×


«Շուտով կգրկեմ քեզ եւ կծածկեմ միլիոնավոր համբույրներով». մեծերի սիրային նամակները

Տարիներ առաջ, երբ չկար համացանցն ու փոստն էլ մեր պատկերացրածի պես չէր, մարդիկ իրենց սերն այլ կերպ էին արտահայտում: Գրում էին երկարաշունչ եւ գեղեցիկ տողեր, կիսվում հոգու ամենանուրբ զգացմունքներով ու երկար-երկար սպասում պատասխանի:

Եթե չլինեին խունացած ու արդեն դեղնած ծրարներում քնքշորեն պահված այդ տողերը, երբեք էլ չէինք իմանա՝ ինչպես են իրար սեր խոստովանել ու պատմել զգացմունքների մասին հայտնի մարդիկ: Այսօր համացանցում գտել ենք այդ ծրարներից մի քանիսն ու առաջակում ենք դրանք միասին կարդալ:

Պարույր Սեւակ. «Գրկում եմ քեզ, հպվում եմ քեզ, միանում եմ քեզ հետ»

Պարույր Սեւակը որքան կրքոտ ու անզուսպ էր իր բանաստեղծություններում, նույնքան էլ բուռն էր նամակներում: Հատկապես ազդեցիկ են նրա տողերը, որոնք ուղղել է իր սիրելի կնոջը՝ Սուլամիթային: Այս նամակը գրել է 1960 թվականի նոյեմբերի 28-ին.

«Ես համատարած վերք եմ: Եվ սրանք բառեր չեն, այլ՝ փաստ: Ես ամբողջությամբ ճիչ եմ. «Սուլաաաա»: Ես անդիմադրելի լաց եմ… Դու ինքդ էլ չգիտես, թե որքան թանկ ես ինձ համար, թե որքան եմ սիրում ես քեզ... Ինչո՞ւ դու կողքս չես, որպեսզի ինձ նայես թախծոտ-թախծոտ:


… Հենց նոր ստացա հեռագիրդ: Անհանգիստ եմ քեզ համար: Թող նա չտանջի քեզ, թող չհամարձակվի, թե չէ ես նրան կսպանեմ: Թող նա շատ սիրի քեզ, շատ, թե չէ… Ինքս էլ չգիտեմ…

Սուլաաա: Ես սիրում եմ քեզ, սիրում եմ խելագարի պես, գազանի նման, ինչպես հիվանդ: Գրկում եմ քեզ, հպվում եմ քեզ, միանում եմ քեզ հետ: Եվ լալիս եմ: Եվ լալիս եմ: Աստված մի արասցե, որ քեզ համար էլ այսքան անմարդկային տխուր լինի: Սիրելիս: Դու ինձ շատ ես պետք: Մի կորչիր: Ես միշտ քոնն եմ լինելու: Չի կարող պատահել, որ
մինչեւ գարուն չհանդիպենք. կխելագարվեմ կամ ինքնասպան կլինեմ…

… Խաբում եմ (բանաստեղծորեն), թե գիտեմ քո անվան գույնը: Բայց թե ինչ բույր ունես դու, դա արդեն հաստատ գիտեմ, էլ չեմ ասում համի մասին: Իմ բուրմունք, ախր ես չեմ կարող առանց այդ բույրի: Թույլ տուր ինձ՝ Սողոմոնիս, ընկնել քո որովայնին ու հոտոտել այդ բույրը… Հանկարծ հասկացա, որ ֆիզիկապես ինչպես եմ քեզ ցանկանում, իմ էգին… Իմ վերջին սեր: Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ…»:


Շառլ Ազնավուր. «Իմ սենյակում միայն մեկ բան է պակասում՝ քո լուսանկարը»

Շառլ Ազնավուրը 1958 թվականից 6 տարվա ընթացքում Կլոդ Մեսսիային գրել է 42 նամակ, 9-ական բացիկ ու հեռագրեր: Առաջին նամակը գրելիս եղել է 34 տարեկան, իսկ աղջնակը՝ 20 տարեկան: Ահա դրանցից մի հատված, որը հիշեցնում է Ազնավուրի «Mourir d"aimer» («Մեռնելով սիրել») երգի բառերը: Նամակներից քիչ տողեր են հայտնի, քանի որ դրանք վաճառվել են աճուրդում ու ամբողջությամբ չեն հրապարակվել:



«Տարիներն անցնում են, հյուրանոցները մնում հիշողությունների պես: Առանց հիշողության այս պատերի ու քարերի մեջ ոչինչ չկա: Շտապեցնում եմ ժամանակը ինչպես երեկ, ինչպես վաղը, ինչպես միշտ: Ես մխրճվում եմ նրա միջով: Բայց ի վերջո, ուր էլ գնամ, հայտնվում եմ իմ հին հետքերի մեջ: Գրկում եմ քեզ»:

Հյուրախաղերի ու համերգների ընթացքում էլ Ազնավուրը երբեք չէր մոռանում սիրելիին. «Իմ սենյակում միայն մեկ բան է պակասում՝ քո լուսանկարը: Գուցե, սա բուրժուական նախապաշարմունք է: Բայց ես դեմ չեմ, երբ խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնց  սիրում եմ»:


Մարտիրոս Սարյան. «Համբուրում եմ քո ծով-ծով մազերը»

Նկարիչ Մարտիրոս Սարյանի եւ Լուսիկ Աղայանի սիրո պատմությունն անչափ գեղեցիկ եւ հուզիչ է: Նրանք 56 տարի ապրել են միասին, հենարան եղել իրար ու համատեղ ջանքերով էլ հաղթահարել դժվարությունները: Ահա նկարչի՝ կնոջը հասցեագրված նամակից մի հատված.

«Իմ նազանի յարս, դուն «անմահական ջրով լիքը օսկե փնջան իս ինձ համար»։ Իմ Լուսիկս։ Եթե վերցնեմ բոլոր ժողովրդական երգերը, մեր բանաստեղծներին ու նկարիչներին եւ ամբողջ Հայաստանի սարերն ու ձորերը երկինք արեւով, էդ բոլորը իմ Լուսիկիս մեջն է, չգիտեմ՝ ինչ անուն տամ իմ յարին, ինչ խոսքերով ասեմ նրան իմ սիրո մասին։

Սիրականս, համբուրում եմ քո ծով-ծով մազերը, քո երկինք երեսը, քո ճկուն մարմինը, իմ գեղեցկուհիս, իմ հրաշալի նշանածս։

Քո ամուսին՝ Մարտիրոս»:


Ֆրիդա Կալո. «Սիրիր ինձ մի քիչ, ես պաշտում եմ քեզ, իմ Դիեգո»

Նկարիչներ Ֆրիդա Կալոյի եւ Դիեգո Ռիվերայի սերն իրենց պես բուռն ու կրքոտ էր, նրան սիրում էին իրար, ատում, վիճում, ամուսնանում ու բաժանվում, նորից ամուսնանում: Ահա նամակներից մեկում նկարչուհու խոստովանությունն ամուսնուն.

«Մի նամակ տեսա բաճկոնի գրպանում, որը պատկանում էր ինձ ծանոթ մարդու: Այն գրողի տարած Գերմանիայում ապրող մի կնոջից էր... Նամակն ինձ բարկացրեց ու ստիպեց խանդել…

Իրականում սրտի խորքում ես ու դու միայն իրար ենք սիրում: Նույնիսկ երբ մենք անսահման արկածներ, դռան ճաքեր, մեր մայրերի մասին խոսակցություններ ու բողոքներ ենք ունենում, շարունակում ենք իրար սիրել, այդպես չէ՞: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ ես ուղղակի մի քիչ հիմար եմ ու անխելք, քանի որ այս ամենն արդեն եղել ու կրկնվել է միասին ապրելու մեր 7 տարիների ընթացքում: Այս ողջ բարկությունը վերջապես ինձ ստիպեց հասկանալ, որ ես սիրում եմ քեզ ավելին, քան իմ սեփական մաշկը: Դու դեռ մի քիչ սիրում ես ինձ, չէ՞, եթե նույնիսկ այդպես չէ, մի փոքր հույս կունենամ ու դա բավական կլինի ինձ համար:
Սիրիր ինձ մի քիչ, ես պաշտում եմ քեզ, իմ Դիեգո»:


Մարկ Տվեն. «Ամեն տարի ես քեզ սիրում եմ էլ ավելի ուժգին»

Գրող Մարկ Տվենն իր կնոջը՝ Օլիվիա Լենգդոնին, սիրահարվել է առաջին հայացքից ու ընդմիշտ: Նրանք միասին 35 տարի են ապրել ու շատ փորձություններ հաղթահարել: Գրողը կնոջը բազմաթիվ նամակներ է գրել, իսկ այս մեկը նրա 30-ամյակի առիթով էր.

«Լիվի, թանկագինս,
6 տարի է անցել այն օրվանից, երբ ես հասա այս կյանքում իմ առաջին հաջողությանը՝ նվաճեցի քո սիրտը... Միասին ապրած յուրաքանչյուր օրն ինձ ավելի մեծ վստահություն է տալիս, որ երբեք չենք բաժանվի, որ ոչ մի վայրկյան չենք զղջա մեր կյանքերն իրար միացնելու համար: Ամեն տարի ես քեզ սիրում եմ էլ ավելի ուժգին: Այսօր դու ինձ համար ավելի թանկ ես, քան քո նախորդ ծննդյան օրը, մի տարի առաջ ավելի թանկ էիր, քան երկու տարի առաջ: Չեմ կասկածում, որ այսպես կշարունակվի մինչեւ վերջ:

Արի առանց վախի եւ հուսահատության նայենք սպասվող տարեդարձերին, մեզ սպառնացող ծերությանը եւ սպիտակ մազերին: Վստահելով իրար եւ համոզված լինելով, որ մեզնից յուրաքանչյուրի սերը բավական է մեր ապրած բոլոր տարիները երջանկությամբ լցնելու համար․․․ Այսպիսով, մեծ սիրով քո եւ երեխաների հանդեպ, ողջունում եմ այս օրը, որը քեզ պարգեւում է պատվելի տիկնոջ հմայքն ու երեք տասնամյակի արժանապատվությունը։
Միշտ քոնը,
Ս.Լ.Ք.»:


Ավետիք Իսահակյան. «Ուզում եմ քեզ հազար անգամ սպանել ու նորից կենդանացնել»

Ավետիք Իսահակյանը սիրահարված էր իր հեռավոր բարեկամուհուն՝ Շուշանիկ Մատակյանին, որի ծնողները դեմ էին նրանց ամուսնությանն ու դստեր համար հարուստ ամուսին գտան: 1904 թվականին բանաստեղծն այսպիսի հուզիչ տողեր է գրել Շուշանիկին.

«Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ եւ գրում եմ քեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես` Ավետիք Իսահակյանս: Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչն է ստիպում ինձ գրել: Սիրել, ես քեզ չեմ սիրում, ատել, ես քեզ չեմ ատում, բայց դու իմ հոգում կաս` որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել, նորից սպանել. հավիտյան ապրել եւ քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել (անզոր եմ ես), ամբողջ էությունս բարի է… եւ որ ամենաողբալին է` ես դեռ քո ճիրաններում եմ: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ:

Երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, եւ երբեմն սիրում եմ եւ պատրաստ ոտքերդ համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում… Աստված է վկա, վերջին անգամ պիտի լամ քո առաջ եւ հայհոյեմ քեզ, հայհոյեմ, հայհոյեմ քո բոլոր սրբությունները, որովհետեւ դու իմ սրբությունները պղծեցիր, որովհետեւ իմ ամենանվիրական սերը շան պես դուրս վռնդեցիր, որովհետև դու ինձ չարչարեցիր, նահատակեցիր անսահմանորեն…
Աղաչում եմ քեզ…
Ես էլ կվարվեմ քեզ հետ այդպես:
Դու ինձ համար մեռար, մեռար…
Արտասվելով համբուրում եմ քո գերեզմանը
Եվ ճամփա ընկնում
Նոր Աստված գտնելու…»:

Լյուդվիգ Վան Բեթհովեն. «Միշտ քոնը: Միշտ իմը: Միշտ մերը»

Կոմպոզիտոր Լյուդվիգ Վան Բեթհովենի սիրելիի ինքնությունը, որին նա 1812 թվականին բազմաթիվ զգացմունքային նամակներ է գրել, անհայտ է:

«Իմ հրեշտակ, իմ կյանք, իմ երկրորդ ես, այսօր մի քանի տող եմ գրում քո մատիտով: Նույնիսկ անկողնում իմ մտքերն ուղղված են քեզ, իմ անմահ սիրելի, երբեմն ուրախ, երբեմն նորից տխուր, երբ սպասում եմ, որ ճակատագիրը մեզ լսի: Ես կարող եմ ապրել, բայց կամ քեզ հետ, կամ ընդհանրապես չեմ ապրի... Քո սերն ինձ դարձրեց միաժամանակ ամենաերջանիկը եւ ամենադժբախտը։ Հանգստացիր, սիրիր ինձ այսօր, երեկ: Ինչպիսի թախիծ կա քեզ համար թափված արցունքներում: Դու իմ կյանքն ես, իմ ամեն ինչը, ցտեսություն: Օ՜, շարունակիր սիրել ինձ, երբեք մի կասկածիր սիրելիի ամենահավատարիմ սրտին: Միշտ քոնը: Միշտ իմը: Միշտ մերը»։


Զելդա Սեյր (Ֆիցջերալդ). «Կմեռնեմ առանց քո ներկայության»

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդն իր ժամանակի ամենահայտնի գրողներից մեկն էր, նրա կինը՝ Զելդան, եւս գրելու ձիրք ուներ: Ֆիցջերալդը միանգամից սիրահարվեց ու հետագայում խոստովանեց, որ Զելդան իր տեսած ամենաչքնաղ կինն է: Բայց որքան էլ նա տարված լիներ կնոջով, Զելդայի նամակներն ավելի զգացմունքային եւ հուզիչ էին.

«Առանց քեզ, իմ սիրելի ու ամենաթանկ, ես չէի կարող ոչ տեսնել, ոչ լսել, ոչ զգալ, ոչ մտածել, ոչ ապրել, ես քեզ այնքան եմ սիրում: Երբեք թույլ չեմ տա, որ եւս մեկ գիշեր բաժանի մեզ: Դա նման է փոթորիկից ողորմություն աղերսելուն կամ գեղեցկուհուն սպանելուն կամ առանց քեզ ծերանալուն: Ես այնքան եմ ուզում համբուրել քեզ, քո մեջքն ու կուրծքը, ես սիրում եմ քեզ եւ չեմ կարող ասել, թե որքան ուժգին, ես կմեռնեմ առանց քո ներկայության: Պետք է փորձես զգալ, թե որքան անկյանք եմ դառնում առանց քեզ… Հնարավորինս շուտ արի, վերադարձիր ինձ մոտ, թանկագինս, սիրելիս, սիրեցյալս:
Քո կին»:

Նապոլեոն. «Ես քեզ այլեւս չեմ սիրում, հակառակը՝ նույնիսկ ատում եմ»


Նապոլեոն Բոնապարտին ու նրա կնոջը՝ Ժոզեֆինա Բոգարնեին, ներկայացնելու կարիք չկա՝ նրանց սերն աշխարհում ամենահայտնիներից մեկն է: Նապոլեոնը Ժոզեֆինայից 6 տարի փոքր էր, երբ ծանոթացան, արդեն ամուսնացած էր եւ երեխաներ ուներ: Ողջ համատեղ կյանքի ընթացքում իրար կրքոտ նամակներ են գրել, այս մեկը Նապոլեոնը 1796-ին՝ ամուսնությունից 6 ամիս անց է ուղարկել կնոջը.
«Ես քեզ այլեւս չեմ սիրում, հակառակը՝ նույնիսկ ատում եմ: Զզվելի, հիմար, ծիծաղելի կին։ Դու ինձ ընդհանրապես չես գրում, չես սիրում քո ամուսնուն։ Դու գիտես, թե քո նամակները որքան մեծ ուրախություն են բերում նրան, եւ նույնիսկ 6 տող գրել չես կարող:

Բայց ի՞նչ ես անում ամբողջ օրը, տիկին: Ի՞նչ հրատապ հարցեր են խլում քո ժամանակը եւ խանգարում գրել սիրեցյալին: Ի՞նչն է խանգարում քո քնքուշ եւ նվիրված սիրուն, որը խոստացել էիր նրան: Ո՞վ է այդ նոր գայթակղողը, նոր սիրեկանը, ով հավակնում է քո ամբողջ ժամանակին՝ թույլ չտալով զբաղվել քո ամուսնով: Զգուշացիր, Ժոզեֆինա, մի գեղեցիկ գիշեր կջարդեմ դռները եւ կհայտնվեմ քո առջեւ։

Հուսով եմ շուտով կգրկեմ քեզ եւ կծածկեմ միլիոնավոր համբույրներով՝ նույնքան տաք, որքան արեւի ճառագայթները հասարակածում: Իմ միակ Ժոզեֆինա, քեզնից հեռու ամբողջ աշխարհն ինձ թվում է մի անապատ, որտեղ ես մենակ եմ... Դու տիրացել ես ավելիին, քան իմ ամբողջ հոգին է: Դու իմ միակ միտքն ես... Ի՞նչ կախարդանքով կարողացար հպատակեցնել իմ բոլոր կարողությունները եւ իմ ողջ հոգեւոր կյանքը ենթարկեցնել միայն քեզ։ Ապրել Ժոզեֆինայի համար, ահա իմ կյանքի պատմությունը:
Բոնապարտ»:


Էռնեստ Հեմինգուեյ. «Խնդրում եմ, իմացիր՝ ես սիրում եմ քեզ»

Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյն ու Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Մառլեն Դիտրիխը, լիարժեք սիրավեպ չեն ունեցել, սակայն իրենց զգացմունքների մասին խոսել են նամակներում: Նրանք ծանոթացել են 1934-ին՝ նավի վրա, ու սիրել իրար առաջին հայացքից: Գրողը նրան Կաղամբիկ էր անվանում, իսկ դերասանուհին՝ կոչում հայրիկ: Հեմինգույեն այսպես է դիմել նրան.

«Ես հիանում եմ քեզնով։ Խնդրում եմ, իմացիր՝ ես սիրում եմ քեզ: Երբեմն մոռանում եմ քեզ, ինչպես մոռանում եմ, որ սիրտս բաբախում է: Բայց չէ՞ որ այն բաբախում է»:

Մեկ այլ նամակում Դիտրիխը, որի մահճակալի վերեւում կախված էր Հեմինգուեյի դիմանկարը, գրել է.
«...ժամանակն է ասելու, որ ես անընդհատ քո մասին եմ մտածում։ Վերընթերցում եմ քո նամակները եւ քո մասին խոսում միայն ընտրյալների հետ: Ես քո լուսանկարը տեղափոխել եմ ննջասենյակ եւ բավականին անօգնական եմ նայում նրան»:

Հեմինգուեյի ինքնասպանությունից հետո Դիտրիխը սիրեցյալին այս տողերն է նվիրել.
«Նա իմ «Ջիբրալթարի ժայռն» էր, եւ այդ կոչումը նրան դուր էր գալիս: Առանց նրա տարիներ անցան ու ամեն մեկն ավելի ցավոտ էր… Նա իմաստուն մարդ էր, բոլոր խորհրդատուներից ամենաիմաստունը, իմ սեփական կրոնի ղեկավարը: Նրա պակասը շատ եմ զգում»:

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. «Լիովին վստահ եղիր իմ սիրո վրա»

Կոնստանցիա Վեբերը Մոցարտի կյանքում հայտնվեց բարդ ժամանակաշրջանում եւ նրա կողքին մնաց մինչեւ վերջ: Նա հանճարի լուռ ու խաղաղ մուսան էր, սիրելին, ընտանեկան օջախի պահապանն ու հավատարիմ ընկերը: Ահա Մոցարտի նամակներից մեկը, որը 1789 թվականից է պահպանվել.
«Իմ սիրելի կին, քեզ համար մի քանի հանձնարարություն ունեմ, ահա դրանք:
Մի ընկիր մելամաղձության մեջ:

Հոգ տար քո առողջության մասին եւ զգուշացիր գարնանային քամիներից:

Միայնակ զբոսնելու մի գնա, իսկ ավելի լավ է ընդհանրապես մի գնա:  

Լիովին վստահ եղիր իմ սիրո վրա։ Քեզ բոլոր նամակները գրում եմ՝ քո դիմանկարն իմ առեջ դրած:  

Աղաչում եմ, քեզ այնպես պահիր, որ ոչ քո, ոչ իմ բարի անունը չտուժեն: Մի բարկացիր այդպիսի խնդրանքիս վրա: Դու պետք է ինձ ավելի շատ սիրես, որովհետեւ մտածում եմ մեր պատվի մասին:
Վ.Ա. Մոցարտ»։


Վիկտոր Հյուգո. «Քո նամակը վերականգնեց հոգուս հանգստությունը»

Վիկտոր Հյուգոն իր ապագա կնոջ՝ Ադել Ֆուշեի հետ ծանոթ է եղել մանկությունից: Ամուսնացել են 1822-ին եւ 5 երեխա ունեցել:

«Իմ սիրելի Ադել, քեզնից ստացած մի քանի խոսքը նորից փոխեցին իմ տրամադրությունը։ Այո, դու կարող ես ինձ հետ անել այն, ինչ ուզում ես։ Եվ վաղը անպայման կմեռնեմ, եթե քո կախարդական ձայնը եւ պաշտելի նուրբ շուրթերի հպումը ինձ կյանք չներշնչեն: Ինչ հակասական զգացումներով գնացի քնելու։ Ադել, երեկ կորցրի հավատը քո սիրո հանդեպ եւ մահվան ժամին էի տենչում:

Ճի՞շտ է, որ դու ինձ սիրում ես, Ադել։ Քո նամակը վերականգնեց հոգուս հանգստությունը, այս երեկոյան քո արտաբերած բառերը երջանկությամբ լցրին ինձ: Հազար շնորհակալություն, Ադել, իմ սիրելի հրեշտակ: Եթե միայն կարողանայի խոնարհվել քո առաջ, ինչպես աստվածության առաջ են անում: Ինչ երջանկություն ես բերել ինձ։ Հիանալի գիշեր կանցկացնեմ՝ երազելով քո մասին»։

Մեկ հրապարակման մեջ բոլոր գեղեցիկ նամակներն ու խոստովանությունները հավաքել հնարավոր չէ, բայց այսքանն էլ բավական կլինի՝ ընկղմվելու սիրային տրամադրության մեջ եւ զգալու մեծերի սիրելու իրական ուժը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW