×


Վահե Սուքիասյանը, Մհեր Անանյանը եւ Արթուր Կարապետյանը

«Մեր երկրի շահը գերակա է ամեն ինչից». ԱրարատԲանկը ներկայացրել է «Ոտքի կանգնելու կամքը. ինքնահարգանք» ֆիլմը

Գլոբալ հիբրիդային պատերազմի պայմաններում սեփական ինքնությունը պահպանելու կարեւորության մասին «Ոտքի կանգնելու կամքը. ինքնահարգանք» ֆիլմի պրեմիերան դեկտեմբերի 4-ին «ԿինոՄոսկվա»-ում համախմբել էր ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ իրականացված նախագծի հեղինակներին եւ համախոհներին:   

Փաստավավերագրական ֆիլմը դեռ 2020 թվականին մեկնարկած ֆիլմաշարի 3-րդ եւ եզրափակիչ մասն է: «Ոտքի կանգնելու կամքը» առաջին ֆիլմը դպրոցահասակ երեխաներին հնարավորություն է տալիս ընկղմվել հայոց պատմության քիչ ուսումնասիրված էջերի մեջ եւ հեղինակի հետ վերլուծել պատմական անցքերը։ Ֆիլմի օրինակով մշակված ուսումնամեթոդական ձեռնարկն այժմ կիրառվում է Հայաստանի հանրակրթական դպրոցների մեծ մասում եւ սփյուռքի կրթօջախներում պատմության, հայ գրականության եւ ռազմագիտության ուսուցիչների կողմից:


«Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» երկրորդ ֆիլմը նախատեսված է ուսանողների եւ ավելի բարձր տարիքի մարդկանց համար: Հիմնական ուղերձը վերաբերում է ապագային եւ արձանագրում «Մշակույթ, հավատ, նպատակ» կարգախոսը, որը կարմիր թելով անցնում է ամբողջ ֆիլմի ընթացքում եւ սահմանում հայոց պատմությունը ճիշտ ուսումնասիրելու պայմանները։ Իսկ ահա նոր՝ «Ոտքի կանգնելու կամքը. ինքնահարգանք» ֆիլմը բոլորի համար է: Այն տեղեկատվական աղբի դեմ պայքարելու ու սեփական ինքնությունը պահպանելու մասին է:

ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը կարեւորել է նախագիծն ու նշել, որ նմանատիպ աշխատանքների պակաս միշտ կա. «Ստեղծագործական խումբն այնքան պայծառ է ու այնպիսի մարդկային լավ որակներ ունի, որ հավատում էինք՝ ֆիլմերն ուսուցողական կլինեն, կհամապատասխանեն ԱրարատԲանկի տեսլականին եւ նպատակներին։ Դրանք են՝ հայ մարդու կերպարի ստեղծումն ու ազգային գաղափարախոսության պահպանումը, որոնց ուղղությամբ շատ աշխատանք պետք է կատարվի: Սիրով եւ ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ երեք ֆիլմն էլ իրենց նպատակին ծառայեցին: Եթե հանդիսատեսն ամեն ֆիլմից կարողանա մի փոքր բան քաղել, բոլորիս հաջողությունը կհամարեմ»:


Մհեր Անանյանը վստահ է՝ միշտ էլ հնարավոր է ոտքի կանգնել, սակայն դրան հասնելու համար պետք է յուրաքանչյուրն իր ներդրումն ունենա. «Ցանկացած մարդ պիտի գտնի այն գենետիկ հիմքը, որով կառաջնորդվի ու կորոշի, թե ոտքի կանգնելու ճանապարհին ինչ ազդակներ կարող է հաղորդել մյուսներին։ Բոլորս պետք է աշխատենք եւ համախմբվենք հասարակությունն առողջացնելու շուրջ»:

Ինչպես եւ նախորդ ֆիլմերում, «Ոտքի կանգնելու կամքը. ինքնահարգանք»-ի գլխավոր դերում Արթուր Կարապետյանն է: Ֆիլմը սկսվում է տեղեկատվական պատերազմի շրջանակում իրականացվող քարոզչության ներկայացմամբ, որն ամեն կերպ փորձում է համոզել, որ «մենք փոքր ենք, տկար, անուժ»։

«Ինչպե՞ս պայքարել դրա դեմ, ինչպե՞ս հող, հայրենիք, գեն, եկեղեցի եզրույթները արժեզրկվեցին, պատվեցին աղբով, ինչպե՞ս մաքրել այդ աղբը, ինչպե՞ս կարողանալ հարգել ինքդ քեզ»,- հարցնում է Մատենադարանի բարձունքում կանգնած ու հեռուստադիտողի հետ զրուցող Կարապետյանն ու ինքն էլ քիչ հետո պատասխանում այդ հարցին. «Գիտե՞ս՝ ամբողջ աշխարհում ինչպես է լուծվում աղբի հարցը, ապագա աղբավայրի ամբողջ տարածքում հանվում է հողի վերին շերտը՝ մինչեւ կարծր հիմք, եւ ստացված փոսորակը մի քանի տարի ծառայում է որպես աղբավայր։ Լցվելուց հետո աղբը հարթեցվում է, վրան լցվում է նախկինում հանված հողի շերտը, որի վրա տնկում են ծառեր, եւ փտող աղբը հողի տակ դառնում է պարարտանյութ ծառերի համար, այլ ոչ թե գարշահոտության եւ վարակի աղբյուր: Վերջում այն գեղեցիկ անտառապատ տարածքի է վերածվում: Նույն բանը մենք կանենք տեղեկատվական աղբի հետ. այս դեպքում կարծր հիմքը կուռ մշակութային դիմադրողականությունն է եւ ազգային անկոտրում ինքնահարգանքը: Եթե դրանք կան, տեղեկատվական ոչ մի աղբ չի կարող ներթափանցել մեր ենթագիտակցության մեջ եւ վարակել ու ավերել ամենակարեւորը՝ ոգին»:


Ըստ ֆիլմի՝ ինքնամաքրման միջոցներից մեկն էլ լեզուն է. խոսքով հնարավոր է անգամ բժշկվել, եւ հայերն ունեն նման բժշկարան, որն ավելի ազդեցիկ է դառնում գրաբարով հնչելիս: Խոսքը, բնականաբար, Գրիգոր Նարեկացու «Նարեկ»-ի մասին է, որի շնորհիվ եվրոպական վերածննդից դեռ 300 տարի առաջ տրվեց հայկական վերածննդի մեկնարկը, եւ մարդը սկսեց խոսել Աստծո հետ:

Անդրադարձ կատարվեց հայկական գենին, որը 4000 տարվա ընթացքում աննշան շեղումների է ենթարկվել ու անփոփոխ մնացել նույնիսկ հռոմեական, պարսկական, մոնղոլ-թաթարական, թուրքական արշավանքների ու թվով արդեն երրորդ Ցեղասպանությունից հետո:  

«Ոտքի կանգնելու կամքը. ինքնահարգանք»-ի կարեւոր ուղերձներից մեկն այս է. «Ոչ մի երկիր իմ պետության ավագ եղբայրը, ավագ դաշնակիցը, ավագ հարեւանը չէ։ Ոչ մի թշնամի անպարտելի չէ, բոլորն էլ վախենում են պատերազմից: Իմ երկրի, իմ ազգի շահը գերակա է ամեն ինչից»:

Պրեմիերայից հետո Արթուր Կարապետյանն ուրախ էր, որ իրենց երկար ամիսների աշխատանքի արդյունքը բոլորը կարող են տեսնել ու կարեւոր գաղափարներ ստանալ:


«Չասեմ՝ սա մեր ոտքի կանգնելու ճանապարհն է, բայց մի քայլ է, որը մեր մեծ ստեղծագործական թիմով կկարողանանք ներկայացնել հանդիսատեսի դատին: Իհարկե, մեր մտահղացումները չէին իրականանա, եթե մեր կողքին կանգնած չլիներ հավատարիմ գործընկեր ու աջակից ԱրարատԲանկը: Նրանց օգնությամբ փորձեցինք ապացուցել, որ հայերս կարող ենք թիմով աշխատել եւ հասնել ցանկալի արդյունքին»,- նշել է դերասանը:

Ֆիլմաշարի հեղինակ եւ ռեժիսոր Վահե Սուքիասյանը շեշտել է, որ արդեն իսկ ակնհայտ են ֆիլմի թողած ազդեցության հետեւանքները: Առաջինը սեփական որդու օրինակով է ստացել եւ համոզված է, որ երիտասարդ սերունդն, ի տարբերություն Խորհրդային Միության տարիներին ծնված ու մեծացած մարդկանց, այլ կերպ է ընկալում աշխարհը:

«Տղաս Շիրվանզադե, Մուրացան է սիրում եւ կարդում: Նոր սերունդն ավելի շատ բան ունի ասելու, քան մենք պատկերացնում ենք, ու մոտ 10 տարի հետո կտեսնենք այդ ամենը: 2020-ի պատերազմից հետո շատ ընկճված ու դեպրեսիվ վիճակում էինք, ինչը նորմալ է, բայց քանի որ պատմություն չգիտենք, հոգեբանությանը ծանոթ չենք, ինֆորմացիոն պատերազմը մեզ համար նորություն է, այդ ամենը բոլորիս վրա ավելի ուժեղ է ազդում, քան պիտի լիներ: Ամեն պատերազմից հետո կան նաեւ ոտքի կանգնելու շատ ելքեր, որոնք մենք չենք օգտագործում»,- ընդգծել է Վահե Սուքիասյանը:

Ռեժիսորի խոսքով՝ փորձել են մարդկանց հենակետեր հաղորդել, որպեսզի կարողանան թոթափել պարտության ազդեցությունը, որոնցից ամենածանրը ապրելու վախն է. «Մարդիկ վախենում են ապրել ու մանավանդ Հայաստանում։ Ոտքի կանգնելու կամք միշտ կա, առանց դրա կոչնչանանք, ինչը պատմության մեջ շատ ազգերի հետ է տեղի ունեցել: Չենք պարտվել, ուղղակի որբի կարգավիճակով մնացինք ու լքվեցինք բոլորի կողմից: Ոտքի կանգնելու համար պետք է ինքդ քեզ հարգես, ուրիշ էլ ոչինչ պետք չէ։ Ոչ մի ազգ մյուսից լավը չէ, բոլոր ազգերը նույնն են, ուղղակի ամեն մեկն ունի իրեն հատուկ սրբություններ ու ոգեշնչման աղբյուրներ, որոնք երբեք չպիտի կորցնի»:


ԱրարատԲանկի գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը նշել է, որ ֆինանսական կառույցի հաջողությունները միայն ֆինանսական ցուցանիշները չեն, այլ նաեւ սոցիալական ազդեցությունն է:

«Միայն այս տարի ԱրարատԲանկն իրականացրել է ավելի քան 100 մլն դրամի ներդրում սոցիալական ծրագրերում։ Սա շատ լավ առիթ է, որ մեր աշխատանքային խմբի անունից շնորհակալություն հայտնեմ ԱրարատԲակի վարչության անդամներին՝ ի դեմս վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանի, եւ խորհրդին՝ ի դեմս խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանի՝ վստահության եւ սոցիալական ծրագրերը իրականացնելու հնարավորություն ընձեռելու համար։ Նաեւ շնորհակալություն այստեղ նստած յուրաքանչյուր անհատին, գործընկեր հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին, քանզի յուրաքանչյուրն ամենօրյա փոքր կամ մեծ քայլերով փորձում է մեր երկիրն ավելի լավը դարձնել: Վստահ եմ, որ եթե ոչ մոտ ապագայում, բայց մի օր կապրենք մեր երազած երկրում»,- ասել է Աննա Ալլահվերդյանն ու ֆիլմի ցուցադրությունից հետո բեմ հրավիրել ողջ ստեղծագործական անձնակազմին, որպեսզի մարդիկ նրանց տեսնելու ու ծանոթանալու առիթ ունենան:

Ֆիլմաշարը հնարավոր է դիտել ԱրարատԲանկի ու ռեժիսոր Վահե Սուքիասյանի պաշտոնական յութուբյան ալիքներում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW