Սուտն անտանելի է, բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք լսել միայն ճշմարտությունը. այս գաղափարի հետքերով ռեժիսորներ Գրիգոր Գասպարյանը եւ Արման Սարգսյանը նկարահանել են «Բարի օր 2» ֆիլմը, որի պրեմիերան երեկ էր՝ «ԿինոՄոսկվա»-ում։
Գրիգոր Գասպարյանը նշել է՝ նոր ֆիլմում կերպարները նույնն են, բայց զարգացումներն են փոխվել. «Առաջինը սիրվել էր, եւ ստեղծագործական խումբը որոշեց երկրորդը ստեղծել։ Այս կատակերգությունները մեր հասարակության հայելին են` մարդիկ դրվագներ են տեսնում իրենց կյանքից։ Միշտ չէ, որ այդ հայելին շատ հաճելի է, բաց շատ անկեղծ է։ Շարունակություն նկարահանելն այդքան էլ հեշտ չէր. այս անգամ շատ երկար ենք մտածել հիմնական գաղափարի շուրջ»:
Մհեր Մխիթարյանը, ով մարմնավորում է գլխավոր հերոսին՝ տաքսիի վարորդ Հենդոյին, կեսկատակ նշել է, որ իրական կյանքում նախընտրում է քաղցր սուտը. «Ճիշտ պատասխանը հաճախ տխրեցնում է։ Իսկ կերպարներն, իրականում, հավաքական են, որոնց հանդիպել ենք առօրյայում»։
Հրաշքին հավատալու եւ ընտանիքի կարեւորությունը կարմիլ թելի պես անցնում է սյուժեի միջով, ինչին անդրադարձավ նաեւ գլխավոր հերոսուհուն մարմնավորող Ռոզի Ավետիսովան։
«Եթե առաջին ֆիլմում խելոք, լսող կնոջ կերպարում էի, երկրորդում ներկայացնում եմ ավելի ուժեղ ու կայացած անհատի, ով չի խուսափում հայտնել իր կարծիքը: Իմ եւ Տաթեւի կերպարի ընդհանրությունը ընտանիքի գաղափարի արժեւորումն է։ Շատ ուրախ եմ, կարեւոր է, որ ընտանիքի պահպանման քարոզը լինի»,-նշել է դերասանուհին։
Ֆիլմում նկարահանվել են նաեւ Էվա Խաչատրյանը, Նանուլը, Վարդան Քոչարյանը, Իվետա Մուկուչյանը եւ ուրիշներ։ Դերասանական կազմին միացել է նաեւ Մկրտիչ Արզումանյանը՝ առեղծվածային կերպարով։ Կատակերգությունն ավարտվում է նոր ֆիլմի սպասման գաղափարով։ Ռեժիսոր Արման Սարգսյանը չբացառեց, որ կնկարահանեն «Բարի օր 3»-ը:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: