×


Դիանա Մարտիրոսյան. «Հետաքրքիր է Երեւանում սրճել, իսկ հաջորդ օրն արդեն Քեյթ Բլանշեթի հետ նույն վերելակում լինել»

Կինոքննադատ, լրագրող Դիանա Մարտիրոսյանի հետ BRAVO.am-ը զրուցել է հայկական կինոյի, Կաննում «Անորա»-ի հաղթանակի մասին, եւ թե ինչպես սմոքինգով Վաչե Թովմասյանը կարմիր գորգի մոտ դիմավորեց իրեն՝ ուղեկցելու փակ երեկույթին մասնակցելու, «Օսկար»-ի առաջադրված հայկական ֆիլմերի ընտրության, օսկարակիր ռեժիսորների հետ նամակագրության եւ հետաքրքիր այլ թեմաների շուրջ:

- Դիանա, տարեվերջը հագեցած ու ակտիվ էր քեզ համար. տարբեր կինոփառատոնների մասնակցեցիր: Ի՞նչ տպավորություններով ես վերադարձել:  

- Ամբողջ 2024-ն էր բավական հագեցած. 3 հսկա կինոփառատոնի ներկա եղա Բեռլինում, Կաննում ու Վենետիկում։ Հատկապես Կաննը հատկանշական էր հայ 2 դերասանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմի հաղթանակով: Շատ ուրախ եմ, որ բախտ վիճակվեց մասնակցել պրեմիերային, շփվել նրանց հետ ու կիսել ուրախությունը: Կազմակերպեցինք «ՌեԱնիմանիա»-ն, այցելեցի Բուդապեշտ,  նոյեմբերին հրավեր ստացա մասնակցել Սաուդյան Արաբիայում երկրորդ անգամ կազմակերպված Կինոքննադատների կոնֆերանսին. այնտեղ սկսել են ակտիվ զարգացնել ոլորտը: Այս անգամ կոնֆերանսի համար ընտրել էին «Ձայնը կինեմատոգրաֆում» թեման: Ես ներկայացրի խորհրդային ժամանակաշրջանի ջազը  անիմացիայում եւ Ռոբերտ Սահակյանցի աշխատանքներում: Ուրախ եմ, որ ստացվեց թեկուզ ոչ շատ մեծ, բայց մասնագիտական լսարանի ծանոթացնել Սահակյանցի հետ, եւ դատելով արձագանքներից՝ նա արդիական ու հետաքրքիր է։ Լեհաստանում էլ տեղի ունեցավ իրենց ամենամեծ փառատոններից մեկը՝ Camerimage-ը, եւ ես Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) ժյուրիի կազմում էի: Փառատոնի ժյուրիի նախագահը կրկնակի օսկարակիր Քեյթ Բլանշեթն էր։

- Միմյանց հետ շփվելու առիթներ ունեցա՞ք եւ ի՞նչ տպավորություն ստացար նրանից:

- Առիթներ եղան, եւ կարծում եմ՝ Քեյթ Բլանշենթն այդպես էլ պետք է իրեն պահեր՝ սիրալիր, բաց, բնական ու դիվայի շղարշով (ծիծաղում է,-հեղ.)։ Նրանից բացի, ժյուրիի կազմում այլ օսկարակիրներ էլ կային՝ Էնթոնի Դոդ Մենթլը, ով նկարել է Լարս ֆոն Թրիերի «Դոգվիլը», «Մանդերլեյը», «Հակաքրիստոսը» եւ Դեննի Բոյլի ֆիլմերը, որոնցից «Օսկար» ունի «Միլիոնատերը՝ ետնախորշից» ֆիլմը։ Ժյուրիի կազմում էին նաեւ կրկին օսկարակիրներ կոստյումների դիզայներ Սենդի Փաուելը եւ օպերատոր Ռոդրիգո Պրիետոն, ով Սկորսեզեի վերջին ու Ինյարիտուի շատ մեծ ֆիլմերն է նկարել ու նաեւ՝ «Բարբին»։ Երեւանից ընկնում ես մի միջավայր, որտեղ հավաքված են համաշխարհային կինոն ստեղծողները, իհարկե, ուզում ես այդ ամեն ինչին ավելի ակտիվ մասնակցել ու ավելի շատ կապ ունենալ հետը:  

Դիանա Մարտիրոսյանը


- Իսկ ոգեշնչումից բացի, ի՞նչ է քեզ՝ որպես մասնագետի, տալիս ու սովորեցնում այդ ամենը, որ վերադառնալուց հետո փորձում ես ինքդ էլ նոր բան անել:

- Ինչքան շատ ես նայում բազմազան ֆիլմեր, ոչ միայն հոլիվուդյան, այլ նաեւ Արեւելյան Եվրոպայում ու ավելի փոքր երկրներում ստեղծված փոքր բյուջե ունեցող աշխատանքներ, օրինակ՝ Էստոնիայում ու Վրաստանում, հասկանում ես, որ կես միլիոն դոլարով էլ կարելի է լավ ֆիլմ նկարել ու միջազգային հաջողություններ գրանցել: Դա ինձ շատ է ոգեշնչում թե՛ որպես կինոքննադատի, ու թե՛ նաեւ մարդու, ով մտքեր ու ցանկություն ունի համարտադրողի կամ համասցենարիստի կարգավիճակում մասնակցություն ունենալ ֆիլմերի ստեղծման գործում: Պրոդյուսերների եւ սցենարիստների նոր սերունդ է գալիս, որոնք, հուսամ, կաշխատեն այդ ուղղությամբ:

- Մասնակցել ես «Ռեանիամանիա»-ի կազմակերպմանը, նման մասշտաբի ու արտերկրից հայտնի հյուրերով անիմացիոն փառատոն անցկացնելիս ինչպիսի՞ խնդիրների հետ եք, սովորաբար, առնչվում:

- Առաջին տարին չէ, որ համագործակցում էի «Ռեանիմանիա»-ի հետ, եւ այս անգամ էլ Վրեժ Քասունուց առաջարկ ստացա լուսաբանել ֆիլմերն ու խոսել լիամետրաժ մրցութային ծրագրից, որպեսզի այն ավելի հանրամատչելի լինի լայն լսարանի համար: Հուրախություն ինձ՝ Վրեժը բաց է մարքեթինգային առաջարկների համար: Մենք ցուցադրեցինք Գինթս Զիլբալոդիսի «Հոսքը», որի համաշխարհային պրեմիերան Կաննում էր, իսկ տարեվերջին Եվրոպական կինոակադեմիայի կողմից ստացավ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակը: Չեմ ուզում ինձ ու մեր թիմին գովել, բայց այս տարի «Ռեանիամանիա»-ի շուրջ իրարանցումն ավելի շատ էր: «Հոսք»-ի ցուցադրությունների տոմսերը սպառվում էին շատ արագ, եւ եւս մեկ ցուցադրություն ավելացրինք: Պետք է չանտեսենք նաեւ կոմերցիոն ոլորտի դերասաններին ու ռեժիսորներին: Բերել էինք Ադամ Էլիոթի «Խխունջի հուշերը», որը «Հոսք»-ի հետ ընդգրկվել էր «Ոսկե գլոբուս»-ի մի քանի անվանակարգում, շատ հնարավոր է՝ «Օսկար»-ի էլ հավակնեն:

- Խոսենք վերջին շրջանում աղմուկ հանած ֆիլմերից, որոնց պրեմիերաներին հենց  կինոփառատոնների ժամանակ ես ներկա եղել: Սկսենք «Սուբստանցիա»-ից, ինչո՞վ է քեզ համար գրավիչ այդ պատմությունը:

- Շատ կինոքննադատներ «Սուբստանցիա»-ն չեն սիրել. գործընկերներիս հետ զրույցներում լսել եմ, որ ֆիլմը պրիմիտիվ է, իսկ ասելիքը՝ շատ ճակատային: Կարծում եմ՝ փառատոնային կինոն պարտադիր չէ, որ բարդ լինի եւ նախատեսված նեղ լսարանի համար: Այն ժամանցային կատակերգության տարրեր ունի եւ, մեծ հաշվով, երգիծանք է՝ բոդի-հորոր: Դեմի Մուրը Հոլիվուդի ամենավառ կերպարներից է, 90-ականներից ակտիվ նկարահանվում է, սեքս խորհրդանիշ է եւ գեղեցկության չափանիշներ թելադրողներից մեկը: Ֆիլմում հեգնական երանգ եմ տեսնում՝ Մուրն ինքն էլ մի քանի անգամ վիրահատվել է: Հոլիվուդը թելադրում է միշտ երիտասարդ մնալու խաղի կանոնները, եւ նաեւ դրանք է իր ֆիլմում հեգնել Կորալի Ֆարժան: Ռեժիսորը ցույց է տալիս, որ հատկապես կանայք ունեն «պիտանելիության ժամկետ», եւ միշտ էլ կարելի է գտնել ավելի թարմ ու նոր դեմքեր: Թեեւ մենք մուտք ենք գործում նոր էթիկայի եւ բոդի-պոզիտիվի ժամանակաշրջան, բայց այն միանգամից չի գործելու։ Խնդիրը միայն Հոլիվուդը չէ, Հայաստանում էլ այն կա, եւ կինեմատոգրաֆում կորչում է անհատականությունը:

- Կաննում հաղթած «Անորա»-ն ինչո՞վ նշանավորվեց քեզ համար, իհարկե, հայ դերակատարների մասնակցությունից բացի։

- Կաննում մի քանի հետաքրքիր ֆիլմ կար, հաղթողներ պիտի դառնային «Անորա»-ն, «Էմիլիա Պերեսը» կամ էլ Մոհամադ Ռասուլոֆի «Սուրբ Թզենու սերմը»: Վստահ չէի, որ «Ոսկե արմավենի ճյուղին» կարժանանա «Անորա»-ն, բայց գիտեի՝ հիմնական մեծ մրցանակները կբաժանվեն այդ ֆիլմերի միջեւ: Օբյեկտիվ կարծիք կա, որ «Էմիլիա Պերեսն» ավելի ուժեղ ֆիլմ է, քան՝ «Անորա»-ն։ Սիրում եմ ե՛ւ Ժակ Օդիարին, ե՛ւ Շոն Բեյքերին. նրանք շատ տարբեր սերունդների ներկայացուցիչներ ու ռեժիսորներ են, եւ տարբեր ոճերում էլ ստեղծագործում են։ Ես երկու ֆիլմն էլ շատ եմ հավանել: Ինձ դուր է գալիս «Էմիլիա Պերեսի» գաղափարը, թե ինչպես առնական ու մարդասպան մեքսիկացի նարկոբարոնը կարող է իրեն ներքուստ կին զգալ: «Անորա»-ն էլ ցույց է տալիս, թե ինչպիսի զգացմունքային, հուզիչ ու խոր ներաշխարհ կարող է ունենալ սեքս-աշխատողը։ Մենք ապրում ենք հետխորհրդային մի տարածաշրջանում, որտեղ շատերն են ամոթանք տալիս այդ երեւույթին, այդ թվում՝ Ռուսաստանում եւ Հայաստանում: Այդ երկրներն եմ առանձնացնում, որովհետեւ ֆիլմի գլխավոր հերոսները ռուսներ ու հայեր են: Շոն Բեյքերը սիրում է ցույց տալ մարդկանց, որոնք մեծամասնության կողմից հաճախ պիտակավորվում են: Մայքի Մեդիսոնը փայլուն դերակատարմամբ կարողացավ ներխուժել այս ոլորտ։ Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմում էպիզոդիկ դերով չէր հիշվել, իսկ այստեղ կերպարի բավական ռեալիստիկ զարգացմամբ ցույց է տալիս, թե ինչ կարող է զգալ մի պահ հեքիաթներին հավատացող աղջիկը։ Ինձ դուր չի գալիս, որ ֆիլմն անվանում են նոր «Մոխրոտը»:

Դիանա Մարտիրոսյանը


- Ֆիլմը մարդկային ցավի ու լքվածության մասին է, ի վերջո, փողը հաղթում է ու քեզ դուրս շպրտում երազելի իրականությունից: Հավանեցի, թե ամեն ինչ որքան բնական է, ասես դերասանները չեն խաղում, այլ հենց այդպիսին էլ կան։  

- Համաձայն եմ, որ բոլորը շատ բնական էին: Ոչ միայն կինոքննադատներից եմ լսել, վերջերս գերմանացի ընկերներիցս մեկը, ով ճամփորդել է Հայաստանում ու Վրաստանում, ասաց՝ չի հավանել, թե ինչպես են շատ կոպիտ, ծաղրական ու կարծրատիպային ցույց տվել հայերին: Համաձայն եմ, որ գուցե ինչ-որ տեղ այդպես է, բայց Շոնի այս ֆիլմը կարողանում է միաձուլել սոցռեալիզմը, իրավիճակային եւ երկխոսական կատակերգությունը, եւ համեղ, հրապուրիչ ու գրավիչ է ստացվել: Մարդիկ պետք է ուղղակի ընդունեն, որ Կաննի հաղթող ֆիլմը կարող է նաեւ այսպիսին լինել, եւ պարտադիր չէ բարդ սոցիալական դրամա լինի կամ քաղաքական ենթատեքստ ունենա: Մյուս կողմից էլ, եթե «Էմիլիա Պերեսը» հաղթեր, մենք չգիտենք՝ Շոն Բեյքերը, Կարեն Կարագուլյանը եւ Վաչե Թովմասյանը երկրորդ շանս կունենայի՞ն միասին Կաննում լավագույնը լինելու: Շատ ուրախ եմ Վաչեի ու Կարենի համար, որոնց համար սա առաջընթաց գրանցելու հնարավորություն է: Կարենը տարիներով աշխատել է Շոնի հետ, եւ այս ֆիլմն իր կարիերայի գագաթնակետն է: Հուսանք, որ այն ցատկահարթակ կլինի եւ ուրիշ ռեժիսորներ էլ Կարենին կհրավիրեն իրենց ֆիլմերում նկարվելու:   

- «Անորա»-ի հաղթանակից հետո տեսել ես հայ դերասաններին ու զրուցել, ի՞նչ ապրումներ ու հույզեր ունեին:

- Չէին հավատում: Այդ օրը դահլիճում միայն ֆիլմերի ստեղծագործական կազմերն էին: Վաչեին աջակցելու համար ԱՄՆ-ից ժամանած Գոռ Կիրակոսյանի հետ մեր վարձով բնակարանում էինք հետեւում փակմանը։ Երբ «Անորա»-ն հերթական մրցանակը չէր ստանում, զգում էինք, որ մեծանում է «Ոսկե արմավենու ճյուղին» հասնելու հնարավորությունը: Ու երբ ժյուրիի նախագահ Գրետա Գերվիգը հայտնեց, որ ֆիլմը մեզ նաեւ ուրախացնում է, համոզված էինք, որ հաղթողն «Անորա»-ն է: Երբ անունը հայտարարեցին, ուրախացանք ու սկսեցինք գոչել, Գոռն էլ հուզված զանգեր էր անում: Հետո նա միացավ հաղթանակի առիթով կազմակերպված փակ երեկույթին, եւ երբ արդեն պատրաստվում էի քնել, ինձ էլ զանգահարեց ու հրավիրեց: Իրականում շատ հոգնած էի փառատոնի 11 օրից հետո, բայց այդ պահը բաց թողնել չէի կարող: Կարմիր գորգի մոտ ինձ սմոքինգով դիմավորելու էր դուրս եկել Վաչեն, ամեն ինչ այնքան անսովոր էր: Նրան հարցրի՝ հասկանում է տեղի ունեցողը, պատասխանեց՝ չէ: Ձեռք տվեցի «Ոսկե արմավենու ճյուղին». նման հնարավորություն կյանքում էլ կարող է չլինել, այնտեղ էին նաեւ Շոնն ու նրա կինը, որը ֆիլմի պրոդյուսերն է, ու էլի շատ-շատերը։

- Յուրահատուկ պահերի ես ականատես եղել ու ֆիլմի անձնակազմի հետ վայելել հաղթանակը։

- Հաճախ կատակում եմ, որ Երեւանում շատ հայկական միջավայրում հաց եմ ուտում, սուրճ խմում ու հաջորդ օրը Քեյթ Բլանշեթի հետ նույն վերելակով գնում ետնաբեմ: Ինձ դուր է գալիս, որ կարող եմ նստել ավտոբուս ու այդ պահին նամակագրությամբ խոսել «Օսկար»-ի հավակնորդ օպերատորի, ռեժիսորի կամ պրոդյուսերի հետ: Չպիտի քո շրջանակի մեջ ապրես ու դրանից դուրս սոցիալական այլ խմբերի հետ չշփվես, ինչը ստեղծագործող մարդուն վնասում է։ Սկսել եմ նաեւ ինստիտուտում արդի կինո դասավանդել եւ ուսանողներիս հետ նայում էինք Լարս ֆոն Թրիերի ֆիլմերից, որի օպերատորը Էնթոնի Դոդ Մենթլն է, հեռախոսս հանեցի եւ ցույց տվեցի նրա նկարը, որն արել էի Լեհաստանի կինոփոռատոնի ժամանակ: Իրականում կինոաշխարհը շատ փոքր է, եւ եթե Վաչեին հարցնեիր. «Ո՞վ կգնա Կանն ու կստանա գլխավոր մրցանակը», «Վաչե Թովմասյան» անուն-ազգանունը հաստատ ամենաանհավանական թեկնածուների թվում կհնչեր:

Դիանա Մարտիրոսյանը


- Իսկ ինչպիսի՞ դասախոս ես ու ինչպե՞ս ես առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնում ուսանողներիդ շրջանում:

- Օ՜ (ծիծաղում է,-հեղ.), բախտս բերել է, որ իրենք շատ քիչ են: Թեեւ առարկան արդի կինո է կոչվում, բայց 90-ականներից սկսած ֆիլմեր ենք դիտում, նաեւ հեղինակային կինո, զուգահեռ ծանոթանում ենք այս տարվա ֆիլմերին: Երբ «Սուբստանցիա»-ն ցուցադրվում էր Երեւանում, ձեռքներից բռնած բերել եմ կինոդահլիճ: Բախտս բերել է, որ իրենք կինո սիրում են՝ տարբեր ժանրեր են նախընտրում ու շաբաթական էլ տարբեր քանակությամբ նայում։  Շատ մեծ հպարտությամբ պետք է ասեմ՝ վերջերս խոստովանեցին, որ ամսվա մեջ նույնիսկ 15-20 ֆիլմ են դիտել:

- Ինչպիսի՞ն է քո կարծիքը «Օսկար»-ի ներկայացված հայկական ֆիլմի ու դրա շուրջ քննարկումների մասին: Որո՞նք են 4 թեկնածուների առավելություններն ու թերությունները:

- Բավական տարբեր ֆիլմեր են Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը», Էդգար Բաղդասարյանի «Յաշան եւ Լեոնիդ Բրեժնեւը», Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրով» եւ Շողակաթ Վարդանյանի «1489»-ը: Իրար հետ բացարձակ ոչ մի համեմատության մեջ չմտնող վավերագրական ու շատ տարբեր գեղարվեստական ֆիլմեր են: Բոլորն էլ այնպիսի ֆիլմեր են, որոնք կարճ ցուցակում ընդգրկելու համար ահռելի քանակությամբ ռեսուրս պետք է ծախսվի: Հայաստանում նկարահանվող ֆիլմերի դեպքում մարքեթինգի համար գումարներ գրեթե չեն նախատեսվում, իսկ մեծ ֆիլմերը, սովորաբար, այդ նպատակով հատուկ բյուջե են ունենում: Անցած տարի «Ամերիկացին» ընդգրկվեց կարճ ցուցակում, մինչդեռ շատ կարեւոր ու հայտնի եվրոպացի ռեժիսորներ դուրս մնացին:

- Ֆիլմերի ընտրության կարգից ու աշխատանքների առանձնահատկություններից խոսենք:

- Ակադեմիայի որոշ անդամներ ինչ-որ ֆիլմեր ուշ են ստացել կամ ոչ բոլորն են ստացել: Քվեարկությանը 43-ից միայն 26 անդամ է մասնակցել, որոնցից 5-ը՝ ձեռնպահ եղել: Այսինքն՝ ընտրության անցկացման հետ կապված բազմաթիվ հարցեր կան: Կախված է նաեւ նրանից, թե ֆիլմերն ինչ համատեքստում ենք դիտարկում: «1489»-ը վավերագրական կինոյի ամենահեղինակավոր IDFA կինոփառատոնում գլխավոր մրցանակին է արժանացել, ինչը, բնականաբար, շատ մեծ նվաճում է հայկական ժամանակակից կինեմատոգրաֆի համար։ Բայց դա չի նշանակում, որ Շողակաթ Վարդանյանին ամբողջ աշխարհում գիտեն. նրա մասին տեղյակ են վավերագրական կինոյի հետ կապված շրջանակները: Ադրբեջանը Հորդանանին ճնշեց ու ստիպեց հետ կանչել «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում «Օսկար»-ի ներկայացրած Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմը: Գուցե, Շողակաթի ֆիլմի դեպքում էլ ճնշումներ լինեին, մենք չգիտենք: Բաղդասարյանի ֆիլմը չի ունեցել միջազգային մեծ պրեմիերա, Աննա Մաքսիմը սահմանափակվել է հայկական շուկայով ու սփյուռքի հայերով: Զառա Ջյանի ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի Venice Classic ծրագրում։ Կարծում եմ՝ կարճ ցուցակում ընդգրկվելու բոլորի հավանականությունն էլ շատ-շատ փոքր է:

Դիանա Մարտիրոսյանը


- Ինչպե՞ս դիպուկ կբնութագրես ժամանակակից հայկական կինոյի լավ ու վատ կողմերը:

- Ինձ թվում է՝ ավելի մեծ հաջողություններ գրանցում ենք վավերագրական, քան խաղարկային կինեմատոգրաֆում: Թեեւ վավերագրական կինոյի ռեժիսորներն ինձ հետ չեն համաձայնի, բայց այսօր Հայաստանում այդ ժանրում ավելի հեշտ է ֆիլմ նկարել։ Կինոն թիմային արվեստ է, իսկ վավերագրականը թույլ է տալիս տետ-ա-տետ տեսախցիկով հետեւել հերոսներին, ինչպես Շողակաթն է արել: Իհարկե, գիտենք, որ Մարինա Ռազբեշկինան է նրան օգնել, նաեւ մոնտաժային աշխատանքներն են բավական ծավալուն եղել, բայց միեւնույն է՝ թիմն անհամեմատ փոքր է, դա մի քանի հոգու հաջողություն էր, ոչ թե՝ 100, ինչպես լինում է խաղարկայինի դեպքում, երբ պահանջվող գումարի չափն էլ անհամեմատ շատ է: Մինչեւ Շողակաթի հաղթանակն էլ ասել էի, որ միջազգային ասպարեզում ավելի մրցունակ է մեր վավերագրական կինոն, որովհետեւ խաղարկայինում շատ մեծ ռեսուրսներ են ծախսվում միայն ներքին շուկային հասանելի ու հասկանալի ֆիլմերի վրա։ Հայաստանում շատ բարդ է ստեղծել խաղարկային կինո, որը կվաճառենք տարածաշրջանում կամ գոնե Վրաստանում:

- Խաղարկային ֆիլմերում թույլ են արծարծվող թեմաները: Այնպիսի տպավորություն է, որ մտքի ու գաղափարի ճգնաժամի մեջ ենք:

- Մենք ունենք սցենարիստների ու պրոդյուսերների խնդիր։ Օպերատորներ ու ռեժիսորներ կան, թեեւ վերջիններիս էլ հարցեր ունեմ, բայց գաղափարը վերցնել, այն զարգացնել, հետաքրքիր ու համամարդկային դարձնելը միշտ չէ, որ ռեժիսորների գործն է: Դա ավելի շատ սցենարիստն ու պրոդյուսերը պետք է անեն, իսկ մենք միայն վերջին տարիներին ենք սկսել պրոդյուսերներ ունենալ։ Մի երկու հոգի են տարիներով ակտիվ աշխատել, ինչպես Արմինե Անդան, որն անգլերեն գիտի ու շփվում է միջազգային շուկայի հետ, կամ «Բարս մեդիայի» Վարդան Հովհաննիսյանը: Վերջին տարիներին պրոդյուսերներն ավելանում են ու փորձում կապեր ձեւավորել: Երբ սովորում էի Թատերականի մագիստրատուրայում, նույն կուրսում ինձ հետ նաեւ դերասաններ ու ռեժիսորներ կային: Միլոշ Ֆորմանի ֆիլմերն էինք դիտում, ու կային ապագա ռեժիսորներ, որոնք Ջեք Նիքոլսոնին չգիտեին: Հաճախ եմ այս օրինակը բերում, ի՞նչ ենք ուզում այդ մարդկանցից եւ ի՞նչ կինո պետք է նրանք նկարեն: Կամ էլ ունենք ռեժիսորներ, որոնք ինստիտուտը չեն էլ ավարտել, իսկ սցենարիստներն ՈՒՀԱ-ից են։

Դիանա Մարտիրոսյանը


- Այդ պատճառով շատ են շոուի տարրերով կատակերգությունները եւ շատ քիչ են լուրջ աշխատանքները:  

- Իրենց հետ զրույցում էլ եմ ասել՝ թող այնպիսի կատակերգություններ մտածեն, որոնք կարող են միջազգային դառնալ, ինչպես բրիտանական, ամերիկյան ու ֆրանսիական մի շարք աշխատանքներ: Միշտ հակափաստարկ են բերում, որ անգլիալեզու շուկան մի քանի միլիոնանոց է ու, օրինակ, Գայ Ռիչիի ֆիլմերն այդ պատճառով են վաճառվում աշխարհով մեկ: Բայց եթե ֆիլմը լավն է, եւ թարգմանության արդյունքում կպահենք ասելիքի մեծ մասը, կարող ենք նույնիսկ կատակերգությունը հանել միջազգային վարձույթ՝ չնսեմացնելով այդ ժանրը, որն իմ սիրելիներից է: Կարեւոր է նաեւ համատեքստը, կարծո՞ւմ ես խորհրդային շրջանի մեր լավագույն կատակերգություններից Քեոսայանի «Տղամարդիկ» ցույց տանք շվեդ կամ իտալացի կինոքննադատին, ամբողջությամբ կհասկանա՞: Մեր գլուխգործոցները, այդ թվում՝ «Միմինո»-ն, միջին վիճակագրական եվրոպացին կընկալի՞: Պարզապես մենք ավելի լավ գիտենք ամերիկյան մշակույթը, քան իրենք՝ մերը:

- Այսօր մեզ ի՞նչ է պակասում լավ ֆիլմեր ստեղծելու համար:

- Մեզ չեմ համեմատում Հոլիվուդի հետ, ինչն աբսուրդային կլիներ, որովհետեւ Սկորսեզեի ֆիլմերը 90 միլիոն բյուջե են ունենում, բայց կարող եմ ինձ թույլ տալ զուգահեռներ անցկացնել Ռումինիայի, Իրանի ու Վրաստանի հետ, որոնց ֆիլմերի բյուջեն կես միլիոն է: Նախորդ տարի զրուցում էի հույն ամենահայտնի ռեժիսորներից Յանիս Էկոնոմիդիսի հետ, ում 500 հազար բյուջեով ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթում։ Մենք հույներից ու վրացիներից մենթալիտետով եւ աշխարհագրորեն այդքան հեռու չենք, բայց ինչո՞ւ է նրանց մոտ ստացվում, իսկ մեզ մոտ՝ ոչ: Բազմաթիվ թեմաներ ունենք, սոցիալ-քաղաքական ու սոցիալ-մշակութային խնդիրներ, բացի այդ էլ, համամարդկային թեման աշխարհագրական սահմաններ չի ճանաչում:

- Կնշե՞ս անկախության շրջանում ստեղծված հայկական լավագույն ֆիլմերն ու ռեժիսորներին:  

- Իր ժամանակի ու ժանրի մեջ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմն եմ սիրում: Գուցե, Գոռ Կիրակոսյանն ինձ հետ համաձայն չէ, բայց նրան էլ եմ ասել, որ իր լավագույն աշխատանքն է: Հավանում եմ ֆիլմի կոլորիտն ու աուտենտիկությունը, հուսամ՝ Գոռը նորից կնկարի նման աշխատանքներ։ Կառանձնացնեմ նաեւ Հարություն Խաչատրյանի վավերագրական մի քանի ֆիլմ ու քուրդ ռեժիսոր Հիներ Սալեեմի հայկական համարտադրությամբ «Վոդկա լիմոն»-ը, որի պրեմիերան Վենետիկի կինոփառատոնում էր: Ինձ թվում է՝ Հայաստանում այն ըստ արժանվույն չգնահատվեց: Ունեցել ենք նաեւ Մարիա Սահակյան, ով իր կարճ կյանքի ընթացքում հասցրել է ստեղծել լավ ֆիլմեր: Ուրախ եմ, որ կան անընդհատ նկարող ու չհանձնվող ռեժիսորներ, որոնք շատերի կարծիքով, արդեն պետք է հանձնված լինեին: Մեր խնդիրներին վերադառնալով՝ կինոն մեծ գումարներ ու ներդրումներ է պահանջում, եւ մի քանի հաջողությունը բավարար չէ ոլորտը զարգացնելու համար: Ավելի ակտիվ ու կտրուկ գործողություններ են պետք՝ կրթությունից սկսած մինչեւ արտադրություն։

- Մեր կինոփառատոնը՝ «Ոսկե ծիրանն» ինչպե՞ս է օգնում կինոոլորտին եւ ի՞նչ տեղ ունի աշխարհում:

- Շատ նախագծեր դեռ ֆիլմ չդարձած անցնում են կինոփառատոնի GAIFF Pro արտադրության եւ ֆինանսավորման հարթակով: Բնականաբար, «Ոսկե ծիրանը» կապերի հաստատման ու ոլորտի պրոֆեսիոնալ մարդկանց հետ ծանոթանալու աննախադեպ հնարավորություն է տալիս: Շոն Բեյքերի հետ 2018-ին ինքս եմ շփվել Երեւանում ու քայլել Աբովյան փողոցով: Այստեղ մարդիկ ֆիզիկապես հասանելի են, կարող ես խոսել հետները: Կաննում Բեյքերին ոչ մեկը չի կարող մոտենալ, նույնիսկ հավատարմագրում ունեցողներն ասուլիսին առավելագույնը կարող են հետը սելֆի անել կամ ստորագրություն վերցնել: Իսկ «Ոսկե ծիրան»-ում այդ մարդիկ շատ հասանելի են, ինչպես, օրինակ, Դիսնեյի մեծ հաջողություն ունեցած ֆիլմերը նկարած Քըրք Ուայզին: Մենք ունենք լեզվի տիրապետման խնդիր, միջազգային մրցունակ նախագծերի եւ դրանք առաջ տանող պրոդյուսերների պակաս: Գուցե, հակառակ դեպքում ավելի շատ համարտադրություններ կունենանք տարբեր երկրների հետ: Հնարավոր է՝ որոշ ռեժիսորներ կարդան զրույցն ու ասեն, որ իրենք ունեցել են նման նախագծեր, բայց դրանց քանակը շատ քիչ է:

- Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը համատեղ արտադրությամբ մի քանի ֆիլմ է նկարահանել:

- Ջիվանի մոտ ակտիվ կերպով նաեւ պրոդյուսինգն է ստացվում, լավ կլինի՝ իր փորձով կիսվի երիտասարդ սերնդի հետ: Ոչ միայն նա, այլ նաեւ ուրիշ պրոդյուսերներ էլ, որոնք միջազգային նախագծեր են ունեցել, լավ կլինի՝ աշխատեն երիտասարդների հետ։

Հասմիկ Բաբայանը եւ Դիանա Մարտիրոսյանը


- Դու նաեւ լրագրող ես ու բավական տարբեր նախագծեր ես ունեցել, նաեւ փոդքաստ Զառա Ղազարյանի հետ, որի շրջանակում ամենատարբեր թեմաներ եք արծարծել։

- Քովիդի ժամանակաշրջանն էր ու տանը նստած ուզում էինք շփվել մարդկանց հետ, կիսվել մտքերով, անհամաձայնություններով: Այդ ժամանակ ինձ շատ էին հետաքրքրում ժամադրությունները՝ դեյթինգը, եւ ես էլ զուգընկեր չունեցող շատ մարդկանց պես որոշեցի օգտվել ծանոթությունների հավելվածից: Այդ ժամանակ էլ տեսա, որ հայկական տիրույթում օգտատերերի 80 տոկոսը կեղծ լուսանկարներով է, ինչի հետեւում, բնականաբար, սոցիալական տաբուներն են: Որպես լրագրողի՝ դա ինձ համար հետաքրքիր հետազոտության թեմա էր: Շատ հետաքրքիր էր մի շարք թեմաների մասին խոսել հատկապես տղամարդկանց հետ, որովհետեւ կանայք ավելի բաց ու ճկուն են:

- Այդ հավելվածից օգտվելու արդյունքում ի՞նչ փորձ ունեցար եւ ի՞նչ քաղեցիր քեզ համար:

- Վա՜յ, շատ բազմազան փորձ: Ունեցա ծանոթություններ, որոնք ամբողջապես ընկերական շփման վերածվեցին: Զառայի հետ էլ հաճախ էինք այդ մասին ասում, որ պետք չէ բոլորին դիտարկել որպես ապագա ամուսին ու քո 3 երեխայի հայր: Վերջերս ընկերուհիներիցս մեկն ասաց, որ հաճախ տղամարդկանցից ոչ մի նկրտում չունենալով՝ փորձում ենք իրենց ինչ-որ բան բացատրել ու նախապատրաստել մյուս աղջկա համար (ծիծաղում ենք,-հեղ.): Ինձ համար դա ավելի շատ սոցիալական ու մշակութային դաշտ էր, քան՝ անձնական։ Մենք չունենք տղամարդկանց ու կանանց միջեւ առողջ երկխոսություն, այդ բացն էի հիմնականում փորձում որոշ չափով լրացնել:

Դիանա Մարտիրոսյանը


- Հիմա արագ հարցեր են՝ նշիր դերասանների կամ ռեժիսորների, որոնց հետ կուզեիր գնալ ժամադրություն։

- Օ՜, (ծիծաղում է,-հեղ.): Գայ Ռիչիի «Ջենթլմենները» ֆիլմի դերասաններից Չարլի Հանեմի:   

- Ֆիլմ դիտել:

- Տարանտինոյի՝ իմ պատանեկության կարեւոր ու ինձ վրա ազդած մարդկանից մեկի հետ: Ինչպես նաեւ Քոենների, Փոլ Թոմաս Անդերսոնի, Գայ Ռիչիի: Գիտեմ, որ Վուդի Ալենը շատ է փնթփնթալու, բայց իրեն էլ եմ սիրում ու դա եւս լավ փորձառություն կլինի, արի նրան էլ ներառենք (ծիծաղում ենք,-հեղ.):

-Խոսել դեսուդենից եւ սրճել:

- Այնքան մարդ կա, գոնե օգնիր: Թիլդա Սուինթոնի:

- Տալ քեզ հետաքրքրող հարցերը:

- Ուֆ, Դեյվիդ Լինչին կտայի:

- Խորհուրդ հարցնել:

- Շատ բարդ է, սպասիր հիշեմ, թե ում եմ սիրում: Մասնագիտական հարց կտայի Մերիլ Սթրիփին, անձնական՝ Ջուլիա Ռոբերթսին:

- Ճանապարհորդելու մեկնել եւ որտե՞ղ:

- Այս ինչ լավ հարցեր ես տալիս: Հիշենք «Տաղանդավոր պարոն Ռիփլիին», որի առաջին ժամը բավական թեթեւ է, հետո ծանր թրիլլեր է սկսվում: Կուզեի Իտալիայի հարավի որեւէ վիլլա մեկնել Ջուդ Լոուի հետ:

- Գաղտնիք իմանալ:

- Օյ, շոուբիզնեսում այնքան գաղտնիքներ կան: Քանի Կոպոլլան ողջ է, նրան կարելի է հարցնել, թե «Կնքահայրն» ինչպես է նկարել ու արդյոք օգնո՞ւմ, թե՞ խանգարում էին մաֆիոզ աշխարհի ներկայացուցիչները:

- Եվ ամուր գրկել:

- Բարդ հարց է. մարդու, ում սիրում եմ եւ չեմ հիասթափվել: Արի որպես հայի՝ Շերով էլ ավարտենք մեր զրույցը:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նկարահանման վայրը՝ Կինոյի տուն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW