Երեկոյան «ԿինոՄոսկվա»-ում տեղի ունեցավ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Բեմը» ֆիլմի պրեմիերան:
Բալետային աշխարհում տեղի ունեցող ինտրիգներով ու խարդավանքներով լի պատմությունը, որում միախառնված են գլխավոր հերոսների անձնական կյանքի խնդիրներն ու տարաձայնությունները, շատ դիպուկ է բնութագրել ֆիլմի դերակատարներից Վիվյեն Բաստաջյանը. ««Բեմը» շատ բազմաշերտ է. մի քանի պատմություն իրար է փոխկապակցված, բայց առաջին հերթին այն արվեստագետի ազատության մասին է, որին նա հասնում է նույնիսկ իր սեփական ազատության գնով»:
Ռեժիսոր Հովհաննես Գալստյան
Իրադարձությունները ծավալվում են Երեւանում սպասվող բալետային փառատոնի նախօրեին, երբ թատրոնի գեղարվեստական ղեկավար Գաբրիել Սվասյանի (Խորեն Լեւոնյան) եւ պարուհի Նորա Մելիքյանի (Ֆրիդա Յորք) միջեւ տարաձայնություններ են ի հայտ գալիս: Պրիման հրաժարվում է կատարել նրա պահանջները, եւ Սվասյանը Կաֆկայի «Կերպարանափոխություն» նովելի հիման վրա իր «Մետամորֆոզներ» ներկայացման պրեմիերայից մի քանի ամիս առաջ գլխավոր նոր դերակատար (Լիլիթ Հակոբյան) է գտնում Գերմանիայում:
Մելիքյանի քմահաճույքներն ու պրեմիերային ամեն գնով խանգարելուն գումարվում են թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի (Կարինե Ջանջուղազյան) հետ տարաձայնություններն ու նրա կողմից ֆինանսական չարաշահումների արդյունքով սկսված դատական գործընթացը:
«Բեմն» արտաքուստ գեղեցիկ ու գրավիչ թվացող բալետային աշխարհը ներկայացնում է հակառակ կողմից, որտեղ տիրում են թշնամություն եւ ատելություն, անառողջ մրցակցություն եւ անդադար պայքար: Հերոսներից ամեն մեկն այդ մարտահրավերը յուրովի է հաղթահարում՝ գնում է զոհողության, չի հանձնվում, այդպես էլ նախանձ է մնում, անկախ հանգամանքներից՝ չի կորցնում մարդու համար կարեւոր որակները:
Իրական պատմությունից ոգեշնչված Հովհաննես Գալստյանը
Պրեմիերայից հետո ռեժիսորի հույզերն ու ասելիքները շատ էին: BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ ֆիլմն իսկապես բարդ է, բայց չի պատրաստվում այնպիսի աշխատանքներ նկարահանել, որոնք հանդիսատեսը հեշտ կընկալի: Նա կինոն տարածաժամանակային արվեստ է համարում ու կարծում, որ շատ աշխատանքների արժեքը բացահայտվում է տարիների ընթացքում:
«Չեմ ստեղծում ֆիլմեր, որ ծափեր պոկեմ, այլ ցանկանում եմ դրանք մտնեն մարդկանց սրտի մեջ ու այնտեղ էլ մնան: Չեմ ընդունում, որ կարող են չհասկանալ, այդ դեպքում կարելի է 2-րդ անգամ դիտել, ինքս 50-60-ականների ֆիլմերն ամեն տարիքում նոր բացահայտումներ անելով եմ դիտում: Ֆիլմն ինչքան ուշ եք հասկանում, այնքան այն լավն է: Այսօր «Բեմն» առաջին անգամ ծայրից ծայր դիտեցի, տեխնիկական խնդիրներ նկատեցի, բայց այդպիսին է կինոն՝ կախված տեխնիկայից»,- ասել է Հովհաննես Գալստյանը:
Նա խոստովանել է, որ իրական պատմությունը, որի հիման վրա էլ նկարահանել է ֆիլմը, մեծ հետք է թողել իր վրա ու սյուժեի առանցքը կազմել: Տարիներ առաջ երեկոյան տուն վերադառնալիս Գալստյանին մի կին է ճանաչել ու խնդրել իրեն մեքենայով տուն հասցնել: Պարզվել է՝ քաղցկեղով հիվանդ է ու հերթական հետազոտությունից հետո չի ցանկացել ուշ տուն հասնել, որպեսզի ամուսինը եւ որդին այդ մասին չիմանան. «Հասկացա, որ այդ կնոջն իր քաղցկեղն այդքան չի հուզում, որքան իր տան հանգստությունը: Այդ կանացի անհավանական զոհաբերությունը դրեցի պրիմայի դերակատարի՝ Զամզայի մեջ, ով նման զոհողության դիմեց հանուն արվեստի: Առհասարակ, նման զոհողություններ անել ընդունակ են միայն կանայք»:
Ռեժիսորի հետ խոսել ենք նաեւ արվեստում առկա պայքարի ու էգոյի մասին, որոնք առավել դրսեւորված են գլխավոր դերակատարի կերպարում: Գալստյանի կարծիքով, երբ ներկայացումը կամ ֆիլմը սկսում են արհեստականորեն ճնշումների ենթարկել, այլ տարբերակ, քան պայքարի մեջ մտնելն է, չկա. «Այդ դեպքում անկառավարելի եք դառնում ու գործն ամեն գնով ավարտին հասցնում: Արվեստագետներն այդպիսին են: Բոլոր այն մեծերը, որոնց ես եմ արվեստագետ համարում՝ Փարաջանովը, Անտոնիոնին, Բունյուելը, Գոդարը, Բերգմանը, երբեք չեն գնացել զիջումների»:
Խորեն Լեւոնյանի՝ հնացած բարքերի դեմ պայքարող կերպարը
Զիջումների չգնացող, իր ներկայացման համար մինչեւ վերջ պայքարող, բոլորից իր հանդեպ արդար վերաբերմունք պահանջող Գաբրիել Սվասյանին, որը, սակայն, նույնքան ազնիվ չէ կնոջ՝ Մարիի (Վիվյեն Բաստաջյան) նկատմամբ, մարմնավորում է Խորեն Լեւոնյանը: Նա սցենարը կարդալուց հետո հավանել է այն ու մեծ հաճույքով ընդունել առաջարկը:
«Ֆիլմն արտացոլում է այն, թե ոնց են մեր երկրում հնից կառչած մարդիկ փորձում վնասազերծել նորը ստեղծողին: Իրենք ժամկետն անց բաներ են անում, իսկ ստեղծագործողի ճանապարհը փակում են: Իմ կերպարը շատ հետաքրքիր է, որին լուրջ եմ մոտեցել, մարմնավորելուց առաջ փորձել շատ ուսումնասիրել, ավելի մի բան անել, ինչը կյանքում չէի փորձել: Նրան բալետային մտածելակերպ եմ տվել, շարժուձեւ, պահվածք, մտքեր: Շատ եմ մտնել կերպարի մաշկի մեջ, որպեսզի էկրաններից տնազ անող ու սուտ մարդու չտեսնեն, այլ հավատան նրան»,- ասել է նա:
Խորեն Լեւոնյանը
Լեւոնյանը «Բեմը» դեղահաբ է համարում, որը պարզապես ուշ է նկարահանվել ու վերջին 30-40 տարվա մասին է պատմում: Թեեւ դեպքերը բալետային աշխարհում են տեղի ունենում, բայց նրա խոսքով՝ նույնը նաեւ թատրոններում է տիրում, երբ մի խումբ մարդիկ փորձում են «իրենցից մի քիչ ավելի շատ հասկացող ու սրտացավ արվեստագետի ճանապարհը փակել»:
Զամզայի դերում Հանովերի պետական բալետի մենապարուհի Լիլիթ Հակոբյանն է, որը պրեմիերային ներկա չէր: Թեեւ դերասանուհի չէ, բայց Լեւոնյանի կարծիքով՝ կարողացել է շատ լավ մարմնավորել կերպարն ու կատարել ռեժիսորի պահանջները:
Հովհաննես Գալստյանը Հակոբյանին համացանցով է գտել եւ առաջարկել նկարահանվել ֆիլմում. «Լիլիթն ուղղակի ֆանտաստիկ է: Նա նաեւ պարերի բեմականացումն է արել: Կան մարդիկ, որ ծնվում են արվեստի համար, Լիլիթն էլ նրանցից է: Չափազանց մեծ հաճույք եմ ստացել նրա հետ աշխատելիս, մեծագույն պրոֆեսիոնալ է ու իր առաջին ֆիլմում իրեն շատ լավ է դրսեւորել»:
Վիվյեն Բաստաջյանի սիրելի ֆիլմը
Վիվյեն Բաստաջյանը, ստեղծագործական թիմի մյուս անդամների պես, երկար է սպասել այս պրեմիերային: «Բեմ»-ն իր ամենասիրելի աշխատանքներից մեկն է համարում, եւ շատ է ցանկանում, որ այն հաջողություններ գրանցի ու սիրվի հանդիսատեսի կողմից: Կարծում է՝ ամեն մեկն էլ դրանում կգտնի իրեն ծանոթ կամ հարազատ պատմություն:
«Երբ Հովհաննես Գալստյանը պատմեց Մարիի մասին, միանգամից հասկացա, որ իմն է, ինքն էլ ոչ մի վայրկյան չի կասկածել այդ առումով: Շատերն են եկել քասթինգի, նույնիսկ որոշ ժամանակով հաստատվել, երեւի, բոլոր դերակատարները փոխվել են, ինձնից բացի, այդ պատճառով սա իմ սիրելի ֆիլմն է»,- անկեղծացել է նա:
Վիվյեն Բաստաջյանը
Համարում է, որ «Բեմ»-ում արծարծված թեմաները հենց հիմայի մասին են, առնչվում են բոլորին: Նաեւ խոստովանում է՝ այն երջանիկներից է, որ ծանոթ չէ խարդավանքերի աշխարհին. «Գեղագիտության կենտրոնի «Փոքր թատրոնը», որտեղ ես եմ աշխատում, երեւի, Երեւանի միակ ու բացառիկ թատրոնն է, որտեղ ոչ մի ինտրիգ չկա: Այն դեռեւս ինձ վրա զգալու առիթ չեմ ունեցել, ինչի համար ուրախ եմ»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: