Հայաստանի վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանի 75-ամյակի օրը նրա որդին՝ ռեժիսոր Դավիթ Հարությունյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում բեմադրել է «Գողերի որջը» ներկայացումը:
Իտալացի դրամատուրգ Ալդո Նիկոլայիի «Գլխավոր փորձ» պիեսը տարիներ առաջ հենց հայրն է թարգմանել ու 2017 թ.-ին ցանկացել բեմադրել Վանաձորի դրամատիկական թատրոնում, սակայն հանձնումից հետո այն այդպես էլ բեմ չի բարձրացել:
Ապա երբ Կապանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը Դավիթ Հարությունյանի ընկեր Իշխան Ղարիբյանն էր, նրան է առաջարկել պիեսը, որտեղ ներկայացումը մոտ մեկ տարի խաղացանկում է եղել: Իսկ երբ իրեն են հրավիրել Սունդուկյանում ներկայացում բեմադրելու, առանց վարանելու ընտրել է այս աշխատանքը:
«Ցանկացա հայրիկիս երկնային ծնունդն այս ներկայացմամբ նշել. արդեն 2 տարի է, որ նա մեզ հետ չէ: Նախ պիեսի օրիգինալ թարգմանությունը սկսեցի համեմատել հայրիկիս արածի հետ, որովհետեւ երկար տարիներ են անցել, բացի այդ էլ, նա կրճատումները սեփական ձեւով է արել: Ես էլ ահագին միջամտություններ արեցի ու ստացա վերջնական տարբերակը: Օրեր առաջ համացանցում փնտրեցի, թե այն էլ որտեղ է բեմադրվել, ու 2010-ից հետո միայն Իտալիայում 4-5 տարբեր թատրոններում ներկայացված է եղել. դեռ այդքանի մասին հրապարակումներ գտա»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է ռեժիսորը:
Նրա խոսքով՝ պիեսի խմբագրումն ու բեմանկարչությունը լիովին տարբերվում են եղած աշխատանքներից. փորձել են գունեղ, վառ արտահայտված կերպարներով ու չափազանց դինամիկ ներկայացում ստանալ: Երաժշտական ձեւավորումն էլ է Հարությունյանն արել, եւ այն «Գողերի որջի» ասելիքի ու դինամիկայի գլխավոր գործոններից մեկն է:
«Փորձերի շրջանը հիանալի է անցել, դերասանների հետ կայտառ, ուրախ ու բարձր տրամադրությամբ ենք աշխատել, ամեն մեկը բերում էր իր գույներն ու տարբերակները: Դերասանների ընտրության հետ կապված տեղաշարժեր եւս եղել են. դե, ռեժիսոր եմ, կարող եմ նաեւ կասկածել ընտրությանս հարցում, եւ ի վերջո, մնաց այս թիմը: Բոլորն էլ շատ լավ են աշխատել, իրենց ուժերն ու դերասանական ռեսուրսները ներդրել։ Խաղի մեջ մի քիչ գրոտեսկ ու չափազանցություն կա, բայց նույն կերպարը պահի տակ նաեւ շատ լուրջ ու հավաքված է դառնում: Փորձել եմ այդ երկուսը սինթեզել, ինչը ներկայացումն ավելի հետաքրքիր է դարձնում»,- ասել է Դավիթ Հարությունյանը:
Պրեմիերայից առաջ ուղիղ 60 փորձ են ունեցել, թիվը հստակ գիտեն, քանի որ Հարությունյանն ամեն ինչ գրի առնելու սովորություն ունի: Հանձնումը դիտել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն ու կարեւոր նկատառումներ արել, բայց նաեւ հավանել ներկայացումը, խոստովանել է բեմադրիչը:
«Գողերի որջի» պրեմիերային հիմնականում ներկա էին Սունդուկյանի եւ այլ թատրոնների դերասանները, ռեժիսորը վստահ է՝ հանդիսատեսը կհավանի ներկայացումը, քանի որ հումորի միջոցով շատ կարեւոր ասելիքներ ու հարցեր են բարձրաձայնել:
«Տարիներ առաջ իտալացի հեղինակն, ասես, մեր այսօրվա իրականության մասին է գրել ու անդրադարձել սոցիալական ու ընտանեկան հարցերին, կենսաթոշակների ցածր լինելուն, հանցագործություններին, հարստությունը կիսելուն եւ էլի շատ կարեւոր խնդիրների: Մի այսպիսի շատ կարեւոր միտք կա ներկայացման մեջ. «Երբ վերեւից են գողանում, գործը միանգամից ծածկվում ու փակվում է, իսկ երբ մի սովորական մարդ է մի փոքրիկ բան տանում, միանգամից բանտ են նստեցնում»: Սա տիրող իրավական անարդարության մասին է»,- նշել է Դավիթ Հարությունյանը:
Բայց այդ լրջության հետ մեկտեղ ներկայացումը չափազանց թեթեւ ու ժամանցային է, որի մեկ ժամից մի քիչ ավելի տեւողության ընթացքում անհամբերությամբ ուզում ես իմանալ, թե գողությամբ իրենց ապրուստը վաստակող Կառուչոների ընտանիքի անդամները՝ Ալֆոնսոն (Արթուր Հարությունյան), Մարգարիտան (Անահիտ Մութաֆյան), Մարիոն (Սարգիս Շողունց) ու նրանց ապագա հարս Լուիզան (Ծովինար Մարտիրոսյան), ինչպես են ի վերջո դուրս գալու բավական խճճված իրավիճակից: Իսկ երբ այդ ամենին խառնվում է հետաքրքրասեր ու անդադար շաղակրատող հարեւանուհի Ջովաննան (Սիրանուշ Եսայան) եւ առեւանգված Ադելիդան (Լուսինե Կոստանյան), իսկական իրարանցում է սկսվում:
Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Սարգիս Շողունցի համար «Գողերի որջը» 2 հանգամանքով է առանձնացել. «Իմ նորամուտի ներկայացումն է մայր թատրոնում: Առաջարկից շատ եմ ուրախացել ու մեծ սիրով վազել Սունդուկյան թատրոն: Բայց նաեւ գալուց առաջ մի քիչ մտավախություն ունեի, թե ինչպես կստացվի: Փառք ու պատիվ իմ խաղընկերներին, որոնք ինձ լավ ընդունեցին ու բոլորի շնորհիվ հեշտ հարմարվեցի այստեղ: Իսկ կերպարս հետաքրքիր է նաեւ նրանով, որ ինձ հետ ոչ մի կապ ու ընդհանուր գծեր չունի: Ներկայացումը դինամիկ է, ու Մարիոն ամբողջ ընթացքում հայտնվում է տարբեր իրավիճակներիում եւ պետք է ելք գտնի»:
Նրա կարծիքով՝ ներկայացման ողջ ասելիքը կարելի է տեղավորել «Փոս փորողն ինքը նրա մեջ կընկնի» ասույթի մեջ:
Մարիոյի հարսնացուին՝ ճչացող հագուստներով ու գռեհիկ պահվածքով Լուիզային, մարմնավորող Ծովինար Մարտիրոսյանը ներկայացման մեջ ամենաշատ ընկնող կերպարներից մեկն է: Խոստովանում է, որ փորձերի ընթացքում վնասվածքներից խուսափել չի ստացվել, սակայն դա չէ, որ իրեն ամենաշատը մտահոգել է. «Դերը վախենալով եմ վերցրել, քանի որ իմ խաղացանկում նման կերպարներ էլի կան, եւ փորձել եմ ամեն ինչ անել, որ տարբերվի: Լուիզային դեռ մեկ անգամ եմ ներկայացրել, այն պետք է հունցվի ու ավելի լավը դառնա: Մեր ժողովրդին պետք է լիցքաթափվել, ինչն էլ այս ներկայացումն օգնում է անել: Շատ-շատ ենք տանջվել, որ այն ստացվի, փառք Տիրոջը, որ ամեն ինչ բարեհաջող անցավ»:
Ինչպես բոլոր պրեմիերաների դեպքում, այս անգամ էլ դահլիճում դերասանուհու խաղին հետեւում էին ամուսինը՝ Նարեկ Հայկազյանը, եւ որդին:
Անահիտ Մութաֆյանը Սունդուկյանում է 2003 թվականից ու բազմաթիվ դերեր է ունեցել, բայց նշում է, որ կատակերգությունում խաղալու մեծ փորձ չունի: «Գողերի որջը» նրան վառ փորձառություն ու շատ տարբերվող դեր մարմանվորելու հնարավորություն տվեց:
«Կերպարն ինձ համար սկզբում բարդ էր. իրեն չէի հասկանում: Կատակերգություն խաղալն է շատ դժվար, բացի այդ էլ նման գունավոր դեր չէի խաղացել: Նա ինձ ընդհանրապես նման չէ՝ գռեհիկ ու մաֆիոզ կին է: Շատ երկար փնտրտուքների մեջ ընկա, ու մի օր ինքն ասաց. «Ես եկա», ու իսկապես Մարգարիտան ինձ մոտ եկավ, ու ոչ թե ես՝ իր»,- պատմել է Մութաֆյանը:
Ամեն ներկայացում նոր երեխայի պես է սիրում ու փայփայում, հետեւաբար որեւէ մեկին երբեք չի առանձնացնում, իրեն բազմազավակ մայրիկ է համարում, որը գուրգուրանքով կմեծացնի հերթական փոքրիկին:
Դերասանուհին շատ է հավանել ներկայացումը ստանալու ընթացքը, երբ իրենցից բացի, թատրոնի ողջ ստեղծագործական անձնակազմն էր ոգեւորված աշխատում ու հետեւում փորձերին. «Թեթեւ կատակերգություն ենք ստացել, որը Ամանորի շեմին կօգնի թուլանալ ու էներգիա ստանալ: Բոլորին խորհուրդ եմ տալիս գալ ու ճաշակով հումորի ականատես դառնալ»:
Ներկայացման նկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Մերի Սարգսյանը, իսկ պարերը բեմադրել է Ռուզաննա Հախնազարյանը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: