×


«Անորա»-ի անհավատալի հաղթարշավը, 4-րդ երեխայի խոստում ստացած Քալկինը եւ «Օսկար 2025»-ի մյուս դրվագները

«Օսկար»-ի 97-րդ արարողությունը «Դոլբի» թատրոնում սկսվեց հայտնի ֆիլմերից հատվածների ցուցադրումով եւ Լոս Անջելեսին սիրո խոստովանությամբ: Ապա բեմում հայտնվեց «Չարը: Արեւմուտքի կախարդի հեքիաթ»-ից Արիանա Գրանդեի ու Սինթիա Էրիվոյի տրամադրության տակ, որոնց կատարումը ներկաների հոտնկայս ծափահարություններին արժանացավ։

Նրանց ելույթից հետո կազմակերպիչները հաղորդավար Քոնան Օ’Բրայենին գտնել չէին կարողանում, մինչդեռ նա «Սուբստանցիա» ֆիլմի հայտնի տեսարանում Դեմի Մուրի պես ներարկում էր ստանում, որպեսզի երիտասարդացած եւ կազմ ու պատրաստ ներկայանա միջոցառմանը:

Բեմ բարձրանալուց հետո նա նախ հումորային մենախոսությամբ անդրադարձավ «Օսկար»-ի առաջադրված ֆիլմերի առավելություններին ու նշեց իր ֆավորիտ «Վատ աղջիկ»-ը, որը չի հայտնվել հավակնորդների թվում։ Հաղորդավարը նկատեց «Էմիլիա Պերես»-ի գլխավոր դերակատար Կառլա Գասկոնին ու, ակնարկելով նրա հետ կապված սկանդալը, խորհուրդ տվեց «Օսկար»-ի մասին թվիթ անելու դեպքում իրեն նշել որպես Ջեյմս Քիմել։ Նա նախորդ տարվա մրցանակաբաշխության հաղորդավարն է եղել:


Օ'Բրայենը հիշեցրեց երեկոյի մի քանի կանոն՝ առաջինը ելույթների ժամանակ կարճ խոսել, այլապես էկրանին կցուցադրեն խախտողների երիտասարդ տարիների լուսանկարները, որպես օրինակ ցուցադրվեց Զոյի Սալդանայի արխիվային լուսանկարը, նաեւ մի կադր Թիմոթի Շալամեից՝ արված ուլտրաձայնային հետազոտության ժամանակ:

«Ես կարճ եմ խոսելու, ձեր ժամանակը չեմ վատնելու»,- իր չափազանց երկար խոսքից հետո ասաց Օ'Բրայենը ու նաեւ երգեց։

Առաջին մրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերակատարման» համար հանձնեց նախորդ տարվա հաղթողը՝ Ռոբերտ Դաունի Կրտսերը։ Ինչպես եւ ակնկալվում էր, այն «Իրական ցավ» ֆիլմի համար ստացավ Քիրան Քալքինը: Նա ելույթում կնոջը հիշեցրեց իրեն տված խոստման մասին՝ հաղթելու դեպքում 4-րդ երեխան պարգեւել։

«Լավագույն անիմացիոն ֆիլմը» լատվիական «Հոսքն» է (Գինթս Զիլբալոդիս), «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը»՝ իրանական «Նոճիների ստվերը»: Երկու մրցանակներն էլ առաջինն էին այդ երկրների ներկայացուցիչների համար։


«Լավագույն կոստյումների դիզայնի» մրցանակը Փոլ Թեյզուելինն է («Չարը: Արեւմուտքի կախարդի հեքիաթը»)։ «Անորա»-ի առաջին «Օսկար»-ին «Լավագույն օրիգինալ սցենար»-ի համար արժանացավ Շոն Բեյքերը, որը շնորհակալությունների թվում նշեց նաեւ իր հիանալի դերասաններին, այդ թվում՝ Կարեն Կարագուլյանին եւ Վաչե Թովմասյանին։ Փիթեր Սթրոհանը («Կոնկլավ») ստացավ արձանիկ «Լավագույն ադապտացված սցենար»-ի համար։

«Լավագույն դիմահարդարում եւ վարսահարդարում» անվանակարգում հաղթողը  «Սուբստանցիա»-ն է, Շոն Բեյքերը «Անորա»-ի սցենարի հեղինակն ու ռեժիսորը լինելուց բացի, մոնտաժն էլ է արել, ինչի համար արժանացավ եւս մեկ «Օսկար»-ի։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհին» Զոյի Սալդանան («Էմիլիա Պերես») է։ Բուռն ծափահարությունների ներքո բեմում հայտնված Միք Ջագերը հայտնեց «Լավագույն երգի» անունը. «Օսկար»-ի արժանացավ «Էմիլիա Պերես»-ից «El Mal» («Ծովը») կատարումը։ «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմը» «Նվագախմբի միակ աղջիկն» է, «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմը»՝ պաղեստինա-իսրայելական խմբի նկարահանած «Ոչ մի ուրիշ հողը»։


Արարողության ընթացքում Քոնան Օ'Բրայենը բեմ հրավիրեց հրշեջներին, որոնք Լոս Անջելեսում բռնկված հրդեհների ժամանակ փրկել են քաղաքն ու ներկաներից շատերի առանձնատները, այդ թվում՝ հաղորդավարի։ Նա նրանց հերոսներ անվանեց ու շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար: 97-րդ արարողությունը շարունակվեց ու հաջորդ արձանիկները «Լավագույն հնչյունավորման» ու «Վիզուալ էֆեկտների» համար տրվեցին «Դյունա 2»-ին: Նիդերլանդական «Ես ռոբոտ չեմ»-ը «Լավագույն կարճամետրաժ ֆիլմն» է։

Օսկարակիր Մորգան Ֆրիմանը հարգանքի տուրք մատուցեց օրեր առաջ կյանքից հեռացած իր ընկերոջը՝ Ջին Հեքմենին, ապա էկրանին ցուցադրվեցին վերջին մեկ տարվա ընթացքում մահացած կինոգործիչները։ Օփրա Ուինֆրին եւ Վուպի Գոլդբերգն էլ հարգեցին Քուինսի Ջոնս Կրտսերի հիշատակը։


«Լավագույն օպերատորական աշխատանքի» «Օսկարը» «Բրուտալիստը» ֆիլմինն է, «Լավագույն միջազգային ֆիլմը» բրազիլական «Ես դեռ այստեղ եմ»-ն է։ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում հաղթողը նորից «Բրուտալիստն» է։

Նախորդ տարվա օսկարակիր Քիլիան Մըրֆին «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը, ինչպես եւ ակնկալվում էր, հանձնեց Էդրիեն Բրոուդիին՝ «Բրուտալիստ»-ի համար։ Դերասանը նույն անվանակարգում հաղթել էր նաեւ 22 տարի առաջ, թեեւ այս անգամ Հոլի Բերիի հետ նրա համբույրը ոչ թե բեմում, այլ մինչ այդ է տեղի ունեցել։


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Halle Berry (@halleberry)



«Շնորհակալություն սիրո, հարգանքի եւ գնահատականի համար, որ ստացել եմ։ Նման մրցանակի արժանանալը նշանակում է նոր նպատակ ունենալ եւ իմ կերտած կերպարի պես ամեն ինչ նորից սկսել: Հույս ունեմ՝ հետագա 20 տարվա ընթացքում էլ բավական հաջող կաշխատեմ ու կապացուցեմ, որ արժանի եմ նման նշանակալի դերեր կերտել»,- նշել է դերասանը:

Օսկարակիր Քվենտին Տարանտինոն հայտարարեց «Լավագույն ռեժիսորին», հաղթողը նորից Շոն Բեյքերն է, որը բեմ բարձրացավ 3-րդ անգամ եւ մրցանակը նվիրեց տարեդարձը նշող իր մայրիկին. հենց նա է 5-ամյա որդուն առաջին անգամ ծանոթացրել կինոաշխարհի հետ: «Լավագույն դերասանուհին» Մայքի Մեդիսոնն («Անորա») է, արձանիկը նրան հանձնեց օսկարակիր Էմմա Սթոունը։


«Մեծացել եմ Լոս Անջելեսում, բայց Հոլիվուդն ինձ միշտ այնքան հեռու է թվացել: Անհավանական է հայտնվել այս բեմում: Շնորհակալ եմ ընտանիքիս անդամներին ու խաղընկերներիս՝ Յուրային, Մարկին, Վաչեին, Կարենին: Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել սեքս ոլորտում աշխատող հիանալի մարդկանց, որոնց հետ այս ընթացքում համագործակցել եմ, եւ որոնց մասին է մեր ֆիլմը: Սա երազանքի իրականացում էր, շնորհակալ եմ, Շոն, սա քո շնորհիվ է»,- ասել է Մեդիսոնը:

Այդքան մրցանակներից հետո սպասելի էր, որ «Անորա»-ն հաղթելու է նաեւ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի անձնակազմին երեկոյի վերջին «Օսկար»-ը հանձնեցին «Երբ Հարրին հանդիպեց Սալլիին» ֆիլմի դերասաններ Մեգ Ռայանն ու Բիլլի Քրիստալը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Getty Images-ի, Reuters-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW