×


Երգի թատրոնի 30-ամյակը՝ հուշերով, հույզերով ու երկու նվերով

«Դեկտեմբերի 24-ին պաշտոնապես բացվեց Երգի պետական թատրոնը, բայց մինչ այդ թատրոնը գործում էր տարբեր հասցեներում։ Օրինակ՝ «ԿինոՄոսկվա»-ի ամառային դահլիճում մի խումբ տաղանդավոր ու որոնող մարդիկ իրենց ավագ ընկերոջ հետ «Այո» շոուներ էին կազմակերպում, կամ Կոմիտաս փողոցում, որտեղ գտնվում էր Երեւանի առաջին ջազային ակումբը, ուր դրված էր ջարդված սեղան, վրան՝ Yamaha սինթեզատոր, որի շուրջ նստում էր Արթուր Գրիգորյանն, ու երգիչների հետ ստեղծում էին ֆանտաստիկ ջազային մթնոլորտ»։

Անիտա Հախվերդյանը շարունակում է ներկայացնել թատրոնի՝ տարբեր հասցեներում հանգրվանելու պատմությունները։ Առաջարկում է ավելի հետ գնալ ու հասնել Խորհրդային Միություն: Այն ժամանակ էլ Օրջոնիկիձեի շրջանի  Թամանցիների փողոցի Պիոներ պալատում 18 տարեկան երիտասարդը, որը գրանցված էր որպես երաժշտական հրահանգիչ, Պիոներ պալատ հաճախող երեխաներից ստեղծեց «Խատուտիկ» խումբը։ Սակայն այս բոլոր հասցեներից Անիտան առանձնացնում է Տպագրիչների փողոցի կիսանկուղային մեկ սենյականոց բնակարանը, որտեղ ապրում էին 4 հոգի, ու այդ տանը չկար վարագույր։


«Բակի երեխաներով գալիս ու թաքուն աչք էինք դնում, որովհետեւ այդ կիսանկուղային բնակարանում տեղի էր ունենում կինո. հավաքված էին գեղեցիկ մարդիկ, հնչում էր երաժշտություն, ծխում էին, ուրախանում էին, երգում էին, ու մեզ համար դա ուղղակի անհասանելի էր։ Իսկ ինչո՞ւ չկար վարագույր, որովհետեւ տանտիրուհին՝ Իրինա Մկրտչյանը, վարագույրներից կարում էր ճոխ բեմական հագուստներ»։

Հախվերդյանը պատմեց՝ ընդունվել էր Երգի թատրոն՝ որպես հանրային կապերի պատասխանատու։ Բեմ բարձրանալու համար խնդրել է Արթուր Գրիգորյանին: Մի օր խոստովանել է՝ իրեն դուր չի գալիս՝ ինչպես է վարում համերգը. «Ասաց՝ «Ինչի՞ դու ավելի լավ կարող ես անել, դե, սցենարը գրիր, միասին կբեմադրենք»։ Ինձ թվաց՝ կատակ է անում, բայց կատակ չէր, ու այդպես սկսվեց ամեն ինչ։ Կարող եմ ասել, որ ազատ, անկախ Հայաստանում թատրոնի առանցքի շուրջ ձեւավորվեց երգարվեստն, ու այդ պահապան փորձագետի դերն այն շարունակում է մինչեւ այսօր»։


Իսկ թատրոնում հավաքվել էին տարբեր սերունդների արտիստները։ Առաջին շարքում հիմնադիր սերունդն էր։ Շուշան Պետրոսյանը հիշում է, թե ինչպես էին մոմի լույսի ներքո փորձեր անում, բայց գիտեին, որ արժանապատիվ երկրում են ապրում, որտեղ տղամարդիկ՝ գոտիները պինդ ձգած, երկիր էին պահում ու նոր արժեքներ ստեղծում:

«Սարսափելի հուզական է, այնքան հուզական, որ խոսքեր չեմ գտնում։ Ասես հայրական տունդ թողած գնացած լինես աշխարհով մեկ շրջագայելու, ինչ-որ տեղ ապրելու, երեխաներ ունենալու, ինչ-որ տեղ ստեղծագործելու։ Ու հիմա եկել ես, ոնց որ քննություն տալու ժամն է։ Այն սերունդն եք, որը Տպագրիչների, Դավթաշենի տանը  փորձեր է արել։ Օրերով լույս չէր լինում, վարորդ Սամվելը դիզվառելիք էր բերում, «դվիժոկը» միացնում, որպեսզի մենք կարողանայինք փորձեր անել։ Այդ տարիներին  ինձ համար կարեւորագույններից էր Անկախության բանակի ստեղծումն ու հաղթանակին համարժեք՝ Երգի թատրոնը»,- նշել է Շուշան Պետրոսյանը:


Էկրանին պարբերաբար ցուցադրվում էին արխիվային տեսանյութեր։ «Երբ ինձ տեսա, ուզում էի շատ բարձր ձայնով ծիծաղել»,- ասում է Արսեն Սաֆարյանն ու քանդում հիշողությունների կծիկը. «1997-ին հայտնվեցի թատրոնում։ Հիմա ով այս բեմ է բարձրանում, ինձ թվում է՝ ես եմ։ Սկսում եմ հավասար երգել, բայց մտքումս, որ ծիծաղելի չթվա։ Մանեն շատ մեծ փորձությունների միջով է անցել, բայց հասել է իր նպատակին՝ թատրոնին կրկին շունչ տալու համար։ Մեր կարմիր աթոռներն եմ հիշում, Գրիգորիչին եմ հիշում՝ դիմացը սեւ աթոռ, վրան՝ ջուր, ծխախոտ, ու իր հայացքը՝ դեպի բեմ։ Երջանիկ եմ, որ իր հետ կյանք եմ ապրել, իր հետ տեսել եմ հաղթանակած Արցախը, զգացել եմ, շնչել եմ։ Այսօր ամեն համարից իր հոտը, ձեռագիրն ու վերաբերմունքն էր գալիս։ Ռուսլան Էլյազյանը, Հրաչը Քեշիշյանն ամեն ինչ արել էին, որ «Կոմիտասը» լավ ստացվեր, անգամ դաշնակահար Սիմոն Սարգսյանի խառնվածքն էր շատ նման Գրիգորիչին։ Ես կողմնակից եմ ե՛ւ հիշելուն, ե՛ւ նորին, որն այսօր արվում է»:


Սոնա Ռուբենյանը երգեց իր սիրելի ուսուցչուհու՝ Վարդուհի Վարդանյանի համար այցեքարտ դարձած «Հանեք դիմակները, պարոնայք» երգը, խոստովանեց՝ երազանք է եղել հենց այս բեմից այդ երգը ներկայացնել. «26 տարի առաջ ծնողներիս ձեռքը բռնած մտա Երգի պետական թատրոն։ Ինձ թվում էր՝ թատրոնի շենքն ամենամեծ երկնաքերն է, բեմն էլ՝ ամենամեծն ու սիրունը։ Զգացողություններս չեն փոխվել։ Այս բեմում երգելն իմ ամենամեծ վայելքներից մեկն է»։  

Հասմիկ Կարապետյանն ամենաէքստրեմալ վիճակներում կարող էր հայտնվել, օրինակ՝ լամպը փոխեր ու զուգահեռ երգեր, կամ էլ դուրս գար ռոյալի միջից. «Չեմ կարող նկարագրել զգացողություններս, որ հիմա վերապրում եմ։ Իմ կյանքի ամենավառ տարիներն այստեղ են սկսվել ու շարունակվել. ես հիմա իմ սիրելի  Արթուր Գրիգորիչի տանն եմ։ Ցանկությունս մեկն է՝ ուզում եմ, որ թատրոնը շնչի, ապրի, այստեղ միշտ հնչի որակյալ երաժշտություն, ինչպես կցանկանար մեր սիրելի Գրիգորիչը»։


Անահիտ Շահբազյանը 18 տարեկանից այստեղ է. «Ապրում եմ, բուժվում եմ այս երաժշտությամբ։ Ամենադժվար պահին, ամենաանհուսալի պահին, ամենակորսված, պահին իմ մաեստրոյի երաժշտությունն է ինձ բուժում, ուժ տալիս, վերանորոգում հոգիս, եւ ես նորից վերակառուցված, թարմ աղջնակի՝ այդ 18 տարեկանի հոգով շարունակում եմ ապրել»։


Մանե Գրիգորյանն այս անգամ հիշողությունները պահեց իր մեջ, զգացմունքների մասին չխոսեց, ասաց՝ այսօրվա թատրոնի մասին է ուզում խոսել. «Մենք չենք որոշել հրավիրել այն մարդկանց, որոնց գիտեինք՝ ես ու պապան, ուղղակի այսօր որոշել ենք ձեր ներկայությամբ նոր անունների ճանապարհը հարթել։ Դրանով էլ պայմանավորված՝ նոր սերունդն այսօր հանդիսատեսի շարքում է։ Իսկ թատրոնը  նվեր ընդունելու փոխարեն երկու նվեր է պատրաստել  բոլորին՝ «Մի պատմություն» ալբոմը, որը ձայնագրել ենք հատուկ թատրոնի 30-ամյակի համար, եւ «Ուրախ նոտաներ» մյուզիքլի աուդիոգիրք տարբերակը, որը ձայնագրել է երկրորդ սերունդը, իսկ մենք նոր հնչողությամբ հասանելի ենք դարձրել երաժշտական հարթակներում»։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW