Սիրահարների տոնը եւս մեկ առիթ է, որ թերթենք մեր բանաստեղծների ստեղծագործություններն ու տեսնենք, թե ինչպես են նրանք դիմել սիրելիներին ու արտահայտել իրենց զգացմունքը։ Հայ պոեզիան ընդգրկուն, գեղեցիկ ու չափազանց սիրառատ է, բնականաբար, բոլորին անդրադառնալ չենք կարող, սակայն կհիշենք այն բանաստեղծներին, որոնք անկախ ժամանակից սովորեցնում են սիրել ու իրենց հետ վերապրել այդ զգացմունքը:
Նահապետ Քուչակ
Հայրենները հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից են։ Ամենագեղեցիկ հայրենների համար պարտական ենք հատկապես Նահապետ Քուչակին, որի խոսքով՝ ինքը աչք է, իսկ սիրելին՝ լույս, առանց որի կխավարի:
«Երբ զձուկն ի ջըրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի»:
Այս տողերը նույնպես անսահման գեղեցիկ են՝ «Այս աշխարհում դու՝ մատնի, ես՝ ակն ի վերայ, դու՝ կանանչ, ես՝ ցօղն ի վերայ, խընձոր ես ծառի ճըղին, ես՝ կանանչ թըփիկ ի վերայ»: «Ա՜յ իմ նունուֆար ծաղի՛կ, որ ջըրին մէջըն կու կենաս»:
Սայաթ Նովա
Շատ աղբյուրների վկայություններով՝ Սայաթ-Նովան սիրել է վրացի Հերակլ Երկրորդ արքայի քույր Աննային ու նրան բազմաթիվ գեղեցիկ տողեր նվիրել: Հավաստի փաստեր չունենալով՝ որոշ գիտնականները ելնում են այն թեզից, թե իբր բանաստեղծն իր մի շարք խաղերում ծածկագրել է «Աննա» անունը:
«Յիս կանչում իմ լալանին» բայաթի տների «լալանի», «եարանի», «մերանի», «զայանի» եւ «մասանի» բառերը վերծանվել են համապատասխանաբար «լալ Աննա», «յար Աննա», «մայր Աննա», «քաղցր Աննա» եւ «նշխարք Աննա»:
Որոշ աղբյուրների համաձայն էլ աշուղը սիրել է Դալիթա անունով գեղեցկուհի հույն աղջկա, որի մասին գրել է. «Մի գովական շեկ հույն աղջիկ ինձ դիվադադար արեց»։ Սայաթ-Նովան մեծագույն սիրերգու էր, որի գրած տողերն ու երգերը մինչեւ հիմա էլ հուզում են մինչեւ հոգու խորքը: Նրա սիրելին «անմահական ջըրով լիքըն օսկե փընջան է, նազանի, պատուական ջավահիր, թերթերուկը՝ նիտ ու նաշտար, հուտով հիլ, միխակ, դարիչին, վարդ, մանուշակ, սուսանբար, կարմըրագուն՝ դաշտի ծաղիկ, հովտաց շուշան»:
«Մէջքըդ՝ սալբու-չինարի պէս, ռանգըդ փըռանգի ատլաս է,
Լիզուդ՝ շաքար, պըռօշըդ՝ ղանդ, ակռէքըդ մարգրիտ, ալմաս է.
Օսկու մէջըն մինա արած, աչքիրըդ ակնակապ թաս է.
Պատուական անգին ջավահիր, լալ-բադէշխան իս ինձ ամա»:
Եղիշե Չարենց
Չարենցի կանայք ու սերերը շատ-շատ են եղել՝ Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Սա դեռ ոչ ամբողջական ցանկն է այն անունների, որոնք առնչվել են Չարենցի հետ ու դերակատարում ունեցել նրա կարճատեւ կյանքում:
Չարենցն իր բանաստեղծություններում սիրելիին տարբեր կերպ է անվանում՝ կախված ստեղծագործության բովանդակությունից, թեմայից եւ հուզական տրամադրությունից։ Նրա առաջին սերն Աստղիկ Ղոնդախչյանն էր, որին նվիրել է իր առաջին՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծական գիրքը։
Լյուսի Թառայանին Չարենցն անվանել է իր մուսան: Անչափ շատ է սիրել նա իր առաջին կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանին, որին հետագայում կոչել է «կին, ընկեր եւ հերոսական բարեկամ»: Արփենիկը մշտապես ներշնչանքի աղբյուր է հանդիսացել բանաստեղծի համար։
«Իմ մեծագույն սեր՝ Արփիկ…
Ինչքան շատ անցան դեմքեր,
Բայց հոգիս թող քեզնո՜վ հարբի.
- Ախ, ինչքա՜ ն եմ սիրո ւմ ես քեզ,
Արփի՜ կ, լուսավո ր Արփի ՜կ...»:
Տաղարանում սիրելի կինը դառնում է «անգին գոզալ» ու «վարդ».
«Աշխարհը մե բաղ է, գոզալ, նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը…
Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ»:
Սիրելիին դիմելու չարենցյան ամենագեղեցիկ ձեւակերպումներից մեկն այս բանաստեղծության մեջ է: Այն միանգամից դաջվում է հիշողության մեջ.
«Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…»։
Բանաստեղծի նամակներում հանդիպում են նաեւ «սիրելի», «քաղցրիկ», «նուրբիկ» սիրառատ դիմելաձեւեր։ Բայց Չարենցի սիրային պոեզիայում սերը ոչ միայն անձնական զգացմունք է, այլեւ երբեմն հայրենիքի, արվեստի կամ գաղափարական ձգտումների խորհրդանիշ։ «Կապուտաչյա հայրենիք»-ում էլ շատ յուրահատուկ կերպով է դիմում հայրենիքին ու իր սերն այսպես արտահայտում. «Օ՜ հեռավո՜ր, կապուտաչյա՜ սիրուհիս…»։
Պարույր Սեւակ
Սեւակի պոեզիայում սիրելիի կերպարը ներկայացվում է որպես կենսական ուժ, ներշնչանքի աղբյուր, գեղեցկության եւ ներդաշնակության մարմնացում։ Նրա բանաստեղծություններում սերը հաճախ ներկայացվում է որպես բարդ եւ հակասական զգացմունք, որը կարող է լինել ինչպես երջանկության, այնպես էլ տառապանքի պատճառ։
Հայ սիրային պոեզիայի ամենահայտնի տողերից մեկը հենց Սեւակին է պատկանում՝ «Նորից չեն սիրում, սիրում են կրկին»: Բանաստեղծը մեզ սովորեցնում է կրկին սիրելու արվեստն ու ամեն անգամ դա անում յուրովի:
«Դու՝
երկու տա՜ռ,
Դու՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես տեր անում…»։
«Անահիտ» բանաստեղծության մեջ կնոջն անվանում է «վաղընջական հինավուրց բագին, փակ շրթունքներով ու բաց աչքերով», «հավերժաբուխ աղբյուր տասնակունք», «դիցուհի»։
«Քո ստինքները՝ պարսատիկի պես,
Սպառնում են միշտ ջարդել գանգն իմ պիղծ,
Երբ ասում եմ քեզ, որ դրանք հետո
Կաղապար դարձան... սկիհի՜ համար»:
Սեւակի կյանքում ու պոեզիայում մեծ հետք է թողել Սուլամիթան, որին նվիրված բազմաթիվ տողեր ու բանաստեղծություններ կան։ Դրանցում նա սիրելիին կոչում է «Իմ ամենասիրելի, ամենամտերիմ, ամենաանհասանելի...», «բալիկ Սուլա», «իմ ուրախություն», «իմ լուսավոր, լուսավոր-լուսավոր հեքիաթ, իմ սիրտ, իմ հարազատ կրակ»։
«Սուլա ջան, ինչ քնքշանքով կշոյեի քեզ, եթե քո թանկագին գլուխը մոտիկ լիներ: Կսիրեի հիմա միայն մատներով՝ առանց բառերի, առանց գրկախառնության, առանց համբույրների: Պարզապես կշոյեի իմ թռչնակին, իմ աղջնակին....»:
Նույն նամակում նա նաեւ այսպիսի տողեր է ձոնել Սուլամիթային.
«Լսո՞ւմ ես...
Ձայնում եմ քեզ.
Սիրելիս, հարազա՜տս, իմ Մեծ սեր:
Իմ ուրախություն եւ իմ ցավ:
Ամեն րոպեի իմ հիշողություն:
Էություն իմ եւ իմ գոյություն:
Իմ կին եւ դստրիկ իմ:
Իմ բարեկամ եւ իմ թշնամի:
Լսո՞ւմ ես ինձ»։
Համո Սահյան
Համո Սահյանը սիրելիին հաճախ անվանում է քնքուշ, հուզիչ եւ պատկերավոր բառերով։ Սահյանի բանաստեղծական տողերում ապրող զուլալ սերը ծնունդ է առել դեռ պատանեկության տարիներին պարզ, անկեղծ, ամոթխած ապրումներից: («Ես չգիտեի, թե ինչ է սերը», «Քո մայրը տարավ, քեզ կապեց սյունից»):
«Ես հարուստ էի» եւ «Կգամ» բանաստեղծությունները նրա զգացմունքը բարձրացնում են տիեզերական չափերի։ Առաջինում սիրելին դառնում է «անհատնելի իմ հարստություն», իսկ երկրորդում խոստանում հանուն իրեն սպասելու գետնի տակից անգամ գալ:
«Չես ասի ոչ մի բառով»-ի մեջ սիրո էակին դիմում է «դու իմ բարի, իմ խելոք եւ իմ համառ», մեկ ուրիշում ինքը դառնում «պղտորված մի վտակ», իսկ նա` «մոլորված մի առու», կամ խոստովանում է. «Դու չլինեիր այդքան անթերի, ես չլինեի այսպես ավերակ»։ Ապա ցանկանում է սիրելիին իբրեւ նվեր տալ այն ամենն, ինչ ունի.
«Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հացի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունքն իմ լացի»:
Վահան Տերյան
Վահան Տերյանն իր բանաստեղծություններում սիրելիին դիմում է տարբեր նուրբ ու հուզիչ անվանումներով՝ նրան ներկայացնում որպես միտքն ու զգացմունքը ամբողջացնող լույս եւ գեղեցկություն, որը ոչ միայն ոգեշնչում է, այլեւ ամբողջացնում նրա աշխարհը։
«Անծանոթ աղջիկ» բանաստեղծությունում գրում է. «Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ», «Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր»-ում խոստովանում, որ սիրում է նրա «մեղավոր աչքերը խոր, գիշերի պես խորհրդավոր, մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, որպես թովիչ իրիկնամուտ»։
Մյուս գործում նա դառնում է «լուսե երազ», որին իր «սիրտն է փայփայում թաքուն»։ Տերյանի համար ի վերջո «Ապրելուց քաղցր է մեռնել» հանուն սիրելիի, միայն թե զգա, որ նա ողջ է, իսկ ինքը թեկուզ հեռու լինի.
«Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ, լինել քեզ օտար...»։
Ավետիք Իսահակյան
Միայն Իսահակյանը կարող էր սիրեցյալին անվանել «մրահոն աղջիկ», նրա աչքերը՝ «արեւներ սեւ», իսկ «հորդ մազերը՝ գետ գիշերվա»: Նրա պոեզիայում սիրելին դառնում է «քույր նազելի», «նըխշուն նուռ` զառը վըրան», «քնքուշ վարդ` վառը վրան», «թաթիկները լուսեղեն լույս, թըռչնիկներ դրախտի»։
«Զմրուխտ թասով գինի ես,
Բույրըդ աշխարք է առել.
Շուրթըս դիպավ շրթունքիդ
Աշխարքիս տերն եմ դառել»։
Հովհաննես Շիրազ
1930-ականներին հայ գրականության մեջ մեծ հետաքրքրություն առաջացրին Լենինականի տեքտսիլի բանվոր Հովհաննես Կարապետյանի (Շիրազ) բանաստեղծությունները: Շիրազի սիրերգությանը բնորոշ է սիրո բուռն ու ինքնամոռաց ապրումը, անմնացորդ նվիրումը՝ հանուն սիրելի կնոջ ու նրա գեղեցկության։ Նա համարում է, որ «կնոջ շունչն է պահում տիեզերքը կանաչ»:
«Հայաստանի աղջիկներ» բանաստեղծությունում ահա այսպիսին են հայուհիները.
«Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
Ետ կբերեն ալեւորին, օձ կթովեն աչքով քաղցր,
Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արեւի տեսքով քաղցր,
Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի»:
Շիրազի համար «սուրբ» ու «լույս» աղջիկները «քարից անգամ լույս են քամում»։ «Ավերակ»-ում Շիրազը պատրաստ է «վագրի ժանիք հանել, երկաթ ծամել» սիրելիի համար.
«Այրվող սրտիդ կուզես անգամ
Մասիսներից ձյուն բերեմ…
Դու` Երեւան, ես` մի Անի,
Ինձ ավերակ թողեցիր»։
Սիլվա Կապուտիկյան
Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները մեծագույն ցավից ու բաժանումից են ծնվել, բայց նա այնքան խոր ու յուրահատուկ է արտահայտում այդ կարոտն ու սերը։ Խնդրում է սիրելի տղամարդուն «թեկուզ քայլով դժկամ» վերջին անգամ գալ իր մոտ.
«Թեկուզ բերես դու ինձ,
Մի նոր դավի կսկիծ,
Թեկուզ ուրիշ գրկից,
Միայն արի, արի»։
Մեկ ուրիշ բանաստեղծությունում սիրելին դառնում է «հավերժ մոտ ու հեռու Մասիս սար», որին ցանկանում է նայել, այրվել անվերջ ու նրանից անհաս մնալ։ Անչափ հուզիչ ու զգացմունքային է «Թե աչերս քեզ որոնեն» բանաստեղծությունը.
«... Երբ սիրտս, սիրտս է ուզում
Ձայնել ու քեզ տեսնել իր դեմ,
Ինչո՞վ փակեմ սրտիս լեզուն,
Սրտիս աչքը ինչո՞վ փակեմ...»։
Ամեն տարիքում էլ սերը յուրահատուկ ու ապրեցնող է, ու քանի սերը կա, կանք եւ մենք։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: