×


Կարեն Կարագուլյան. «Մեծացել եմ «Միմինո»-ն դիտելով ու Ֆրունզիկ Մկրտչյանին երկրպագելով»

Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը եւ Վաչե Թովմասյանը, այս տարի դարձավ Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր՝ արժանանալով «Ոսկե արմավենու ճյուղի»:

Կարագուլյանը ամերիկացի ռեժիսորի համար յուրահատուկ թալիսման է համարվում ու նկարահանվել է նրա բոլոր աշխատանքներում։ Դերասանը ԿինոՊոիսկ-ին պատմել է Երեւանից Նյու Յորք տեղափոխվելու, Շոն Բեյքերի հետ ծանոթության ու երկար տարիներ ձգվող ընկերության մասին։  

Ծառայությունն ու մեկնումը Միացյալ Նահանգներ

Մինչեւ 18 տարեկանն ապրել եմ Երեւանում: Պատրաստվում էի Բժշկական համալսարան ընդունվել: 1987 թվականն էր, արդեն ամեն ինչ սկսել էր փլուզվել, եւ փոխվեց նաեւ քննությունների անցկացման կարգը, ու դարձա տնտեսագիտության եւ ագրոբիզնեսի ֆակուլտետի ուսանող։ Դե, պետք էր որեւէ տեղ ընդունվել, եւ քանի որ կենսաբանություն ու մաթեմատիկա էի պարապել, համապատասխանում էր միայն այդ բաժինը: Նաեւ այդ տարի այլ օրենքում փոփոխություն եղավ, ու համալսարանում սովորողներին եւս սկսեցին տանել բանակ։ Զորակոչվեցի ու ծառայում էի Սանկտ Պետերբուրգի մոտակայքում։ Երկու տարի անց վերադարձա տուն ու անմիջապես մեկնեցի Միացյալ Նահանգներ։

Խավիարի վաճառքը

Բրայթոն Բիչն այդ տարիներին ինձ համար ժամանցի վայր էր. ռեստորաններ ու ծովափ էինք գնում։ Ռուսախոսները նյույորքյան հենց այս թաղամաս էին գալիս, որպեսզի հասկանան՝ ինչ անել, ուր գնալ։ Ես էլ գրեթե միայնակ ժամանեցի Նյու Յորք եւ ուղեւորվեցի Բրայթոն Բիչ՝ սեւ խավիար վաճառելու: Կողքիս ինչ-որ մեկն արդուկ էր վաճառում, մյուսը՝ տեսախցիկ, եւ բոլորը Խորհրդային Միությունից էին։

Կարեն Կարագուլյանը


Չէի պատրաստվում այստեղ մնալ, պարզապես այդպես ստացվեց։ Իսկ Բրայթոնն այն ժամանակ մի քիչ ուրիշ էր՝ ավելի կոլորիտային ու հետաքրքիր։ Հիմա նրա հմայքն անհետանում է։ Այնտեղ «Սանկտ Պետերբուրգ» գրախանութ կար, որտեղից գրքեր էի գնում, հիմա դրա տեղում բանկ է։ Հիմա ամեն ինչ ամերիկանացվում է, մարդիկ էլ ուրիշ են:

Կինոյում հայտնվելը

Պատահական ստացվեց։ 1990-ականների կեսերին ծանոթացա Նյու Յորքի կինոդպրոցի սաների հետ, եւ ընկերս Շոն Բեյքերի կուրսեցին էր։ Ընկերս խնդրեց իր ֆիլմում նկարահանվել, որում պակիստանցու էի մարմնավորում ու ազգային հագուստով այս ու այն կողմ վազում։ Ֆիլմը կինոդպրոցում առաջին տեղը զբաղեցրեց։ Շոնն էլ, կարծես, այդ աշխատանքի պրոդյուսերն էր, արդեն չեմ հիշում:

1995 թվականին Շոնը խնդրեց նկարահանվել իր «Four Letter Words» ֆիլմում։ Բենզալցակայանի աշխատակցի փոքրիկ դեր էր: Հետո խոստովանեց, որ դա իր սիրելի տեսարանն է, դրա համար էլ իր բոլոր ֆիլմերում սկսեց հատուկ ինձ համար դերեր գրել։

Ինքնակենսագրական «Վելքըմ հոմը»

Անգելինա Նիկոնովայի «Վելքըմ հոմ» ֆիլմի սցենարը միասին ենք գրել։ Շատ դրվագներ հենց իմ կյանքից են՝ ես էլ, ինչպես իմ մարմնավորած կերպարը, այդ ժամանակ 3 երեխա ունեի եւ գորգեր էի վաճառում։ Ու այդ ժամանակ է, որ դերասանի կարիերան հայտնվեց իմ կյանքում։ Կյանքիս մի կողմում փառատոներ, մրցանակներ, կարմիր գորգեր էին, իսկ մյուսում՝ տուն, երեխաներ, կենցաղ ու այդ գորգերը։ Ֆիլմում մի դրվագ կա, երբ իմ կերպարը փառատոնից արձանիկով է վերադառնում, իսկ կինը կաթսայի կափարիչը հենում է դրան: Իմ կյանքում էլ է այդպիսի բան եղել:

Արդեն 40 տարեկան էի, երբ առաջին անգամ մտածեցի, որ անպայման դերասան եմ դառնալու: Իսկ Նյու Յորքում այդ մասնագիտությամբ երեք երեխայով ընտանիք պահելն այդքան էլ հեշտ չէ, ավելի ճիշտ՝ անհնար է։ Եվ այդ առումով ես հետաքրքիր ճակատագիր ունեմ:

Թոմ Բեյքերի թալիսմանը

Շոնը ֆիլմերի քայլող հանրագիտարան է։ Նա սնվում է, մտածում եւ շնչում ֆիլմերով։ Կարող ես հարցնել՝ դիտել է մոնղոլ որեւէ ռեժիսորի աշխատանքը, ու նա դրական կպատասխանի։ Հիշում եմ, երբ առաջին անգամ էինք հանդիպել, հարցրեց՝ որն է իմ սիրելի ֆիլմը։ Այդ ժամանակ շատ էի հավանում «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմը, պարզվեց՝ նա էլ է շատ սիրում։ Այդպես էլ սկսեցինք ընկերություն անել, իսկ ավելի ուշ արդեն մտածեցինք, թե միասին ինչպես ֆիլմեր նկարահանենք։ Այն ժամանակ արդեն զգացվում էր, որ մեր համագործակցությունը երկար է տեւելու:

«Բրոդվեյի արքայազն»-ի շուրջ երկար ենք զրուցել. Շոնն ուզում էր ֆիլմ նկարել, որում խանութի սեփականատիրոջ դերում կլինեմ։ Ի վերջո, մտածեց պայուսակների հետ կապված պատմությունն, ու այդպես ստեղծվեց ֆիլմը։ 2007-2008 թվականներն էին, ու նման մեծ ֆիլմում գլխավոր դերում էի: Միայն դրանից հետո սկսեցի դերասանությանը քիչ թե շատ լուրջ վերաբերվել: Այն փառատոններում մեծ հաջողություններ գրանցեց. ներկայացրել ենք Բրազիլիայում, Իտալիայում, Կանադայում, Հայաստանում։  

Կադրը՝ «Անորա» ֆիլմից


Համատեղ նոր գաղափարները

Երբ ամեն ինչ հանդարտվեց, մեկնեցի Մանհեթեն ու Շոնին հարցրի՝ «Իսկ հիմա ի՞նչ ենք անելու»։ Առաջարկեցի ֆիլմ նկարահանել Բրայթոն Բիչում եղբորս հետ տեղի ունեցած  միջադեպի մասին, ու ծնվեց «Խավիարը»։ Երկու տարի անց ավարտեցինք սցենարը եւ նկարահանելու համար գումար էինք փնտրում։ Հայի կերպար կար, որին ես էի մարմնավորելու, իսկ մյուս կերպարի համար դիտարկում էինք Ալեքսեյ Սերեբրյակովին։ Թեեւ պրոդյուսերները սցենարը հավանում էին, սակայն գլխավոր դերերում դիտարկում էին Թոմ Հարդիին եւ Բրեդ Փիթին, բայց Շոնը հավատարիմ է իր սկզբունքներին ու հրաժարվեց. «Դա այն ֆիլմը չէ, որը ցանկանում եմ նկարել»։ Այդ պատմությունը կյանքի կոչել չստացվեց, ու երբ ես դադարեցի մտածել այդ մասին, Շոնը գրեց «Անորա»-ն։ Այն իմ կարդացած լավագույն սցենարներից մեկն է։

«Անորա»-ն

Շոնին օգնել եմ ֆիլմի կերպարների անունները որոշել, միասին քայլել ենք Բրուքլինում ու նկարահանումների վայրերն ընտրել, հայերեն ու ռուսերեն երկխոսություններն եմ նայել, դերասանների հարցում խորհուրդներ տվել։ Բոլորի հետ էլ՝ Վաչեի, Մարկի, Յուրայի, ընկերացել ենք։ Կարող ենք ժամերով զրուցել ու ծիծաղել միասին։  

«Անորա» ֆիլմի դերասանները


Կաննի կինոփառատոնը

Կաննում հոտնկայս ծափահարությունների ժամանակ աչքերումս արցունքներ հայտնվեցին։ «Անորա»-ն առաջին անգամ ամբողջությամբ միայն մեկ անգամ եմ դիտել ու այն էլ՝ Կաննում։ Ուզում եմ այդ օրվա հիշողությունները եւ հուզմունքը երկար մտապահել։ Դժվար է այդ ամենը նկարագրելու համար բառեր գտնել։ Այս ֆիլմն իմ գլխում էր գրեթե 15 տարի: Մենք երկար ճանապարհ ենք անցել, ու հիմա այն ցուցադրում էին Կաննում:

Շատերն էին մոտենում ու գովասանքի խոսքեր ասում։ Հաճելի էր, բայց անգամ մտածել չէի կարող, որ կհաղթենք։ Երբ գնացինք փակման արարողությանը, մեզ հայտնեցին. «Չգիտենք՝ որ անվանակարգում եք հաղթելու, բայց կպատրաստվեք ելույթի համար»։

Մինչ «Ոսկե արմավենու ճյուղը» հանձնելը հայտարարում են այլ անվանակարգերում հաղթողներին։ Լավագույն սցենարի, ռեժիսորի, դերասանի ու դերասանուհու մրցանակները չստացանք։ Սիրտս սկսեց արագ աշխատել: Գլխավոր մրցանակը տալուց առաջ փոխեցին լուսավորությունը, բեմ բարձրացան Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան ու Ջորջ Լուկասը։ Նայեցի Շոնին, նա էլ ՝ ինձ։ Իմ մի մասը գիտակցեց, որ մենք ենք ստանալու մրցանակը, մյուսը համարում էր՝ նման բան լինել չի կարող. դահլիճում ցունամին ավելի հավանական է, քանի որ վերջին 13 տարիներին ամերիկյան որեւէ ֆիլմ չէր հաղթել։ Հետո Շոնը խոստովանեց ինձ, որ ամենաքաղցր երազներում անգամ այդ մասին չէր մտածել։

Կադրը՝ «Անորա» ֆիլմից


Կարագուլյանի կուռքը

Շատերն են գրում, շնորհավորում, ստիպված Ինստագրամում ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան կուզեի: Ամենաշատն ինձ հուզեց ռուս կինոքննադատներից մեկի խոսքը, որի կարծիքով՝ «Հայֆիլմն» իր լավագույն տարիներին կհպարտանար ինձ պես դերասանով։ Ինձ ասացին, որ նա Ռուսաստանի լավագույն կինոքննադատներից մեկն է (Kinoposik-ից Ստանիսլավ Զելվենսկին է,- խմբ.)։ Ինձ համար այդ խոսքերը կարեւոր էին, քանի որ մեծացել եմ «Միմինո»-ն դիտելով, իսկ այն իմ ամենասիրելի ֆիլմն է։ Եվ նման արձագանքից հետո զգացի, որ կարող եմ կանգնել ոչ թե նույն շարքում, բայց մի փոքր ավելի մոտ Ֆրունզիկ Մկրտչյանին:

ԿինոՊոիսկ-ի դիտարկմամբ՝ «Վելքըմ հոմ» ֆիլմում Կարեն Կարագուլյանի մարմնավորած կերպարին, որը գալիս է կինոփորձերի, համեմատում են երիտասարդ տարիներին Ռոբերտ դե Նիրոյի եւ Ալ Պաչինոյի հետ, թեեւ հենց ինքը կուռք է համարում Ֆրունզիկ Մկրտչյանին:

Պարբերականը նշել է նաեւ, որ ոմանց դուր չի եկել հայերի կարծրատիպային ներկայացումը «Անորա»-ում: Հետաքրքրվել են, դերասանի կարծիքով՝ արդարացվա՞ծ են նման պնդումները:

«Դեռ նման արձագանքի չեմ հանդիպել, բայց, երեւ, արդարացված են: Վաղուց Հայաստանում չեմ ապրում: Միգուցե այդպես է։ Այդ մասին ավելի շատ կմտածեմ, դեռ դժվար է որեւէ բան ասել»,- պատասխանել է Կարագուլյանը:

«Անորա»-ի հայկական եկեղեցին

Ֆիլմում այն տեսարանը, որի ժամանակ Թորոսը կիսատ է թողնում մկրտությունն ու դուրս գալիս, Նյու Յորքի հայկական եկեղեցում ենք նկարել։ Այնտեղ եմ մկրտել երեխաներիս, ինչպես նաեւ երեք այլ երեխաների կնքահայրն եմ եղել, կանգնել նույն անկյունում ու կրել միեւնույն հագուստը։

Կարեն Կարագուլյանը


Օսկարը

Ֆիլմը նկարահանելիս «Օսկար» ստանալու մասին չենք մտածել։ Այն, որ այդ մասին քննարկումներ կան, իհարկե, առավելություն է եւ ավելացնում է այն մարդկանց թիվը, որոնք կդիտեն ֆիլմը։ Բացի այդ էլ, ցանկանում եմ, որ Շոնն «Օսկար» ստանա. արդեն ժամանակն է, նա արժանի է դրան։ Կարեւոր է նշել, որ նրան ոչինչ չի կանգնեցնում։ «Բրոդվեյի արքայազնը» նկարել ենք Շոնի անձնական գումարով՝ 46 հազար դոլարով, «Մանդարինը»՝ 100 հազար դոլարով ու iPhone 5-ով։

Անելիքները

Ժամանակ է պետք, որ այս ֆիլմն ուղարկենք քնելու։ Երբ դա անենք, նոր կխոսենք նոր աշխատանքի մասին։ Հիմա վայելում ենք: Ինձ հաճախ են հարցնում ռեժիսորական հավակնությունների մասին։ Այդ մասին չեմ մտածել, քանի որ Շոնին ունեմ։ Չեմ ցանկանում այդ տարածք մտնել, գուցե, նորից սկսեմ գրել, երբ սրտիս մոտ բան գտնեմ։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Kinopoisk-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW