×


Ֆենոմենալ եւ եզակի ընտանիքը. Հովհաննես եւ Օլգա Թումանյաններ

Մեծն Հովհաննես Թումանյանի եւ Օլգա (Մարիամ) Մաճկալյանի սիրո պատմությունը յուրահատուկ է, համատեղ կյանքի ընթացքում կարեւոր ձեռքբերումները՝ ոգեշնչող: BRAVO.am-ին այս ամուր եւ օրինակելի զույգի հարաբերությունները բացահայտել օգնել է գրականագետ Անի Եղիազարյանը:

Առաջին հանդիպումը

Թումանյանի կյանքին ու գործունեությանը հրաշալիորեն ծանոթ Անի Եղիազարյանը նշում է՝ բանաստեղծը մի քանի անգամ ապագա կնոջ տանը հյուրընկալվելուց հետո սրտի թրթիռ է զգացել եւ նրա հետ ամուսնանալու կտրուկ որոշում կայացրել:

Անի Եղիազարյանը


«Հովհաննեսը դեռ պատանի էր, երբ գնաց՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում սովորելու: Ուսման տարիներին նա ապրեց թիֆլիսյան տարբեր հասցեներում: Եվ ահա նոր-նոր էր թողել դպրոցն ու աշխատանքի անցել հայ հոգեւոր կոնսիստորիայում, որտեղ եւ ծանոթացավ քահանա Հովհաննես Տեր-Մարտիրոսյանի՝ ապագա հարսնացուի խնամակալի հետ»:

Օլգա Թումանյանն իր հուշերում մանրամասն պատմել է Թումանյանի հետ ծանոթության մասին։ Նրանց առաջին հանդիպումը կայացել է 1887 թվականի սեպտեմբերին, երբ Մարիամը (Օլգան) իր ընկերուհի Օսանի հետ գնացել էր տատիկի տուն:  

«Երեկոյան դուրս եկանք փողոց, որ մի նեղ ճանապարհ էր հին, միհարկանի տներով: Հենց տատիս տան կողքին մի սենյակում ապրում էր մի ընտանիք` նախշքար (ներկարար) Բագրատ Թումանյանն իր կնոջ հետ: Մենք այդ փողոցում էինք, երբ տնից դուրս եկավ մի միջահասակ կին, նրա ետեւից` բարձրահասակ, նիհար կազմվածքով, գանգուր մազերով մի երիտասարդ… Մյուս օրը՝ կեսօրին, երբ մեր տան պատուհանից դուրս էի նայում, տեսնեմ անցնում է մեր փողոցով նույն գանգուր մազերով տղան: Ըստ երեւույթին, նա երեկ հետեւել էր մեզ: Երրորդ օրը եկավ մեր տուն՝ ձեռքին թղթեր, որ իրեն էր տվել կոնսիստորի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը: Ես թղթերը վերցրի, միմյանց նայեցինք, ժպտաց եւ գնաց»:

Հետո է իմացել, որ այդ տղան կոնսիստորիայի գրագիրն է եւ հետն էլ՝ լավ ձեռագիր ունի: Նրան հատկապես մայրն էր շատ հավանում, Օլգայի վկայությամբ՝ մանավանդ դուր էր գալիս տղայի ճակատը. «Անուշկի տատս ինձ պատմեց, որ այդ տղային վաղուց գիտի, իր հարեւանն է, հաճախ իր համար նամակներ է գրում՝ անունն Օհանես է, եւ շատ է հավանում նրան: Դրանից հետո շարունակ գալիս էր, թղթեր բերում: Շատ անգամ նրան մայրս էր ընդունում, ներս էր կանչում, խոսում էին, թղթերը թողնում էր ու գնում»:


Մտերմությունը

1888 թ. հունվարի 1-ին առավոտյան Օլգայի մայրն իրենց խոհանոցում ծիտ է բռնել ու դրել վանդակում՝ դա համարելով լավ նշան ու Նոր Տարվա բերած բախտը. «Երեկոյան Օհանեսը եկավ մեր տուն՝ Նոր տարին շնորհավորելու: Մայրս ընդունեց նրան, բերեց սեղանատուն, սկսեցինք զրուցել: Օհանեսը հարցրեց. «Էդ ի՞նչ ծիտ եք բռնել, տեսնենք ի՞նչ թռչուն է»: Մայրս ցույց տվեց:  Օհանեսը մի երկու ժամ նստեց, խոսեցինք դեսից-դենից, ու գնաց»:

Հուշերից իմանում ենք, որ Օհանեսն ամեն օր գնում էր նրանց տուն եւ մնում ճաշին, եւ մայրը նրան ավելի շատ էր սիրում, քան հենց ինքը՝ Օլգան։ Սովորաբար, գրականությունից էին խոսում ու կարդացած գրքերից:

«Հպարտ-հպարտ ասում էի, որ կարդացել եմ Աղայան, Պռոշյան, Րաֆֆի, Մուրացան եւ այլն։ «Սամվել»-ը նոր էր լույս տեսել, ի՞նչ իմանայի, թե Օհանեսը բանաստեղծ է։ Ես ասացի, որ «Աղբյուրում» կարդացել եմ «Սրնգի» ոտանավորը, լավ բանաստեղծ է, Օհանեսը ժպտաց. «Շա՞տ ես հավանում նրա գրածը, իսկ որ դրանից լավը կարդա՞ս»։ «Էն ժամանակ էն կհավանեմ»»,- նորից կարդում ենք Մաճկալյանի թողած տողերում։  


Նշանադրությունը

Հետո Օլգան իմացել է, որ մայրը տեր Հովհաննեսի եւ Ներսես քահանա Աբովյանի հետ առանց իր իմացության որոշել են իրենց նշանել եւ ամուսնությունից հետո Թումանյանին քահանա ձեռնադրել: Անի Եղիազարյանն ընդգծում է, որ այդ ամուսնությունը երիտասարդ աղջկա համար անակնկալ է եղել ու հետն էլ՝ բավական արագ ընթացքով:

«1888 թ. մարտի 24-ին՝ նշանադրության օրը, Հովնանյան դպրոցը դեռ նոր ավարտած Օլգայի եւ գրական աշխարհում նոր-նոր հայտնի դարձող Հովհաննեսի միասնությունը նախ օրհնել են չորս քահան եւ մեկ վարդապետ: Ապա 9 ամիս անց՝ 6 քահանայի եւ 1 վարդապետի ներկայությամբ Թումանյանի հայրը՝ Տեր Թադեւոսը, կատարել է որդու պսակադրության արարողությունը»:

Մաճկալյանը պատմել է, որ նշանվելուց հետո Թումանյանը համարյա ամեն օր իրենց տանն էր լինում եւ հեռանում էր ուշ երեկոյան։ Մի Զատկի տոնի էլ իր համար «նոր ձեւի» կոշիկ է նվեր տարել։ Դրանից հետո իր սիրեցյալից ստացել է նաեւ Հոմերոսի «Իլիական»-ն ու «Ոդիսական»-ը եւ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն. «Աբովյանի գիրքն ինձ ծանոթ էր արդեն, իսկ Հոմերոսը չէի կարդացել: Օհանեսն ինձ հետ կարդում էր եւ բացատրություններ տալիս»:


1888 թվականի հունիսին Թումանյանը բավական լուրջ հիվանդացել էր, եւ հայրը՝ Տեր-Թադեւոսը, որդուն հայրենի Դսեղ էր տարել, որտեղ 2 ամիս ապաքինվելուց հետո միայն սեպտեմբերի 20-ին վերադարձավ Թիֆլիս: Իսկ երբ վերջապես Թումանյանն արդեն իրեն լավ էր զգում, տեղի ունեցավ զույգի ամուսնությունը. «Երկու ամսից՝ դեկտեմբերի 1-ին, պսակվեցինք: Ես տասնյոթ տարեկան էի, Օհանեսը` տասնինը… Անցավ մի քանի օր, մեր տանը նորից սկսեցին խոսել Օհանեսին քահանա ձեռնադրելու մասին: Ամեն օր ասում էին, որ գնա եկեղեցի եւ ժամերգություն սովորի, իսկ նա չէր գնում ու չէր ուզում: Մի տարվա մեջ Թիֆլիսի բոլոր եկեղեցիներում եղավ, բոլորից էլ դժգոհ էր. մի տեղ քահանաները կռվում էին, մյուսը հեռու էր եւ այլն: Վերջը ղրկեցին վանքի եկեղեցին, այնտեղ էլ չմնաց: Մի առավոտ պարսավ գրեց թեմի առաջնորդ Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանի վրա եւ հեռացավ կոնսիստորի ծառայությունից»։

Անի Եղիազարյանը, ձեռքի տակ ունենալով երկուսի նամակագրությունից պահպանված հատվածներ, նորաստեղծ զույգի հարաբերություններում առանձնացնում է փոխադարձ վստահությունը, հավատարմությունն ու միմյանց գնահատելու կարողությունը. «Մեծ ընտանիքը դժվար կենցաղ է վարել՝ թե՛ սոցիալական, թե՛ ֆինանսական խնդիրները միշտ եղել են, բայց երկուսն էլ ունեցել են մի ընդհանուր բացարձակ արժեք՝ ընտանիքն էր՝ քաղաքակիրթ մարդկության մեծագույն ձեռքբերումը»։


Սիրելի հարսն ու հոգատար կինը

Գրականագետի վկայությամբ՝ Օլգան Թումանյանների ընտանիքի առաջին հարսն էր,  եւ Հովհաննեսի ծնողները մեծ ջերմությամբ են ընդունել նրան:

«Ամեն անգամ միայնակ գյուղ գնալիս՝ որդուն հանդիմանել են, թե ինչու հարսին թողել է մենակ, քաղաքի տոթին, փոխարենը Դսեղի չքնաղ բնության մեջ մաքուր օդին հանգստանալու: Գյուղական թարմ ու առողջարար մթերքը Թիֆլիս էր հասնում ամիսը մի քանի անգամ: Սոնա նանը հարսին, ավելի ուշ՝ թոռներին հորդորում էր առողջ սնվել ու շատ հանգստանալ: Օլգան էլ երբեք գյուղում իրեն խորթ չի զգացել: Ամառները զավակների հետ անց է կացրել Դսեղում, հարգալից ու սիրառատ վերաբերմունք ունեցել Հովհաննեսի ծնողների, հարազատ-բարեկամների նկատմամբ: Ի դեպ, Թումանյանի ազգականներից շատերը Թիֆլիս այցելելիս կամ թե ուսման մեկնելիս ամիսներով ապրել են նրանց տանը, վայելել Օլգայի հոգատարությունն ու հյուրասիրությունը»:


Եղիազարյանը շարունակում է, որ Օլգայի եւ Թումանյանի քնքշանքն ու մտերմությունը չափազանց զուսպ է եղել, որը երբեմն-երբեմն արտահայտվել է միմյանց գրված նամակներում: Մեջբերենք գրականագետի տրամադրած այսպիսի հատվածներ, որոնք առավել խոսուն են ու ցույց են տալիս սիրո նուրբ դրսեւորումները.

«Օլա ջան… քո մեծ նշանակությունն ինձ համար մշտական է՝ հավիտենական. եւ դուն, ահա մի լուրջ խոստովանություն, իբրեւ իմ սիրո մարմնացումն, իբրեւ իմ բոլոր հոգեկան ունակությունների գաղափարատիպը, կարող ես ամեն կերպ ազդել ինձ վերա, այսինքն, այնպես անել, որ ե՛ւ մահացու լինի այն ազդեցությունը, ե՛ւ կենսատու… Ես քեզ չեմ կարող չսիրել, որովհետեւ այդ իմ կամքիցս վեր է, որովհետեւ իմ զգացմունքներս տիրում են իմ կամքին, կարծում եմ՝ ավելորդ էր, եւ դուն էլ ինձանից այսպիսի մի բացատրություն պահանջելու կարեւորություն չես զգում»։

«Սիրելի Հովհաննես ջան,
Այս մի շաբաթը, յարաբ, ոնց անցկացրիր. ուրախ, թե՞ տխուր: Ես, գոնե, շատ տխուր եմ առանց քեզ:

Ա՜խ, Հովհաննես ջան, որքան դժվար է եղել միմյանցից հեռանալը: Երբ մոտիկ ենք լինում, ղադրը չենք իմանում, միմյանցից դժգոհ ենք, բայց հիմա աչքի է ընկնում… Նամակիս պատասխանիր շուտ, անհանգիստ եմ լինում: Քո Օլինկա Թումանյան»։

Միասին հաղթահարած դժվարությունները

Տարիներ անց իր ամուսնության մասին խոսելիս Թումանյանը ժողովրդական ասույթն է մեջբերել. «Կյանքում մեկ վաղ արթնացողն է շահում, մեկ էլ՝ վաղ ամուսնացողը»:

Եղիազարյանը պատմում է, որ բավական երիտասարդ տարիքում ամուսնացած զույգը շատ դժվարությունների է հանդիպել՝ մի կողմից կայուն եկամուտի բացակայությունն էր, մյուս կողմից՝ վարձով բնակարաններում ապրելը, ապա եւ զավակների շատանալը։

«Մշտապես նոր խնդիրներ են առաջ եկել, բայց նրանք կարողացել են հաղթահարել այդ ամենը՝ սկզբում գուցե հարկադրված, բայց հետագայում բարձր գիտակցումով: Երբ Թումանյանն արդեն հանրությանը հայտնի մտավորական գործիչ էր եւ ազգային զանազան խնդիրներով ամիսներ շարունակ տանը չէր լինում, ընտանիքի ողջ ծանրությունը ստանձնում է Օլգան: Իհարկե, երեխաները եւս վաղ են սկսել հասկանալ ծնողներին ու փորձել ձեռքից եկածի չափով օգնել նրանց՝ տանը, կենցաղում կամ հյուրերին ընդունելիս»:


Երբ նոր են ամուսնացել, բնակվել են Օլգայի մայրիկի տանը, որտեղ Թումանյանը տեղափոխվել էր իր միակ ունեցվածքով՝ «Վերք Հայաստանի» գրքով ու «Հյուսիսափայլ»-ի օրինակով:

«Թեեւ ունեցածը մեծ բան չէր, բայց ձգտումն ու նպատակներն էին լայն, հեռուն գնացող: Իհարկե, ողջ կյանքի ընթացքում Թումանյանն այդպես էլ սեփական բնակարան չունեցավ, սակայն կյանքը վարելու իր յուրօրինակ ձեւն է ունեցել: Նա օր ու գիշեր աշխատել է, թղթակցել է ժամանակի մամուլին, եղել է տարբեր գրական-մշակութային կառույցների հիմնադիր-նախագահը: Միաժամանակ ունեցել է նաեւ աջակից մեկենասներ, որոնք, բարձր գնահատելով Թումանյանի տաղանդը, ֆինանսապես աջակցել են նրան՝ դառնալով նրա մտերիմ ընկերները»:


Բազմազավակ ծնողները

Ամուսինները 10 երեխա են ունեցել, եւ Անի Եղիազարյանի խոսքով՝ նրանց դաստիարակությամբ զբաղվել հավասարապես: Նրա վկայությամբ՝ տանը ստեղծված էր այնպիսի մի միջավայր, ուր ընթերցանությունը, գիրքն ու գիրը առօրյայի անբաժան մասն էին. «Ապա եւ հյուրընկալվող մարդիկ, որոնք մշակութային կարեւոր գործիչներ էին եւ նրանց սովորական ճաշկերույթն ու խոսք ու զույցն անգամ մի ողջ գիտելիքի աղբյուր էր: Եվ Թումանյանը զավակներին հաճախ է ասել, թե իր տունը համալսարան է. հարուստ գրադարան ու հյուրերի խորիմաստ զրույցները այդ համալսարանի կարեւոր դասերն են: Իհարկե, Թումանյանը տնից բացակայելիս էլ մշտապես նամակագրություն է պահպանել բոլոր զավակների հետ առանձին: Յուրաքանչուրին խորհուրդներ տվել, ուղղորդել, ավագ զավակներին հորդորել օգնել կրտսերներին, ապա թե հիշատակարան-օրագրեր պահել, գրառել իրենց առօրյան, որոնց տուն վերադառնալիս անպայման ծանոթացել է ու իր դիտողություններն արել»:


Թումանյանը բավական հումորով էր ու կարողանում էր ընտանիքին եւ երեխաներին առնչվող հարցերի տակից կատակով դուրս գալ, օրինակ՝ ասելով, թե նույնիսկ չգիտի նրանք որ դպրոցն են հաճախում։

«Զվարճալի պատմություններ գրառել են թե՛ Թումանյանի դուստրը՝ Նվարդը, թե՛ ժամանակակիցներն իրենց հուշերում: Հիմա մի պատոմություն հիշեցի Թումանյանի ծննդյան 50-ամյակի օրերից։ 1919 թ.-ին, երբ լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակել է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Դուստրը՝ Թամարն էլ հոր ոճով արձագանքել է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն՝ դու ամենամեծ շաշն ես»:

Ամուսին ու հայր Թումանյանը

Գրականագետը նշում է, որ կյանքի վերջին տարիներին, երբ Թումանյանը հետ է նայել իր ապրած կյանքին, շատ հարցերում՝ հատկապես ընտանիքին բավարար ուշադրություն դարձնելու եւ նրա հետ անցկացրած ժամանակի վերաբերյալ, գոհ չի եղել։

«Գուցե եւ ափսոսացել է` ասելով, թե իր տունը դարձրել էր մի մեծ հյուրանոց. ինքն այդ հյուրանոցի տերն էր, ընտանիքն էլ` սպասարկողը: Եվ գուցե դա էր պատճառը, որ շատ դժվարությամբ էր համաձայնում թույլ տալ զավակներին մեկնել հեռու երկրներ կրթություն ստանալու: Փորձում էր ամեն կերպ նրանց իրեն մոտ պահել, գոնե կյանքի վերջին տարիներին, հատկապես որդու՝ Արտավազդի զոհվելուց հետո: Գթառատ հայր է եղել, հոգատար ամուսին»:

Եղիազարյանը վկայում է, որ կյանքի ինչ-որ մի պահից սկսած` Օլգան կին լինելուց զատ, 10 զավակներին հավասար ստանձնել է նաեւ Թումանյանին բացառիկ ուշադրությամբ խնամելու պարտավորությունը:

«Պատահական չէ, որ Խրիմյան Հայրիկը դա նկատել է, եւ ասել` իսկապես դժվար է Օլգայի վիճակը՝ մի բան է 10 զավակ խնամելը, մեկ այլ բան բանաստեղծ ամուսնու մասին հոգ տանելը: Թերեւս Օլգան բացառիկ գիտակցում ուներ Թումանյան հանճարի մեծության եւ նրան մոտենում էր ոչ սովորական կողակցի պահանջներով»:

Հայտնի պատմություն է, որ Թումանյանների տուն կատարած իր այցելություններից մեկի ժամանակ դեռ մուտքի մոտ Խրիմյան Հայրիկը աղմուկ է լսել ու տեսել տարբեր չափերի շարված բազմաթիվ կոշիկներ։ Նայել է տիկին Օլգային ու ասել. «Եկեղեցին զույգին ապահարզան հեշտ չի տալիս, բայց եթե ցանկանաս, քեզ կտա»։

Հավատարիմ Թումանյանը

Թումանյանի գրական ժառանգության մեջ գրեթե չենք հանդիպի նշանավոր ստեղծագործությունների, որոնք որեւէ մեկից ոգեշնչմամբ գրված լինեն, նշում է Եղիազարյանը։ Նրա գրական մտածողությունն այլ ակունքներից է ծնունդ առել եւ այլ հարցեր քննել:

«Այդ է պատճառը, թերեւս, որ Թումանյանին չենք համարի սիրո պոետ դասական ընկալմամբ, չնայած` նրա ամենախոհուն երկերում էլ սերը ներկա է»:

Փոխարենը Թումանյանի գործերը ծնվել են սեփական ժողովրդի նկատմամբ ունեցած մեծ սիրուց: Եղիազարյանը փաստում է, որ սիրո ընկալումը Թումանյանի դեպքում չափազանց լայն է. «Դա քրիստոնեական սիրո ընկալումն է, որի հիմնասյունը մարդասիրությունն է եւ կյանքն առավել լավը դարձնելու անհուն ձգտումը: Ապա այդ ընդհանուր սիրուց բաժին է հասնում ծնողներին, ընտանիքին, զավակներին ու ընկերներին, ինչու ոչ՝ նաեւ այն անծանոթին, որը դեպի Թումանյանն էր գալիս որեւէ հարցով, խնդրով կամ պահանջմունքով»:

Հայտնի է, որ Թումանյանի կյանքում Մարիամ Թումանյանը մեծ տեղ է ունեցել, նրանք շատ ջերմ եւ յուրահատուկ հարաբերություններ են ունեցել: Գրականագետն ընդգծում է, որ Իշխանուհի Մարիամի ներկայությունը Թումանյանի ընտանիքում բազմաշերտ էր՝ մեկենաս-բարեկամուհուց մինչեւ հանրային կյանքի կազմակերպիչ եւ հավատարիմ հոգի։

«Նա իր մտերմությունը Թումանյան ընտանիքի հետ շարունակեց նաեւ պոետի մահից հետո: Մարդկային հոգու փոքրիկ-փոքրիկ առկայծումները կարճ բնույթ են կրել, եւ առանձնապես մեծ կրքերի բորբոքման առիթ փնտրելը զուր գործ է»:

Հյուրընկալ ընտանիքն ու նրա մեծ վիշտը

Թումանյանը կենցաղում չափազանց սակավապետ է եղել, բայց շռայլ ու դռնբաց ծանոթ-անծանոթի առջեւ: Եվ ժամանակի ընթացքում նրա ընտանիքն էլ է ընդունել կյանքի այդ ձեւը. «Նրանք չեն հիշում այնպիսի մեկ օր, որ ճաշի նստեր միայն ընտանիքը: Հյուրերը Թումանյանի տանը կարող էին լինել անգամ նրա բացակայության օրերին: Այդպես ամիսներ շարունակ նրա տանն են իջեւանել եւ Օլգա Թումանյանի հյուրընկալությունը վայելել Լեւոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, գյուղից եկած ազգականներն ու բարեկամները»։

Թումանյանը տեսել է իր Արտավազդ որդու մահն ու այն այդպես էլ  չի կարողացել հաղթահարել։ Եղիազարյանի խոսքով՝ նրա զոհվելու լուրը լսելուց հետո Թումանյանն ապրել է 5 տառապալի տարի, եւ այդ ծանր վշտի մեջ կարծես անտեսանելի էին դարձել Օլգայի ապրումները, որն իր մասին մտածելու ժամանակ գուցե չի էլ ունեցել:

«Ցավոք, Օլգային ճակատագիրն ավելի ծանր օրեր էր նախանշել՝ Արտավազդից հետ նա կորցրեց ամուսնուն, ապա դստերը՝ Անուշին: 1930-ականներին ստալինյան բռնաճնշումներն ուղղակի տակն ու վրա արեցին նրան՝ ձերբակալելով եւ աքսորելով երեք որդիներին: Ասում են՝ դրանից հետո ամիսներ շարունակ Օլգա Թումանյանը որեւէ բառ չի արտաբերել. կարծես անհուն լռության մեջ փորձել է խեղդել վիշտը: Եվ միայն ամիսներ հետո ուժ է գտել իր մեջ, սկսել որոնել որբանոց տարված թոռանը, փրկել նրան ու իր խնամքին առել: Իսկ դուստրերն էլ փորձել են ամեն ջանք գործի դնել՝ վշտակցելու եւ մխիթարելու իրենց մորը»:


Թումանյանի ժառանգության պահապանը

Հենց Հովհաննես Թումանյանի կնոջ ջանքերով է պահպանվել բանաստեղծի ողջ արխիվն ու տեղափոխվել Երեւան: Գրականագետը դա բացառիկ երեւույթ է համարում։

«Մեր օրերում, երբ ամեն բան հասանելի է, երբ հաղորդակցումը, վայրից վայր տեղափոխվելն այնքան դյուրին է, բայց եւ երբեմն հայտնվում ենք անելանելի իրավիճակում, միշտ փորձում եմ հասկանալ, թե ինչ կամք եւ ուժ են ունեցել Օլգա մայրիկն ու իր դուստրերը՝ այդքան ծանրությունն իրենց ուսերին տանելու համար, այդքան հոգածությամբ ու պատասխանատվությամբ պահպանել են այդ բացառիկ ժառանգությունն ու նվիրաբերել հայությանը: Եվ դա հնարավոր էր միայն անձնվեր նվիրումի շնորհիվ: Սա ֆենոմենալ ընտանիք է, չեմ վարանի ասել՝ եզակի»:

Օլգա Թումանյանն ամուսնու մահից հետո դեռ երկար տարիներ է ապրել ու մահացել 100 տարեկանում։ Սակայն առանց Հովհաննես Թումանյանի անցկացրած տարիները բավական բարդ ու դժվար են եղել, մանավանդ՝ երեխաների մահից հետո։

«Նա տեսավ այդ մահերն ու ցավն ապրեց միայնակ: Ապա եղավ նաեւ երեւանյան թանգարանի կառուցման, իրերի տեղափոխման, դրանց պահպանության դժվարին ճանապարհը: Մխիթարությունը թերեւս թոռնիկներն էին, որոնք շրջապատում էին տատիկին, լույսով ու հույսով, ջերմությամբ լցնում նրա կյանքի վերջին տարիները: Երբ կա առաքելության գիտակցում, ամեն բան վերածվում է նվիրումի եւ սիրո: Զոհողությունն այնտեղ տեղ չունի: Ազգի անմահությունն ամուր ընտանիքի մեջ է»։


Անկոտրում կինը

Օլգա Թումանյանի 150-ամյակի առիթով՝ Հովհաննես Թումանյանի անվան թանգարանում տեղի է ունեցել նրան նվիրված «Մայրիկը. Օլգա Թումանյան» ֆիլմի ցուցադրությունն ու պատկերագրքի շնորհանդեսը:

«2021-ին թանգարանում նշեցինք Օլգա մայրիկի ծննդյան 150-ամյակը. լայնածավալ ցուցադրություն, գրքի հրատարակում եւ ֆիլմի նկարահանում իրականացվեց: Արցախյան 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ էր անցել: Օլգա Թումանյանի կերպարն այնքան խոսուն էր՝ որպես որդեկորույս մոր, որն այդպես էլ չընկրկեց կյանքի դժվարությունների առջեւ, այլ ապրեց արարելով: Եվ երբ թանգարանում որոշում կայացվեց կազմելու եւ հրատարակելու Օլգա Թումանյանի արխիվային ժառանգությունը, նպատակը միայն մեկն էր՝ մեր օրերում ընթերցողի սեղանին դնել անկոտրում հայ կնոջ պատմություն: Առհասարակ, նշանավոր մարդկանց կանայք հաճախ անտեսվում են, նրանց մասին կամ քիչ են խոսում, կամ լռում են: Որոշեցինք կոտրել այդ կարծրատիպային մտածողությունը: Կարծես ստացվեց: «Մայրիկը. Օլգա Թումանյան» գրքի հրատարակումից մեկ-երկու տարի անց տպագրվեցին մեծ վարպետների՝ Մարտիրոս Սարյանի, Ավետիք Իսահակյանի կանանց մասին պատմող գրքերը»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW