×


Սթիվ Բաղմանյանը, կադրը՝ «Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմից

Բաքվում հալածված Սթիվ Բաղմանյանի մասին ֆիլմը, որ «Օսկար 2024»-ում հաղթող ճանաչվեց

«Անորա»-ի անհավանական հաջողություններից հետո տեղին է հիշել հայի մասնակցությամբ մեկ այլ ու շատ կարեւոր ֆիլմի մասին, որը նախորդ տարի «Օսկար» մրցանակի արժանացավ, սակայն այսքան չքննարկվեց: Խոսքը «Վերանորոգման վերջին արհեստանոցը» («The Last Repair Shop») կարճամետրաժ վավերագրական ֆիլմի մասին է, որը պատմում է 1980-ականներին Ադրբեջանում էթնիկ հալածանքների ենթարկված Սթիվ Բաղմանյանի մասին։

Փաստագրական ֆիլմում Սթիվը պատմում է իր կյանքի մասին, թե ինչպես է դպրոցական տարիքում առաջին անգամ հիացած հետեւել դաշնամուր լարող վարպետի աշխատանքին, հետո արդեն սկսվել են Բաքվի ջարդերը, սպանել են հորը, իրենք էլ գաղթել են Միացյալ Նահանգներ:

«Իմ ծնողները երբեք չէին կարող պատկերացնել, որ ինչ-որ վատ բան կարող էր տեղի ունենալ, քանի որ մենք ընկերներ ունեինք, հարեւաններ, որոնց հետ տարիներ շարունակ ապրել էինք կողք կողքի...»,- ասում է նա:

Հեռանալու որոշումը հեշտ չէր, հիշում է Սթիվը՝ չկարողանալով թաքցնել հուզմունքը, բայց մնալն օր օրի ավելի դժվար էր դառնում. «Մենք հավաքվում էինք շենքերի մոտ, փողոցներում խարույկներ էինք վառում եւ պարզապես գիշերը հերթապահում էինք՝ մեր տները պաշտպանելու համար»։ Նա ֆիլմում նաեւ նկարագրում է հայ ժողովրդի կապվածությունը հայրենի հողի հետ, կարոտն այն վայրի հանդեպ, որտեղ ծնվել է, եւ հուսահատությունն այնտեղ իր կյանքն ավարտելու անհնարինության պատճառով։

«Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմի ստեղծողներին հաջողվել է ներկայացնել հուզիչ պատմություն Սթիվ Բաղմանյանի եւ իր թիմի մասին. իրենց գործին նվիրված տեխնիկական չորս մասնագետ, որոնք հաղթահարել են դժվարություններն ու ծանր պայմաններում կարողացել են իրականացնել ոչ միայն իրենց, այլեւ իրենց աշակերտների երազանքները։ Շատերը ներգաղթյալ կամ սոցիալապես անապահով ընտանիքներից են եւ առանց արհեստանոցի աշխատակիցների աջակցության՝ նրանց համար երաժշտությամբ զբաղվելն անհասանելի կլիներ։ Բաղմանյանի արհեստանոցը գործող վերջին վայրերից մեկն է, որտեղ ուսանողների երաժշտական գործիքները վերանորոգվում են անվճար։

Սթիվ Բաղմանյանի մասնակցությամբ կինոնկարն «Օսկար 2024»-ում հաղթող է ճանաչվել «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ Այն լավագույնն էր ճանաչվել նաեւ Նյու Յորքում կայացած «Critics' Choice» մրցանակաբաշխության ժամանակ։ Ֆիլմի հղումը ներկայացնում ենք ստորեւ՝ 
 


Աստղիկ Իսկանդարյան /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW