×


Արմեն Հարությունյանը

«Արցախյան մշակույթը սպանել են»․ Ստեփանակերտի լուծարված թատրոնի տնօրեն

92 տարվա պատմություն ունեցող թատրոնը Հայաստանում փակվել է։ Արդեն երկրորդ տարին է, որ աշխատակազմն անգործ է։ Խոսքը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մասին է։ Ինչպես թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանն է BRAVO.am-ի հետ զրույցում նշել՝ նույնիսկ Արցախի՝ Խորհրդային Ադրբեջանին բռնակցումից հետո քչերից էր թատրոնը, որ պահում էր հայոց լեզուն։

«Այդ մաքուր գրական լեզուն մարդիկ լսում էին թատրոնում․ պատմական պիեսներ էին բեմադրվում։ Հիմա ներկայացումներ կան, շատերը՝ ոչինչ չասող, եւ տպավորություն է՝ հատուկ է արվում, որ մարդիկ մոռանան իրենց պատմությունը»,- հավելել է նա:

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը


Սկզբում խոստումներ եղել են. ասել են՝ կօգնեն վերականգնել թատրոնի գործունեությունը, կանեն ամենը, որ թատրոնը նույն անունով շարունակի գործել, որ պետական կարգավիճակ կամ էլ Թատերական գործիչների միության հովանու ներքո իր աշխատանքներն իրականացնելու հնարավորություն ունենա։ Սակայն փաստն այն է, որ խոստումներն օդում են մնացել․ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանից մեկնաբանություն այս հարցում մեզ չհաջողվեց ստանալ:

«Ուրախալի էր, որ նման վերաբերմունք կար,- ասում է Արմեն Հարությունյանը,- չնայած՝ ես չէի հավատում, որ այստեղ թատրոնը կպահեն։ Հոկտեմբերին հյուրախաղերով ԱՄՆ-ում էինք, երբ ասացին, որ թատրոնը փակել են։ Նրանց խոսքով՝ դա Արցախի նախագահի հրամանագրով է, Արցախի նախագահն ասում է՝ նման հրամանագիր չկա։ Ցանկության դեպքում, այնպես չէ, որ չէին կամ չեն կարող մշակութային այս կենտրոնները վերաբացել»։

Ստեփանակերտի դրամատիկական թատրոն, 2023 թվականի մայիս


Հյուրախաղերի մեկնելու համար կոստյումներ, դեկորացիաներ չեն ունեցել, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը եւ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն են աջակցել։ Անհատների աջակցության շնորհիվ 2023 թվականի դեկտեմբերին կարողացել են երկու ներկայացում խաղալ․ մեկը՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, մյուսը՝ «Բոհեմ» թատրոնում։

«Վերադառնալուց հետո փորձել ենք վրանում թեկուզ վերականգնել մեր աշխատանքները, ինչ-որ կերպ մեր թատրոնն ունենալ, բայց պայմաններն ընդհանրապես թատերական չէին։ Նվազագույն պայմաններ չկային անձնակազմի աշխատանքն ապահովելու համար։ Թատրոններում կան անհատներ, որոնք իսկապես ինչ-որ բան են ուզում անել, բայց ասելով չի ստացվում, հնարավորություն պիտի լինի․ անհատների ձեռքին շատ բան չկա։ Ամենաշատը մի օր կարող են անվճար բեմ տրամադրել, բայց այդ մի օրում ի՞նչ անեմ, փո՞րձ անեմ, թե՞ այդ օրը խաղամ»,- նշել է Արմեն Հարությունյանը:

«Անմահների դիրքը» ներկայացումը


Թատրոնի տնօրենի խոսքով՝ անձնակազմի հետ կապը կա, ուզում են իրենց աշխատանքին վերադառնալ․ բոլորն էլ տուն պահելու խնդիր ունեն. «Մեկը խանութում է աշխատում, մյուսը տաքսի է քշում, մեկը ռեստորանում կարտոֆիլ է տապակում․ ի՞նչ անեն։ Եթե տարածք ունենանք, գուցե տոմսերից ստացված գումարով կարողանանք նվազագույն վարձատրությամբ աշխատանք ապահովել։ Տունը պահելու այլ տարբերակներ կգտնենք, հարցը դա չէ։ Դա ինձ կամ թատրոնի անձնակազմին չէ, որ պետք է. այս ազգին է պետք։ Արցախյան մշակույթը սպանել են․ խնդիրը դա է»:

Թատրոնների փակումն ու մշակութային կյանքը կանգնեցնելը կարելի է դիտարկել որպես մշակութային «մահացու լռություն»։ Թատրոն փակելը միայն շենքի կորուստ չէ, այն ազդում է արժեքների վրա, ստիպում մարդկանց հրաժարվել իրենց ստեղծագործական արմատներից եւ աստիճանաբար մոռանալ ազգային ժառանգությունը։

Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW