«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Սրբուհի Բալայանն այսօր նշում է 26-ամյակը: Նա BRAVO.am-ի հետ զրույցում ամփոփել է վերջին մեկ տարին, պատմել մեծ ծրագրերից ու խոստովանել, որ շատ է սիրում նշել իր ծննդյան օրը:
«Տարեդարձս շատ եմ սիրում. եւս մեկ անգամ ծնողներիս շնորհակալություն հայտնելու, հարազատներիս, ընկերներիս կարեւորությունը զգալու օր է։ Այս օրն եմ նայում իմ սիրելի մարդկանց ու հասկանում, որ իմ սիրուն կյանքն ապրում եմ այս մարդկանց հետ, իրենք՝ իմ, եւ դրանից գեղեցիկ բան չկա»,- անկեղծացել է նա:
Երեկոյան Սրբուհուն անակնկալ է մատուցել ամուսինը՝ դերասան Վաչե Երիցյանը. նրա ու իր ծնողները, ընկերները եկել են եւ տոն պարգեւել: Բալայանը տարեդարձն այս տարի նշելու է ամուսնու հետ՝ Դսեղում:
«Մի տան մեջ ենք ապրում, բայց երբեք չեմ հասկանում՝ նվերներն ինչպես են հայտնվում կեսգիշերին»,- ամուսնու հնարամտության մասին պատմել է դերասանուհին:
Անկեղծանում է՝ նպատակներն ու պլանները շատ են, առաջիկայում երկար սպասված նախագիծ կյանքի կկոչեն, որը, վստահ է, նոր վերելքներ կբերի իր կյանք, սակայն դեռ մանրամասնել չի կարող:
«Կուզեմ՝ այն, ինչ կա իմ կյանքում, մնա ու ավելանա, երբեք ոչինչ ու ոչ ոք չպակասի։ Իսկ մասնագիտության մեջ կանեմ առաջին քայլերը՝ հույս ունենալով ստանալ նույն պատասխանը։ Թատրոնը պիտի լինի, որովհետեւ թատրոնում լինելով հանդերձ՝ այն անսահման եմ կարոտում»,- ասել է նա:
Դերասանուհին առաջինը հպարտ է ինքն իրենով, որ կարողացել է նորից սիրել այս կյանքը, զգալ բոլոր գույները եւ եղանակները. «Վերջին մեկ տարին աշխատանքային էր ու շատ զբաղված, նաեւ լցված էր տարբեր հույզերով, կարոտով, ուրախությամբ, հուսահատությամբ։ Չնայած դրան՝ հնարավորինս տաք ու կարեւոր էմոցիաներն եմ հավաքել ու ինձ հետ բերել 26-ամյակ: Ամենամեծ նվաճումս ինձ համար լավագույն միջավայր ստեղծելն էր՝ անձնական, ընկերական, աշխատանքային, որ ես լինեմ ինքս ինձ հետ հաշտ, համենայնդեպս՝ փորձեմ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: