Քաղաքը լցված է սրտաձեւ ֆիգուրներով, որոշ մեքենաներից արդեն բարձր հնչում են ռոմանսներ, շուտով ծաղկի վաճառքը նոր թափ կառնի ու շատ աղջիկներ լուսաֆորի կարմիր լույսի տակ կկանգնեն՝ զմայլված ու երջանիկ դեմքով: «Հյուրը» հռոմեացի սիրառատ պարոն Վալենտինն է: Քաղաքը միշտ կարդում է, ուստի, նվերի փնտրտուքի մեջ խճճված սիրահարներին խորհուրդ ենք տալիս միմյանց նվիրել մի երանելի գիրք, իսկ ներսում կարող եք մի սիրային երկտող թողնել:
BRAVO.am-ի առաջարկով գրականագետ, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը եւ գրող, բանաստեղծ Վարդան Սմբատյանը խորհուրդ են տալիս գրքացանկ՝ սիրո տոնի ֆոնին համարժեք:
Մեր հարցին, թե որոնք են սիրային, ռոմանտիկ, ընտանեկան արժեքների մասին իր ֆավորիտ 5 գիրքը՝ սիրելի անձնավորությանը նվիրելու համար, Արքմենիկ Նիկողոսյանը պատասխանեց.
«Գիրք նվիրելիս, հատկապես սիրո տոներին, շատ եմ կարեւորում, որ ընտրվեն խոր գրքեր, որոնք ոչ թե մեկ-երկու ռոմանտիկ հարաբերություն են պատկերում կամ հավերժական հանդիպում-բաժանումների վրա են կառուցված, այլ ընդհանրացնում են կին-տղամարդ հարաբերություններն իրենց ամբողջ բազմազանությամբ։ Այնպիսի գրքեր, որոնք գուցե հարաբերությունների հենց այդ փուլում քիչ բան հուշեն, բայց ուղեկից ու խորհրդատու լինեն ամբողջ կյանքում եւ ամեն տեսակ վայրիվերումների ժամանակ։
Ուստի, նախեւառաջ առաջարկում եմ անպայման նվիրել սիրո հոգեբանությունը, հարաբերությունները, բաժանման թախիծն ու հանդիպումի հրճվանքը, կեղեքող հուշերի ամբողջ դրաման ցնցող ձեւերով ու ձեւակերպումներով պատկերող գիրք՝ Հովհաննես Գրիգորյանի սիրային բանաստեղծությունները, որոնք ամփոփված են նրա «Կորած նամակներ» ժողովածուում։
Կառաջարկեի նաեւ Վահան Տերյանի հատուկ ընտրված, ավելի շատ՝ հասուն ու փորձառու սիրո մասին բանաստեղծությունները, բայց, ցավոք, դեռեւս նման ընտրանի չեմ հանդիպել։ Գուցե առաջիկայում ինքս կազմեմ»։
Լուսանկարը՝ Սամվել Սեւադայի Արքմենիկ Նիկողոսյանը
Հետո գրականագետը շարունակեց. «Ամուսնական հարաբերությունները լավագույնս ի ցույց դնող, հատկապես՝ սկզբնական փուլում հանդիպող դժվարությունների յուրահատկությունները, որոնց մասին սովորաբար չեն խոսում զույգերը, հոյակապորեն ու հոգեբանորեն անչափ տպավորիչ գիրք է Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» վեպը։ Խորհուրդ կտամ՝ միմյանց նվիրեն հատկապես նոր ամուսնացածները։
Քեզնից վայրկյան առ վայրկյան, նույնիսկ կարելի է ասել՝ կաթիլ առ կաթիլ, մաս առ մաս հեռացող սիրո եւ, այնուամենայնիվ, դրա հետ հուսահատորեն համակերպվելու, թե չհամակերպվելու մասին փառահեղ հոգեբանական, ես կասեի, վավերագրում է Օրհան Փամուքի «Սեւ գիրքը» վեպը։ Ամենացնցողն այստեղ, թերեւս, ի վերջո, համակերպումն է սիրելիիդ հեռացման հետ, որովհետեւ հուսահատորեն գիտակցում ես, որ նա այն մյուսին սիրում է նույն ուժգնությամբ, ինչ դու՝ իրեն, եւ դա զարմանալիորեն բերում է հոգեբանական թեպետ դժվար, բայց, այնուամենայնիվ, հաշտեցման։
Հաջորդը Միգել Դելիբեսի ուղղակի փառահեղ «Հինգ ժամ Մարիոյի հետ» վեպն է: Խորհուրդ կտամ՝ իրենց ամուսիններին կամ սիրելիներին նվիրեն այն կանայք, որոնք տարբեր ձեւերով ինչ-որ բաներ են փորձում հասկացնել նրանց կամ ինչ-որ բան են ուզում, որը չեն ստանում։ Իսկ այն տղամարդիկ, որոնք նվեր կստանան այս գիրքը, խորհուրդ եմ տալիս հենց հաջորդ պահից սկսել կարդալ, որովհետեւ վեպի հերոսուհին շատ կարեւոր բաներ է վերջապես ասում ամուսնուն, բացահայտում բազմաթիվ կարեւոր գաղտնիքներ, տասնյակ չարդարացված սպասումներ, որոնք շատ են ազդել իրենց հարաբերությունների վրա։
Եվ վերջապես, Գաբրիել Գարսիա Մարկեսի աննման «Սերը խոլերայի ժամանակ» վեպը, որովհետեւ այստեղ ամեն ինչ գրված է սիրո մասին։ Բառացիորեն ամեն ինչ»:
Լուսանկարը՝ անձնական արխիվից Վարդան Սմբատյանը
Մեր հաջորդ զրուցակիցը՝ Վարդան Սմբատյանը, փոխեց «խաղի կանոններն» ու առաջարկեց գրքերի այլընտրանքային ցանկ, այն է՝ ոչ ռոմանտիկ, ոչ դրամատիկ-մելամաղձոտ, այլ, իր խոսքով, բոլորովին այլ կշռով գրականություն, որոնց մեջ նաեւ թեթեւակիորեն շոյված է սիրո թեման: Իր շարքում առաջինը «Բառերի գետը» ամերիկյան պատմվածքների անթոլոգիան է. «Գիրքը կօգնի հասկանալ, թե ինչ փոփոխություններ է կրել ամերիկյան արձակը 19-21-րդ դարերում։ Գրքի գլխավոր մեղավորը կինն է։ Սա մարգինալ ու կարծրատիպերից ազատ ժողովածու է։ Մեր օրերում քիչ են հրապարակվում նման գրքեր։
Երկրորդը Մարգարիտ Դյուրասի «Ցավը» վեպն է: Դյուրասը ֆրանսիական նոր վեպի լավագույն հեղինակներից է, որը ոչ միայն քանդում է գրականության, իզմերի բոլոր չափորոշիչները, այլեւ ապացուցում է, որ սիրել պետք է այնպես, որ դա գրականություն դառնա»:
Եվ երրորդ գիրքը բանաստեղծի համար «Իմ Մեծարենց»-ն է, որի մասին նա հավելեց. «Եթե ընթերցողը գեղեցիկի ու լցվելու կարիք ունի, ապա թող կարդա այս գողտրիկ ժողովածուն։ Ի՞նչը կարող է շոյել կնոջ ականջները եւ հոգին: Իհարկե, լավ պոեզիան»:
Ալբինա Բուջատյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: