×


«Մեղավոր եմ զգում, որ չհասցրի ամուսնուս շատ բաներ ասել եւ անել»․ Էվելինա Շահիրյան

Դերասանուհի Էվելինա Շահիրյանը «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակում անկեղծ խոսել է պատահական հանդիպումից սկսված մասնագիտական քայլերի, ընտանիքի, ամուսնու հետ ծանոթության եւ նրա վաղաժամ մահվան, իր ափսոսանքի, թատրոնում գլխավոր դերերի, «Կտոր մը երկինք»-ում մեկուկես րոպեանոց հայտնի տեսարանի, չերազելու եւ ձգտումների մասին։

«Անծանոթ տղամարդը մոտեցավ ու առաջարկեց ֆիլմում նկարահանվել»

Դպրոցական էի, մայրիկիս ընկերուհու հետ ինչ-որ տեղ էինք շտապում, երբ զգացի՝ փողոցում մի տղամարդ շատ երկար ինձ է նայում։ Նեղսրտեցի, մտածեցի՝ ինչու է այս մեծահասակ մարդն այսպես զննող հայացքով ինձ ուսումնասիրում։ Հետո նա մոտեցավ ու ասաց՝ «Աղջիկ ջան, կուզե՞ս ֆիլմում նկարվել»։ Նույնիսկ չհասցրի որեւէ բան պատասխանել, որովհետեւ ինձ համար անհասկանալի մի բան էր։ Մամայիս ընկերուհին, որ շատ աշխույժ մի կին էր, անմիջապես ասաց՝ «Հա, իհարկե»։ Գնացի, լուսանկարեցին, փոքրիկ առաջադրանքներ տվեցին, որ տեղում անեմ, եւ հաջորդ օրը հայտնեցին, որ գլխավոր դերում կլինեմ: Մտա այդ աշխարհ եւ հավերժ կապվեցի, տեսա դերասանների, որ ինձ համար անհասանելի էին թվում։ Թատրոնի եւ կինոյի հանդեպ սերն իմ մեջ արդեն կար։

«Տեսել է ինձ էկրանին ու ասել՝ պիտի ամուսնանանք»

Ամուսինս մի օր ընկերների հետ փոքր-ինչ գինովցած տեսնում է ինձ հեռուստաէկրանին ու ասում՝ «Այ, իր հետ պետք է ամուսնանամ»։ Իհարկե, ընկերները ծիծաղում են։ Դրանից երկու օր հետո մենք հանդիպում ենք մի տեղում, որտեղ ո՛չ ես պետք է գնայի, ո՛չ ինքը։ Մեր ծանոթներից մեկի տարեդարձն էր։ Մայրս հիվանդ էր, գնացի նրա փոխարեն, իսկ ամուսինս եկել էր՝ իր մայրիկին տուն ուղեկցելու։ Հաջորդ օրը նա ծնողների հետ եկավ մեզ հյուր, ասացին՝ «Մենք չենք եկել ձեր աղջկա ձեռքը խնդրելու, այլ ցանկանում ենք՝ թույլ տաք, որ հանդիպեն»։ Այդպես, երկու-երեք անգամ դուրս եկանք միասին ու հետո ամուսնացանք (ժպտում է,- հեղ․):

«Այս մասին ոչ մեկին չեմ ասել»

Ամուսնուս կորցրի այն վատ տարիներին՝ ցուրտ էր, մութ, գումար չկար։ Շատ երկար ժամանակ հիվանդ էր, նրան հատուկ սննդակարգ էր պետք, որը չէի կարողանում ապահովել, եւ ինձ շատ մեղավոր եմ զգում։ Նրա պակասը շատ եմ զգում, նրա լավ կողմերը հիմա ավելի շատ եմ գիտակցում, քան այն ժամանակ։ Դրա համար ուզում եմ ասել՝ այն, ինչ ունենք, պահպանենք, գնահատենք եւ ժամանակին մարդկանց ասենք մեր սիրո ու զգացածի մասին։ Ափսոսում եմ, ցավում, որ շատ բաներ պիտի ասեի ու անեի, բայց չարեցի։ Շատ կարեւոր է ամեն օր մարդուն ասել, որ սիրում ես, ինչո՞ւ ոչ։

Արդեն 27 տարի է՝ նա չկա, բայց որքան շատ ժամանակ է անցնում, այնքան խոր եմ զգում այդ ցավը։ Մի բան կա, որ չգիտեմ՝ սխալ եմ արել, ճիշտ եմ արել... Աստվածաշունչը դրեցի նրա գրկին, ծնկի իջա եւ Աստծուն աղաչեցի՝ եթե այսքան կյանք է իրեն տրված, թող էլ չտանջվի... Ու այդ երեկո նա մահացավ: Այս մասին ոչ մեկին չեմ ասել։

«Կտոր մը երկինքը»

Ի սկզբանե մտածված էր, որ այդ երեք կանանցից մեկը ես պիտի լինեմ։ Հենրիկ Մալյանը ներկայացնում էր կերպարը, իսկ ես ասում էի՝ «Ի՞նչ եմ անելու այնտեղ, ես անելիք չունեմ»։ Ոչ թե մեծամտություն էր, այլ պարզապես գլխավոր դերեր էի արդեն խաղում թատրոնում, իսկ այստեղ առաջարկում էին ընդամենը մի անցում, ուրիշ ոչինչ։ Ինձ իսկապես ոգեւորեց այն, որ Մալյանի հետ պիտի աշխատեի։

Հիշում եմ, երբ ֆիլմի առաջնախաղն էր «Մոսկվա» կինոթատրոնում, շատ էի սպասում ամուսնուս եւ դահլիճի արձագանքին, եւ երբ այդ տեսարանը սկսվեց, զարմանալի բան եղավ՝ ամբողջ դահլիճը սկսեց ծափ տալ։ Դա Մալյանի եւ Մանսուրյանի հանճարեղ մոտեցման շնորհիվ էր, ինչպես նաեւ դերասանական ճիշտ խաղի, որ մեկուկես րոպեանոց դրվագն այդքան սիրվեց ու հիշվեց։ Ի դեպ, այդ հատվածը պետք է նկարեինք Գյումրիում, բայց քանի որ այդ օրերին խոր աշուն էր, Գյումրիում ձյուն տեղաց, եւ ստիպված մենք մեկնեցինք Սուխում։ Սարսափելի ցուրտ էր, եւ մենք՝ այդ զգեստներով, պատկերացնո՞ւմ եք։

«Ժամանակի ընթացքում սկսեցի չերազել»

Շատ երազանքներ ունեի, որ չիրականացան, եւ ժամանակի ընթացքում սկսեցի չերազել։ Այո, ձգտել ու հասնել կարեւոր է, բայց երազելը փոքր-ինչ ուրիշ տեղ է տանում։ Երբ շատ ես երազում ու չես հասնում, արդեն ինչ-որ տրավմա է դառնում։ Օրինակ՝ եղել է, որ երազել եմ թատրոնում այսինչ դերը խաղալ, բայց մեկ ուրիշին են տվել... Շատ ծանր էի տանում։ Հետո իմ մեջ այդ պայքարն ու գիտակցումը եղավ, որ դա ուրիշինն է, իմը չէ, ինչո՞ւ եմ ինձ այդքան տանջում։ Բայց Աստված ամեն մեկին տալիս է իր չափով, իր ժամանակին, իր տեղում։ Երբեք չի ուշանում։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW