×


Անկեղծ զրույցներ, Արցախի բարբառ ու հիշողություններ. Պարոնյանի բեմում «Արեւի մարդիկ» են

«Արեւի մարդիկ» հանգրվանել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Արցախյան բարբառով եւ նիստուկացով համեմված ներկայացման հիմքում արցախցի հեղինակ Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասի՛ր» ստեղծագործությունն է, բեմադրել է Ռուզաննա Խաչատրյանը:

Ռեժիսորի խոսքով՝ իր գլխավոր նպատակը բեմից անկեղծություն փոխանցելն ու դրանով հանդիսատեսին վարակելն է, անվան ընտրության հարցում էլ պատմվածքի հեղինակի հետ համակարծիք են եղել. «Արեւը հավերժության եւ ջերմության խորհրդանիշն է, ինչպես նաեւ լույսի, իսկ այս դեպքում՝ նաեւ հույսի։ Այդ մարդիկ, որ ապրում էին Արցախում՝ իրենց հողում եւ արեւին շատ մոտ, ջերմությունը հենց նրա մեջ է։ Ջերմությունն իրենց մեջ է ապրում եւ իրենք այդ արեւով հիմա կարողանում են ապրել եւ ապրեցնել»։


Ներկայացման մեջ Արցախի հեռավոր ու գողտրիկ մի գյուղում, որտեղ արեւն այնքան մոտ է ծագում, որ թվում է՝ արթնանում ու քնում է մարդկանց ներսում, ապրում են «Արեւի մարդիկ»: Նրանք ներկայացնում են կյանքը, որտեղ միահյուսված է հավատարմությունը սեփական հողին, լույսին ու ապագային։ Այնտեղ՝ արեւի բնակավայրում, կողք կողքի բնակվում են ցավը, կորուստը, կամակորությունն ու միամտությունը։ Բայց նույն պահին այդ վայրում արթնանում են անկեղծ հումորը, ապրելու ու արարելու անսպառ կամքը։


Ստեղծագործության հեղինակ Հերմինե Ավագյանը ներկա էր առաջնախաղին եւ անկեղծացավ, որ դեռեւս չի կարողանում գրողի դերից հանդիսատեսի դերում հայտնվել. «Ամեն օր մի յուրահատուկ անհանգստությամբ եմ նայում: Գալիս եմ իմ թերությունները գտնելու եւ խմբագրելու։ Իմ պատվածքների գիրքը 44-օրյա պատերազմից մի քանի օր առաջ էր լույս տեսել։ Երբ առաջարկեցին վերածել սցենարի, շատ դժվար էր, քանի որ բեմի համար չէր գրված։ Արցախն ասոցացվում է պատերազմի հետ, այո, բայց ես ուզում էի նաեւ ցույց տալ, որ այնտեղի մարդիկ իրենց պապենական հողի վրա էին ուզում ապրել եւ չէին մտածում, որ այդ երազանքն իրենցից կարող են խլել։ Այս ներկայացումը ոչ թե հենց արցախցու, այլ բոլորիս մասին է՝ իմ, ձեր։ Մեր ապրելու երազանքի մասին է»։


Ներկայացումն անդրադառնում է նաեւ Հայաստանի եւ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանին: Ռուզաննա Խաչատրյանը նշեց, որ իր պարտքն է համարում հայրենիքի նվիրյալների հիշատակը վառ պահել. «Մենք մեր հերոսների առաջ ամոթի զգացումով ենք, որովհետեւ կորցրինք այն, ինչ նրանք արյան գնով մեզ նվիրել են՝ հայրենիք, արժանապատվություն։ Մենք նաեւ պարտք ունենք, ու սրանք պաթետիկ խոսքեր չեն՝ շատ անկեղծ եմ ասում: Կոնկրետ ես, այո՛, իմ պարտքն եմ համարում հնարավոր եւ անհնարին բոլոր ձեւերով, թեկուզ այս պայմաններում, երբ սոցցանցերում խնդիր է առաջացել նրան հիշատակելը, պատմել նրա մասին: Ուզեցի, որ ներկայացման մեջ լիներ Մոնթեն՝ իր հավերժությամբ»։


Ներկայացումն իրենց խաղով ամբողջացնում են դերասաններ Շողեր Սարգսյանը, Արթուր Կարապետյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Ռուզան Գասպարյանը, Մարատ Դավթյանը, Արմեն Կարապետյանը, Սաթիկ Հախնազարյանը, Զարուհի Խաչատրյանը, Մարիամ Գրիգորյանը, Սերգեյ Ոսկանյանը, Արսեն Ալբարյանը, Սիփան Զադոյանը, Հասմիկ Մխիթարյանը, Կարապետ Քարաջյանը եւ թատրոնի բալետային խումբը:


Ներկայացման նկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը Մարինա Թադեւոսյանն է, պարերը՝ Էդգար Կարապետյանի, անիմացիան՝ Մարիամ Մուրադյանի։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Պարոնյանի անվան թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW