Վաստակավոր արտիստներ, մայրեր Նունե Եսայանը եւ Շուշան Պետրոսյանի համատեղ համերգի առիթը կանանց միամսյակն էր։ «Արտիստներ, որոնք պատրաստ են իրենց սրտի եւ հոգու ջերմությունը տալ ձեզ, եւ այն սիրո մեծ չափաբաժնով փոխանցվելու է երգերի ու տրամադրության միջոցով»,- հայտարարեց հաղորդավար Սուրեն Առուստամյանը։
Շուշան Պետրոսյանը կատակեց, որ փոխել է համերգի խորագիրը. «Երեկոյի առիթը ոչ թե մեկամսյակն է, այլ հրաժեշտը 11-ամսյակին»: Դահլիճում գտնվող տղամարդկանց նա հորդորեց դիմանալ ընդամենը մեկ ամիս։
«Սիրելի կանայք, թող ձեր տղամարդկանց մեջքը պինդ լինի, այդպես մենք ամեն օր ավելի կին կմնանք եւ ստիպված չենք լինի արժանանալ տղամարդ-աղջիկ բնորոշմանը, որը վատ արտահայտություն է»,-ասաց երգչուհին։
Պետրոսյանը եւ Եսայանը հանդես եկան ինչպես առանձին կատարումներով, այնպես էլ զուգերգերով։ Հանդիսատեսը, թերեւս, փոքրիկ շոկ ապրեց, երբ Շուշան Պետրոսյանը երգեց «Իմ ախպերս» երգը, իսկ Նունե Եսայանն ապահովեց բեք վոկալը։ Բայց այս երգը հնչեց միանգամայն այլ գործիքավորմամբ եւ բնօրինակի մասին հիշեցնում էր կրկներգի «Իմ ախպերս» բառակապակցությունը։
Նունե Եսայանն էլ ներկայացրեց իր որոշ երգերի ստեղծման պատմությունը. պատմեց, որ «Իմ սրտով» երգի երաժշտության հեղինակը երազն է. «Երազում լսում էի այդ երաժշտությունը, առավոտյան արթնացա հիշելով մեղեդին, ձայնագրեցի, Ավետ Բարսեղյանը գրեց բառերը, եւ ծնվեց այս գեղեցիկ ստեղծագործությունը։ Ու միշտ այս երգը ներկայացնելուց առաջ ասում եմ՝ խոսքերն՝ Ավետ Բարսեղյանի, երաժշտությունը՝ երազի»։
Շուշան Պետրոսյանն ու Նունե Եսայանը մեկ տարուց ավելի է, որ նման ձեւաչափով համերգ-հանդիպումներն են ունենում հանդիսատեսի հետ։ Առաջարկը ստացել են «Հին Անի» ակումբի տնօրինությունից: BRAVO.am-ի հետ զրույցում Նունե Եսայանը նշեց, որ առաջին համերգը տեղի է ունեցել Անկախության օրը, հասկացել են՝ ձեւաչափը ներկաներին դուր եկավ:
«Մենք բեմում միմյանց լրացնում ենք, կես խոսքից, մի հայացքից հասկանում իրար։ Կարող ենք անգամ բեմում որոշել, թե այդ պահին որ երգը պետք է երգենք։ Երգեր կան, երբ ես եմ ձայնակցում Շուշանին, Շուշանն էլ իմ բեք-վոկալն է լինում, ու այստեղ վատ զգալու բան չկա»,- նշեց Նունե Եսայանը:
Երգչուհին նկատեց՝ իհարկե, ամեն մեկն ունի իր լսարանը, բայց այս համերգների շնորհիվ անգամ հանդիսատեսն է միախառնվում. «Մեզ գալիս են լսելու նաեւ Սփյուռքից, շատ հյուրեր մեզ հետ կռվել, ճանապարհ են անցել»։
Ակումբային ձեւաչափով համերգների ժամանակ հանդիսատեսը սիրելի արտիստին տեսնում է ավելի մտերմիկ ու անմիջական միջավայրում. «Նախկինում մերժում էի նման համերգները. սեղանները խանգարում էին ինձ։ Սակայն այստեղ առաջին համերգից հետո բոլոր մտավախություններս անցան: Շատ կարեւոր է, որ այսպիսի համերգներին գալիս է հենց քեզ սիրող հանդիսատեսը, որն անգիր գիտի քո բոլոր երգերը, քեզ հետ հավասար երգում է ու ջերմ էներգիա ուղարկում բեմ»։
Շուշան Պետրոսյանը լրացրեց՝ այս անմիջական համերգների ժամանակ ներկաներն իրենց ճանաչած ու սիրելի արտիստին կարող են այլ կողմից բացահայտել. «Իրենց համար նոր Շուշանի են բացահայտում: Եթե մինչ այդ տեսել էին հրապարակներում երգելիս կամ հաղորդումներում խոսելիս, այստեղ նրանց առջեւ ես քո ողջ ներկապնակով»։
Երգչուհին անկեղծացավ՝ Նունե Եսայանի երգացանկում կա երկու երգ, որ ամեն անգամ լսելիս արտասվելու չափ հուզվում է, իսկ «Քոնն եմ ես» երգը կուզեր՝ հենց ինքը երգեր։
Երեկոն անցավ շատ ջերմ ու անկեղծ մթնոլորտում։ Հանդիսատեսն առաջին իսկ վայրկյանից դարձավ համերգի ակտիվ մասնակիցը։ Ու ինչպես երգչուհիները նկատեցին, այլեւս իրենց չեն տալիս ավանդական հարցը՝ «Ճի՞շտ է, որ դուք իրար հետ կռված եք եղել ու որոշ ժամանակ չեք շփվել»:
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: