×


Ջեյն Ֆոնդային զայրացրել է Բարբրա Ստրեյզանդի ելույթը

Լոս Անջելեսում տեղի ունեցած 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում հարգանքի տուրք են մատուցել վերջին մեկ տարում կյանքից հեռացած անվանի դերասաններին:

Ռոբերտ Ռեդֆորդին հիշել է «Երկու սրտի հանդիպում» ֆիլմում նրա խաղընկեր 83-ամյա Բարբրա Ստրեյզանդը, ինչը կրկնակի օսկարակիր Ջեյն Ֆոնդայի սրտով չի եղել: 


Կազմակերպիչները Ստրեյզանդին են հրավիրել՝ հարգանքի տուրք մատուցելու Ռեդֆորդին: Նա խոսել է դերասանի եւ ռեժիսորի՝ 70 տարի տեւած փառահեղ կարիերայի մասին։




«Երբ կարդացի «Երկու սրտի հանդիպում» ֆիլմի առաջին սցենարը, խաղընկերոջս դերում միայն Ռեդֆորդին էի պատկերացնում, բայց նա մերժեց, քանի որ, իր կարծիքով,  կերպարը բավականաչափ բնավորություն չուներ: Եվ նա ճիշտ էր», - պատմել է  Ստրեյզանդը:

Նրա խոսքով՝ սցենարի բազմաթիվ փոփոխություններից հետո դերասանը վերջապես համաձայնել է նկարահանվել ֆիլմում. «Բոբը հանճարեղ ու նրբազգաց դերասան էր, ու մենք կատարելապես լրացնում էինք միմյանց, քանի որ երբեք չգիտեինք, թե մեզնից որեւէ մեկն ինչ կանի հաջորդ տեսարանում: Նրան անվանում էի «փոքրիկ ինտելեկտուալ կովբոյ», ով կերտում է սեփական ուղին: Հիմա նրան կարոտում եմ ավելի շատ, քան երբեւէ»:


Սթրեյզանդի ելույթը զայրացրել է Ջեյն Ֆոնդային։ 88-ամյա դերասանուհին կարծում է՝ իր աշխատանքային հարաբերությունները Ռեդֆորդի հետ ավելի մտերիմ էին։ «Ուզում եմ իմանալ, թե ինչու է Ստրեյզանդը այդպես վարվել Ռեդֆորդի հետ։ Նա Ռոբերտի հետ նկարահանվել է միայն մեկ ֆիլմում, իսկ ես՝ չորսում», - նրա խոսքերն է մեջբերել Entertainment Tonight-ը։


Դերասանները նկարահանվել են «Անհավատալի պատմություն», «Հետապնդում», «Զբոսայգում՝ ոտաբոբիկ» եւ «Էլեկտրական հեծյալը» ֆիլմերում։ Ֆոնդան համոզված է, որ ինքը պետք է «Դոլբի» կինոթատրոնում հարգեր Ռեդֆորդի հիշատակը. «Ես Ռոբերտի մասին ասելու շատ բան ունեմ: Միշտ սիրահարված եմ եղել նրան։ Նա հրաշալի մարդ էր եւ այնքան բարձր արժեքներ ուներ։ Այնքան շատ բան է արել այս ոլորտի համար: Պաշտպանում էր անկախ կինոն»:

Կարդալ ավելին

Quality Sign BW