Դերասանուհի Եվա Զոհրաբյանը հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի «Look&Face» հաղորդաշարին եւ խոսել հղիության մասին երկար ժամանակ լուռ լինելու, ամուսնու աջակցության, նորից նկարահանվելու պլանների, Մարիամ Ալեքսանյանի հետ հարաբերությունների, հոր եւ պապիկի՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներ լինելու մասին։
«Վախեր կան, բայց ջերմությամբ եմ ընդունում այս շրջանը»
Այն հույզերը, որոնք հիմա ունեմ, նախկինում երբեւէ չեմ զգացել։ Շատ շնորհակալ եմ, որ հիմա այս կարգավիճակում եմ։ Միշտ մտածում էի՝ դեռ պատրաստ չեմ մայրանալու։ Բայց հիմա հասկանում եմ՝ դա այնպիսի զգացողություն է, որին երբեք էլ պատրաստ չես լինում. հոգեվիճակ չէ, ընթացք է, որը շատ գեղեցիկ հունով պետք է գա քո կյանք։ Վախեր կան, չեմ թաքցնի, որովհետեւ պատասխանատվությունդ ավելի է մեծանում։ Բայց երբ շրջապատված ես լինում ճիշտ մարդկանցով, երբ ամուսինդ, ընտանիքիդ անդամները, ընկերներդ կողքիդ են, այդ դեպքում քեզ ավելի ուժեղ ես զգում։ Վախն ամեն տեղ փչացնում է մարդուն, պետք չէ վախենալ, ընդհակառակը՝ պետք է ջերմությամբ ընդունել նորությունները։
«Սիրահարված ենք մեր այս շրջանին»
Ես եւ ամուսինս ամենամտերիմ ընկերներ ենք, եւ հիմա էլ նա ինձ շատ է օգնում ամեն հարցում ե՛ւ հոգեպես, ե՛ւ ֆիզիկապես։ Մանրուքից սկսած՝ նա իմ կողքին է, ու ես անընդհատ զգում եմ նրա աջակցությունը։ Նա շատ ճիշտ է հասկանում եւ զգում իմ էմոցիաները։ Այս փուլը կարող եմ նկարագրել այսպես՝ սիրահարվածություն (ժպտում է,- հեղ․), որովհետեւ ամեն օր արթնանում եմ ու հասկանում՝ իմ մեջ ավելի է մեծանում սիրո զգացողությունը, մենք իսկապես սիրահարված ենք մեր այս շրջանին։
«Աղջիկ ենք ունենալու»
Իմ ու ամուսնուս համար երեխայի սեռը բացարձակ կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ սրտիդ տակ բալիկ կա։ Սեռի մասին երեւի ամենավերջինը կմտածեի, եթե ինձ չասեին նույնիսկ։ Ոչ թե հետաքրքրությամբ ուզում էի իմանալ՝ աղջիկ է, թե տղա, այլ այդպես ստացվեց։ Բժիշկն ասաց, ընդունեցի, շնորհակալ եղա։ Մենք աղջիկ ենք ունենալու (ժպտում է,- հեղ․)։
Այնպես չէ, որ մտածված եմ թաքցրել հղիությունս։ Հարցն այն է, որ ուզում էի այդ ժամանակահատվածում իմ հույզերի հետ մենակ մնալ։ Այս կյանքում կան պահեր, որ պարզապես չես ցանկանում քո զգացողություններով կիսվել հանրության հետ։
Նորից նկարահանվելու ծրագրերի մասին
Երեխայի ծնվելուց հետո, իհարկե, կանցնեմ իմ բուռն գործունեությանը: Իսկ հիմա եթե չեմ նկարահանվում, չի նշանակում՝ չեմ աշխատում այդ ուղղությամբ. անընդհատ ներկայացումներ եմ նայում, ֆիլմեր եմ դիտում, ռուսական առցանց դասընթացների եմ գրանցվում, պարզապես շատ անգամներ չեմ կիսվում այդ ամենով։
Երբ հայրն ու պապիկը քրեական աշխարհի ներկայացուցիչներ են
Բացարձակ չի խոչընդոտել այդ փաստը։ Ես, իհարկե, ո՛չ հայրիկիս եմ տեսել, ո՛չ պապիկիս, այդ աշխարհի մասին եւ ընդհանրապես նրանց գործունեության մասին ավելի շատ լսել եմ ու ծանոթ եմ դրսից՝ մեկնաբանություններով։ Երբ ինձ տեսել են, հաճախ ասել են՝ «Դու Արայիկի աղջիկն ես, Վանիկի թոռն ես»։ Բայց տանը նրանց ինձ այլ կերպ են ներկայացրել, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին նրանք կան։
Մարիամ Ալեքսանյանի հետ կապն ընդհատվե՞լ է
Շատ կսրտնեղեմ, եթե հեռուստադիտողը մտածի, թե իմ եւ Մարիամիկի կապն ընդհատվել է այն պատճառով, որ «Սյուրպրիզ» սիթքոմի նոր եթերաշրջանում իմ դերակատարումը փոխարինել են նրա կերպարով։ Ընդհանրապես այդ խնդիրը չի եղել մեր մեջ։ Իրոք չեմ պատկերացնում՝ ինչպես կարող ես դերի համար կոնֆլիկտ ունենալ գործընկերոջ հետ։ Խնդիր չի եղել՝ ռեժիսորի եւ սցենարիստի որոշումն էր: Եվ ես իսկապես ուրախանում եմ իմ գործընկերների հաջողություններով։ Մարիամի հետ շատ լավ եւ շատ ջերմ գործնական հարաբերություններ ունեմ մինչ օրս։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: