Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի մրցավար եւ պարուսույց Ինեսսա Բադալյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, մեծ փորձ ու հմտություններ ունի: Նախ ինքն է միջազգային ասպարեզում հաջողություններ գրանցել, ապա նաեւ իր սաները: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է անցած ճանապարհի ու դժվարությունների, բարդ վնասվածքի ու այն հաղթահարելու եւ մեծ նպատակների մասին:
- Պարարվեստում ի՞նչն եք ամենաշատը սիրում եւ ի՞նչ եք կարողանում նրա միջով փոխանցել մարդկանց:
- Պարի միջոցով փորձում ես արտահայտել այն, ինչը հնարավոր չէ ասել, նկարագրել կամ տեսնել։ Պարով մենք երեւակայում ենք եւ կյանքը պատկերացնում ինչպես մեր երազներում։ Պարային արվեստը սահմաններ չունի եւ իսկապես կյանք է. ընդամենը մեկ անգամ բախվելով այս զարմանալի աշխարհին՝ այլեւս երբեք չկարողացա լքել այն։ Պարարվեստն ուրույն ձեռագիր է տալիս յուրաքանչյուր պարողի, մեծացնում սեփական մարմինը գեղեցկացնելու ցանկությունը, զարգացնում երեւակայությունը, ոճը, երաժշտական ընկալման անհատական մոտեցումը եւ արվեստի վերարտադրումը, օգնում պարի միջոցով արտահայտել հույզերը: Այս ամենը ամբողջովին փոխում է պարողի էությունը՝ հարստացնելով ներաշխարհը։ Ժամանակի ընթացքում պարը դարձավ իմ զարկերակը, սրտի աշխատանքը, շնչառությունը եւ ի վերջո կյանքի ռիթմը։
Ինեսսա Բադալյանը
- Դուք վաղ տարիքից եք սկսել պարել, ինչպե՞ս է պարն առաջին անգամ հայտնվել Ձեր կյանքում:
- Դեռ 3 տարեկան էի, երբ մայրս առաջին անգամ ինձ ուղեկցեց պարային դահլիճ։ Թեեւ փոքրիկ էի, բայց այդ պատկերն այնքան տպավորեց ինձ՝ բեմական զգեստներով գեղեցիկ զույգեր էին պարում, եւ միանգամից սիրահարվեցի: Երբ պարուսույցս հարցրեց՝ արդյոք կուզե՞մ պարել, պատասխանեցի. «Եթե այդ կոշիկներից ինձ էլ տաք, հենց հիմա էլ կպարեմ»: Եվ այդ օրվանից մինչ օրս ապրում եմ պարի հեքիաթային աշխարհում։ Ի դեպ, այնքան էի սիրում պարային կոշիկներս, որ գրկած էի քնում, մայրս է հետո պատմել այդ մասին (ծիծաղում է,-հեղ.):
- Ի՞նչ խոչընդոտների ու դժվարությունների եք հանդիպել Ձեր ճանապարհին:
- Իհարկե, բարդություններ հաղթահարելով եւ աշխատասիրության արդյունքում շատ հաղթանակներ գրանցեցի, բայց իմ անցած ուղին առաջին իսկ օրվանից հեշտ չէր։ Ինչպես գիտեք, երաժշտությունը չափազանց բարդ ու լայնածավալ հասկացություն է, իսկ պարողի ստեղծագործական կյանքում այն ավելի խոր եւ նուրբ մոտեցում է պահանջում։ Պետք է կարողանալ ընկալել ռիթմը, հաշիվը, չափերը եւ անգամ երաժշտության մեջ առկա տրամադրությունը։ Իսկ պարահանդեսային եւ սպորտային պարերը շատ բարդ մարզաձեւ են, եւ ինձ համար այդ ամենը յուրացնելը բավական դժվար էր, քանի որ երաժշտական լսողությունս զարգացած չէր: Մարզիչս պատմում է, որ առաջին մրցմանը հաշվելով էի պարում (ծիծաղում է,-հեղ.): Շատ լավ էր զարգացած տեխնիկական կողմս, երաժշտականը՝ ոչ այնքան, բայց 4 տարեկանում առաջին անգամ մրցույթի մասնակցեցի եւ հաղթեցի՝ արժանանալով նաեւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Իմ հաջողություններում շատ մարդիկ են ներդրում ունեցել, ինչի համար շնորհակալ եմ նրանց: Առաջինը մայրս է, որը որպես ծնող եւ հովանավոր՝ միշտ ամուր կողքիս կանգնած է եղել ու թեւեր է տվել ինձ: Եվ, իհարկե, ընտանիքս՝ անփոխարինելի տատիկս, պապիկս, մորաքույրս։
- Ովքե՞ր են եղել Ձեր ուսուցիչներն ու ինչպե՞ս է ամեն մեկն օգնել կայանալ:
- Առաջին ուսուցիչս Գեւորգ Դոխոլյանն է: Ամեն մարզչի չի տրված սեր սերմանել այն սպորտի կամ արվեստի հանդեպ, որով երեխան զբաղվում է, իսկ այդքան վաղ տարիքում դա անելն առավել եւս կարեւոր է: Նա նուրբ եւ ժպիտով, միշտ կոնֆետներով սեր էր ներարկում։ Հետո ինձ հետ սկսեց աշխատել Արա Մխոյանս. նրա անունը տալիս միշտ վերջում «ս» տառն եմ ավելացնում, որովհետև դարձավ իմ կրթական համակարգի սիրտը։ Նա այն մարդն է, ով ինձ սովորեցրեց ոչ միայն լավ պարել, այլ ապրել աշխարհի ամենագեղեցիկ եւ էսթետիկ արվեստի միջոցով, ինձ համար բացահայտեց հմայքի եւ նրբագեղության չլսված եւ չտեսնված գաղտնիքները, իմ գեղագիտական ճաշակը ձեւավորեց։ Աննա Կարապետյանն իսկական օրինակ է, ումից կարելի է անվերջ սովորել թե՛ գիտելիքներ, ու թե՛ մարդ լինելու կարեւորագույն արժեքները՝ կամքի ուժ, պրոֆեսիոնալիզմ, ինչպես նաեւ դառնալ չհանձնվող կին։ Արմեն Մելիքսեթյանը հոր նման ձեռքս բռնած ուղեկցեց դեպի նոր աշխարհ, իմ մեջ զարգացրեց արվեստի մեկ այլ ճյուղ՝ սեր ամենահեքիաթային մյուզիքլային թատրոնի հանդեպ:
Իսկապես երջանիկ մարդ եմ, որովհետեւ կյանքն ինձ հնարավորություն է ընձեռել մեր բարդ օրերում ճանաչել անիրական ու անհավատալի մարդկանց, որոնք կյանքի տարբեր շրջաններում ինձ կրթել են, ուժ տվել, հավատացել, սիրել, մոտիվացրել, օգնել ու հասցրել այս մակարդակին: Ու հիմա լավագույն առիթն է շնորհակալությունս հայտնելու Վլադիմիր Հախվերդյանին, Արթուր Զաքարյանին, Նարեկ Դուրյանին, Անահիտ Ասատրյանին, Հայկ Իսրայելյանին։
- Մի քիչ պատմեք Ձեր նախընտրելի ոճերի յուրահատկության ու դրանց չերեւացող գեղեցկության մասին:
- Ընդհանրապես պրոֆեսիոնալ սպորտը շատ բարդ ուղի է՝ ամենօրյա քրտնաջան ծանր ֆիզիկական մարզումներ, վնասվածքներ, հոգեբանական վայրիվերումներ: Պարահանդեսային եւ սպորտային պարերը տեխնիկական զարգացման առումով սպորտ են, իսկ էսթետիկական տեսանկյունից՝ արվեստ։ Այստեղ սպորտը եւ արվեստը միավորվել են ամենաբնական միջոցով, դրանք տարբեր մշակույթների վառ արտահայտված էմոցիաների, կերպարների, հզոր էներգետիկայի եւ արտահայտչականության սինթեզ են։ Իհարկե, պարող մարզիկի կյանքն այնքան էլ հեշտ չէ, բայց հենց պարելիս է, որ ամեն օրդ լցվում է անմոռանալի եւ պայծառ տպավորություններով։
Ինեսսա Բադալյանը
- Ո՞րն է պրոֆեսիոնալ պարով զբաղվելու իրական դժվարությունն ու ինչպես ֆիզիկական ակտիվության հետ կապված ցանկացած ոլորտ, ի՞նչ վնասվածքներով է վտանգավոր:
- Սա, թերեւս, ամենացավոտ հարցն է ինձ համար: Պետք է խոստովանեմ, որ երբ իմ կարիերայի ընթացքում արդեն իսկ բազմաթիվ հաջողություններ էի գրանցել՝ իմ տարիքային խմբում դարձել Հայաստանի հնգակի չեմպիոն եւ միջազգային մրցաշարի էի պատրաստվում, ծնկահոդի վնասվածք ստացա։ Առաջատար պարողի համար դա շատ լուրջ հոգեբանական վնասվածք է, երբ դու, մարզիչդ ու զուգընկերդ վստահ եք ուժերիդ վրա, եւ ելույթից րոպեներ առաջ որոշիչ պահի վնասվածք ես ստանում: Նման ապրումներ իմ կյանքում մի քանի անգամ եմ ունեցել եւ ոչ մեկին չեմ ցանկանա նման բան զգալ: Տապալված, սրտի մրմուռով, արցունքն աչքերիս բուժումներ էի ստանում, մինչեւ մի օր վերջնականապես մենիսկի պատռվածք ստացա եւ ստիպված էի դիմել վիրահատության։ Այդ ընթացքում շատ կարեւոր ժամանակ կորցրի, բայց առաջ եկան չհանձնվելու եւ առաջատարի հատկանիշները. զինվելով համբերությամբ ու ոչ մի րոպե հույսս չկորցնելով՝ օրթոպեդ-վնասվածքաբան, հրաշագործ բժշկիս՝ Մանուկ Ներսիսյանի հետ պայքարում էի շուտ վերականգնվելու համար։
- Վաղ տարիքից՝ 16-ից, սկսել եք դասավանդել, Ձեր սաներն ի՞նչ հաջողություններ են գրանցել:
- Այո, վաղ եմ սկսել դասավանդել եւ աշխատել եմ պարային տարբեր ստուդիաներում՝ «Խարակտեր», «Stage», «Անի-Արմ պարի թատրոն» ,«Gold’s Gym», «ID dance» եւ այլն: Ինչպես նաեւ դասախոսել եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։ Չնայած երիտասարդ տարիքիս՝ հասցրել եմ կրթել եւ իմ ներսում եղած ողջ սերը փոխանցել աշակերտներիս եւ ուսանողներին, կիսվել նրանց հետ իմ ունեցած փորձով եւ հմտություններով։ Այժմ նրանց յուրաքանչյուր հաջողությամբ հպարտանում եմ, ուրախանում եւ պատրաստակամ եմ անհրաժեշտության դեպքում նրանց կողքին լինել:
Ինեսսա Բադալյանը
- Որո՞նք եք համարում մինչ այս պահը Ձեր կարեւոր ձեռքբերումները:
- Ամենամեծ ձեռքբերումներիցս մեկն այն սերն է, որը վայելում եմ աշակերտներիս, ուսանողներիս եւ անգամ նրանց ծնողների կողմից։ Առաջնայինն ինձ համար լավ, բարի, կամեցող մարդ լինելն ու յուրաքանչյուր ոլորտում սրտով առաջնորդվելն է։ Նաեւ երկրորդ կարգի մրցավար եմ, ինչն ինձ համար նույնպես կարեւոր ձեռքբերում է։
- Հետագայում որպես մասնագետ ու պարուսույց ինչերի՞ եք ձգտելու:
- Մեծագույն նպատակս է, որ Հայաստանում պարահանդեսային եւ սպորտային պարերն արժանի գնահատականի արժանանան եւ չդադարեն զարգացում ապրել: Դրան հասնելու համար Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան իր պրոֆեսիոնալ նվիրյալների թիմով ջանք ու եռանդ չի խնայում, այդ մասին են փաստում վերջին տարիների մեր ձեռքբերումները: Արդեն 5-րդ տարին է՝ Հայաստանում կայանում է պարահանդեսային եւ սպորտային պարերի Աշխարհի առաջնությունը։
Զրուցեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Լիլիթ Բարսամյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: