×


«Կուզեմ՝ իմ երեխաներն էլ զգան այն, ինչ ես եմ զգում իմ երկրի հանդեպ»․ Սերգեյ Խաչատրյան

Անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը «Արդեան»-ի «Միամիտ հարցեր» նախագծի շրջանակում խոսել է երաժիշտ լինելու եւ դասավանդելու տարբերությունների, բարդությունների, Հայաստանի հետ իր էմոցիոնալ ու մշակութային կապերի, ազդեցությունների եւ կրթության կարեւորության մասին։ Ուշագրավ է, որ հարցազրույցը վարել է երաժշտի կինը՝ Անխելա Գարսիա Լոպես-Խաչատրյանը:  

«Սկսել եմ դասավանդել. լրիվ նոր աշխարհ է»

Ոչ բոլոր լավ երաժիշտները կարող են լավ դասավանդել. դրանք շատ տարբեր աշխարհներ են։ Զուտ գիտելիքներ ունենալը բավարար չէ, հատկապես եթե դու շփվում ես երեխաների հետ։ Հոգեբանություն պիտի հասկանաս, պիտի մարդուն լավ ճանաչես, կարողանաս երկխոսել հետը։

Շատ դեպքեր կան թե՛ անցյալում, թե՛ հիմա, որ դասատուներն ավելի շատ երեխաներին «փչացնում» են, քան՝ օգուտ տալիս։ Մտածելակերպը, որ դասավանդելիս պետք է ունենաս, բազմաշերտ է եւ միայն գիտելիքների հետ չէ կապված: Ճիշտն ասած՝ ես էլ եմ վերջերս սկսել դասավանդել, եւ ինձ համար մի լրիվ նոր ճանապարհ է։ Կարծում եմ՝ դրան պետք է շատ մեծ ժամանակ հատկացնես, եթե ուզում ես իսկապես լավ դասատու լինել եւ կարողանալ լավ կրթություն տալ։ Դրա համար մեկ-մեկ ճիշտ է, որ երաժիշտները մնում են երաժիշտ (ժպտում է,- հեղ․

«Շնորհակալ եմ, որ հայ եմ»

Ճիշտն ասած՝ շատ բան խորությամբ չգիտեմ մեր մշակույթի բոլոր շերտերից։ Բայց ինձ թվում է՝ ես մի բանում շատ բախտավոր եմ. այն, ինչ կապված է Հայաստանի հետ, այս հողի հետ, ահռելի մեծ նշանակություն ունի իմ կյանքում, որը նույնիսկ չգիտեմ՝ ինչպես բացատրել։ Բացի գենետիկական կապից, նաեւ ծնողներս են ինձ դաստիարակել այդ ոգով։ Ես շնորհակալ եմ, որ հայ եմ, որովհետեւ այն ամբողջ զգացմունքային աշխարհը, որ կրում եմ, դրա շնորհիվ է, մշակութային ահռելի ազդեցության շնորհիվ։ Միակ բանը, որ ես շատ կուզեմ՝ իմ երեխաներն էլ ունենան այն զգացմունքը, որը ես ունեմ դեպի իմ երկիրը։ Ամենաարժեքավորը լեզուն է, որ կարողանաս պահել, հայերեն խոսել։

«Առանց մշակույթի ապրելու իմաստ չի լինում»

Մենք պետք է կարողանանք մեր ներուժը ճիշտ օգտագործել։ Կրթությունը շատ կարեւոր դեր պետք է խաղա մեր ազգի համար։ Դա պետք է լինի մեր այցեքարտն ու նաեւ մեր զենքը, որով պիտի գոյատեւենք։ Առանց մշակույթի ապրելու իմաստ չի լինում։ Հատկապես մենք, լինելով այսպիսի տարածաշրջանում, դա պետք է շատ հստակ գիտակցենք, ամուր պահենք, զարգացնենք։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW