, Մկրտիչ Արզումանյանը, Գրետա Մեջլումյանը, Անահիտ Քոչարյանը, Զառա Սահակյանը, Լիանա Վանոյանը, Լիա Զախարյանը, Վիկտորյա Շամիրյանը, Նվեր Սուքիասյանը, Արսեն Լեւոնյանը, Ռաֆայել Հարությունյանը եւ այլք:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: