×


«Արամ Խաչատրյանով հպարտանում է ոչ միան Հայաստանը, այլեւ ողջ աշխարհը». Չժան Գոյուն

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) օրերս հանդես է եկել չինացի անվանի դիրիժոր Չժան Գոյունի ղեկավարությամբ: Գոյունը Շանհայի կոնսերվատորիայի պրոֆեսոր է եւ դիրիժորության բաժնի դեկանը, նաեւ Շանհայի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը եւ Ցինդաոյի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

Փետրվարի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեց Արամ խաչատրյանի համարձակ, հանդուգն եւ շլացնող Դաշնամուրի կոնցերտը, որն աչքի է ընկնում նաեւ հրապուրիչ մեղեդային գեղեցկությամբ: Կոնցերտը խաչատրյանական երաժշտության բացառիկ ընկալմամբ կատարեց չինացի դաշնակահար Շեն Ցայը, որը ներկայացնում է Կանադան: Երկրորդ բաժնում հնչեց Շոստակովիչի դրամատիկ-փիլիսոփայական Սիմֆոնիա թիվ 5-ը:


Գլխավոր փորձից հետո առիթ ունեցանք զրուցել պարոն Գոյունի հետ։

- Նվագախմբի հետ փորձերը փոխըմբռնման ու ստեղծագործական մթնոլորտում են անցնում: Երեւում է, որ երաժիշտները մեծ բավականություն են ստանում Ձեզ հետ երաժշտություն ստեղծելու ընթացքից: Ի՞նչ տպավորություններ ունեք նվագախմբից:

- Առաջին անգամ եմ Հայաստանում: Չորս տարի սովորել եմ Մոսկվայում, այստեղ գալով՝ բացահայտեցի, որ Հայաստանում ինձ զգում եմ տանը, ինչպես որ Ռուսաստանում: Առաջին անգամ եմ աշխատում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եւ մեծապես տպավորված եմ: Բոլոր երաժիշտները տարված են իրենց աշխատանքով, սիրում են երաժշտությունը, մեծ կիրք ու զգացմունքներ են դնում կատարման մեջ, ինչը շատ կարեւոր է: Ինձ չի հետաքրքրում, թե որքան մեծ համբավ ունի նվագախումբն աշխարհում, ինձ համար կարեւոր է գործի հանդեպ երաժիշտների վերաբերմունքն ու ներգրավվածությունը: Հատկապես շատ սիրեցի լարայիններին. նրանք շատ ուժեղ են: Սիրեցի Երեւանը, որը շատ հինավուրց է, մշակութային մթնոլորտը տիրում է ամենուր, անգամ ռեստորաններում ամեն ինչ այնքան գեղեցիկ ու ճաշակով է։


- Ինչպե՞ս է ընտրվել ծրագիրը եւ անձամբ Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունեն այդ ստեղծագործությունները:

- Ինձ համար հիշարժան փորձառություն է նվագել Խաչատրյանի հայրենիքում: Նրա ստեղծագործությունները բազմիցս ղեկավարել եմ Չինաստանում՝ սիմֆոնիաները, «Գայանե», «Սպարտակ» բալետները, Ջութակի կոնցերտը, Դաշնամուրի կոնցերտը, բայց նրա հայրենիքում ներկայացնելը հայ երաժիշտների հետ բոլորովին ուրիշ բան է: Առավել եւս, որ Խաչատրյանն իմ ֆավորիտ կոմպոզիտորներից է: Նրանով հպարտանում է ոչ միան Հայաստանը, այլեւ ողջ աշխարհը:

Շոստակովիչն իմ ամենասիրելի կոմպոզիտորն է: Մոսկվայում ուսանելու տարիներին պատրաստել եմ նրա բոլոր սիմֆոնիաները: Իմ պրոֆեսորը՝ Գենադի Ռոժդեստվենսկին, Շոստակովիչի մասնագետ էր, տիրապետում էր Շոստակովիչի ստեղծագործությունների մեկնաբանման բոլոր նրբություններին: Շոստակովիչն ապրել ու ստեղծագործել է դժվարին եւ շատ յուրահատուկ պատմական ժամանակաշրջանում: Բոլորը գիտեն՝ ինչ բռնաճնշումներ եւ վախի մթնոլորտ էր ստալինյան Խորհրդային Ռուսատանում 1930-ականներին: Մենք նույն իրավիճակում էինք Չինաստանում 1960-ականներին: Կարծում եմ, որպես չինացի դիրիժոր՝ ավելի խորն եմ զգում ու հասկանում Շոստակովիչի երաժշտությունը, քան արեւմտյան, անգամ շատ հայտնի դիրիժորներ: Նրանք չունեն կյանքի նման պայմաններում գոյատեւելու փորձառությունը, որն ունեմ ես: Երբ ղեկավարում եմ Շոստակովիչի գործերը, իմ մտքում ու սրտում կա անձնական հարուստ պատմություն՝ համահունչ Շոստակովիչի պատմությանը:


- Այս տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը տոնում է հիմնադրման 100-ամյակը, ի՞նչ կմաղթեք նվագախմբին:

- Մենք միայն 5 օր աշխատեցինք միասին, բայց ես շատ սիրեցի այս նվագախումբը: Ցանկանում եմ, որ հաջորդ 100 տարվա ընթացքում այն է՛լ ավելի ծաղկի եւ դրա համար ունենա բոլոր պայմանները: Նաեւ հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ նպաստել նրան, որ Ֆիլհարմոնիկի հետ Չինաստանում մեծ շրջագայություն իրականացնենք:

Տեքստը՝ Աստղիկ Դալլաքյանի
Լուսանկարները՝ Մարիա Վարդանովայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW