Դերասանուհի Ելենա Բորիսենկոն «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակում անկեղծ խոսել է ծննդյան օրվանից ունեցած դժվարությունների, ծնողների, հոր՝ երկրորդ ամուսնությունից ծնված երեխաների հետ մտերմության, թատրոնից հեռանալու, իր ամուսնության երկու փորձերի եւ առողջական խնդիրները հաղթահարելու մասին։
«Այդ պատճառով է, որ ես այսօր չունեմ բալիկ»
Իմ ծնունդը նաեւ մայրիկիս հորեղբոր կինն էր ընդունում, եւ նրա շնորհիվ է, որ ես այսօր ողջ եմ։ Իսկ հետո բժիշկների միջամտությամբ շատ ավելի կարեւոր բաներ ինձ հետ պատահեցին՝ վատ առումով, հենց այդ ծննդյան բարդությունների հետ կապված։ Բարեկամի գործոնը շատ ավելի կարեւոր էր, որովհետեւ բժիշկներն ասում էին՝ անհույս է, էլ պետք չէ փորձել այնպես անել, որ շնչեմ։ Եվ եթե բարեկամս չլիներ, ես չէի լինի։ Դե, այդ պատճառով է, որ ես այսօր չունեմ բալիկ...
«Այդ փողոցով տարիներ շարունակ չէի անցնում»
Թատրոնը, որտեղ աշխատել եմ տասը տարուց ավելի, այժմյան Փոքր թատրոնն է, ժամանակին Հենրիկ Իգիթյանի անվան մանկական գեղարվեստական կենտրոնն էր։ Առաջին օրը, երբ մեզ տարան թատրոն, կուլիսներից միանգամից հայտնվեցի բեմում։ Այդ զգացողությունն առ այսօր կա, կապ չունի՝ քանի ներկայացում եմ խաղացել։ Միեւնույն է՝ ամեն անգամ, երբ բեմում եմ հայտնվում, այդ նույն երջանկությունն է, պատասխանատվությունը, երբ շունչդ կտրվում է թատրոնի գեղեցկությունից։ 1995 կամ 1996 թվականին մեզ լիկվիդացրին այդ թատրոնից, եւ դրանից հետո ես այդ փողոցով տարիներ շարունակ չէի անցնում։ Մինչեւ հիմա էլ այդպիսին եմ․ եթե ինչ-որ բան ինձ ցավ է պատճառում, խուսափում եմ այն վայրերից, որտեղ գուցե հանդիպեմ տվյալ մարդկանց։
Դրանից հետո անգամ փորձ չեմ արել հարազատ թատրոնը որեւէ այլ թատրոնով փոխարինել։ Հիմա էլ կարող եմ ասել՝ երբեւէ խաղացանկային թատրոնում հանդես չեմ գա․ եղածներից որեւէ մեկն իմը չեմ համարում։ Ուզում եմ թատրոնի անսեր մթնոլորտից ինձ զերծ պահել։
Ծնողների բաժանության եւ հոր մյուս երեխաների հետ մտերմության մասին
10-րդ դասարանում էի, երբ ծնողներս որոշեցին հեռանալ իրարից։ Շատ մեծ հարված էր ինձ համար, որքան էլ արդեն ավելի հասուն տարիքում էի։ Ուղղակի մի քանի ամիս դպրոց չէի գնում։ Դե, բարդ էր շատ, հիմա եմ հասկանում, թե մամայիս համար ինչքան բարդ էր։ Դպրոցում շատ էի ամաչում, որ ծնողներս ամուսնալուծվել են՝ չնայած մայրս ամեն ինչ արեց, որ մենք չզգանք դա։ Պապաս շատ-շատ լավն է, նա էլ շատ զգայուն մարդ է իրականում։ Չեմ կարող ստել, թե նրա վրա ազդեցություն չունեցավ, նա էլ հիմա առողջական խնդիրներ ունի։ Յուրաքանչյուր կորուստ ու բաժանում իր հոգեբանական ազդեցությունն ունենում է։ Երբ հայրիկիս մյուս ամուսնությունից եղբայրս ծնվեց, սարսափելի սթրես էի տանում, որը հաղթահարել օգնել է մայրս։ Հիմա իմ ամենասիրելի էակներից մեկն է եղբայրս։ Շատ-շատ եմ սիրում ե՛ւ եղբորս, ե՛ւ քրոջս։ Իսկ հայրիկի հետ շփումը միշտ եղել է. այնպիսի պահ չի եղել, որ նա չլինի իմ կյանքում։
«Փաստորեն յոթ տարի դիմացա»
23 տարեկանում ամուսնացա, եւ միասին ապրեցինք յոթ տարի։ Շատ շնորհակալ եմ այդ մարդուն․ նա ինձ շա՜տ սեր է տվել։ Իսկապես նա ինձ շատ էր սիրում, եւ դրանով շատ բացեր լրացվում էին։ Գուցե եթե ավելի սթափ նայեի ու ավելի ճիշտ որոշումներ կայացնեի, կտեսնեի այն բացերը, որ այդ պահին չէի նկատում։ Հիշում եմ՝ իմ հարսանիքի օրը եկեղեցում, երբ մենք շրջվեցինք դեպի հյուրերը, մաման կանգնած էր Խաչիկի հետ, ինչ-որ բան ասաց նրան, որ այդ պահին չլսեցի, բայց նայեցի նրանց ու սկսեցի հոնգուր-հոնգուր լաց լինել։ Հարցնում էին՝ ինչ է եղել, ինչու եմ լացում, ասում էի՝ չգիտեմ (ժպտում է,- հեղ․)։ Տարիներ անց, երբ արդեն ամուսնալուծվել էի, Խաչիկը պատմեց, որ մաման ասել էր՝ «Տեսնես՝ Լենան ինչքա՞ն կդիմանա»։ Փաստորեն յոթ տարի դիմացա։
Առհասարակ, ոչ մի բանի համար չեմ ափսոսում եւ չեմ զղջում։ Ամեն ինչ քո կյանքում տրվում է նրա համար, որ առաջ գնաս, հասկանաս՝ ինչու այդ դժվարությունը քեզ տրվեց, ինչ դաս պիտի քաղես։ Ափսոսում եմ, որ քաղաքի սրտում գտնվող բնակարանն այլեւս չկա, դա է, երեւի, ամենամեծ ափսոսանքը։
«Երբ բացահայտեցի, որ ինձ հետ ապրող տղամարդն ուրիշ կին ունի․․․»
Յուրաքանչյուր տղամարդու առաջին բանը, որ ասում եմ՝ «Ես ամուսնացած տղամարդկանց հետ չեմ հանդիպում» (ժպտում է,- հեղ)։ Եթե ինչ-որ տեղ իրենք կին ունեն, դա իրենց խնդիրն է։ Երբեւէ չեմ հանդիպել մեկի հետ, ով ինձ հետ գաղտնի կապրի կամ նրա մշտական ներկայությունն իմ կյանքում չի լինի։ Իհարկե, այս անկեղծության վտանգը հենց այն է, որ մարդիկ լսում են ինչ-որ բաներ, պիտակավորում են, եւ այդպես էլ շարունակվում է։ Բայց դա ինձ այնքան միեւնույն է։ Երբ բացահայտեցի, որ ինձ հետ ապրող տղամարդն ուրիշ կին ունի, զուգահեռ այնպիսի՜ պատմություններ իմացա...
Ցանկացած զգացողություն անցնում է՝ սերը, ատելությունը, բայց հիասթափությունը միակ բանն է, որ երբեք չի անցնում։ Երեւի թե ցավի հիշողությունն է ավելի շատ, քան ցավը, որ մնում է շատ դեպքերում։ Աշխատում եմ բաց թողնել այդ ցավերը։ Անվախ եմ, չեմ վախենում կորցնել ոչինչ։
«Սթրեսներից շաքարային դիաբետ ձեռք բերեցի»
Սթրեսից քաղցրացա (ժպտում է,- հեղ)։ 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեմ. արյանս մեջ շաքարի մակարդակը շատ էր բարձրանում։ Ես դրան հիմա որպես հիվանդություն չեմ նայում։ Երբ հարցնում են, ասում եմ՝ չունեմ որեւէ առողջական խնդիր, ինձ առողջ եմ համարում։ Իհարկե, իմն ամենածայրահեղ բուժումն է, որովհետեւ այլընտրանքային տարբերակները չօգնեցին։ Դա խնդիր է, որ պիտի պարզապես հաղթահարես:
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: