ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի ստեղծած ֆիլմերը դուրս են ժամանակից ու տարածությունից, յուրաքանչյուր սերունդ այն յուրովի է ընկալում ու սիրում: Անվանի կինոռեժիսորի մասին Bravo.am-ը զրուցել է նրա դստեր՝ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի հետ: Նա պատմել է հայրիկի հետ ունեցած նմանության, նրա չնկարահանած ֆիլմերի ու դրանց պատճառով ունեցած մեծ ափսոսանքի, ժողովրդական սիրո ու մյուս տարի սպասվող 100-ամյա հոբելյանի մասին:
- Տիկին Մալյան, քանի՞ տարեկանից եք հիշում Ձեր հայրիկին ու ինչպիսի՞ն է նա տպավորվել այդ հիշողություններում։
-Տարիքը չեմ կարող նշել, որովհետեւ երբեմն բարեկամների հետ խոսելիս այնպիսի պատմություններ եմ հիշում, երբ ընդամենը 3-4 տարեկան եմ եղել։ Բայց երբեք չեմ կարող մոռանալ հայրիկիս պատմած հեքիաթները, որոնք ինձ համար արվեստ մուտք գործելու առաջին քայլերն էին։ Հիմա եմ վերլուծում ու հասկանում, որ այդ ձեւով ինձ շատ-շատ բան է սովորեցրել։ Իր մոտեցումը եւ պատմելու ձեւը շատ յուրահատուկ էին, իր հուշերն ու մանկությունն էր հեքիաթ դարձնում եւ շատ գեղեցիկ մատուցում։ Այդ ձեւով պատմել է նաեւ «Լիր Արքա»-ն, Աստվածաշունչն ու էլի շատ գործեր։ Փոքր տարիքից էր հայրս ինձ սովորեցնում ու պատրաստում, մեծի աչքերով հիմա եմ այդ ամենին լրիվ այլ տեսանկյունից անդրադառնում։
Նարինե Մալյանը
- Քանի որ հեքիաթների մասին խոսեցիք, իր «Երկխոսություն երրորդի համար» գրքում շատ գեղեցիկ է գրել. «Ռեժիսորական իմ լավագույն աշխատանքը տեսել է միայն մեկ հանդիսատես՝ դուստրս։ Ստեղծագործական հրճվանքի ու հաճույքի ավելի բարձր պահերն հետագայում չեմ ապրել ոչ թատրոնում ու ոչ էլ կինոյում։ Եվ պատճառն, իհարկե, հանդիսատեսն էր՝ 4-ամյա մի մանկիկ, որի աչքից չէր վրիպում ոչ մի նրբություն»։ Այդ ամենն ազդե՞լ է մասնագիտության ընտրության հարցում։
-Շատ է օգնել ոչ միայն ընտրության կամ մասնագիտական ունակությունների առումով, այլ թե ինչպիսին պիտի լինի կյանքի ու մարդկանց հանդեպ մոտեցումը, ինչպես պիտի սիրով ու հարգանքով վերաբերվես քո հայրենիքին ու ժողովրդին։ Դա հատուկ չի ասվել, բայց շատ նուրբ ձեւով էր հրամցնում։ Չափազանց ամաչկոտ երեխա էի ու մարդկանց կողքով առանց բարեւելու արագ անցնում էի: Շատ է տպավորվել, որ ինձ նկատողություն արեց ու ասաց. «Անպայման պետք է քեզ ծանոթ մարդկանց բարեւես», նրանց հանդեպ հարգանք է սերմանել, էլ չեմ ասում արվեստի հանդեպ սիրո մասին։ Երբ կիրակի օրերին ազատ էր լինում, անպայման գնում էինք Ազգային պատկերասրահ, մանավանդ իր սիրելի նկարիչների ստեղծագործությունների մոտ կանգնում էր, պատմում նրանց ու գործերի հետ կապված մանրամասներ, մեծ ուշադրություն էր դարձնում գույնին ու կոմպոզիցիային։
-Իսկ ովքե՞ր էին նրա սիրելի նկարիչները։
-Կոջոյան էր շատ սիրում, Սարյան, իմպրեսիոնիստների գործերը, Թուլուզ-Լոտրեկ, Բոտիչելլի, Վերածննդի շրջանի մյուս նկարիչներին։ Այն ժամանակ դա հայրիկիս հետ հաճելի զրույց էր, հիմա եմ ընկալում էսթետիկ ճաշակ դաստիարակելու ու արվեստի մասին ճիշտ պատկերացում փոխանցելու նրա մոտեցումը։ Ապշում էի, թե ինչպես էր ինձ համար միշտ ժամանակ գտնում, որովհետեւ շատ զբաղված մարդ էր։ Շնորհակալ եմ ծնողներիս ամեն ինչի համար, մայրս էլ հիանալի մասնագետ էր ու հայրիկիս համարյա բոլոր ֆիլմերի մոնտաժողը։
- Ձեր մայրիկի՝ Հասմիկ Մելքոնյանի հետ ինչպե՞ս են ծանոթացել ու հետագայում միասին ստեղծագործել։
- Երկուսն էլ «Հայֆիլմ»-ում են աշխատել, մայրս շատ գրագետ եւ գեղեցիկ կին էր, բազմաթիվ ռեժիսորներ են նրան սիրահարված եղել։ Ծնողներս արտաքնապես իրար նման էին՝ երկուսն էլ բաց գույնի մազերով ու երկնագույն աչքերով էին։ Իրենց ծանոթության մասին ինձ չեն պատմել։ Մայրս շատ զուսպ մարդ էր ու իր զգացմունքները քիչ էր արտահայտում, իսկ հայրս՝ հակառակը, մալյանական այդ գիծը շատ արտահայտված էր, բայց շատ համապատասխան զույգ էին։ Մայրս մեծ դեր է խաղացել հայրիկիս կայացման գործում եւ միշտ ստվերում մնացել, թեեւ հրաշալի մոնտաժող էր։ Երիտասարդ տարիքից է աշխատել «Հայֆիլմ»-ում, զուսպ ու համեստ կին էր՝ իր տեղն ընտանիքում ճիշտ իմացող, իսկ դա շատ կարեւոր է ամուր ընտանիք ստեղծելու եւ պահպանելու հարցում։
- Իսկ ինչպե՞ս էին որպես ամուսիններ աշխատում միասին։
- Դրա մասին շատ լավ կարող եմ խոսել, քանի որ փոքր տարիքից ներկա եմ եղել աշխատանքներին։ Երբ տատիկս զբաղված էր լինում ու չէի կարող նրա մոտ մնալ, ինձ հետները տանում էին «Հայֆիլմ», ազատ սենյակում տեղավորում էին ու ոչ պիտանի ժապավեններ տալիս, այդպես մոնտաժել էի սովորում։ «Նահապետ»-ի հետ կապված այսպիսի դեպք եմ հիշում․ մի դրվագ կար, որ Մալյանն իր առջեւ դրված նպատակն էմոցիոնալ առումով ոչ մի կերպ չէր ստանում։ Հուզված մի քանի տարբերակ են նայել ու բավական ուշ ժամ է եղել, մայրիկս առաջարկել է այդ հատվածում երաժշտություն դնել։ Տեղադրելուց հետո մայրիկը շրջվել է ու տեսել՝ մի կողմում հայրս է լալիս, մյուսում՝ ֆիլմի օպերատոր Սերգեյ Իսրայելյանը։ Նման բաներ շատ են եղել, պարզապես ամեն ինչ չէ, որ հիշում եմ։
- Խորհրդային տարիներին ֆիլմ նկարելն այնքան էլ հեշտ գործ չէր, քանի որ նախ պետք էր թույլտվություն ստանալ։ Ինչպե՞ս էր Ձեր հայրիկին հաջողվել ազգային թեմաներով ֆիլմեր ստեղծել, հավանաբար, կյանքի կեսը գնում էր։
- Շատ ճիշտ եք, որովհետեւ ամեն անգամ Մոսկվայից վերադառնալուց հետո հայրս սրտաբանի մոտ էր գնում։ Առողջական խնդիրների մեծ մասը հենց այդ պատճառով է առաջացել, որովհետեւ, երբ ստեղծագործողը նպատակ ունի, զգում է ամեն հատվածն ինչ կերպ պետք է արվի ու ֆիլմում ինչ նշանակություն ունի, իսկ երբ որոշում են այն հանել, մեծ սթրես է ապրում։ Ոնց որ անդադար ստեղծագործական ցանկություններդ, մտքերդ ու գաղափարներդ քեզանից անջատեն եւ արհեստական փակուղի ստեղծեն, դա օրգանիզմի համար մեծ վտանգ է հոգեբանական եւ ֆիզիկական առումներով: Հայրիկիս օրինակով այդ ամենը շատ լավ եմ զգացել։ Բոլոր սցենարների հետ էլ խնդիրներ է ունեցել, առավել եւս՝ «Նահապետ»-ի ։ Քննարկումներին սովորաբար ներկա էին լինում Խորհրդային միության լավագույն ռեժիսորներն ու դերասանները, եւ դրանց ընթացքում մի ռուս դերասան հարցրել է. «Ինչո՞ւ պետք է այդ պատմությունը հետաքրքրի մեզ»։ Մոսկվայում ներկաների թվում է եղել Սոֆիկ Սարգսյանն ու պատմել է, թե Մալյանն ինչպես է կարողացել բոլորին շատ ճիշտ տեղը դնել։ Իսկ նա դա անել իսկապես կարողանում էր, որովհետեւ խոսելու, համոզելու եւ հռետորական շատ մեծ տաղանդ ուներ։ Բայց, իհարկե, մշտապես նաեւ մեծ դժվարությունների հետ է առնչվել, ինչպես եղավ Կոմիտասի մասին ֆիլմի դեպքում։ Համոզված եմ, որ հրաշալի ֆիլմ կնկարեր, սցենարն այնպես էր գրվել, որ այն ընդունեն, բայց հաստատ ուրիշ կերպ էր անելու: Երազում էր այդ ֆիլմի մասին, մինչ օրս իր թղթերի մեջ գտնում եմ Կոմիտասի կյանքից պատառիկներ ու նկարներ, ամբողջովին այդ նյութի մեջ էր, հանդիպումներ է ունեցել գիտնականների, երաժիշտների, ազգագրագետների ու կոստյումների նկարչի հետ։ Կարծես առաջընթաց կար, բայց տարբեր կողմերից մարդկանց բացասական կարծիքներն ու ասեկոսեները նրան խանգարեցին, նաեւ մեծ պատասխանատվություն զգալով Կոմիտասի հանդեպ՝ հրաժարվեց ֆիլմից։ Միշտ ասում էր. «Ինձ ավելի լավ է ասեն՝ ինչո՞ւ չարեցիր «Կոմիտաս» ֆիլմը, քան ինչո՞ւ արեցիր»։ Բայց համոզված եմ, որ փայլուն ֆիլմ էր լինելու մեծ հայի ու երաժիշտի մասին։
- Իսկապես շատ ափսոս, որ այդ ֆիլմը չնկարեց, շատ բան ենք կորցրել...
- Ափսոս էր նաեւ, որ «Կարոտ» ֆիլմը չնկարեց, սցենարի վրա էր աշխատում անգամ իր վերջին օրերին։ Այդ ամենը համընկավ Արցախի շարժման սկզբի հետ, գումարվեց նաեւ Սումգայիթի հետ կապված իրադարձությունների սթրեսը, այդ ամենը շատ խորն էր ընդունում եւ վնասում իր օրգանիզմին։
-Դուք էլ ռեժիսոր եք։ Ունենալով այդ սցենարները, երբեւէ չե՞ք մտածել դրանք նկարելու մասին, թե՞ բարդ կլիներ Ձեզ համար։
-Բարդ լինելու կետին անգամ չեմ էլ հասել, քանի որ իմ առջեւ պատնեշ ունեի դրած՝ դրանք այդ մարդու երազանքն ու ընկալումն են, որոնց որեւէ կերպ դիպչել չեմ ուզում:
- Իսկ եթե ուրիշները ցանկություն հայտնեն, կտա՞ք։
- Հայրիկիս մահից անմիջապես հետո Ֆրունզե Դովլաթյանը դիմեց եւ նկարահանեց իր «Կարոտ» շատ լավ ֆիլմը, բայց այն բացարձակապես կապ չունի Մալյանի տարբերակի եւ մոտեցումների հետ։ Ամեն ֆիլմ պարունակում է ռեժիսորի կյանքը, ընկալումները եւ կուտակումները:
- Մալյանը ստեղծագործում էր մարդու մասին ու մարդու համար, իսկ որտեղի՞ց էր նրա այդքան մեծ մարդասիրությունը։
- Երեւի գեներով էր փոխանցվել, ես էլ չգիտեմ (ծիծաղում է,-հեղ.)։ Պապիկս էլ էր այդպիսին, շատ լավ էր թառ նվագում ու նվագելիս արտասվում։ Տատիկս էլ շատ բարի մարդ էր։ Երբեք չես կարող ասել՝ ինչը որտեղից է գալիս եւ ինչ պատճառով։ Իր ինտուիցիայի շնորհիվ շատ լավ էր ճանաչում մարդուն, պարզապես մանիպուլյացիայի տարրեր չուներ այլ նպատակներով օգտագործելու համար, բայց դա պետք էր գալիս դերասանների հետ աշխատելիս։ Ստեղծագործելիս երբեք չի ղեկավարվել լսարանի պահանջով, ընտրում էր այնպիսի նյութ, որն իրեն ու իր աշխարհընկալմանն էր հարազատ։ Այդպես ստեղծել է Հրանտ Մաթեւոսյանի, Աղասի Այվազյանի եւ Հրաչյա Քոչարի սեփական կուտակումների եւ ընկալման հիման վրա ֆիլմերը։ Եվ հովիվների, եւ դարբինների մեջ ես իրեն եմ տեսնում, ինչպես նաեւ Թորիկի, Մհեր Մկրտչյանի ու Սոֆիկո Ճիաուրելիի կերպարների մեջ։
Նարինե Մալյանը
- Գրքում Ձեր հայրիկը ցավով նշել է, որ իր բոլոր չնկարահանած ֆիլմերի՝ Սողոմոն Թեհլերյանի, Փոքր Մհերի, Քաջ Նազարի ամեն մի կադրն իր աչքի առաջ է։
-Շատ էր սիրում Թոթովենցին եւ նրա «Կյանքը հռոմեական ճանապարհների վրա» գրքի հիման վրա ուզում էր ֆիլմ նկարահանել, ինչպես նաեւ Սարոյանի «Իմ անունը Արամ է» պատմվածքների ժողովածուի, բայց երկուսն էլ չստացվեց: Նա շատ լավ պատրաստված էր մտնում նկարահանման հրապարակ ու բավական արագ աշխատում։ Այն եզակի ռեժիսորներից էր, որ մեկ օրվա ընթացքում նկարահանված ժապավենի քանակով՝ «օգտակար մետր»-ով ռեկորդ էր սահմանել։
- Ինքը դա պատճառաբանում էր ծույլ լինելով, որ ամեն ինչ արագ ավարտին հասցնի։
- Եվ չէր սիրում անդրադառնալ արդեն արված գործին։ Փոքր տարիքում նկարում էի, ինձ ասում էր, որ ժամանակին պետք է կանգ առնես, անդադար ավելացնելով ու լավացնելով ի վերջո փչացնում ես գործդ։ Երբ հեռուստատեսությամբ իր ֆիլմերը ցուցադրում էին, երբեք չի նստել ու դիտել, ավարտելուն պես անջատվում էր իր աշխատանքից։
-Իսկ ինչքա՞ն ժամանակ էր պետք լինում, որ մեկ ուրիշ աշխատանքի անցնի։
- ԽՍՀՄ-ի ժամանակ օրենքներն ուրիշ էին, եւ հնարավոր չէր մեկը մյուսի հետեւից ֆիլմեր նկարահանել։ «Հայրիկ»-ից հետո շատ մեծ ընդմիջում է ունեցել․ մոտ 4 տարի ինչ-ինչ պատճառներով չի աշխատել՝ գուցե չհաստատված սցենարների պատճառով։ Այդ ժամանակ հրավեր ստացավ դասավանդելու Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի բաժնում ու շատ լավ 2 կուրս ունեցավ, երկրորդը դարձավ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի հիմքը։ Այն կամերային բնույթի առաջին փոքր թատրոններից էր, որը շատ մեծ հաջողություն ունեցավ, միշտ ներկայացումների պահանջ կար, եւ տոմսերը միանգամից սպառվում էին։ Իր կուրսից էին Աշոտ Ադամյանը, Սոֆիկ Սարգսյանը, որոնք հետագայում իր ֆիլմերում նկարահանվեցին, Աշոտ Եդիգարյանը, Վարդուհի Ռուշանյանը եւ մի շարք այն ժամանակ երիտասարդ, իսկ հիմա ճանաչված դերասաններ։
- Իսկ ինչպիսի՞ թատերական ռեժիսոր էր ու որքանո՞վ էր սիրում այդ աշխարհը։
- Շատ էր սիրում, արվեստ էլ հենց թատրոնի միջոցով էր մուտք գործել։ Աճպարարի պես էր աշխատում, իր փորձերին ներկա եմ եղել եւ զարմացած մնացել, թե ինչպես էր մեկը մյուսի հետեւից միզանսցեն դնում ու աշխատեցնում դերասանին։ Ասում էր. «Դու գնա այնտեղ, դու այստեղ կանգի, հիմա ժպտա, հետո նստիր», ու մեկ էլ հոպ՝ միզանսցենը ստացվեց, դերասաններն էլ չէին հասցնում հասկանալ, թե ինչ արեցին։ Երեք օրվա մեջ այնպիսի լավ ներկայացում է բեմադրել, որը մի ռեժիսոր տարիներ շարունակ անել չէր կարողանում։ Դերասաններն արդեն ձանձրացել էին ու Մալյանին խնդրեցին ավարտին հասցնել այն: Ինքս եմ տեսել, թե երեք օրվա մեջ այն ինչպես կարողացավ բեմադրել:
- Նրա Թումանյանի «Հեքիաթներ»-ի մասին նշել եք, որ այն ռեկորդակիր ներկայացում է, որը երկար տարիներ է շարունակում են խաղալ ձեր թատրոնում։ Տիկին Մալյան, էլ ինչո՞վ է այն Ձեզ համար առանձնանում։
- Այն ոչ միայն Հայաստանում ենք շատ հաջող խաղացել ու խաղում, այլեւ արտերկրում, եւ ապշելու բան է, որ ամենուրեք, անկախ լեզվական խոչընդոտից, հասկացվել է։ Երբ տարիներ առաջ այն ներկայացրինք Գերմանիայի մանկապատանեկան փառատոններից մեկում, Նիդերլանդներից մի շատ լավ խմբի անդամներ զարմանքով արձանագրեցին, թե տարիներ առաջ արված ներկայացման ռեժիսորական մոտեցումներն իրենք նոր են սկսել կիրառել։ Լուծումները մինիմալիստական են, չկա ոչ մի ձեւավորում, միայն մի փարդա կամ վերմակ է բեմում, որի շուրջն էլ կատարվում են Թումանյանի 11 հեքիաթի գործողություններ, բոլոր դերասանները նույնն են, ապշելու մոտեցում է։ Շատ լավ եմ հիշում ներկայացման մեջ օգտագործվող մուրճերի ձայների պատմությունը՝ մեր տանը բարեկամներից մեկի երեխայի մուրճով խաղում էինք եւ չեմ մոռանա հայրիկիս հայացքը՝ ինչ-որ բան ֆիքսեց, հետո դա օգտագործեց ներկայացման մեջ։
- Փաստորեն իր ապրած կամ տեսած ամեն բան դարձնում էր արվեստ՝ հանում բեմ կամ էլ ֆիլմում ցույց տալիս։
- Անպայման․ նա միշտ կենդանի շփման մեջ էր, նույնիսկ սցենար էր գրում, երբ մեր տանը հյուրեր կային։ Մեկ այլ ստեղծագործող պետք է անպայման առաձնանա, որ ոչինչ չխանգարի իրեն, իսկ հայրիկը պիտի դրսից կամ կողքի սենյակից լսվող ձայները լսեր, դա օգնում էր իրեն: Շատ պրոֆեսիոնալ ու ֆանտաստիկ էր աշխատում, սցենար գրելիս նայում էի նրան ու զարմանում, բացահայտ զգում էի, որ պատկերացնում է իր ֆիլմի ամեն բառն ու նախադասությունը։
Հենրիկ Մալյանը
- Իսկ ո՞ր տարիքից հասկացաք իր մեծությունն ու նրան սկսեցինք ընկալել ոչ միայն որպես հայրիկ, այլ հայտնի կինոռեժիսոր։
- Չեմ ընկալել, քանի որ մեր տանը դա երբեք չի շեշտվել։ Մեծ բերկրանք էի ապրում, երբ «Կինոյի տանը» տեսնում էի իր ֆիլմերի հաջողություններն ու նրա պատվին հնչող բուռն ծափահարությունները: Մարդիկ միշտ սպասում էին Մալյանի ֆիլմերին, որովհետեւ նա խոսում էր մի բանից, որը հոգեհարազատ էր նրանց։ Նա հային ներկայացնում էր լավագույն ձեւով, երբեք չէր մատնանշում մեր թերությունները կամ էլ նուրբ էր անում ՝ մալյանական ձեւով։ Եվ այդ ֆիլմերը շատ սիրված էին, որովհետեւ մարդիկ դրանցում տեսնում էին իրենց, ոչ թե մեկ ուրիշի կյանքը։
- Երբ արդեն բավական մեծ էիք, եղե՞լ են առիթներ, որ ներկա լինեք նկարահանումներին ու հետեւեք հայրիկի աշխատանքին։
- Չէր սիրում, որ հարազատ մարդիկ ներկա գտնվեն նկարահանման հրապարակում, մայրիկս էլ միշտ չէ, որ հետեւում էր։ «Մենք ենք մեր սարերը» նկարելիս եղել եմ գյուղում ու հիշում եմ այն դրվագը, երբ Մհեր Մկրտչյանը դուրս է գալիս Ազատ Շերենցի մոտից եւ արագ անցնում: Եղել եմ նաեւ ֆիլմի ձայնագրությանը, երբ Ֆրունզիկն ու Սոս Սարգսյանը տանում են գերանը։ Հիշում եմ նաեւ «Հայրիկ»-ում Մկրտչյանի եւ փոքրիկ երեխայի երկխոսությունը, երբ ուսերին նստած զրուցում են։ «Կտոր մը երկինքի» նկարահանումներին մեկ օր եմ եղել, դա էլ այն պատճառով, որ իմ կուրսեցիներից 3 հոգի նկարվում էին, եւ գնացի նրանց հետ լինելու համար։ Այն ժամանակ Մալյանի մեծության կուլտը չկար, տանն էլ թույլ չի տվել, որ իրեն հատուկ վերաբերմունք ցուցաբերվի, հատուկ ուտելիքներ պատրաստվեն կամ էլ հանգստի ժամեր լինեն։ Մենք ապրել ենք շատ սովորական ու հանգիստ կյանքով։
- Բայց մարդիկ չէին կարող Մալյանին առանձնահատուկ չվերաբերվել եւ չզգալ նրա տաղանդը։
- Դե հա, Մալյանի հանդեպ շատ մեծ սեր կար եւ մինչ օրս էլ կա։ Նրան շատ հարգանքով էին վերաբերվում, որովհետեւ նա էլ նույն բանն էր զգում մարդկանց հանդեպ:
- Այնպես է ստացվել, որ Մհեր Մկրտչյանը նկարահանվել է Հենրիկ Մալյանի բոլոր ֆիլմերում։ Ինչպե՞ս է ձեւավորվել այդ յուրահատուկ ընկերությունն ու գործընկերությունը:
- Իր սիրելի դերասաններից էր, շատ վաղ շրջանում են ծանոթացել, երբ Մալյանը ռեժիսորի ասիստենտ էր։ Շատ-շատ էր սիրում Ֆրունզիկ Մկրտչյանին, Սոս Սարգսյանի հետ հաճախ շախմատ էին խաղում եւ զրուցում։ Անգամ իր գիրքը, որ կարդացել ենք, մտածել էր երկխոսությունը Սոս Սարգսյանի հետ անել երրորդի համար։ Միտքը հորս կողմից առաջարկվել է, բայց Սարգսյանը չի արել։ Մինչեւ կյանքի վերջին օրերն աշխատել է գրքի ու «Կարոտ»-ի սցենարի վրա: Գիրքը վերջնական տեսքի բերեց խմբագիր Հրաչուհի Տատուրյանը, որոշ հարցերում էլ ես եմ օգնել։ Եթե հայրիկը ողջ լիներ, այն լրիվ այլ ձեւով կհավաքվեր:
- Գրքում Մալյանը պատմել է, թե ինչպես է դերասանների հետ աշխատում. «Նրանց խաբում եմ, ոգեւորում, տրամադրությունը բարձրացնում, տանում եմ մթնով, հետո լույսով, հետո կանաչներով, հետո կապույտներով, հետո տխրեցնում եմ, հետո ծիծաղեցնում, հետո մեծարում եմ, շատ եմ մեծարում, մի օր էլ քաշում եմ տաղավարի լույսի տակ ու օպերատորին խնդրում նկարահանի»։
- Չեմ կարող բացատրել, թե դա ինչպես էր անում։ Որպես դասախոս էլ շատ լավն էր, եւ նույն աննկատ կերպով էլ ուսանողի հետ էր աշխատում։ Ես պետք է նկարչական գնայի, պարզապես իր երկրորդ կուրսը շատ շնորհալի էր, նրանց կուրսայինները դիտելիս ինքս էլ ոգեւորվեցի ու ընդունվեցի ռեժիսուրայի բաժին, այլապես ինձ համար առանց որեւէ մեկից կախվածության տանը կնկարեի։ Ընդունվեցի մանկավարժականի կինո-ֆոտո բաժինը, որտեղ դասավանդում էր Յուրի Երզնկյանը, լավագույն օպերատորներից Ալբերտ Յավուրյանը, շատ լավ ասիստենտ ունեինք՝ Մոնիկա Տեր-Պողոսյանը, հիանալի մթնոլորտ էր, բայց լրիվ այլ, հայրիկիս մոտ ուրիշ էր։
- Ի՞նչ առումով էր տարբերությունը։
- Ուսանողի հանդեպ մոտեցումը, աշխատելու ոճը եւ ջերմությունն էին տարբեր։ Հայրիկս հատուկ մարդկանց էր հավաքում իր կուրսում՝ «արյան նույն կազմն ունեցող», այդ մասին գրքում էլ է գրել։ Նման մարդկանց հետ էր սիրում աշխատել եւ ով այդպիսին չէր, իր հետ շփվելիս էր դառնում։ Եվ ի վերջո թատրոնում մնացին այն մարդիկ, որոնք հենց այդպիսինն են։ Շնորհակալ եմ այդ դերասաններից, որոնք իրենց սերն ու հարգանքը Մալյանի հանդեպ գործով են արտահայտում, ոչ թե խոսքերով։
Նարինե Մալյանը
- Տիկին Մալյան, Ձեր արտաքին նմանությունը հայրիկի հետ շատ նկատելի է, իսկ ներքուստ ինչո՞վ է արտահայտվում։
- Նմանություն իսկապես կա։ Ցավոք սրտի, մայրիկիցս քիչ բան եմ ժառանգել, նա ավելի զուսպ էր, իսկ ես էմոցիոնալ եմ հայրիկիս պես։ Շատ բաներ կան, որ ինձ վրա ազդում են՝ կեղծ վիճակները, դերասանությունը սովորական կյանքում, ոչ թե բեմում, ինչը շատ անդուր է։ Նաեւ ասում են, որ հայրիկիս հետ որպես արվեստագետներ էլ նմանություն ունենք ոճի ու մատուցման առումով։
- Իր բացակայությունն ու կարոտն ինչպե՞ս են արտահայտվում եւ հատկապես ե՞րբ եք առավել շատ զգում։
- Ծնողների հանդեպ կարոտ միշտ կա, որովհետեւ ընտանիքս բացառիկ է եղել, թեեւ յուրաքանչյուրի համար էլ այն յուրահատուկ է։ Ասում են՝ ծնողներին չեն ընտրում, բայց ինձ մոտ տպավորություն կա, որ ես ընտրել եմ նրանց։ Մեծ տարիքում են ինձ ունեցել՝ մայրիկս 36 տարեկան էր: Շնորհակալ եմ ծնողներիս, որովհետեւ այն ամենը, ինչ ժառանգել եմ նրանցից, օգնում է ապրել, ապրեցնել, շնչել, ստեղծագործել, մտածել, տեսնել։
- Դուք մանկավարժականն ավարտելուց հետո Ռոբերտ Սահակյանցի հետ աշխատել եք մուլտֆիլմերի ստեղծման բաժնում, հետագայում նաեւ ֆիլմեր եք նկարել։ Մի քիչ պատմեք այդ փորձի մասին։
- Աշխատանքի անցնելուց հետո հասուն կյանք մտա ու բավական բան հասկացա մարդկային հարաբերությունների ճիշտ դրսեւորումների մասին։ Տեսա, թե ինչերի հետ կարող ես բախվել, ոչ բոլորը պետք է քեզ սիրեն, միշտ չէ, որ ճիշտ ես լինում։ Կեղծավորություն, սեր, անկեղծություն, այդ ամենի հետ առնչվեցի հենց իմ առաջին աշխատավայրում, բայց նաեւ շատ բան սովորեցի Սահակյանցի հետ աշխատելիս։ Մեծ պրոֆեսիոնալ էր ու բացառիկ երեւույթ, շնորհակալ եմ իր հետ շփվելու առիթի համար։ Հետո վավերագրական ֆիլմ նկարեցի մնջախաղի երիտասարդական թատրոնի մասին, ինչպես նաեւ Աղասի Այվազյանի «Դանիել Մշտաբնակ» պատմվածքի հիման վրա կարճամետրաժ ֆիլմ։ Ասում են՝ մարդիկ տպավորված են գնացել։ Այն քրիստոնեության շրջանի, Քրիստոսի ու նրա հետ կապված մարդկանց ճակատագրի մասին է։ Գլխավոր դերակատարին պատահաբար եմ ընտրել՝ տաքսու վարորդ էր, հենց տեսա նրա դեմքը, աչքերի գույնն ու շեկ մազերը, միանգամից դերն առաջարկեցի։ Նրա արտաքինն այնքան խոսուն էր, որ խաղ չէր էլ պահաջվում։
Հենրիկ Մալյանը
- Իսկ Մալյանի անվան թատրոնում ինչպե՞ս հայտնվեցիք:
- Որպես ռեժիսոր առաջին գործս «Նվագակցողը» մոնոներկայացման մեջ էր, ապա Գրիգոր Բաբայանի հետ արեցինք «Ընկեր Փանջունի»-ն։ Հայրիկիս մահից հետո հեռացա թատրոնից եւ չէի ուզում անգամ մտնել այստեղ, որովհետեւ նա շատ մոտ՝ «Կինոյի տանն» էր մահացել։ Բայց դերասաններն եկան մեր տուն ու ինձ ուղղակի ձեռքերիցս քաշելով բերեցին թատրոն։ Մահից մի քանի ամիս էր անցել եւ որոշեցինք հայրիկիս սցենարից օգտվելով՝ Բաբայանի հետ «Կարոտը» բեմադրել, այն բավական քննարկված ու հայտնի ներկայացում ստացվեց։ Անգամ հակասական տեսակետներ ունեցող քննադատներ Լուիզա Սամվելյանն ու Հենրիկ Հովհաննիսյանը միակարծիք էին ու շատ հավանեցին այն։ Հիմա էլ այն երբեմն խաղում ենք Մալյանի ծննդյան կամ մահվան օրերին, մեզ համար կարեւոր ներկայացում է։ Ապա որոշ ժամանակ թատրոնում չեմ աշխատել, ու նորից դերասաններն եկան մեր տուն եւ ինձ բերեցին թատրոն (ծիծաղում ենք,-հեղ.)։ Այդ ժամանակ Աղասի Այվազյանի մի քանի պատմվածքի հիման վրա բեմադրեցի «Ցեղի ֆիզիոլոգիա»-ն։ Գնացինք Այվազյանի մոտ, որպեսզի նրա թույլտվությունը ստանանք, ասաց. «Չեմ պատկերացնում՝ ո՞նց պիտի բեմադրես», պատասխանեցի. «Պարոն Այվազյան, Դուք թույլտվությունը տվեք, ես կանեմ»։ Ինձ համար մեծ պատիվ էր, որ ներկա գտնվեց պրեմիերային ու շատ հավանեց ներկայացումը. «Չեմ հասկանում՝ ո՞նց էր հայրդ էլ, դու էլ կարողանում մթնոլորտ ստեղծել, ո՞նց եք դա անում»։ Դե, արի ու բացատրի, որ ինքդ էլ չգիտես (ծիծաղում ենք,-հեղ.)։
- Բայց իսկապես ինչպե՞ս ու ինչի՞ շնորհիվ է ստացվում։
- Ինչ-որ մի բան քեզ տանում է: Իհարկե, պատկերացնում ես ընդհանուր ներկայացումն ինչպես ես հավաքելու, ինչպիսին են սկիզբն ու ավարտը, զարգացումը լինելու, ինչ երաժշտություն ես օգտագործվելու, այն ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ ներկայացման ոճն ու ռիթմն են թելադրում: Մի անգամ էլ երազում Սարոյանին տեսա, ասաց. «Նա պիտի անի այդ գործը» (ծիծաղում ենք,-հեղ.)։ Իր 100-ամյակի նվիրված «Պատմություններ գնացքում» ներկայացման բոլոր գործողությունները տեղափոխեցի գնացք: Մեր համարյա բոլոր ներկայացումները «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում մրցանակներ են ստացել:
-Մյուս տարի Հենրիկ Մալյանի 100-ամյակն է, որոշե՞լ եք՝ ինչպես եք այն տոնելու։
-Կուզեի տեսնել, թե հայրիկիս մասին ինչ են անում ուրիշները, ոչ թե մենք, ինչը չի նշանակում, որ ոչինչ չենք պլանավորել: Մեր խմբով այս թեմայի շուրջ խոսել ենք ու մտածել իր գրքի հիման վրա ինչ-որ բան ստեղծել: Դրանում հատվածներ կան, որ ասեք ներկայացման դրվագներ լինեն, գուցե ֆիլմերից էլ կօգտվենք: Չէի ցանկանա, որ հոբելյանը միայն սովորական երեկոյի շրջանակում տոնվի: Իր տարեդարձերից մեկին գիրքը հրատարակվեց, մյուսին՝ գիրք-ալբոմը: Կուզեմ մնայուն մի բան ստեղծվի, ոչ թե նշվի ու մոռացվի:
- Գուցե հոբելյանական տարի հայտարարվի, ինչպես Փարաջանովի եւ Կոմիտասի դեպքում եղավ:
- Կուզեի ամբողջ քաղաքով մեկ մեծ էկրաններին Մալյանի ֆիլմերից հատվածներ ցուցադրվեին: Հնարավոր է՝ երիտասարդները նրան չեն ճանաչում, բայց ավագ սերունդը լավ ծանոթ է: Մալյանի ֆիլմերն այնքան հաճախ են ցուցադրվում հեռուստատեսությամբ, որ չէի ցանկանա այդպես լինի: Լավ կլիներ, որ հոբելյանական 100-րդ տարում ամբողջ քաղաքը ողողված լիներ Մալյանով:
Նարինե Մալյանը եւ Հասմիկ Բաբայանը
- Եվ վերջում հարցեր ունեմ, որոնց կուզեմ պատասխանեք Ձեր անունից ու փորձեք պատկերացնել, թե ինչ կասեր պարոն Մալյանը: Որո՞նք են ձեր սիրելի գրքերը:
- Ես «Նարեկացի» եմ սիրում, Թորնթոն Ուայլդեր, Վիլյամ Սարոյան, Հարուկի Մուրակամի, ամերիկյան գրականություն: Բացի արդեն նշվածներից հայրիկի ամենասիրած հեղինակներից էր նաեւ Թումանյանը, Վիլյամ Սարոյանը, Երվանդ Օտյանը, Հակոբ Պարոնյանը, Անդրեյ Պլատոնովը, Ռոմեն Ռոլանը: Գրականություն շատ լավ գիտեր:
- Ֆիլմերը:
- Կոեն եղբայրներին եմ շատ սիրում, Տարանտինոյին, ամերիկյան դասական ու իտալական կինո, իհարկե, չի լինի առանց Չապլինի, Տարկովսոկու որոշ ֆիլմեր էլ ինձ շատ հոգեհարազատ են: Պապան Ֆելինիին էր շատ սիրում, Ալեքսանդր Դովժենկոյին, Փարաջանովին: Երկուսն էլ Թիֆլիսից էին, եւ այդ արտիստիզմը մեկի մոտ շատ արտահայտված էր, մյուսի մոտ՝ քողարկված։ Փարաջանովն էլ հայրիկին է շատ գնահատել, նրա մասին գիրք են պատրաստում, հեղինակը զանգեց թատրոն լուսանկարներ խնդրելու եւ պատմեց, որ Փարաջանովի հետ ներկա են եղել «Դեկամերոն» ներկայացմանը, ինչից հետո ասել է. «Այս ինչ ներկայացում էր: Ո՞նց է այս թատրոնը նման փոքր տեղում ստեղծագործում, Մալյանին մեծ թատրոն է պետք»։ Յավուրյանի կինն էլ պատմել է, որ Փարաջանովն ասել է. «Երբ մահանամ, կուզեմ Մալյանը փակի աչքերս»: Հայրիկիս ու նրա միջեւ յուրահատուկ կապ ու փոխադարձ հարգանք կար, գնահատում էին միմյանց մեծությունները, Թբիլիսին երկուսին էլ շատ բան է տվել:
-Ներկայացումները:
-Հիշում եմ՝ «Ուրիել Ակոստա» ներկայացման մասին էր շատ պատմում, Աճեմյանի`«Իմ սիրտը լեռներում է» եւ դրամատիկական թատրոնից մի քանի գործերի: Ես հիմնականում դրսի ներկայացումներ եմ նայում, շատ էի սիրում Պյոտոր Ֆոմենկոյի թատրոնն իր կենդանության օրոք, նրա ներկայացումների դետալներն ու մթնոլորտը, ռեժիսորական մոտեցումները շատ եմ հավանում: Ինձ համար շատ մեծ գնահատական էր, երբ ռուս քննադատները «Ցեղի ֆիզիոլոգիա»-ն դիտելուց հետո այն համեմատեցին Ֆոմենկոյի ներկայացման հետ:
Նարինե Մալյանը
- Ուսուցիչը։
- Հայրս է, իր համար էլ՝ իր հայրը։
- Քաղաքը:
- Թբիլիսին էլ եմ սիրում, հիմա դժվարանում եմ ասել՝ Երեւանը, թեեւ քաղաքի որոշ հատվածներ ինձ կապում են մանկությանս եւ պատանեկությանս շրջանին՝ ապրում էինք Պոնչիկանոցի վերեւի շենքում, Տերյան փողոցում էլ գտնվում էր «Հայֆիլմ» կինոստուդիան: Վերջերս անցնում էի ու շատ մեծ ցավ ապրեցի, որովհետեւ հիշեցի գեղեցիկ հին շենքն ու այնտեղ ստեղծագործող մարդկանց, որոնք հայկական կինոյի հիմքն են դրել, ո՞նց էր կարելի այդ ամենը քանդել: Հայկական կինոն հիմնադրվել է հենց այդտեղ՝ Բեկնազարովի եւ ուրիշ նվիրյալների շնորհիվ: Տատիկիս տան պատուհանից նայում ու տեսնում էի բոլոր այդ մարդկանց՝ մեծանուն շատ ռեժիսորների՝ այդ թվում Փարաջանովին, Դովլաթյանին, հայտնի դերասանների, անցնում էին, խոսում, ծիծաղում, ստեղծագործում: Փարաջանովի հետ էլ առաջին անգամ այդտեղ եմ ծանոթացել, հայրիկի հետ դպրոց էինք գնում, երբ մեքենան կանգնեցրեց ու կանչեց. «Օ, Գենրիխ»: Մեքենայից հայկական տարազով փոքրիկ տիկնիկ հանեց ու ինձ նվիրեց, մինչեւ հիմա էլ պահում եմ։ Այդ մարդը նվիրելու յուրահատուկ տաղանդ ուներ։ Իսկ հայրիկի քաղաքը Թբիլիսին կլիներ:
-Մարդը:
-2,5 տարեկան թոռնիկս է ամենասիրելի մարդը։ Իսկ հայրիկինը գուցե ծնողները լինեին, երկուսին էլ շատ է սիրել, կամ հորեղբայրը՝ Դավիթ Մալյանը: Շատ մարդկանց է հարգել ու սիրել, իր ուսուցիչներից Լեւոն Քալանթարին կնշեմ, որի մասին միշտ պատմում էր, առհասարակ իր ուսուցիչներին չէր մոռանում: Եվ ասում էր, որ Չարլի Չապլինն էլ է իր ուսուցիչը եղել, փոքր տարիքից գնացել է նրա ֆիլմերը դիտելու:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի, Աշոտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից եւ Նարինե Մալյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: