Երգիչ Սեւակ Խանաղյանը հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին եւ անկեղծ խոսել ընտանիքի, հաղթահարած դժվարությունների, կորուստների եւ նորովի ոգեշնչվելու իր աղբյուրների մասին։
Հարազատներին կորցնելը
Մենք հինգ երեխա էինք տանը, հիմա մնացել ենք երկուսս։ Փոքր եղբայրս, մեծ ու փոքր քույրերս այլեւս չկան՝ տարբեր հանգամանքների բերումով (Ժպտում է ու չի շարունակում թեման,- հեղ․)։
«Չեմ ամաչում այդ մասին խոսել»
16-17 տարեկան էի, Մոսկվայում էի դպրոց հաճախում, իսկ հայրս այդ ժամանակ Կուրսկում էր ապրում։ Երբ դպրոցն ավարտեցի, մայրիկի հետ տեղափոխվեցինք նրա մոտ: Թեեւ չէի ուզում Կուրսկում ապրել, բայց ինչպե՞ս կարող էի հորս խոսքին դեմ գնալ։ Երեք շաբաթ չէի բացում ճամպրուկս, իրերս չէի դատարկում, ուղղակի հրաժարվում էի այդտեղ մնալ։ Գյուղում մոտիվացիա չէի գտնում, չգիտեի՝ ինչ պիտի անեի, ինչ էի կորցրել այդ կողմերում։ Կարճ ժամանակ անց ծնողներս տեղափոխվեցին Հայաստան, ես էլ վերադարձա Մոսկվա՝ աշխատելու։ Սկզբում նվագում ու երգում էի ռեստորանում, այնուհետեւ փողոցում ձյուն էի մաքրում. չեմ ամաչում այդ մասին խոսել: Գոնե պարտքեր չէի վերցնում: Ինչպես կարողանում էի, այդպես էլ աշխատում էի։
Մի պահ եկավ, որ հասկացա՝ արդեն անելանելի իրավիճակ է, նույնիսկ հացի գումար չկա, պետք է ինչ-որ բան մտածել։ Հենց այդ պահից սկսած հասկացա, որ ոչ ոքի վրա չպիտի հույս դնեմ, ինքս պիտի իմ խնդիրները լուծեմ։ Այդ ժամանակ էլ միտք ծագեց երաժշտական մրցույթների մասնակցել։
«Ինձ պետք չէր». «Եվրատեսիլ»-ին մասնակցելու մասին
«Եվրատեսիլ»-ում ես, կարծես, հանդիսատես լինեի, կողքից դիտեի ամեն ինչ ու զարմանայի՝ ինչ է այստեղ կատարվում։ Եթե ժամանակը հետ տայինք, առհասարակ ելույթ չէի ունենա այնտեղ։ Ինչի՞ համար մասնակցել, դա ինձ պետք չէր՝ անկեղծ ասած։ Իմ տեղը չէր, իմ մրցույթը չէր։ Դե, առհասարակ մրցույթներն իմ թեման չեն, թեեւ մասնակցել եմ երաժշտական հայտնի գրեթե բոլոր մրցույթներին։ Որովհետեւ այն ժամանակ գումար չկար, ծանոթներ չկային, բայց ուզում էի, որ իմ մասին լսեին, իմանային։ Ուրիշ էլ ինչպե՞ս դա անեի։ Բայց եթե նույնիսկ մրցույթներում չստացվեր հաջողության հասնել, ես, միեւնույն է, զբաղվելու էի երաժշտությամբ։
Կինն՝ ամենահարազատ մարդը
Հրաշալի է, երբ կողքիդ կա մարդ, որը քեզ աջակցում է ամեն ինչում, միշտ ու ամենուրեք։ Մենք նրա հետ ամեն ինչի միջով անցել ենք։ Այնպիսի պայմաններում էինք ապրում սկզբնական շրջանում, նույնիսկ չեմ ուզում պատմել։ Հիմա հետ եմ նայում, մտածում եմ՝ ո՞նց էինք ապրում, իսկ այդ ժամանակ ինձ թվում էր՝ նրան ամեն ինչ հարմար է, նորմալ է․ նա այդպես էր ցույց տալիս։ Չգիտեմ՝ որքանով է ճիշտ այդ մասին խոսել, բայց լինել հղի եւ փայտ կտրատել, որ վառարանը վառես ու ջուր տաքացնես, կարծում եմ՝ 21-րդ դարում շատ դժվար է։ Պետք է կույր լինել, որ դա չտեսնես ու չգնահատես։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: