Ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ արժեքները փխրուն են դարձել, իսկ ավանդական գաղափարները հաճախ թիրախավորվում են։ Սակայն ճշմարտությունը մնում է անփոփոխ՝ հավատքը, մայրությունը, կրթությունը եւ մշակույթը հենասյուներ են, որոնց վրա կառուցվում է առողջ հասարակությունը։ Այս թեմաների շուրջ դերասանուհի Լուիզա Ղամբարյանը խոսել է Թովմաս Առաքելյանի հեղինակային «Հայացք» հաղորդման շրջանակում։
«Ընկերոջ խորհրդատվություն այլեւս չկա»
Մենք ապրում ենք այնպիսի խառն ու բարդ ժամանակներում, երբ դու ո՛չ իրավունք ունես հանձնվելու, բայց ո՜չ էլ պետք է առաջ ընկնես ժամանակից։ Պետք է իրապես գիտակցես, թե ինչ է տեղի ունենում, ու փորձես չսխալվել, չխաբել ինքդ քեզ։ Եվ դա ստացվում է հոգեւոր գիտելիքների շնորհիվ, որովհետեւ ես նյութական կյանքում խորհրդատվության պակաս ունեմ արդեն երեք տարի. հեղինակավոր մարդու, ուսյալ մարդու, ընկերոջ խորհրդատվություն այլեւս չկա։ Շուրջս այնպիսի աղմուկ է, որ խուսափում եմ ամենատարբեր արձագանքներից կամ կարծիքներից, փորձում եմ ինքս հասկանալ իրականությունը եւ վերաբերմունք արտահայտել. գալիս են նորից հոգեւոր գիտելիքները։
«Իմ հավատքը համոզմունք է դարձել»
Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում՝ ինչպես սկսել հոգեւոր գիտելիքներ ստանալ, բայց կարող եմ վստահ ասել, որ ողբերգությունը չէ, որ պիտի քեզ բերի Աստծուն ճանաչելու, եւ դա ինձ իմ մայրն է ասել, ով խորհրդային ժամանակների կին էր եւ հոգեւորի իմաստով այդքան էլ հարուստ չէր, բայց ապրում էր շատ մաքրակենցաղ կյանքով ու շատ մեծ հոգեւոր աշխարհ ուներ։ Այդպես իր մայրական իմաստությունն էր հուշում, միշտ ասում էր, որ պետք չէ Աստծուն դիմել միայն, երբ քեզ վատ է։ Իմ հավատքը գիտակցված է եղել, ի տարբերություն կույր հավատքի, որը կարող է առաջին իսկ փորձության ժամանակ վերածվել նույնիսկ անհավատության կամ հիասթափության․ իմ հավատքը կաթիլ-կաթիլ է լցվել, որը դարձել է համոզմունք։
Ուրախության պահերին, հաջողության ու հաղթանակների պահերին, եւ նաեւ կորուստների ու դժվարությունների պահերին համոզմունքն ինձ միանգամից հենարան է եղել, հավատքը միանգամից ինձ օգնել է։ Ինչպե՞ս է սկսվել, չեմ կարող ասել, դպրոցում չեմ ստացել այդ գիտելիքները, երիտասարդական տարիքում ժամանակ չի եղել, չի եղել համապատասխան միջավայր, որպեսզի սովորեմ, վերցնեմ, բայց տարբեր-տարբեր հանգամանքների բերումով, էլի եմ ասում՝ մորս գործոնը կար, իսկ հիմա արդեն փորձում եմ ավելի ակտիվ լինել աղոթական կյանքում եւ պատարագների այցելություններով։ Չնայած՝ վերջին ժամանակներս ավելի հազվադեպ եմ այցելում եկեղեցի։
Մոր խեղված կերպարի ու արժեքների ճգնաժամի մասին
Մայրապաշտ եմ, բայց մորը պիտակավորելու եւ բացասական երանգով ներկայացնելու մեջ մեղադրում եմ մայրերին, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում այն դաստիարակության բացակայության, այն արժեքների դատարկության պատճառով, որի փոխանցողը մայրն է։ Մայր լինելն առաքելություն է, հայ մայր լինելն՝ առավել եւս, չնայած՝ ինձ համար մայրությունը բացարձակ արժեք է, եւ ես չեմ ճանաչում վրացի մայր կամ չինացի մայր, բայց հայ մայրը, հատկապես, որ բոլոր ժամանակներում կարողացել է արժեքներ փոխանցել։ Չգիտեմ՝ ինչ բանալիներով են փոխանցել․ այդ կանայք չեն եղել ուսյալ, գուցե չեն ունեցել ակադեմիական գիտելիքներ, բայց նրանք կարողացել են դա անել ենթագիտակցորեն: Թերեւս, հայրենապաշտության գենն է աշխատել. կարողացել են ժխտել ժխտողականությունը՝ նիհիլիզմը։ Հիմա բարոյական արժեքները, թվում է, մտացածին բնույթ են կրում։ Սա շատ մեծ խնդիր է, որովհետեւ մայրը ոչ միայն ծնում է, կերակրում, տաքացնում, այլեւ պետք է պարկեշտություն, բարոյական արժեքներ, զսպվածություն փոխանցի։ Դա մոր սիրո արտահայտչաձեւերից ամենակարեւորն է։
«Ամուսինս նաեւ մանկավարժ էր»
Իմ ամուսինը, ով ոչ միայն փայլուն բժիշկ էր եւ փայլուն մարդ, նաեւ մանկավարժ էր, եւ վերջին ժամանակներս ոչ հաճախ, բայց բժշկական հաստատություններ այցելելիս հրաշալիորեն հանդիպում եմ մի երեւույթի, երբ իր ուսանողներն ընդունում են ոչ թե ինձ, այլ իրենց դասախոսի կնոջը, ու միշտ ասում են՝ փայլուն դասախոս էր, բարի, հանդուրժող, պահանջատեր, բայց նաեւ մի քիչ էլ իր մեջ եղած ուսանողն էր խոսում արդեն հասուն տարիքում. հասկանում էր իրենց: Բայց անձնական զրույցների ժամանակ իմ ամուսինն ասում էր, որ բժիշկների, ապագա բժիշկների հետ մենք խնդիր ունենք, եւ դա ոչ միայն գիտելիքի ձեռքբերման ցանկության պակասն է, այլ նաեւ կրթություն ստանալու համար անհրաժեշտ միջավայրի բացակայությունն է։
«Արվեստը նյութականի եւ հոգեւորի կամուրջն է»
Պիտի հասկանանք՝ ինչքանով է այսօր մեր հասարակության համար մատչելի մշակույթի կիրառելիությունը։ Թատրո՞նն է այդ թերապիան, թե՞ լավ երաժշտությունն է, կապ չունի, կապ ունի մշակույթի կիրառելիությունը։ Իսկ այն, ինչ կարող է տալ արվեստը, չի կարող քաղաքագիտական ոչ մի լավ ծրագիր։ Ինչո՞ւ, որովհետեւ արվեստը նյութականի եւ հոգեւորի կամուրջն է։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: