×


Փարաջանովի թանգարանը՝ ներսից. առաջին անգամ կողք կողքի հայտնված 4 Ռաֆայելները եւ մաեստրոյի պատվանդանը

Սերգեյ Փարաջանովի թանգարան որերորդ անգամ էլ մտնելիս լինես, գիտես, որ ներսում անսովոր մի բան ես հայտնաբերելու, որը գուցե աչքաթող ես արել կամ բավարար ուշադրություն չես դարձրել մինչ այդ:  Այս անգամ մեզ թանգարան տարավ BRAVO.am-ի «Ներսից» շարքը: Տնօրեն Անահիտ Միքայելյանի հետ հանդիպեցինք նախաշեմին ու այցն ավարտեցինք թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանի աշխատասենյակում:

Նախասրահը

Թանգարանի 33 տարվա պատմության հետ ծանոթությունը սկսվում է հենց նախամուտքից, որտեղ փակցված լուսանկարներում ամենահայտնի հյուրերը հիացմունքով ու զարմանքով վայելում են իրենց այցելությունը: Իսկ տպավորությունների գրանցամատյանում նրանք թողել են հուզիչ եւ գեղեցիկ գրառումներ:

«Թանգարանը ոչ միայն հավաքել, պահպանել, ուսումնասիրել եւ հանրայնացրել է Սերգեյ Փարաջանովի արվեստը, կյանքն ու գործունեությունը, այլ նաեւ դարձել է Հայաստանի մշակութային կարեւորագույն օջախներից մեկը։ Փարաջանովի հանրահռչակման հարցում թանգարանը չի սահմանափակվել միայն այցելուներ հյուրընկալելով. աշխարհը նրան գիտեր որպես ռեժիսորի, բայց մեր նպատակն է որպես արվեստագետի էլ ներկայացնել»,- նշել է Անահիտ Միքայելյանը:


Առաջին մեծ սրահը

Փարաջանովի կազմակերպած ցուցահանդեսների եւ նկարահանած ֆիլմերի պաստառներն ուսումնասիրելով առաջ ես շարժվում եւ ինքդ էլ չես նկատում, թե ինչպես ես հայտնվում մեծ սրահում, որը կամարներով 2 հատվածի է բաժանված:

Պատմություն ու ասելիք ունեցող իրերն այնքան շատ են, որ առաջին հայացքից չգիտես՝ ինչին ուշադրություն դարձնել, եւ ակամայից շարժվում ես դեպի Փարաջանովի «Մաեստրո» գրությամբ մեծ պաստառն ու խորանի տեսք ունեցող պատվանդանը:

«Փարաջանովն իր արվեստը ստեղծելու հենց սկզբից դրանում արտացոլել է սեփական կյանքն, ու մեր դիմաց նրա կենսագրությանը վերաբերող կոլաժներ են: 1965-1988 թթ.-ին Փարաջանովին թույլ չէին տալիս դուրս գալ ԽՍՀՄ-ից, եւ միայն գորբաչովյան վերակառուցումից հետո մեկնեց Ռոտերդամի կինոփառատոնին: Այնտեղ նա ապագայի լավագույն 20 ռեժիսորներից մեկը ճանաչվեց ու հետը բերեց այս պաստառը: Հետաքրքիրն այն է, որ այդքան ռեժիսորներից միայն Փարաջանովի պաստառի վրա էր գրված «Մաեստրո»»:


Միքայելյանը պատմում է, որ Փարաջանովի առաջին ցուցահանդեսը Երեւանում կազմակերպվել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում եւ այնտեղ էլ նման մի խորան է եղել: Թանգարանի տնօրենի խոսքով՝ ռեժիսորը հասկանում էր իր մեծությունն ու գիտակցում, որ Խորհրդային Միությունում բավարար չափով գնահատված չէ, դրա համար էլ հաճախ էր ինքն իրեն մեծարում։

«Լուսահոգի Զավեն Սարգսյանը, որն այն տարիներին Ժողարվեստի թանգարանի տնօրենն էր ու հետո նախաձեռնեց այս մեկի հիմնադրումը, նմանատիպ մի խորան էլ այստեղ է պատրաստել: Դրա վրա Փարաջանովի թբիլիսյան բնակարանից տեղափոխված նրա սիրելի իրերն են: Առանձին ուշադրության է արժանի խորհրդային ամենաբարձր կինոմրցանակ «Նիկա»-ն, որը 1989-ին հետմահու է տրվել, բայց Փարաջանովը գիտեր, որ իր վերջին՝ «Աշուղ Ղարիբը» ֆիլմի համար արժանանալու է դրան: Նրա ֆիլմերը հարյուրավոր մրցանակներ են ստացել, բայց Փարաջանովը սովորություն ուներ ամեն ինչ նվիրել։ Համարում էր՝ իրերը պետք է շարժվեն, որ պատմություն ունենան: Արդյունքում մրցանակները տարբեր մարդկանց մոտ են հայտնվել»:

Անահիտ Միքայելյանը


Ընտանիքը

Սրահի մի անկյունում հավաքված են արվեստագետի ընտանիքին վերաբերող փաստաթղթեր եւ իրեր: Ծնվել է Թբիլիսիում՝ Փարաջանյանց ընտանիքում, այդ մասին նշված է հորաքրոջը պատկանող տոհմի վկայագրում, իսկ հայրը հաջողությունների հասնելու նպատակով ազգանունը Փարաջանովի է փոխել: Կինոռեժիսորը սիրում էր հումորով կրկնել մայրիկի խոսքերը, որ իրենց ազգանունը փարա՝ դրամ է նշանակում:

«Ընտանիքը շատ էքսցենտրիկ էր, հատկապես՝ մայրը, եւ Փարաջանովն իր արվեստում ու կյանքում շատ է ազդված եղել նրանով եւ ամենուր ընդգծել է։ Նա տնային տնտեսուհի էր, ցանկացել էր օպերային երգչուհի լինել, բայց չէր ստացվել, իսկ հայրը հնավաճառների ընտանիքից էր. սերնդեսերունդ էին դրանով զբաղվել: ԽՍՀՄ-ի տարիներին արգելված մասնագիտություն էր, ինչի պատճառով հայրը 6 անգամ ձերբակալվել է, բայց միշտ էլ ժամանակից շուտ դուրս եկել համաներման կամ լավ վարքի շնորհիվ: Այս բաժնում նրան նվիրված «Հորս տարօրինակ եւ ծիծաղելի կյանք»-ն է ցուցադրված, եւ փշալարը հենց բանտն է խորհրդանշում»:


Ընտանեկան մի հետաքրքիր դեպքի մասին Փարաջանովն ինքն է պատմել. «Երբ ոստիկանները մեր տանը խուզարկություն էին անում, մայրս անմիջապես տալիս էր, որ թանկարժեք քարերը կուլ տամ, իսկ հաջորդ օրը, գիշերանոթով հետեւիցս ընկած, անընդհատ ման էր գալիս, որ դրանք գտնի։ Եվ միշտ հումորով ասում էր. «Կարո՞ղ է ինչ-որ մի բան մնացել է»»։

Առհասարակ, Փարաջանովը զավեշտալի պատմություններ հորինելու սովորություն ուներ, որոնք մարդիկ էլ իրար փոխանցելիս համեմում էին նորանոր մանրամասներով, բայց այս մեկը հաստատ իրական է: Ռեժիսորի խոսքով՝ մայրը օպերայում արհեստական ադամանդներ էր կրում, բայց տուն վերադառնալուց անմիջապես հետո իրականներով էր փոխարինում ու իրենից գոհ նստում:

«Իր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմում շատ հետաքրքիր ու զավեշտալի պատմություններ կան, թե ինչպես է մայրը մուշտակը միայն 2 անգամ հագել. նախ, երբ Թբիլիսում ձյուն է տեղցել, հայրը ստիպել է ամբողջ գիշեր ձյան տակ կանգնել, իսկ երկրորդը՝ օգոստոսին՝ հոր թաղմանը։ Հետո այն կռվախնձոր է դարձել քրոջ ու եղբոր միջեւ, եւ Փարաջանովը մուշտակը մեջտեղից կտրել ու 2 մասի է բաժանել»։

Թանգարանում ներկայացված բազմազան ու տարատեսակ իրերից միանգամից զգացվում է, որ Փարաջանովը դրանց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ուներ եւ կարողանում էր նոր կյանք տալ: Դրան մեծապես նպաստել է հնավաճառի ընտանիքում ծնվելն ու փոքր տարիքից գեղեցիկի հետ ունեցած առնչությունը:


«Նրա մանկությունը ե՛ւ պատմություններով էր շատ հետաքրքիր, ե՛ւ կենցաղն էր անսովոր: Պատերազմի ու դրան հաջորդած տարիներին, երբ մարդիկ ոչինչ չունեին, ու շուրջն ամեն ինչ մռայլ էր, նա իր տանը տեսել է վիեննական, իտալական, ֆրանսիական իրեր, ինչը չէր կարող իր ազդեցությունը չթողնել: Դրա համար էլ երեխաներին հենց փոքր տարիքից պետք է տանել թանգարաններ, ինչը ճաշակ է ձեւավորելու ու սովորեցնելու է տարբերակել գեղեցկությունը: Իսկ Փարաջանովը ոչ միայն հանճար էր, այլ նաեւ կարողանում էր իր վրա ազդեցություն թողած ամեն ինչը նյութականացնել առարկաների տեսքով»։

Տիկնիկները

Թանգարանը հարուստ է տիկնիկներով, որոնցից մի քանիսը ժամանակավոր ցուցադրությամբ Լեհաստանում են: Թեմաներն էլ տարբեր են՝ վրացականներից են Թամար թագուհին, Սուրբ Նինոն, տեղական լեգենդից՝ «Առյուծը եւ պատանին», Փարաջանովն իրեն է պատկերել դրախտում, 2 Յուրի Գագարիններից մեկը դեռ մանուկ է ու նոր է երազում տիեզերք թռչելու մասին, իսկ մյուսն արդեն հայտնի տիեզերագնաց է դարձել:  

Միքայելյանի խոսքով՝ Փարաջանովը հաճախ էր տիկնիկների անվանումները փոխում, օրինակ՝ «Կարսը հանձնած թուրքը» մինչ այդ այլ անունով էր ներկայացրել:

«Այս մասում գտնվող աշխատանքներից իսկական գլուխգործոց է «Շոգեքարշը», որի իրերն արժեքով ու գեղագիտորեն իրենցից ոչինչ չեն ներկայում, բայց կարողացել է միավորել ու իմաստ հաղորդել: Հիմա շատ է ընդունված աղբից արվեստ ստանալու մշակույթը, բայց ի տարբերություն Փարաջանովի գործերի՝ առաջին իսկ հայացքից երեւում է, որ աղբից են արված»:


Հյուրասիրությունների սեղանը

Ժամանակին թանգարանում հաճախ են ճաշկերույթներ ու ընդունելություններ կազմակերպել, որոնք վերջին տարիներին նվազագույնի են հասցվել: Դրա շնորհիվ կարողացել են գումար վաստակել ու տարատեսակ խնդիրներ լուծել: Հիմա միայն պաշտոնական ընթրիքներ են լինում, իսկ հյուրասիրություններ անում են թանգարանի բակում:

Ըստ տնօրենի՝ պատահական չէ, որ պահարան, աթոռներ ու կենցաղային տարբեր իրեր են ձեռք բերել կամ էլ նվեր ստացել: Առանց դրանց շինությունը միայն թանգարանի տպավորություն կթողներ, մինչդեռ այցելուներից շատերի համար այն նաեւ տուն է ու պատրանք են ունենում՝ Փարաջանովն ինչ-որ ժամանակ ապրել է այնտեղ:

«Ցանկացած հաստատություն ունենում է իր յուրահատուկ hոգին, մերը Փարաջանովինն է, որը նաեւ միստիկական է: Ամենուր տեսախցիկներ ունենք, ու մի օր մեր գլխավոր ֆոնդապահն ասաց, որ ննջարանի պահարանի դուռը բաց է: Բոլորին հարցրել էր ու իմացել, որ ոչ մեկն այն չի բացել: Վերջում հասկացանք՝ ինքն իրեն է բացվում։ Այնպես որ, մեզ մոտ շատ միստիկ բաներ են տեղի ունենում: Մեր թանգարանի հոգին անընդհատ լավ մարդկանց տրամադրության կարիքն ունի»:


Երկրորդ հարկի բացառիկ նմուշները

Ազգային պատկերասրահում նախորդ աշնանը 3 օր ներկայացվել են Փարաջանովի՝ մասնավոր հավաքածուներում եղած ստեղծագործությունները։ Թանգարանին հաջողվել է հավաքորդների հետ պայմանավորվել ու ցուցահանդեսի ավարտից հետո այդ գործերից մի քանիսը ժամանակավոր տեղափոխել իրենց մոտ. դրանք նկարիչ Կարեն Դավիդովի, լուսանկարիչ Յուրի Մեչիտովի եւ Զավեն Սարգսյանի կնոջ հավաքածուներից են:

Առաջին անգամ թանգարանում կողք կողքի ցուցադրված են «Վարիացիա Պինտուրիկիոյի ու Ռաֆայելի թեմաներով» բոլոր 4 կոլաժները, որոնք ստեղծվել են տարբեր տեղերում եւ նախկինում երբեք չէին հանդիպել: Մեկը պատկանում է Մխիթարյան միաբանության թանգարանին. Փարաջանովը Սուրբ Ղազարում գտնվելու ժամանակ է նկարել ու նվիրել, իսկ մյուսը Քաթանյան ընտանիքի համար է արել:  


«Խեցիով վարիացիան առաջինն է եւ մեր թանգարանի մշտական հավաքածուից է, մյուսը Սերժ Ավետիքյանի անձնական հավաքածուից է։ Հաճախ են գալիս այս 4 գործը նայելու ու հարցնում, թե ինչո՞ւ է Փարաջանովը անդրադարձել։ 1988-89 թթ.-ին նա արդեն հասկանում էր, որ հիվանդ է ու շուտով մահանալու է: Միշտ է օգտագործել Վերածննդի ժամանակաշրջանի ստեղծագործողների նկարների վերատպություններ։ Մեր առջեւ Պինտուրիկիոյի պատանին է ու Ռաֆայելի «Սիքստինյան Տիրամայրը» կտավի Սիքստ ծերունին: Այնպիսի տպավորություն է, որ ծերունին գալիս է երիտասարդին երկրպագելու, այսինքն՝ սերնդափոխություն է տեղի ունենալու»։

Աթոռները, ձկներն ու գլխարկները

Սրահի անկյուններում ոչ սովորական աթոռներ են դրված, պարզվում է՝ դրանք նույնպես Փարաջանովն է ձեւավորել: Նա սովորություն ուներ ասել, որ այդ աթոռներից մեկն Ուինսթոն Չերչիլին է պատկանել, ինչն, իհարկե ճիշտ լինել չէր կարող: Կամ էլ, թանգարանի տնօրենի խոսքով, որեւէ մեկին ականջօղեր նվիրելիս մեկ էլ կհայտներ, որ դրանք Թամար թագուհունն են եղել: Անընդհատ նմանատիպ լեգենդներ էր հորինում, իսկ զրույցներում ասում, որ դրանք իր կողմից հորինված իրական պատմություններ են: Ստեղծման այդպիսի մի չբացահայտված պատմություն էլ ունի քորոցներով ձուկը:


«Վարկած կա, որ ձուկը խորհրդանշում է դեֆիցիտը. չնայած պնդումներին, որ ԽՍՀՄ-ում ամեն ինչ կա ու ոչնչի պակաս չի զգացվում, իրականում ամեն ինչ այլ էր: Ոմանք էլ պատմում են, որ ընկերների բանտային նամակներին ի պատասխան՝ Փարաջանովն ասել է, որ ամեն ինչ նորմալ է, միայն սեւ խավիարն է պակասում: Թե որ պատմությունն է ճիշտ, չենք կարող ասել»:


Կանանց սիրելի հատվածներից մեկում ցուցադրված են անսովոր գլխարկներ: Դրանք Փարաջանովը նվիրել է ավիավթարից մահացած վրացի դերասանուհի Նատո Վաչնաձեի հիշատակին, որն իր ընկերների՝ Շենգելիա եղբայրների մայրն էր: Ասում էր. «Այդ գլխարկներից յուրաքանչյուրը Նատոյի դեռ չխաղացած դերն է»։ Թանգարանի ստեղծման սկզբնական շրջանում ցանկացողներին թույլատրվում էր դնել գլխարկները, իսկ Զավեն Սարգսյանը սովորություն ուներ նրանց լուսանկարել: Բայց հետո հասկացել են, որ ձեռքից ձեռք անցնելու դեպքում թանգարանային առարկաներից ոչինչ չի մնա, ու ապակիներով առանձնացրել են:

Դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների դիմաց ամրացված է 18-րդ դարին թվագրվող սրբապատկեր, որը սլավոնական ծագում ունի. «Հաշվի առնելով, որ Կարպատներում ֆիլմ էր նկարահանում, այնտեղ գնել է, կամ էլ նվիրել են։ Տարիների ընթացքում պատկերներն ամբողջությամբ անհետանում են, եւ վաղ թե ուշ պետք է այն ռեստավրացիայի ենթարկենք: Թբիլիսիի իր տնից են տեղափոխել, որտեղ առաստաղին էր փակցված»։


Ֆիլմերի աշխարհը

Գլխարկներից ու սրբապատկերից անցում ենք կատարում ֆիլմերին նվիրված սրահ, ու առաջինն աչքի առաջ է հայտնվում Մերիլին Մոնրոյին նվիրված աշխատանքը: Նրա նկարը Փարաջանովն աղբամանում է տեսել ու հասկացել, որ ավելի վեհ բաների համար է ստեղծված, ու դերասանուհուն թանգարանային նմուշ է դարձրել: Մյուս պատին նրա պլաստիկ արվեստում առանձնահատուկ տեղ զբաղեցնող «Մի քանի դրվագ Ջոկոնդայի կյանքից» շարքի մետամորֆոզներն են: Սյուրռեալիստական շարքն արել է կյանքի վերջին տարիներին, բայց «Լացող Ջոկոնդան» ստեղծել է դեռ բանտում։ Այնտեղից այսպիսի երկտողով ուղարկել է կնոջը. «Եթե ես մահանամ, նա ինձ համար կլացի»։


Սենյակով մեկ տարածված են Փարաջանովի նկարահանված ու չնկարահանված ֆիլմերի էսքիզները. 22 սցենար այդպես էլ չի կարողացել կյանքի կոչել: Միքայելյանի խոսքով՝ նրա ֆիլմերում խորհրդային քարոզչություն ու գաղափարախոսություն չկար, փոխարենը դրանք լի էին սիրով, պատմությամբ, մշակույթով, արվեստով եւ արհեստով: Եվ ամեն անգամ ազգային թեմաներով ֆիլմ նկարելը մեծ ռիսկ էր, բացի այդ էլ ստիպված էր լինում որեւէ խորամանկության դիմել՝ այն կյանքի կոչելու համար:


Փարաջանովը Կիեւի Դովժենկոյի անվան ստուդիայում էր աշխատում, երբ տոնում էին ուկրաինացի գրող ու հասարակական գործիչ Միխայիլ Կոցյուբինսկիի 100-ամյակը: Նա գրողի նովելի հիման վրա սցենար գրեց ու նկարահանեց «Նախնիների մոռացված ստվերները» ֆիլմը: Առաջին իսկ ցուցադրությանը պարզ էր, որ ռեժիսորը բնավ էլ շատերի ակնկալածը չի ստացել, բայց քանի որ փոփոխություններ անելու ժամանակ չկար, էկրան բարձրացավ եւ Փարաջանովին աշխարհահռչակ դարձրեց:

««Նռան գույնը» նկարելուց առաջ էլ ընկերների խորհրդով փոքրիկ խորամանկության դիմեց: Հայտնեց, որ ֆիլմը Կովկասում բոլորի կողմից շատ սիրված Սայաթ-Նովայի մասին է լինելու, եւ գաղափարը հավանության արժանացավ: Բայց Փարաջանովն այդ սցենարից չօգտվեց ու «Նռան գույնի» պատճառով 15 տարվա գործազրկության մատնվեց: Իսկ հիմա, երբ ուզում ենք աշխարհում ինչ-որ տեղ մեզ ավելի լավ ներկայացնել, անմիջապես այդ ֆիլմն ենք հիշում»։


Տան հատվածն ու բակը

Թանգարանի վերջին հատվածում իրար դեմ դիմաց գտնվող սենյակներն ապահովում են բնակարանային մասը՝ ննջասենյակն ու ճաշասենյակը ձեւավորված են Թբիլիսիից բերված Փարաջանովի անձնական իրերով ու կահույքով: Նախ երկրաշարժը, ապա արվեստագետի հիվանդությունը թույլ չտվին, որ նա բնակվի Երեւանում: Ի դեպ, թանգարանի համար հատկացված 2 շենքից (մյուսն Աբովյան փողոցի վրա գտնվող «Դալանն» է) հենց Փարաջանովն է ընտրել այս մեկը: Ուզում էր, որ այն առանձնատուն լինի եւ իր թբիլիսյան տան բակի պես այստեղ էլ ձկներով լողավազան լինի: Երազում էր, որ դրա շուրջը սիրամարգեր պտտվեն ու հյուրասիրություններ կազմակերպվեն: Թեեւ լողավազան այդպես էլ չունեցան, բայց փոխարենը բակի հենց կենտրոնում ծիրանի ծառ կա: Միքայելյանը նշում է, որ եթե ԿԳՄՍՆ-ն կարողանա կից շենքի հետ համաձայնության գալ ու այն ձեռք բերել, հնարավոր է՝ այնտեղ շատրվան լինի:

«Հիրիկները»

Նախկինում թանգարանի տնօրենը Փարաջանովի գործերից իր սիրելիների թվում  «Հիրիկները» եւ «Լացող Ջոկոնդան» էր առանձնացնում, բայց նրա արվեստի առաձնահատկությունները խորապես ուսումնասիրելուց հետո բոլորն էլ արժեքավոր է համարում: Ամեն ինչին հետազոտողի աչքերով է նայում ու կարեւորում նաեւ դրանց ստեղծման պատմությունը: Աշխատանքներ կան, որոնց տարիներ ի վեր իր էքսկուրսիաների ընթացքում չի անդրադարձել եւ խոսել է նրանց մասին, որոնք  երեւակայելու հնարավորություն են տալիս:

Անահիտ Միքայելյանը


Թանգարան Միքայելյանը եկել է Խաչատուր Աբովյանի մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետից եւ այստեղ է ավելի քան 13 տարի: Շատ արագ է հարմարվել: Թեեւ սկզբում նպատակ է ունեցել ուսումը շարունակել արտերկրում, սակայն հանգամանքները՝ նախ քովիդը, ապա պատերազմն ու Զավեն Սարգսյանի մահը, թույլ չտվեցին հեռանալ: Ու թեեւ չի էլ մտածել թանգարանի տնօրեն դառնալու մասին, սակայն այդ քայլին դիմել է Սարգսյանի թողած ժառանգությունը պահելու համար:

«Միշտ չէ, որ այս մասին բարձրաձայնում եմ: Մի անգամ պարոն Սարգսյանն իմ ու մեր ֆոնդապահ Մարիաննայի ներկայությամբ շատ տխուր ասաց, որ արդեն հիմնադիր տնօրեններին էլ են փոխում: 9 տարի շարունակ առօրյաս սկսվում ու ավարտվում էր պարոն Սարգսյանի հետ, ու այդ օրը նրա խոսքերը շատ ազդեցին ինձ վրա: Ասացի, որ ես կմասնակցեմ մրցույթին, բայց տնօրեն կշարունակի մնալ ինքը: Մահից հետո համաձայնեցի գլխավորել թանգարանը, քանի որ գիտեի՝ նրանից հետո շատ բան է քանդվելու, ու իր թողած ավանդույթներից ոչինչ չի մնալու»:  

Անելիքները

Միքայելյանը երազում է, որ մի օր Հայաստանի թանգարանների դիմաց էլ հերթեր գոյանան, բայց դրան հասնելու համար նորամուծությունների ու նոր գաղափարների անհրաժեշտություն կա: Փարաջանովի թանգարանն էլ բացառություն չէ, թեեւ այն մեծ հաճախելիություն ունի, սակայն պետք է կարողանա ժամանակակից պահանջներին համահունչ լինել:


«Գուցե, զբոսաշրջիկների հետ կապված խնդիրներ չկան, բայց նույնը չի կարելի ասել մեր քաղաքացիների մասին. իրենց էլ է պետք բերել թանգարան: Պետք է ռիթմի մեջ լինել, նոր մտքեր ու գաղափարներ իրագործել եւ հետաքրքրել տարիքային բոլոր խմբերին՝ մանկապարտեզի երեխաներից մինչեւ տարեցներ: Բայց դրան հասնելու համար երկար ճանապարհ ունենք անցնելու. նախ համապատասխան գիտելիքներով մասնագետների կարիք կա, որոնք այս գաղափարները քեզ հետ կյանքի կկոչեն»:

Զավեն Սարգսյանը
 
Թանգարանում շրջելուց հետո զրույցը շարունակում ենք թանգարանի նախկին տնօրեն Զավեն Սարգսյանի աշխատասենյակում, որտեղ Միքայելյանը ոչինչ չի փոխել՝ ամենուր նրա իրերն են, նկարներն ու նրանից մնացած հիշողությունները:

Սարգսյանի ու Փարաջանովի ընկերությունը տեւել է մոտ 12 տարի՝ սկսվելով 1978-ի գարնանը, երբ բանտից դուրս գալուց հետո կինոռեժիսորը եկել է Գեղարդում մատաղ անելու: Սարգսյանը որպես լուսանկարիչ է ներկա եղել արարողությանն, ու այդ օրվանից սկիզբ է դրվել նրանց մտերմությանը:

«Պարոն Սարգսյանը զգում էր դիմացինի մեծությունն ու կարեւորությունը: 1988-ին ինչ-որ չափով արդեն կարողանում էին Փարաջանովի անունը տալ, եւ Սարգսյանը որոշեց նրան նվիրված ցուցահանդես կազմակերպել, ինչպիսին 1985-ին կազմակերպվել էր Թբիլիսիի կինոյի տանը: Պատմում են, որ ցուցահանդեսի բացումն ու դրան հաջորդած 3 ամիսն իսկական տոն են եղել Երեւանում, տպավորությունների գրքերում մարդկանց գրառումներն էլ այդ մասին են վկայում: Փարաջանովն այնպիսի բացում ու տոն է արել, որ ներկաներն այն երբեք չեն մոռացել: Նա հասկացել էր, որ Վրաստանում, միեւնույն է, իրեն չեն գնահատելու եւ ցանկացել էր, որ իր ժառանգությունը մնա Հայաստանում»:


Այդ ժամանակ էլ Զավեն Սարգսյանը դիմել է իր դասախոս Ռիմա Սարգսյանին՝ համոզված լինելով, որ իրեն կօգնի: Նրա միջնորդությամբ Կարեն Դեմիրճյանը 1988-ին թույլատրել է Երեւանում բացել Փարաջանովին նվիրված թանգարան:
 
«Փարաջանովը միայն մեկ անգամ է եղել թանգարանում, երբ 1990-ին Թբիլիսից եկել էր Երեւան՝ բուժման նպատակով Ֆրանսիա մեկնելու համար: Սարգսյանը թեւերն ընկած բերել է: Ինքն է ցանկացել, որ թանգարանի մի հատվածը բնակարանի պես լինի. հույս ուներ ապաքինվել ու ապրել այստեղ: Նրա մահից հետո թանգարանի ստեղծման ողջ պատասխանատվությունը Սարգսյանի վրա էր: Մութուցուրտ տարիներին այստեղ նույնիսկ քնում էր, որպեսզի մարդիկ տախտակները չգողանան: Հավաքածուն այսքան հարուստ չի եղել, տարիների ընթացքում է համալրվել: Շատ մտերիմներ ու ընկերներ է ունեցել արտերկրում, որոնք եւս օգնել են, որ թանգարանը կայանա»:

Աշխատանքի նկատմամբ Սարգսյանի հոգատարությունն ու սերը նաեւ Անահիտ Միքայելյանին է փոխանցվել: Արդեն ընդունել ու համակերպվել է հարազատների այն մեղադրանքների հետ, որ թանգարանում ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան՝ իրենց հետ: Փորձում է ամեն կերպ պահպանել Սարգսյանի ստեղծած ժառանգությունը: Երբեմն նեղսրտած ժամանակ շրջվում է դեպի նրա նկարն ու ասում. «Պարոն Սարգսյան, բա դա անելու բա՞ն էր». «Զգում ենք, որ անհանգիստ ժամանակ մեզ օգնության է հասնում»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW