Այսօր Ազնավուրյանների գերդաստանի ամենաավագ ներկայացուցիչը՝ Աիդա Ազնավուրյան-Կառվարենցը, դարձել է 102 տարեկան։ «Ազնավուր» հիմնադրամն այդ առիթով կիսվել է Շառլ Ազնավուրի՝ քրոջը նվիրված տողերով.
«Քույրս միշտ հավասարակշռել է ինձ: Նա այն հատուկենտ մարդկանցից է, որոնք կարողանում են ինձ տեղս նստեցնել. մի բան, որ շատ կարեւոր է, որովհետեւ երբ մարդ հասնում է որոշակի հաջողության, նա միտում ունի իրեն երեւակայելու:
Առավոտները քույրս ինձ հաճախ է հարցնում.
- Այսօր որպես Շա՞ռլ ես արթնացել, թե՞ որպես Ազնավուր:
- Շառլ եմ արթնացել:
- Տե´ս, հա՜, հանկարծ Ազնավուր չարթնանաս:
Այս խոսքերն ամբողջ օրն իրենց գործն անում են»:
Մեկ դար ապրած Աիդա Ազնավուրը հայ փախստականներ Միշա եւ Քնար Ազնավուրյանների դուստրն է։ Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքի առաջնեկը ծնվել է Հունաստանում՝ 1923 թվականի հունվարի 13-ին։ Այնուհետեւ Ազնավուրյանները տեղափոխվել են Փարիզ, որտեղ մեկ տարի անց ծնվել է Շառլ Ազնավուրը։ Աիդան ու Շառլն անբաժան են եղել ողջ կյանքի ընթացքում. միասին երազել են մեծ բեմի մասին ու իրագործել իրենց երազանքը: Աիդայի ամուսինը ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցն էր:
«Աիդայի կյանքի ուղին՝ լի նվիրումով, տոկունությամբ ու մշակույթի հանդեպ սիրով, ոգեշնչման աղբյուր է բոլորիս համար։ Որպես Ազնավուրների ընտանիքի ամենաավագ ներկայացուցիչ՝ նա շարունակում է մնալ ուժի եւ սիրո հիմնասյուն՝ պահպանելով ու տարածելով Ազնավուրյան ընտանիքի ավանդույթները եւ արժեքները», - նշված է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: