Տարվա մրցանակաբաշխությունների շարքը բացել է Լոս Անջելեսում տեղի ունեցած 82-րդ «Ոսկե գլոբուսը»: Դեմի Մուրն իր կարիերայի ամենանշանավոր մրցանակին է արժանացել. «Սուբստանցիա»-ում նրա դերակատարումը լավագույնն է ճանաչվել:
«Շատ վաղուց՝ արդեն 45 տարի է, որ նկարահանվում եմ ֆիլմերում, եւ առաջին անգամ է, որ հաղթել եմ»,- իր ելույթում ասել է Մուրը:
Այս «Ոսկե գլոբուսը» չի մոռանա նաեւ բրազիլացի դերասանուհի Ֆերնանդա Տորեսը. նա «Ես դեռ այստեղ եմ» ֆիլմում դերի համար արժանացել է «Դրամատիկ ֆիլմի լավագույն դերասանուհի» տիտղոսին: Տորեսը լավագույնն է ճանաչվել նաեւ 39 տարի առաջ՝ Կաննի կինոփառատոնում՝ «Սիրիր ինձ հավերժ կամ երբեք» ֆիլմում դերի համար:
Իր հաղթանակը Տորեսը նվիրել է 95-ամյա մայրիկին, որը եւս մասնակցություն է ունեցել «Ես դեռ այստեղ եմ» ֆիլմում: Հետաքրքիր է, որ Ֆերնանդան «Ոսկե գլոբուս» է ստացել ուղիղ 25 տարի անց այն բանից հետո, երբ նույն անվանակարգում ներկայացված է եղել մայրը՝ Ֆերնանդա Մոնտենեգրոն:
Առաջին անգամ «Ոսկե գլոբուս» է ստացել լատվիական արտադրության աշխատանք՝ «Հոսք» անիմացիոն ֆիլմը: Առանց մրցանակի է մնացել Կաննում «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած «Անորա»-ն, որը ներկայացված է եղել մի քանի անվանակարգում: Մրցանակաբաշխությանը ներկա են եղել նաեւ ֆիլմի հայ դերակատարներ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը: Երեկոյից տեսանյութ է հրապարակել Թովմասյանը:
View this post on Instagram
«Ոսկե գլոբուս»-ում քիչ չեն եղել սիրո դրսեւորումներն ու ռոմանտիկ պահերը: Քայլի Ջեններն ու Թիմոթի Շալամեն երկար ընդմիջումից հետո առաջին անգամ են միասին միջոցառման մասնակցել: Նրանք կարմիր գորգի վրա չեն լուսանկարվել, փոխարենը սեղանի շուրջ միմյանցից աչք չեն կտրել եւ համբուրվել են:
Իրենց նշանադրության մասին հայտնելուց հետո առաջին անգամ հանրության առաջ ներկայացել են Սելենա Գոմեսն ու Բեննի Բլանկոն: Գոմեսի մասնակցությամբ «Էմիլիա Պերեսը» ներկայացված է եղել 10 անվանակարգում ու հաղթել 4-ում: Սիրահարները երջանիկ տեսք են ունեցել ու վայելել արարողությունը:
«Ոսկե գլոբուս»-ի հյուրերից ամենամեծ անակնկալը մատուցել է դերասանուհի Էմմա Սթոունը: Նա փոխել է սանրվածքն ու ներկայացել շատ կարճ մազերով: Դերասանուհու կատարած տպավորիչ փոփոխությունը արարողության ամենաքննարկված թեմաներից մեկն է դարձել:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Գրեգ Ուիլյամսի եւ «Ոսկե գլոբուս»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: