Սամվել Թոփալյանն իր համար թանկ, հուզիչ ու շատ անձնական պատմություն է հանել բեմ ու այդ մասին խոսել իր «8000 կմ» մոնոներկայացման մեջ: Տարիներ առաջ Արեւմտյան Հայաստանում իրականացված «Բարեւ, Էրգիր» հաղորդման նկարահանումների ընթացքում տեղի ունեցած բացառիկ դեպքերը նա միախառնել է սեփական կյանքի, նախնիների ճակատագրի, Ցեղասպանությունը վերապրած տատիկի ու պապիկի եւ իրեն փոխանցված արժեքների հետ:
Նախ բեմում դերասանը պատմում է, թե ինչպես է մեկ հեռախոսազանգից սկսել իր ճանապարհորդությունը դեպի Արեւմտյան Հայաստան: Ողջ ներկայացման ընթացքում նա ամեն ինչ ներկայացնում է շատ պատկերավոր ու գունեղ, այդ ամենը համեմում վառ տպավորություններով ու հումորով, պատումն ավելի ազդեցիկ են դարձնում ցուցադրվող կադրերը: Լացն ու ծիծաղը մեկ ժամվա ընթացքում հանդիսատեսից անբաժան են լինում:
«Զանգին հաջորդեց հարցերիս տեղատարափը՝ քանի՞ հոգով ենք գնալու, անվտա՞նգ է, թե՞ չէ, ո՞ր քաղաքներում ենք լինելու, Աղթամար կղզում լինելո՞ւ ենք, տեսնելո՞ւ ենք Վարագավանքը, մի խոսքով՝ հարյուրից ավելի հարց: Չգիտեմ քանիսին պատասխանեցին, բայց քանի որ առաջարկը գործնական էր, հասանք հոնորարի չափին, որի պատասխանը շատ արագ տրվեց»:
Դերասանը նախ ներկայացնում է ուղեւորության նախապատրաստական ընթացքը, ճամպրուկը հավաքող կնոջը, երեխաների հետ զրույցներն ու որդու՝ Արմենի բազմաթիվ հարցերը, իր հույզերը եւ վախերը, ընկերոջ՝ դերասան Գուգոյի «Ղարսի շաուրմա ուտելու» պատվերն ու հարցը. «Ապեր, կարողա՞ Անին տեսնես ու նոր…»:
Չնայած բոլոր անհանգստություններին՝ գոտեպնդվում է ու մեկնում Էրգիր, որի առաջին կանգառը Կարսն էր՝ իր անհարմար հյուրանոցով ու վերելակի չբացվող դռնով, փոքր ու շոգ սենյակով, սակայն, որքան էլ զարմանալի է, մուտքի մոտ Հայաստանի դրոշով:
«Այս ճամփորդությունն ինձ համար ոչ ունեցավ հերթականություն, ոչ հաջորդականություն եւ ոչ մի հստակություն: Նախապես պայմանավորված հստակ քաղաքներից եւ ուղղություններից, հոնորարից հստակ մնաց միայն հոնորարը: Հազարավոր կիլոմետրեր էին իմ առջեւ, հազարավոր բերդեր, եկեղեցիներ, հուշարձաններ, քաղաքներ, գյուղեր, տներ, դռներ»:
Դեռ Կարսում նրա ականջները սկսում են ծանրանալ անդադար լսվող թուրքերեն խոսակցություններից, որոնք նյարդայնացնում էին ու խանգարում կենտրոնանալ: Բայց, քանի որ առջեւում դեռ 20 օր ունեին, ստիպված էր իր համար խաղի պես մի բան հորինել՝ լսել ու տեսնել այն ամենը, ինչ ինքն է ցանկանում:
«Հակառակ դեպքում անհնար կլիներ անցնել այդ ճամփորդությունը բոլոր առումներով՝ թե մարդկային զգայական ու թե գործնական, որի նկարահանումների ոչ թույլտվությունն ունեինք, ոչ իրավունքը․ գաղտնի էին: Վախենում էինք՝ այն կարեւոր գործը, որի համար եկել էինք, չստացվեր»:
Նկարահանող խումբը 6 հոգուց էր բաղկացած՝ հաղորդավար Թոփալյանը, ռեժիսորը, օպերատորը, ձայնային օպերատորը, զբոսավարը եւ խմբի պատասխանատուն:
«Ամեն օր նոր ներկայացմամբ ու դերաբաշխմամբ էր սկսվում: «Դու կհսկես տարածքը, եւ եթե կասկածելի մեկին տեսնես, կխոսեցնես, մինչեւ մենք նկարահանումներն ավարտենք»: Ձայնային օպերատոր Մկոն հիվանդ է, ահավոր հազում է ու պիտի կոճկվի մինչեւ վերջ, որ թաքցնի ձայնային տեխնիկան: «Դու կներկայանաս մեծահարուստ պապի թոռ, նա է ուղարկել, որ իր ծննդավայրից նյութեր հավաքենք»:
Կարսի բերդից Առաքելոց վանքը նկարելիս ամեն դեպքում բռնվեցին, քաղաքի ոստիկանապետը զինաթափեց նրանց, բայց 1 ժամ տվեց, որ նկարահանումն ավարտեն: Այդ մեկ ժամում հասցրին նկարել Կարսի բերդը, Վարդանի կամուրջը, Չարենցի վարժարանն ու տունը, որտեղ գետի ափին թողել էր անտաշ քարով կառուցված տունը, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով եւ Կարինե Քոթանճյանին անգամ մնաս բարով չէր, ինչպես գրել է իր «Տաղ անձնական» բանաստեղծության մեջ:
Բայազետում Թոփալյանը 34-ամյակը նշեց ու սովորեց ծպտված հայերին ճանաչել: Ամբողջ ճամփորդության ընթացքում բազմաթիվ բնակավայրերով ու սարեր-ձորերով քայլելիս՝ դերասանի աչքի առաջ վերակենդանացել են այնտեղ ապրած մարդկանց կյանքերը:
«Դաշտում վար անող շինականին էի տեսնում, էն հնձվորին, որ դեզի շվաքին նստած վայելում էր հարսի բերած մի կտոր հացն ու պանիրը, լեռներից իջնող որսկանին էի տեսնում, տների երդիկներից բարձրացող ծուխն ու առնում նոր թխված թոնրի լավաշի բույրը, դարբինների մուրճերի թխթխկոցն էի լսում, տեսնում էի եկեղեցիներում մոմ վառող հավատացյալներին, վարժարան գնացող մանուկներին: Մանուկներին՝ պառկած գետնին, էն հնձվորին՝ մորթված դաշտում, պապին, հարսին, դարբնին, տատիս…»:
Ու ահա այդտեղ է, որ «8000 կմ»-ը շատ անձնական ու հուզիչ է դառնում: Թոփալյանը պատմում է տատիկի կյանքը, որի աչքի առաջ ողջ-ողջ թաղել են հորը, հիշում նմանատիպ ծանր ողբերգություններով անցած պապիկին:
«Կյանքում պատահական ոչինչ չի լինում, պատահական չէր նաեւ իր ճամփորդությունը, ուրեմն ես պիտի քայլերի այդ ճանապարհով, տեսնեի, ապրեի ու զգայի այդ ամենը»:
Ու հենց ինքը պիտի դառնար այն կռունկը, որը Էրգրում տատիկի համար պիտի կատարեր նույն «Կռունկը», որն իր համար նա էր օրորոցում երգել:
Ներկայացման մեջ դերասանը զուգահեռներ է տանում Բիթլիսում թողնված ու ասես երեկ լքված կանգուն հայկական տների հետ եւ հիշում նույն դեպքերը, որոնք տեղի են ունեցել Շուշիում, Մարտունիում, Մարտակերտում, Հադրութում։
«Մենք 20 օրում անցանք գրեթե 8000 կիլոմետր, եթե Եվրոպայում լինեինք, կհասնեինք Ամերիկա: Անթերի ասֆալտապատ ճանապարհներ, ամեն քաղաքում կային ցուցատախտակներ, բայց մայրուղուց դուրս սկսվում էին հողոտ, փոշոտ, քարքարոտ ճանապարհներ, որոնք տանում էին դեպի մեր բերդերը, եկեղեցիները, հուշարձանները: Անհարմար ու դժվար ճանապարհներ էին, բայց տանում էին դեպի մեզ։ Ու այս ամեն ինչի մեջ մի հույս արթնացավ, որ ասֆալտը դեռ մայրուղու վրա է, որ դեռ կան հողոտ, փոշոտ, քարոտ ճանապարհներ, ու այդ ճանապարհներով ի վիճակի ենք անցնել միմիայն մենք։ Սա ոչ թե դժբախտություն համարելով՝ այլ կարողություն եւ ուժ»:
Դերասանի խոսքով՝ նա միաժամանակ 2 ճամփորդություն ունեցավ՝ մեկը սկսվեց Երեւանից, որի ընթացքում ոտքով 400 կմ անցավ ու տեսավ Անին, Իգդիրը, Բայազետը, Մուշը, Վանը, Տիգրանակերտը, Բիթլիսը, Դիարբեքիրը, Նեմրութը, Թոնդրակը, Սիփանը, Արածանին, Արաքսը, Երփրատը։ Իսկ մյուսի մեկնարկը տրվել է Կարսում ու դրանով դեռ պիտի շատ քայլի եւ գտնի որդու ու տատիկի տված 2 կարեւոր հարցի պատասխան:
BRAVO.am-ի հետ զրույցում դերասանն ասել է, որ իր ճանապարհորդությունից 6 տարի անց պատահական է որոշել ներկայացման տեսքով անդրադառնալ Արեւմտյան Հայաստանում իր տեսածին ու զգացածին:
«Նման թեմայի մասին այսօր խոսելը շատ է պետք, որովհետեւ քնած ենք ապրում, մեր միտքը եւ զգայական դաշտն անջատած: Կարծում եմ` արթնացումը պետք է ազնիվ ճանապարհով լինի, ոչ թե խղճահարության վրա շեշտադրումներ անելով: Դրա համար էլ այդ ամենը շատ պարզ մարդկային պատմության տեսքով արեցի, որը միայն իմն ու ընտանիքինս չէ, հանդիսատեսի արձագանքն էլ դա է վկայում: Ներկայացումից հետո շատ են մոտեցել ու խոստովանել, որ իրենց տատիկի եւ պապիկի հետ էլ նման բաներ են տեղի ունեցել: Ներկայացումը ոչ թե մեր ցավը վերհիշելու մասին է, այլ որ սկսենք ամեն մեկս մեր աշխատանքի շնորհիվ գործել: Մեր մեջ պիտի աշխատելու ուժ գտնենք, մոռանանք դժվարություններն ու ամուր հայրենիք ստեղծենք»,- ասել է Թոփալյանը:
Նա երկար ժամանակ սցենարիստներ է փնտրել, որոնք կկարողանային իր պատմածը տեքստի վերածել, սակայն այդպես էլ իր ուզած համագործակցությունը չի կայացել: Արդյունքում դերասանն ինքն է ներկայացման սցենարը գրել, 6 ամիսների ընթացքում բավական տանջվել է, գրածները մի քանի անգամ պատռել ու թափել, մինչեւ որ ստացել է իր ուզած բովանդակությունն ու խորությունը: Այն ներկայացման է վերածել բեմադրիչ Նարինե Մալյանը.
«Անկեղծ կլինեմ՝ գրածիս միակ գրավականն այն է, որ ազնվորեն եմ մոտեցել, ոչ մի ավելորդություն ու փաթեթավորած բան չեմ ներառել, ամեն ինչ իրական է՝ իմ զգացածն է, տեսածն ու շոշափածը: Այն ճանապարհորդությունն ինձ այնքանով վերափոխեց, որ որպես դերասան այդ հարցերի մասին նման կերպ բարձրաձայնեմ: Սա վերափոխման դեղատոմս չէ, պարզապես մարդկանց մեջ փորձում եմ արթնացում առաջացնել, որ հետագայում ամեն մեկը յուրովի քայլ անի այդ ուղղությամբ»:
Ներկայացումը խաղացել է նաեւ Սիդնեյում ու այնտեղ շատ լավ արձագանքներ ստացել, որոնից հատկապես կարեւորում է մի 15-ամյա պատանու խոսքերը: Նա նշել է, որ Սփյուռքում ապրողների համար Հայաստանը գրքերից կարդացած ու ծնողներից փոխանցված գաղափար էր, մինչդեռ «8000 կմ»-ի շնորհիվ այն իրական է դարձել:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: