Դերասանուհի Աննա Մանուչարյանը հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին եւ անկեղծ խոսել իր եւ դստեր ծրագրերի, Մալենայի ստեղծագործական կյանքում փոքրիկ դադարի, իր՝ սերիալներում եւ երաժշտական նախագծերում ներգրավված լինելու մասին։
«Փորձում եմ չխանգարել»
Արդեն տասը ամիս է՝ Հոլիվուդում ենք։ Հանուն արդարության պիտի ասեմ՝ այս պահին ես Մալենային օգնում եմ միայն այնքանով, որ փորձում եմ չխանգարել (ժպտում է,- հեղ․)։ Նա շատ կողմնորոշված է եւ գիտի՝ ինչի համար է եկել։
«Տիգրան Համասյանն է ուղղորդել»
Երկու տարի առաջ էր, երբ Մալենան կրթաթոշակ ստացավ՝ սովորելու Բերքլիի երաժշտական քոլեջում, Տիգրան Համասյանն էր ուղղորդել։ Մեկնեցինք Բոստոն, որտեղ ես հորեղբայր ունեմ։ Նա օպերային երգիչ է, աշխատում եւ ապրում է այնտեղ։ Մենք կանգ առանք հորեղբորս տանը, Մալենան սկսեց սովորել։ Ամառային դպրոցից հետո մի փոքր շրջագայեցինք, եւ Մալենան սիրահարվեց Ամերիկային։ Եղանք Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Վեգասում, գնացինք նույնիսկ Մեքսիկա՝ հանգստանալու։ Ճիշտն ասած՝ Մալենան ուներ համագործակցության լուրջ առաջարկ, որն անպայման ուզում էինք դիտարկել։ Ինչ-որ մի պահի հասկացանք, որ պետք է կյանքի կոչենք այդ նախագիծը: Այդ առիթով էլ այժմ այստեղ ենք։
«Գիտակցաբար դադար ենք վերցրել, որ ճիշտ կողմնորոշվենք»
Մալենան նախ պիտի իր ուսումն այստեղ շարունակի։ Այո, շատ վտանգներ կան նույնիսկ առաջարկվող պայմանագրերի մեջ։ Հատկապես վերջերս ակնհայտ դարձավ բոլորին, որ ամերիկյան շոու-բիզնեսի այդ շքեղ ու սիրուն պատկերի տակ կարող են թաքնված լինել սարսափելի մութ անկյուններ։ Եվ ես շատ հետեւողական եմ ու շատ վախենում եմ, որովհետեւ ամեն դեպքում մենք օտար երկրում ենք, եւ ես մենակ եմ, ինչքան էլ որ կողքիս ընկերներ կան։ Դրա համար էլ չենք շտապում։ Որեւէ մեկին չենք ուզում ապացուցել, որ հիմա անպայման պիտի պահենք այն սանդղակը, որը Մալենան սահմանել է։ Ուզում ենք ճիշտ կողմնորոշվել։ Դրա համար գիտակցաբար դադար ենք վերցրել, որպեսզի հասկանանք՝ որ կետից ենք շարունակելու, եւ ուր է մեզ տանելու այդ ճանապարհը։
«Դավիթի հետ լավ ընկերներ են»
Երբ Մալենան ստեղծագործական որեւէ խնդիր է ունենում, կամ էլ չի կարողանում միայնակ կողմնորոշվել, առանց վախենալու կարող եմ ասել, որ իր պրոդյուսեր Դավիթին է դիմում։ Այսինքն՝ նրանք նաեւ լավ ընկերներ են։ Ինձ հետ էլ է կիսվում, բայց քանի որ իրենք երաժշտական նույն ճաշակն ունեն, մասնագիտական շատ հարցերում ինձ չի դիմում։ Երաժշտության հարցում ես իրեն խորհրդատու չեմ եւ չեմ էլ փորձում հավակնել այդ պաշտոնին․ գիտակցում եմ, որ տալու բան չունեմ այդ մասով։ Ուղղակի ուզում եմ իր համար պայմաններ ապահովել, որ կարողանա հանգիստ ապրել, չմտածել կենցաղային խնդիրներ լուծելու մասին եւ այդ ժամանակը տրամադրի իր զարգացմանն ու երազանքների իրականացմանը։
Վերադառնալու մտքերը
Երեւան վերադարձի մասին իմ մտքերն ամեն օր են, բայց հիմա չեմ կարող՝ դա կդիտարկեմ որպես պարտություն։ Ամեն ինչ նոր կետից եմ սկսել ու պիտի կարողանամ առաջ շարժվել։ Հիմա նկարահանվում եմ «Սոս Անջելես» սիթքոմում։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: