×


«Դուստրս ուզում է, որ իմ կողքին սիրելի մարդ լինի»․ Անուշիկ Առաքելյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանն Ամայլա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման շրջանակում խոսել է երիտասարդ տարիքում ամուսնալուծվելու, երեխային միայնակ մեծացնելու եւ իրենց կապվածության, նորից չամուսնանալու պատճառների, գլխավոր դերերում չխաղալու եւ «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը ստանձնելու մասին։


Դուստրը

Աղջիկս իմ միակ թույլ տեղն է այս աշխարհում. չափազանց չեմ համարի ասել՝ ինձ համար աշխարհը պտտվում է նրա շուրջ։ Թեեւ չափազանց խիստ մայր եմ, նա մի անգամ ինձ ասաց՝ ուզում է, որ իր երեխաներին էլ ես դաստիարակեմ։ Նրան կարոտում էի, անգամ երբ դեռ չէր ամուսնացել, որովհետեւ շատ կապված ենք։ Փառք Աստծո, ապրում է Հայաստանում, եւ կարող եմ տեսնել յուրաքանչյուր պահի։ Նաեւ բախտս բերել է, որ օրս չափազանց հագեցած է անցնում, ու այնքան հոգնած եմ վերադառնում տուն, որ ժամանակ չունեմ, այսպես ասած, տուրք տալ էմոցիաներին։

«Ամուսնալուծությունը ստիպված ընտրություն է»

Ուժեղ կին-ուժեղ տղամարդ հասկացությունները հաճախ սխալ են ընկալվում մեր հասարակության մեջ։ Ամուսնալուծությունն ուժեղ լինելու մասին չէ. ստեղծվել է իրականություն, որում այլեւս չես ուզում լինել։ Դա ընդամենը ստիպված ընտրություն է, որի համար պիտի պատասխանատվություն կրես։

«Մի անգամ եղել է սիրահարվածություն»

Եթե երկրպագուների մեջ չես տեսնում մեկին, որ համապատասխանում է քո արժեքներին ու սկզբունքներին, ապա պետք չէ ամուսնանալ՝ պարզապես կողքիդ տղամարդ ունենալու համար։ Դա լիարժեքություն չի տալու կնոջը։ Մի անգամ եղել է սիրահարվածություն, շատ տխուր է հնչում (ժպտում է,- հեղ․)։ Տարիքի հետ մարդու զգացողությունները, ընկալումները փոխվում են, եւ մենք այլեւս չենք կարող ունենալ այն խանդավառությունը, անձնուրաց սիրահարվածությունը, որ ունեցել ենք երիտասարդ տարիքում, բայց դա հիասթափության հետ կապ չունի։

«Աղջիկս չի խոչընդոտել նորից ամուսնանալ»

Շատ տխուր է, երբ կինն իր պատկերացրած ուժեղ տղամարդուն չի տեսնում իր շուրջ։ Եվ կարեւոր չէ՝ իրենն է այդ տղամարդը, թե ոչ։ Մենք իրականում շատ բան ենք կորցրել այդ առումով։ Ես չգիտեմ՝ ինչու այսօր տղամարդիկ չունեն այն արժեքները, որ առաջ կային։ Դա անընդհատ լսում եմ տարբեր կանանցից, տարբեր զրույցներում։

Իհարկե, կատարյալ մարդ չէի փնտրում, բայց պատասխանատվությունն ավելի է մեծանում, երբ գիտակցում ես՝ նրան ներգրավելու ես ոչ միայն քո, այլեւ երեխայիդ իրականություն։ Ու եթե հանկարծ պարզվի, որ նա չի համապատասխանում քո արժեքներին, եթե պարզվի՝ նորից սխալվել ես... Սա ինձ համար աններելի կլիներ։ Բայց աղջկաս կողմից երբեք որեւէ ձեւով ճնշում կամ սահմանափակում չի եղել, ընդհակառակը՝ միշտ ուզել է, որ իմ կողքին սիրելի մարդ լինի։ Հատկապես հիմա, որ ամուսնացել է, ու ես մենակ եմ, բնականաբար, իր ցանկությունն ավելի է մեծացել։

«Հայր ու դուստր շփվել են վեց տարի»

Աղջիկս մեկ տարեկան էր, երբ բաժանվեցինք: Երեխայի հետ շփվելու արգելք երբեք չի եղել, որովհետեւ մենք շատ հանգիստ ենք ամուսնալուծվել։ Մեկ տարի շարունակ եղել են միանալու փորձեր, բայց, միեւնույն է, իմ որոշումը չփոխվեց դրանից։ Իմ կարծիքով՝ հիվանդագին որոշում է արգելել երեխային եւ ծնողին շփվել, եթե, իհարկե, վտանգավոր մարդու մասին չենք խոսում։ Մինչեւ դստերս վեց տարեկան դառնալն իրենք շփվել են, որից հետո հայրը մեկնել է երկրից, եւ այդպես դադարել է շփումը․․․

Դերերը

Մի քանի անգամ սերիալների ռեժիսորներից լսել եմ այս արտահայտությունը՝ «Մենք քեզնից թույլ կին չենք կարողանում ստանալ. միայն քայլվածքը, ձայնը, աչքերի արտահայտությունը այլ բանի մասին են խոսում»։ Դրան առանձնապես ուշադրություն չեմ դարձրել, քանի որ կարեւորում էի լուրջ ֆիլմերում դերակատարում ունենալը եւ ի վերջո, սիրելի գործով զբաղվելը։

«Տնօրենի պաշտոնում լինելու առաջարկը եղել է շատ պատահական»

«Կենտրոն» հեռուստաընկերություն եկել եմ 2015 թվականին՝ տնօրեն Էդգար Ավագյանի առաջարկով, որպես «Բարի լույս» ծրագրի հաղորդավար։ Հետո ստանձնել եմ առավոտյան ծրագրի ղեկավարի պաշտոնը։ Ծրագիրը փակվեց 2018-ին, 2021-ին ցանկացա վերականգնել, ներկայացրի նախագիծը, եւ երբ պարոն Ծառուկյանն իմացավ, որ նման միտք ունեմ, մենք, բնականաբար, հանդիպեցինք։ Նա ասաց, թե կարծում էր՝ արտերկիր եմ տեղափոխվել: Նշեց, որ իրենք էլ ցանկություն ունեն վերաբացել առավոտյան ծրագիրը։ Մեկ տարի կրկին աշխատեցի որպես ծրագրի ղեկավար, իսկ հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում լինելու առաջարկը եղել է շատ պատահական ու շատ արագ. եղել է մոտավորապես 2-3 րոպեանոց խոսակցություն։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW