×


«Միայն առավելություններից չխոսենք, նաեւ՝ թերություններից». բացահայտում ենք Անահիտ Կիրակոսյանին

BRAVO.am-ն ընթերցողներին օգնում է նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ մեր զրուցակիցը թատրոնի ու կինոյի դերասանուհի, հաղորդավար Անահիտ Կիրակոսյանն է:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:  

- Քչերը գիտեն, որ անսահման շատ եմ սիրում քնել ու ինձ համար տասը տարուց ավելի առավոտյան ծրագիր վարելը մեծագույն սթրես է: Տեսակով բու եմ ու գիշերային մարդ. դժվար է արթնացնել բոլորին, երբ անսահման ցանկանում ես քնել։ Սիրում եմ ժամերով ավտոմեքենա վարել ու երբեք դրանից չեմ հոգնում: Երբ շատ նեղված եմ լինում կամ մտազբաղ, միացնում եմ իմ սիրելի երաժշտությունը, սկսում վարել, եւ կապ չունի` որ ուղղությամբ: Խենթ եմ, էլի: Հայտնի մայրիկ եմ, բայց երբեք պահածոներ չեմ պատրաստել ու ընդհանրապես չգիտեմ տորթ թխել: Միայն առավելություններից չխոսենք, նաեւ՝ թերություններից (ծիծաղում է,-հեղ.):

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Կլիմտի «Համբույրը» շատ եմ սիրում. երբ Վիեննայում տեսա, անսահման ազդեց ինձ վրա: Շատ եմ տպավորվել ու հետո հոնգուր-հունգուր արտասվել Քյոլնի տաճարը տեսնելուց հետո: Այն ճարտարապետական գլուխգործոց է ու շատ ազդեցիկ։ Եվ «Ամելի» ֆիլմի համար Յան Թյերսենի գրած երաժշտությունն է մեծ ներգործություն ունեցել ինձ վրա. տարիներ շարունակ լսում եմ։


- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ Ձեր մասին վերջերս եք իմացել։

- Կասեի՝ զայրացնող. ընկերուհիս 5-րդ բալիկին է սպասում, այդ մասին հրապարակում էի արել, եւ կայքերը մոլորեցնող վերնագիր էին դրել՝ «Անահիտ Կիրակոսյանը՝ հղիության լուրի մասին. աղջի՞կ, թե՞ տղա»։

- 3 պատճառ, թե ինչու է թատրոնը հարազատ Ձեզ:

- Թատրոնը թթվածին է, որը միշտ ինձ պակասում է: Այն վայրն է, որտեղ կարող եմ ճախրել (ծիծաղում է,-հեղ.): Ու թատրոնն անհնարինը հնարավոր դարձնող երեւույթ է։ Դրա համար թատրոնի աշխարհն, առհասարակ, ինձ շատ հարազատ է։

- Նոր ներկայացում ստեղծելու ամենահաճելի ու դժվար պահերը:

- Ամենահաճելին այն է, որ ծանոթանում ես քո նոր գույնի հետ, որը պիտի ներսիցդ փնտրես, գտնես ու արարես: Քո նոր կերպարի հետ ես ծանոթանում: Ամենաբարդը չհաջողելու վախը հաղթահարելն է, այսինքն՝ առավելագույնս տրվես դերին ու ստանաս այն, ինչ ուզում է ռեժիսորն ու դու ես պատկերացնում, եւ այդ միաձուլումը ճիշտ չափաբաժնով ստանաս։ Ամենակարեւորը՝ լինես համոզիչ, անկեղծ ինքդ քեզ ու դերիդ հետ։

- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում դերասանի հետ:

- Վա՜յ, դերասանի հետ կարող է պատահել ամեն ինչ (ծիծաղում է,-հեղ.): Օրինակ՝ 40 աստիճան ջերմություն ունենաս, բայց, միեւնույն է, ներկայացման գնաս ու խաղաս: Պետք է մոռանաս, թե ինչ է այդ պահին զգում Անահիտն ու հիշես, որ կերպարդ չի ջերմում։ Դիմացինդ կամ դու տեքստ մոռանաք, իմպրովիզով հաղթահարեք (ծիծաղում է,-հեղ.): Իրավիճակներ կարող են լինել հանդիսատեսի մասնակցությամբ. «Ալպիական մանուշակը» դրսում ենք խաղում, ու վերջերս բեմական տարածք երեխա մտավ, պետք է կարողանաս դա էլ արդարացնել։

- Դերասանների ամենամեծ վախերը:

- Ամենամեծ վախն ինձ համար չստացված կերպարն ու հանդիսատեսի բացասական արձագանքն է: Ի վերջո, ամեն ինչ անում ես, որ վերջում արժանանաս ազնիվ ծափերի։ Ինչպես նաեւ՝ տեքստ մոռանալն ու ժամանակին բեմ դուրս չգալը։

- Ինչպիսի՞ն եք առանց դիմակի՝ ուղիղ եւ փոխաբերական իմաստով:

- Շատ սովորական մի մարդ եմ, ընդհանրապես անհայտ ու առանց աստղային որեւէ նշույլի: Մարդ եմ՝ իր խնդիրներով, սթրեսներով, ուրախություններով, թերություններով։ Բայց առանց դիմակի երբեք չեմ վախենում դուրս գալ փողոց եւ ինքս ինձ հետ լինել անկեղծ: Ինձ առանց դիմակի շատ եմ սիրում, ընդհանրապես, բոլոր դիմակներս թողնում եմ կերպարներիս, իսկ իրական կյանքում անգամ մոռանում եմ, որ հանրային մարդ եմ ու ինձ կարող են ճանաչել: Շատ առանց դիմակի եմ ապրում (ծիծաղում է,-հեղ.):


- 3 հոգեվիճակ, որ ունենում եք բեմում:

- Ամեն անգամ բեմ մտնելուց առաջ խայտառակ հուզվում եմ, թվում է՝ ոչինչ չգիտեմ, բայց մտնելուց հետո աշխարհն իմն է ու բեմից այն կողմ էլ ոչինչ չեմ հիշում: Վերջում  թեթեւություն եւ հանգստություն է գալիս, որ այս մի ներկայացումն էլ խաղացինք, այդ էներգիան էլ փոխանցեցինք։

- Դերասան, որից դեմ չէիք լինի մասնագիտական խորհուրդ հարցնել, եւ ի՞նչ կուզեիք իմանալ նրանից:

- Հայ բեմի դերասաններից այդ մարդը միշտ Դավիթ Հակոբյանն է, Մարջան Ավետիսյանը, Նելլի Խերանյանը, իսկ հոլիվուդյան՝ Էնթոնի Հոփքինսը, Մերիլ Սթրիփը, Նատալի Փորտմանն ու Կիանու Ռիվզը:  

- Կերպարներ, որոնք մեծ հետք են թողել Ձեզ վրա կամ օգնել Ձեզ նորովի բացահայտել, ու ինչպե՞ս են դա արել:

- Թատրոնի կերպարներից, վստահաբար, Վիգեն Չալդրանյանի բեմադրած «Համլետ»-ում Օֆելյան է, որովհետեւ բացարձակ նոր ու ուրիշ մտածելակերպ էր: Փորձերին ինքս ինձ կոտրել եմ, ջարդել, ինձ վրա աշխատել. չէր հաջողվում ստանալ այն, ինչ ռեժիսորն էր ուզում, բայց հետո ամեն անգամ ստանալով՝ էլ ավելի էի ոգեւորվում: Եզակի ներկայացումներից էր, որ ամեն անգամ ավարտից հետո երկար ժամանակ էր պահանջվում, որ ազդեցությունից դուրս գամ: Սառայի կերպարն էլ կառանձնացնեմ՝ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալից, որը պատերազմին զուգահեռ նկարահանվեց, ու կերպարս նման էր ինձ: Երբեմն դրվագներ եւ խոսքեր կային, որ կերպարի շուրթերից էին հնչում, բայց արտացոլում էին իմ իրական հոգեվիճակը։

- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ կողմերը:

- Ունես մի հարթակ, որտեղ անսահմանություն կա, կարող ես իրականացնել այն ամենն, ինչ կյանքում հնարավոր չէ: Այնտեղ կարող ես կախարդել ու հասնել մարդկանց հոգիներին եւ սրտերին։



- Ձեր ուսուցիչները, որոնցից կյանքի մասին ու մասնագիտական կարեւոր խորհուրդներ եք ստացել:

- Առաջին հերթին ծնողներս են. երկուսն էլ մանկավարժ են ու իմ կարեւոր խորհուրդատուները, նրանք իրենց օրինակով են ինձ սովորեցրել: Հետո արդեն Դավիթ Հակոբյանն է, իմ վարպետ ու ղեկավար Սոս Սարգսյանը, որի կուրսում սովորելու պատիվ եմ ունեցել, եւ Վիգեն Չալդրանյանը։

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Վստահ եմ, որ կասեն շատ բարի, անմիջական, անկեղծ, ակտիվ, ուրախ, նեղացկոտ, էմոցիոնալ գժուկ եմ։

- Ինչպե՞ս է Ձեզ փոխել ու նորովի բացահայտել մայրությունը:

- Մայրությունը կյանքը բաժանում է երկու մասի՝ մինչեւ եւ հետո: Վստահաբար, փոխվում է ամեն ինչ. հասկանում ես, որ պատասխանատու ես մեկ այլ մարդուկի համար ու այլեւս քո կյանքը միայն քոնը չէ: Ցանկացած քայլ անելիս, որոշում կայացնելիս, ընտրություն անելիս հասկանում ես, որ դա միայն քեզ համար չէ: Ինչ-որ տեղ սկսում ես քեզ համար վախենալ եւ անհանգստանալ, որովհետեւ ունես երեխա ու չես ցանկանա՝ ինքն առանց քեզ լինի: Ձգտում ես հնարավորինս շատ լինել իր կողքին, աջակցել, օգնել ու փորձել ազգի համար պիտանի զավակ մեծացնել։


- Ծնող լինելու ամենահաճելի ու դժվար կողմը:

- Ամենահաճելին այն է, որ կյանքում ինչ էլ լինի, ինչ հոգեվիճակում էլ լինես, ինչքան էլ նեղված լինես աշխատանքային անհաջողություններից, գալիս ես տուն, այդ հրաշք էակները քեզ գրկում են ու ասում. «Մամ, մենք քեզ սիրում ենք»։ Միանգամից ամեն ինչ փոխվում, հասկանում ես, որ էլ երբեք մենակ չես, ու այդ զգացողությունը քեզ ուժ է տալիս: Միշտ կան մարդիկ, որոնք քոնն են, քո կողքին են ու թելով կապված են հոգիներով ու սրտով։ Դժվար կողմն էլ այն, է, որ երբեք չպիտի մոռանաս այդ պատասխանատվության մասին ու փորձես ճիշտ օրինակ լինել երեխաներիդ համար, ինչը դժվար է, որովհետեւ նրանք միշտ քեզ են նայում։

- Երեխաներից սովորած կարեւոր հատկություններ։

- Նույնիսկ մասնագիտական առումով կարող եմ անդրադառնալ այս հարցին. Հակոբյանը միշտ ասում է՝ ուշադրություն դարձնենք երեխայի խաղին: Մհերը 6 տարեկան է ու խաղալիս այնքան է տարված, ազնիվ ու անկեղծ, որ որեւէ կերպար կերտելիս իրենից շատ բան եմ սովորում: Այսօրվա սերնդից կարող ենք սովորել նաեւ ավելի հստակ գծել՝ ինչն է մեզ համար ավելի լավ եւ վատ, ու գնալ այդ դրականի հետեւից: Պետք է սովորենք ավելի ազատ լինել. նրանք այդպիսին են իրենց մտքերն արտահայտելու, ցանկությունների եւ ձգտումների հարցում:


- Իսկ երիտասարդ տատիկ լինելու առավելությունը:

- Վա՜յ, այնքան հավես է, երբ ընդամենը 34 տարեկան ես եւ գիտես՝ ամեն ինչ առջեւում է, բայց կա մի կյանքի կտոր, որ քեզ գրկում է, հիացնում ու ասում՝ «Տատիկ»: Հետը հավասար խաղում եմ:  

- Ձեր ամենամեծ հավատը, որի վրա կարող ենք հենվել:

- Աստված, Աստվածաշունչ, Նարեկացի:

- Ձեր ոճի մի քանի կանոն:

- Առաջին հերթին կարեւորում եմ հարմարավետությունը, կոկիկությունն ու նրբագեղությունը: Սիրում եմ պաստելային երանգները:

- Հագուստ, որ երբեք չի լինի Ձեր զգեստապահարանում:

- Իմ զգեստապահարանում երբեք չեք տեսնի վուլգար, շատ վառ գույների, ընդգծող հագուստ եւ որեւէ բան վագրանախշով:

- Մոլորակի վրա ամենալավ տեղը:

- Հայաստանն է, միանշանակ: Համոզվել եմ բազմիցս:

- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:

- Տատիկիս պատրաստած ճաշի սոխառածի ու տոմատի բույրը, երբ նոր էր պատրաստում ջրիկ ճաշը: Մայրիկիս պատրաստած խմորեղենի բույրը, երբ մտնում էինք սառը սենյակ՝ մի կտոր փախցնելու:


- Վայրեր, որոնք որոշիչ են եղել Ձեր կյանքում:

- Վանաձորը, ուր անցել է իմ մանկությունն ու ձեւավորվել է տեսակս: Երեւանի «Մեղեդի» սրճարանը, որտեղ հանդիպեցինք Դավիթ Հակոբյանի հետ, ու պարզ դարձավ, որ գնալու եմ Թատերական ինստիտուտ: Կամերային երաժշտական պետական թատրոնը, որտեղ պրոֆեսիոնալ բեմում առաջին դերն եմ կերտել: «Շանթ» հեռուստաընկերությունը, որտեղ առաջին քայլերս եմ արել հեռուստանովելների ու հաղորդավարության ասպարեզում:

 - Մեր մեծերից ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել եւ ի՞նչ հարց կտայիք:

- Հենրիկ Մայլանի հետ սիրով կզրուցեի ու կհարցնեի, թե ինչպես է կարողացել այդքան նուրբ ձեւով խոսել պատերազմի մասին՝ չցուցադրելով պատերազմական ոչ մի կադր «Նահապետ» ֆիլմում: Շատ ֆիլմերից կզրուցեինք, դերասանների ընտրությունից ու էլի տարբեր թեմաներից: Շատ եմ սիրում Հենրիկ Մալյանի թողած ժառանգությունը:

- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:

- Արել եմ Բարսելոնայում՝ Հիսուսի արձանի մոտ: Իմ երազանքն է եղել տեսնել Բրազիլիայում Հիսուսի արձանը, բայց Իսպանիայում էլ կար, տեսա ու զգացի այդ էներգիան եւ ուժը: Զգացողությունս անբացատրելի է, շատ տպավորիչ ու չմոռացվող։


- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած մարդիկ:

- Մեկը, հաստատ, Մարգարիտ Խաչատրյանն է, որին երկար տարիներ գիտեի որպես դերասանուհու, բայց չէի ճանաչում որպես մարդու: Նա նախորդ տարվա իմ ձեռքբերումն է ու հպարտությամբ կարող եմ ասել՝ իմ ավագ ընկերը: Իր տեսակը, էներգիան, դիմացինին հասկանալու, ընդունելու, ոգեւորելու, թեւեր տալու կարողությունն անբացատրելի է։ Մյուսը ռեժիսոր Նաիրին է, որի հետ ծանոթացել եմ Արմավիրում՝ «Բեյբի շոու»-ի շրջանակում, նա նաեւ «Դու ուժեղ ես» նախագծի ղեկավարն է, որի շրջանակում սահմանափակ կարողություններով կամ որեւէ խնդրով մարդիկ կարողացան արվեստի միջոցով իրենց հույզերն արտահայտել:

- 2 երգ՝ տխրելու եւ ուրախանալու համար:

- Տխրելու համար՝ Բաստայի «Սանսարա»-ն, ուրախանալու՝ «We Are Family»-ն:

- 3 ոգեշնչող հանգամանք:

- Ընտանիք, աշխատանք, բնություն։

- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքի կուզեիք տիրապետել:

- Միշտ ասում եմ, որ կուզեի նոտաներ իմանալ ու պրոֆեսիոնալ դաշնամուր նվագել, իսկ հնարքներից՝ կախարդելու ունակություն։


- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Ցանկացել եմ օդապարիկով թռչել, բայց դեռ չեմ համարձակվում:

- Ի՞նչ է հիմա Ձեզ պակասում:

- Պակասում են այն մարդիկ ու նրանց հետ շփումը, որոնք էլ չկան:  

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Շնորհակալ եմ միշտ ու ամեն վայրկյան այն ամենի համար, որ ունեմ՝ արթնանում եմ, աչքերս բացում, տեսնում լույսը, ունեմ ընտանիք, մայրանալու բերկրանքն եմ զգացել, առողջ եմ ես, երեխաներս: Շնորհակալ եմ ինձ տրված յուրաքանչյուր բանի համար, դա շատ կարեւոր զգացողություն է։

- Ի՞նչ կար 2024-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք հասցրել կյանքի կոչել:

- Շատ էի ցանկանում գեղարվեստական նոր ֆիլմում նկարվել ու, փառք Աստծո, երկու ֆիլմ եղավ, որոնցում նկարահանվեցի:


- Ինչի՞ շնորհիվ ամենաշատը կհիշվի 2024 թվականը:

- Միշտ տարվա սկիզբն եմ հիշում, երբ կորուստներ եմ ունեցել, իսկ ընթացքում ճանապարհորդել եմ ու ինձ համար հետաքրքիր բաներ բացահայտել: Հիշելու հետ կապված զգացողություններս երկակի են։

- 2025-ի համար մաղթանք՝ ինքներդ Ձեզ ու բոլորիս:

- Բոլորիս կմաղթեմ արժանապատիվ խաղաղություն, իսկ ինձ՝ նոր դերեր, կերպարներ, գեղարվեստական նոր ֆիլմեր ու բեմական նոր աշխատանքներ:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարներն՝ Կիրակոսյանի անձնական արխիվից, «Բեմել»-ի, BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW