Հայաստանի պատմության թանգարանը յուրահատուկ նվեր էր պատրաստել իր այցելուների համար։ «Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի շրջայցի վարողները դերասան, հաղորդավար Ներսես Ավետիսյանն ու լուսանկարիչ Լիլիթ Յունի Ղազարյանն էին։ Ամուսինները ողջունեցին իրենց վստահած ու այդ հետաքրքիր նախաձեռնությանը միացած մարդկանց եւ շնորհավորեցին Սուրբ Սարգսի տոնը։
«Հենց իմացանք, որ Անահիտ աստվածուհու արձանի մասունքները բերվելու են Հայաստան, շատ ոգեւորվեցինք, բայց գիտեինք՝ հերթեր են լինելու, դրա համար էլ չէինք շտապում գալ թանգարան: Բայց տիեզերքը մի բան գիտեր, ու մեր այցելությունը հենց այսօր պետք է տեղի ունենար։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք բացահայտելու այս հետաքրքիր աշխարհը: Կփորձենք հակիրճ ներկայացնել մի քանի հազար տարվա պատմությունը»,- զբոսավարի իր առաջին խոսքերն այսպես սկսեց Ավետիսյանը։
Ապա ներս հրավիրեցին բոլորին ու մտովի նրանց տեղափոխեցին քարե դար։ Պարզվեց՝ իրենք էլ մեկ օր առաջ են այցելել թանգարան, հմուտ մասնագետների շնորհիվ կարողացել յուրացնել անչափ կարեւոր տեղեկություններ ու սեփական բացահայտումներն արել, որոնցով խոստացան կիսվել։
Ավելի շատ պատմում էր Ավետիսյանը, իսկ կինը նրան անհրաժեշտ պահերին օգնության էր հասնում ու տեղին լրացումներ անում։ Այդպես դերասանը ներկաների ուշադրությունը սեւեռեց հղի կնոջ քարե պատկերի վրա, որը ձեռքերը վեր պարզած աղոթում է. «Փաստորեն քարե դարից սկսած՝ դեռ Քրիստոսիսց առաջ 5-րդ հազարամյակում, մարդիկ գիտակցել, որ կնոջը պետք է աստվածացնել»,- նշեց դերասանը՝ ուշադրությունն ուղղելով իր կնոջը, եւ ժպիտը դեմքին մարդկանց ուղեկցեց ուրարտական շրջան։
Ինքն էլ է նոր իմացել, որ այդ ժամանակաշրջանում եղել են երկհարկանի ու շրջանաձեւ տաճարներ։ Ապա անդրադարձավ նռան պատկերներ ունեցող կնոջ քանդակին. «Այդ ժամանակից նուռը եղել է հայկականության խորհրդանիշ ու հասել մեր օրեր։ Մինչ այս ամենն ուսումնասիրելը մտածում էի՝ սկսել ենք մեր ավանդույթները ոչնչացնել ու չպահպանել, ինչը վտանգավոր է, բայց այս սրահում քայլելուց հետո մեջս նորից հույս առաջացավ, որովհետեւ շարունակում ենք կրել 5000 տարվա երեւույթներն ու հասկանալ դրանց կարեւորությունը»:
Ապա հիացած ընդգծեց, որ դեռ 2000 տարի առաջ մեր մշակույթում ի հայտ է եկել երեխան գրկին կնոջ կերպարը, որը խորհրդանշում է մայրությունն ու կյանքի շարունակությունը, հետագայում այն արտահայտվել է արդեն Մարիամ Ավստվածածնի կերպարով։
«Հասանք Անահիտ աստվածուհուն: Չէի հասկանում սոցհարթակներում ծավալվող ակտիվ քննարկումներն ու արձանի հետ կապված ծայրահեղ մեկնաբանությունները։ Բայց այն մեր պատմությունն է, ու պետք է սովորենք մեր հաջորդ օրը կառուցել սեփական պատմության վրա»,- ավելացրեց դերասանը։
Ամուսինները, իրար լրացնելով, ներկայացրին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը հայտնաբերելու պատմությունը, թե ինչպես է մի գյուղացի այն գտել ու հանձնել թուրքական կառավարությանը, որն իր հերթին այն վաճառել է իտալացի հավաքորդի, նա էլ իր հերթին՝ Բրիտանական թանգարանին։ Արձանի ձեռքն ավելի ուշ է գտնվել. նույն իտալացին այն պարզապես նվիրել է բրիտանացիներին, քանի որ գլխից բավական շահույթ էր ստացել։
«Անահիտի ձեռքում կարող ենք տեսնել կտոր, եթե նայեք առաստաղին, կնկատեք դրա շարունակությունը, որը լույսերով արտահայտված սյուների ձեւով հիշեցնում է Անահիտի ժամանակարշրջանում եղած տաճարների գծագիրն ու պատկերը։ Ասում են՝ Անահիտի արձանը մոտ 2 մետր է եղել, ու եթե ուշադրություն դարձնեք կողքին ներկայացված Աֆրոդիտեին (Աստղիկին), որը հայտնաբերվել է Արտաշատում, նա նույնպես փաթաթված է կտորով։ Ենթադրվում է, որ Անահիտն էլ այսպիսի մի դիրքով է եղել, ու կտորի եզրն ավարտվել է նրա ձեռքում»,- պատմեց Լիլիթը Ղազարյանը։
Այդ տեղեկություններից հետո այցելուներից մի քանիսը ոգեւորվեցին, պարզվեց՝ Արտաշատից են։ «Փաստորեն Աստվածների քաղաքից եք»,- կատակեց Ներսես Ավետիսյանը։
Իրենց տպավորություններով ու ստացած արժեքավոր տեղեկություններով Ներսեն ու Լիլիթը կիսվեցին նաեւ երկրորդ սրահում, որը ձեւավորված է Հայ առաքելական եկեղեցու նմանությամբ՝ խորանով, վարագույրով ու կարեւոր իրերով. «Այս սրահում առաջինը կներկայացնենք առաքելական եկեղեցու սրբերի պատկերները, այսպիսի հերթականությամբ այս եռյակը խորհրդանշում է բարեխոսությունը՝ Քրիստոսը կենտրոնում է, Մարիամ Աստվածածինը եւ Հովհաննես Մկրտիչը՝ կողքերին։ Պատկերների դասավորվածությունը փոխում է պատմությունը, դա էլ թանգարան այցելության շնորհիվ իմացա»,- ընդգծեց Ավետիսյանը։
Եկեղեցական ծիսակարգի ու հագուստների տարբեր մասեր ներկայացնելուց հետո զույգն առավել մանրամասն խոսեց սրահի դիմացի պատին ամրացված վարագույրի մասին, որը ստեղծվել է 1735 թվականին ու բերվել Թբիլիսիի հայկական եկեղեցուց. «Խորանում վարագույրը շատ կարեւոր նշանակություն ունի, երբ փակ ժամանակ հայացքներս նրան ուղղած մեր մտքերն ու աղոթքներն ենք ասում առ Աստված, մաքրագործվում են ու նոր բարձրանում վերեւ։ Շատ հետաքրքիր բացահայտում էր, պատահական չէ, որ պահքի ընթացքում խորանը 40 օր փակված է մնում՝ մաքրվելու շրջան է»։
Նրանց տված տեկեղությունների հաջորդ մասը Մարիամ Աստվածածնի անունը կրող եկեղեցիների մասին էր։ Ներսես Ավետիսյանը, որը Գառնիից է, ներկայացրեց իրենց մոտ եղած նույնանուն երկու եկեղեցիները՝ մեկը Գառնու հեթանոսական տաճարի հենց կողքին է, մյուսը՝ գյուղի կենտրոնում. «Ուշադրություն դարձնենք այստեղ առկա նկարներին՝ մեր բոլոր խորանների կենտրոնում պատկերված է Մարիամ Աստվածածինը՝ անկախ նրանցի, թե եկեղեցիներն ում անունով են կոչվում»։
Չմոռացան պատմել նաեւ կնոջ պատկերով աղամանների մասին, որոնց նմանությամբ, բայց ավելի փոքր տեսակները Ներսես Ավետիսյանը տեսել է Գառնիում իր տատիկի թոնրատանը։ Դրանց իրական խորհուրդն ու աղի նշանակությունը, սակայն, նոր է հասկացել: «Փաստորեն աղը կարեւոր խորհուրդ ունի մեր գենետիկ հիշողության մեջ։ Փոխվել են կրոնն ու մտածողությունը, իսկ աղը մոտեցել է սրբադասմանը, որովհետեւ երկիրն ու հողը հենց աղն են»,- ասաց նա, իսկ կինն ավելացրեց. «Երբ երկրի վրա ջուրը ցամաքել է, տակը հենց աղն է մնացել»։
Ուսումնասիրեցին նաեւ Անահիտ Աստվածուհու պատկերով ոսկե հուշադրամն ու նամականիշը, 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, իսկ այցելուների աչքերի առաջ բացվող վերջին պատկերները Երեւանում ու Գյումրիում տեղադրված Մայր Հայաստանի հուշարձաններն էին, որոնք խրոխտ հսկում են քաղաքների անդորրը՝ պատրաստ նրանց ամեն պահ ու ամենքից պաշտպանելու։
«Միշտ մնացեք այսպիսի փայլող ու ժպտացող աչքերով, հարատեւ երջանիկ եղեք ձեր ընտրյալների ու սիրելիների հետ»,- որպես եզրափակիչ խոսք ասաց Ավետիսյանն ու բոլորին առաջարկեց միասին լուսանկարվել Անահիտի հետ։
Թանգարանի փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց զույգին՝ իրենց նախաձեռնությանը միանալու համար. «Կարծում եմ՝ մեր այցելուները մեծ բավականություն ստացան, քանի որ ամբողջ տեքստը համեմված էր Ներսեսով եւ Լիլիթով՝ փոխանցեցին իրենց հույզերն եւ գիտելիքները»։
Հայաստանի պատմության թանգարանում ունեցած անսովոր փորձառությունն ու պատասխանատու հանձնարարությունը Ներսես Ավետիսյանն ամփոփեց Bravo.am-ի հետ։ Նրանց համար հանդիպման ձեւաչափը շատ հետաքրքիր էր, ու թեեւ մի քիչ լարվել են, սակայն նաեւ կարողացել վայելել ընթացքը։
«Պատասխանատվությունը մեծ էր, որովհետեւ խոսում էինք մեծ երեւույթի մասին եւ սխալ տեղեկություն տալը կամ սայթաքելը լավ չէր լինի։ Յուրահատուկ փորձառություն եւ փորձություն էր. առաջին անգամ այս ձեւաչափով մարդկանց որեւէ բան պատմեցինք։ Լիլիթն ինձ շատ պահերի փրկեց, ես էլ՝ մեկ-մեկ իրեն։ Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք մեզ հետ էին շրջայցի ընթացքում, որովհետեւ ես, գուցե, չվստահեի ոչ մասնագետի։ Այս օրը դեռ երկար կհիշենք։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե որպես ազգ որտեղից ենք եկել եւ ուր ենք գնում, այս օրերի ընթացքում ինձ համար շատ մեծ բացահայտումներ արեցի, որոնք դեռ երկար կվերլուծեմ ու կխորհեմ դրանց շուրջ»,- հավելեց նա։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: