×


«Կատարել եմ ընտանիքիս երազանքը»․ առաջին անգամ կենդանի կատարմամբ հնչեցին Արթուր Գրիգորյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները

«Եթե իսկապես սիրես երաժշտությունը, այն կսիրի քեզ ի պատասխան՝ առանց եթեների ու պայմանականությունների»․ Արթուր Գրիգորյան։ Երաժշտությունը սիրեց ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին, իսկ ժողովուրդն էլ սիրեց նրա ստեղծած երաժշտությունը։

Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ հնչում են կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները սիմֆոնիկ ձևաչափով։ Այս նախագծի վրա Հայաստանի Երգի պետական թատրոնը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն աշխատել են մոտ մեկ տարի։


«Մաեստրոյի մասին պետք չէ խոսել անցյալով, քանի որ իր ստեղծածը մնայուն արժեք է։ Գրիգորիչը փոխեց էստրադային մշակույթի մասին պատկերացումները։ Ու այսօր մենք ունենք շատ հարուստ ժառանգություն։ Ժամանակին մենք մաեստրոյի հետ խոսել ենք, թե ինչպես կարող է նվագախումբն օգնել պոպուլյար արվեստին։ Նրա ընտանիքն այս գործը վստահեց մեզ, հետևաբար՝ պատասխանատվությունն էլ ավելի է մեծանում»,- ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը։

Կան ստեղծագործություններ, որոնք հանդիսատեսին ծանոթ են որպես կատարումներ, չնայած ի սկզբանե նախատեսված են եղել որպես գործիքային ստեղծագործություններ ՝գրված հատուկ սիմֆոնիկ նվագախմբի համար։


Կոմպոզիտորի դուստր Մանե Գրիգորյանը պատմում է․ «Օրինակ՝ «10 միլիոն հայ ենք»-ը դրանցից մեկն էր։ Շատ լավ հիշում եմ՝ հայրս մի քանի օր շարունակ բոլոր գործիքները նոտաներով գրում էր, բայց հետո շատ անհրաժեշտ էր երգ հայերի մասին, ու այդ գեղեցիկ սիմֆոնիկ ստեղծագործությունը դարձավ շատ սիրված երգ։ Մենք փորձել ենք վերականգնել բնօրինակը՝ օրիգինալ հնչողությամբ»։

Մանեն ասում է, որ այսօր ոչ միայն Գրիգորիչի, այլեւ ընտանիքի այլ անդամների երազանքն է իրականացնում։ Հայրը միշտ ցանկացել է դա իրագործել, բայց հերթը չի հասել․ «Ես ու մայրս միշտ խնդրում էինք, որ զբաղվի սիմֆոնիկ ստեղծագործություններով, բայց երբեք ժամանակ չէր մնում, քանի որ ավելի շատ զբաղված էր կրթելով»։


 «Այս նախագիծը ապագայի ու վաղվա մասին է։ Մենք հաջորդ սերունդներին պատմելու ենք հայ կոմպոզիտորի մասին։ Հույս ունենք, որ նրա ստեղծագործությունները կփոխանցեն այն սերը, բարությունը, հույսը, որն ուներ հայրս։ Աշխատում ենք այն ուղղությամբ, որ Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները հնչեն աշխարհում և ճանաչելի դառնան աշխարհով մեկ»,–ասում է Մանեն։

Մշակումները սիմֆոնիկ նվագախմբի համար կատարել է Մարտին Ուլիխանյանը։ Երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է թատրոնի մեներգիչ Գրիգոր Կյոկչյանը։ Վերջինս հնչող ստեղծագործությունների բնօրինակներին շատ լավ է տիրապետում, քանի որ Գրիգորիչի ստեղծագործական կյանքի՝ վերջին 15- 20 տարիների ընթացքում ամենամոտ կանգնած մարդկանցից մեկն է եղել։ Լսել է ծնվող ստեղծագործության առաջին հնչյունները։


 «Եթե Գրիգորիչն այսօր մեզ հետ լիներ, ուղղակի կժպտար ու, համոզված եմ, կհավաներ։ Իհարկե, ինքն ուրիշ որակի և հարթության վրա այս ամենը կներկայացներ, բայց մենք արել ենք առավելագույնը, որ ներել են մեր ուժերը։ Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները սիմֆոնիկ հնչողությամբ շատ օրգանական են։ Եվ այս գործերի դեպքում սա այլընտրանքային մեկնաբանություն չէ։ Այն ավելի շատ մոտ է սիմֆոնիկ հնչողությամբ բնօրինակին, որը գրվել է Արթուր Գրիգորիչի կողմից»,– ասում է Կյոկչյանը։

Իսկ համերգին էմոցիաների ու հույզերի պակաս չկար։ Դահլիճն արձագանքում էր յուրաքանչյուր ստեղծագործությանը։ «Իմ Արցախ» ստեղծագործությանը նվագախումբը միանգամայն այլ շունչ ու ոգի էր փոխանցել։


Հանդիսատեսը կամաց շշնջում էր երգի բառերը, իսկ երբ հնչեց «Կյանք ու կռիվ» ստեղծագործությունը, ժամանակ առ ժամանակ այն խլացավ հանդիսատեսի ծափերից։

Համերգը եզրափակեցին թատրոնի արտիստներ՝ Ռուսլան Ելյազյանը, Սուսի Հունանյանը, Գրիգոր Կյոկչյանը և Անուշ Բադալյանը։ Նրանք հնչեցրին Գրիգորիչի տոնական երգերի շարքը։ Ի դեպ, սա «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» նախագծի առաջին փուլն էր։

Արմինե Գեւորգյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW