Երեք տասնամյակ անց նրանք նույն բեմում են՝ նույն աշխուժությամբ։ Եթե արխիվային կադրերը չլինեին, տպավորություն կլիներ՝ ամեն ինչ նույնն է։ Ինչպես Արամոն կատակով նկատեց՝ լուսանկարներում երիտասարդ է ու խարիզմատիկ, հիմա՝ միայն խարիզմատիկ։
Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր սերունդը 30 տարի անց, ինչպես հայտարարեց Մանե Գրիգորյանը, վերադարձել է տուն։ Իսկ տուն վերադառնալու համար հետաքրքիր ճանապարհ է անցել։ Նախ՝ Շուշան Պետրոսյանը խմբային զրույց է ստեղծում հավելվածներից մեկում ու վերնագրում՝«Դինոզավրերը»։ Իսկ այդ զրույցին մասնակցում էին Նունե Եսայանը, Արման Աղաջանյանը, Արամոն եւ Էմմա Պետրոսյանը, Իննա Չիլինգարյանը, Իրինա Դանիելյանը, Գրիշա Աղախանյանը, Արթուր Իսպիրյանը եւ Արաքսյա Մուշեղյանը։ Մանեի առաջարկով վերականգնում են «Հայ երգանի» ծրագիրն այն ձեւաչափով, որն իրականացրել էր Արթուր Գրիգորյանը։
Կարոտի համերգ-հանդիպումը երկու բաժին ուներ: Երեկոյի սկզբում արտիստների հուշերն էին՝ ով որտեղ եւ ինչպես է ծանոթացել Արթուր Գրիգորյանի հետ։ Օրինակ՝ Շուշան Պետրոսյանին առաջին անգամ Գրիգորյանի տուն տարել է Արթուր Իսպիրյանը։
«Գնում էի դեղին Նիվայով տղայի տուն: Այնքան էի իր ձայներիզը լսել, որ մաշվել էր։ Մտնում եմ իրենց տուն ու տեսնում՝ Էռնա Յուզբաշյանն արդուկ է անում։ Մի գեղեցիկ կին՝ գրկին փոքրիկ մանչուկ՝ մեծ, սիրուն աչքերով՝ Մանեն էր, իսկ բազմոցին՝ Նարեկը։ Գնում եմ ներս՝ դեպի դեղին Նիվայով տղան, որ լսի ինձ։ Այնքան եմ հուզվում, որ վատ եմ երգում... Ու Գրիգորիչը սկսում է հումորներ անել, բայց դա սկիզբն էր»,- պատմել է Շուշան Պետրոսյանը:
Շուշան Պետրոսյանը
Հետաքրքիր էին բոլոր արտիստների պատմությունները: Նունե Եսայանը երբեք թատրոնում չի աշխատել, բայց միշտ թատրոնի հետ է եղել։
«Սիրիայում էի, երբ բացվեց թատրոնը, ու «նախանձով» էի նայում, որ նոր սերունդ կար, նոր ծրագիր, ես չկայի։ Շուշան Պետրոսյանն ասաց՝ նման երեկո են նախաձեռնել, միանգամից համաձայնեցինք: Արման Աղաջանյանն էլ գաղափարներ տվեց, բայց, ցավոք, չկարողացավ գալ։ Պատասխանատվությամբ ենք մոտեցել ամեն ինչին։ Այս օրերին ինձ թվում էր, թե Գրիգորիչն ինչ-որ տեղ նստած է, մեզ է նայում, եւ ամեն գնով ուզում էի ճիշտ երգել, ճիշտ շարժվել։ Սա իսկապես հիշողությունների հանդիպում էր»,- նշել է Նունե Եսայանը:
Իրինա Դանիելյանը եւ Արթուր Իսպիրյանը
Իրինա Դանիելյանը թատրոն է ընդունվել որպես հաղորդավար, երգել էլ է, բայց երգչուհի չէր: Ու տարիներ անց հումորով նկատում է՝ Իննա Չիլինգարյանի փոխարեն ես սկսեցի վարել համերգները, քանի որ նա գնաց Մոսկվա։
«Բացի ուրախությունից, շատ տխրություն կար. անընդհատ զսպում էի արցունքներս, հատկապես երբ էկրանին հայտնվում են մեր հին կադրերը։ Փորձերին, ասես, այն երեխաները լինեինք։ Համոզված եմ, որ 30 տարի հետո էլ հանդիպենք, նույն երեխան ենք լինելու»,- նշել է դերասանուհին։
Իննա Չիլինգարյանը
Իսկ ո՞ւր է Իննա Չիլինգարյանը: Երգչուհին ժպտում է ու իրեն հատուկ անկեղծությամբ ասում․ «Ես արդեն Իննա Չիլինգարյանը չեմ՝ երեք անգամ ամուսնացել եմ ու երեք անգամ ազգանուն փոխել։ Հատուկ համերգների համար եկա: Չե՞ք պատկերացնի՝ այս օրերն ինչպես ենք վայելել: Այս բեմն իմ տունն է եղել, ու ես մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել այս ամենին, ինչպես տարիներ առաջ»։
Արամոն Արթուր Գրիգորյանի հետ ծանոթացել է Արցախում, ու հիմք է դրվել մեծ ընկերության։ Ասում է՝ փորձերի ժամանակ, ինչպես նախկինում, գիշեր-ցերեկ խառնել էին. «Ի՜նչ օրեր ենք անցկացրել, ի՜նչ բեմադրություններ են եղել, ի՜նչ համերգներ: Տխրել ենք, լացել, ուրախացել, բայց ամենակարեւորը՝ սեր է եղել, ու դրա համար մինչեւ այսօր կա Երգի պետական թատրոնը»։
Իրինա Դանիելյանը եւ Արամոն
Արթուր Իսպիրյանն անկեղծանում է՝ Մանեն իրականացրեց իր երազանքն ու տարավ հիշողությունների գիրկը. «Միշտ երազում էինք, որ մի առիթ լիներ, հավաքվեինք մեր տանը։ Սա մեր մեղվի փեթակն է։ Իմ կյանքի լավագույն, երիտասարդության տարիներն անցկացրել եմ հենց այստեղ»։
«30 տարի առաջ հայ երգը միավորեց մի մարդու շուրջ, եւ մենք հասկացանք, որ մտածում ենք նույն կերպ, աշխարհը նույն աչքերով ենք տեսնում»,- երգչուհի Էմմա Պետրոսյանն է հիշում մութ ու ցուրտ, բայց լուսավոր տարիները, Արցախյան շարժման առաջին օրերը. «Բազմաթիվ անգամ փորձից դուրս էինք գալիս լուսաբացին ու տեսնում էինք, որ մարդիկ գործի են գնում, իսկ մենք՝ գործից տուն էինք գնում։ Իմ կյանքի բացառիկ էջն է եղել»։
Արաքսյա Մուշեղյանը, որը ստանձնել է համերգների երաժշտական ղեկավարի պաշտոնն, ասում է՝ այս օրերին հասկացել են՝ ոչինչ չի փոխվել ու նույն ջերմությունն են զգում. «Մեզ կապողն ու հիմքը եղել է Արթուր Գրիգորյանը։ Փորձերին հիշում էինք նրա ամեն մի դիտողությունն ու հունի մեջ ընկնում»։
Արաքսյա Մուշեղյանը
Շուշան Պետրոսյանն Արթուր Գրիգորյանին խոստացել էր՝ Մանեի կողքին է լինելու. «Ասաց՝ 30-ամյակի առթիվ մի բան պիտի անենք, վերականգնենք «Հայ երգանի»-ն։ Ու սկսվեց։ Իննան հատուկ եկավ Մոսկվայից, Արաքսյա Մուշեղյանը հետաձգեց ճամփորդությունը, ափսոս Գրիշա Աղախանյանն ու Արման Աղաջյանը չկարողացան միանալ։ Իհարկե, շատ ամբողջական կլինեինք, եթե Անահիտ Մանուկյանն ու Գրիգոր Անտոյանն էլ մասնակցեին, եւ, իհարկե, Գրիգորիչը։ Փորձերին որեւէ ֆրազ, որ սիրուն էր ստացվում, ասում էինք՝ շեֆը կհավանի։ Ես վստահ եմ, որ այդպես է, ուղղակի ամեն ինչին հետեւում է երկնքից»:
Հիշողությունների կծիկը քանդելուց հետո սկսվեց համերգի երկրորդ մասը։ Հանդիսատեսին բաժանվել էին երգերի բառերը, որոնք կատարելու էին արտիստները։ Իսկ այդ երգերից յուրաքանչյուրը մի պատմություն ուներ։
Շուշան Պետրոսյանը
Շուշան Պետրոսյանը հիշել է՝ Սեւանում ելույթ էին ունենում հաղթանակած բանակի սպաների ու զինվորների համար, երբ Սպարապետ Վազգեն Սարգսյանը, լսելով «Երազ իմ երկիր հայրենի» երգը, խնդրել է կատարել մեկ անգամ եւս, հետո էլի, ու մի քանի անգամ երգել են։ Համերգի ավարտից հետո հանկարծ արտիստների սենյակ են մտել Վազգեն Սարգսյանն ու առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու խնդրել մի անգամ էլ երգել։
«Սպարապետն ասաց՝ նախագահին ասել է, որ այս երգը պետք է դառնա բանակի հիմնը։ Այդպես էլ եղավ։ Գրիգորիչը երկրորդ շունչ տվեց Ամիրխանյանի երգին»,- պատմել է երգչուհին:
Այս սերնդի հետ Արթուր Գրիգորյանի հարաբերությունները միշտ առանձնահատուկ են եղել։ Նրանք կարող էին ամիսներ շարունակ միասին ճանապարհորդել եւ համերգներ ունենալ: «Բառիս ուղիղ իմաստով ես այս սերնդի երգիչ-երգչուհիների գիրկն եմ մեծացել։ Նրանք արդեն կազմավորվել էին որպես խումբ, բայց թատրոնը դեռ չէր բացվել։ Համոզված եմ, որ պապան հիմա շատ հպարտ կլիներ՝ այս ամենը տեսնելով», - նշել է Մանե Գրիգորյանը:
Համերգ-հանդիպումը 3 ժամից ավելի տեւեց: Հանդիսատեսը չէր ուզում լքել դահլիճը։ Նրանց շարքերում կային մարդիկ, որոնք Երգի թատրոնի համերգներին ներկա են եղել նաեւ 90-ականներին։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: