×


«Տպավորություն է՝ լավ հայերին հանել են ու լիքը վատ հայերի ներս բերել». Ռաֆայել Ղազանչյան

Ժամանակին դերասան, հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը հեռուստատեսային տարբեր նախագծերով «այցելում» էր բոլորիս բնակարաններ։ BRAVO.am-ը պարզել է՝ ինչու է նա հրաժարվել եթերային կյանքից:

- Դադարը երկա՞ր կշարունակվի:

- Ես չեմ կորել, ուղղակի մի պահ այլ ոլորտում էի։ Հիմա ավելի շատ աշխատում եմ կադրից դուրս։ Երբ նոր նախագիծ են առաջարկում, մինչեւ չեմ զգում՝ որակի հոտ է գալիս, չեմ համաձայնում աշխատել։ Հիմա «Արմենիա TV»-ի հետ համատեղ մի նախագիծ եմ իրականացնում, որը շուտով եթեր կհեռարձակվի։ Լավ թիմ է հավաքվել, որակի հոտն էլ զգում եմ։

- Կա՞ն նախագծեր, որոնցում նկարահանվելու համար հիմա ամաչում եք:

- Չեմ ամաչում, բայց եթե հնարավորություն լիներ չզբաղվելու, չէի զբաղվի։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ լավ նախագծերի մասին էլ այդքան չեն խոսում: Դրանք առաջին պլանում չեն հայտնվում, թեեւ հրաշալի աշխատանք է կատարված լինում։ Բայց մեր հանդիսատեսը չի ուզում շատ մտածել, խորանալ։

Ռաֆայել Ղազանչյանը


- Կարճ ժամանակով «Հարցեր կան, կան հարցեր» խորագրով հաղորդում վարեցիք։ Հարցերը սպառվեցի՞ն։

- Չէ, էլ ավելի շատացան։ Մենք հեծանիվ չէինք հնարել, պարզապես մի քիչ այլ ձեւաչափի հաղորդում էր։ Փոդքաստերը, ինչպես ես եմ ասում, դեղատների սինդրոմով շատացան, ես էլ որոշեցի մի փոքր այլ ձեւաչափ ներկայացնել. հյուրին ոչ թե ես էի հարցեր տալիս, այլ՝ մեր համաքաղաքացիները։ Խնդիր էինք դրել՝ արդյո՞ք հայտնի մարդիկ կկաշկանդվեն անծանոթ մարդկանց ուղղած հարցերից։ Եվ  ստացվեց հաղորդումը։

- Տեղեկություն ունեմ, որ Ձեր հյուրերից մեկը քննադատել էր այս իշխանությանը, եւ դրա համար էլ փակվել է հաղորդումը։

- Նման բան չկա։ Իհարկե, քննադատություններ հնչել են, սուր թեմաներից էլ ենք խոսել, բայց դա չի եղել փակման պատճառը։ Հովանավորներ չգտնվեցին, ու ծրագիրը չունեցավ շարունակություն։ Հուսով եմ՝ կգտնվեն նրանք, եւ հաղորդումը եթեր կվերադառնա։

- Այնուամենայնիվ, Դուք կաշկանդվա՞ծ էիք, Ձեր ազատությունը սահմանփակվա՞ծ էր։  

- Չկա նման բան։ Ես քիթս չեմ մտցնում այնտեղ, ինչից չեմ հասկանում։ Բայց այնպես չէ, որ ինձ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում երկրում։ Միշտ պատրաստ եմ կանգնել այն մարդու կողքին, ով անարդարության զոհ է դարձել։

- Ձեր ընկերներից շատերը մուտք գործեցին քաղաքականություն: Նրանց հետ շփվո՞ւմ եք։  

- Ամեն մեկն ինքն է որոշում՝ ինչ ճանապարհ ընտրել։ Ընտրեցինք այլ ճանապարհներ, հայացքների տարբերություն եղավ, դադարեցինք միմյանց հետ աշխատել։ Շփվելու առումով էլ՝ եթե տեսնում ենք իրար, բարեւում ու անցնում ենք։ Ու սուտ կլինի ասել՝ զանգում ենք, հանդիպում։

Արմինե Գեւորգյանը եւ Ռաֆայել Ղազանչյանը


- Ճարտարապետի մասնագիտությունն ընտրելով՝ ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստատեսությունում։

- Ես անգամ մի օր ո՛չ սովորել եմ, ո՛չ էլ աշխատել եմ այդ մասնագիտությամբ։ Այդ ժամանակահատվածում էր ստեղծվել ՈՒՀԱ-ն, ու տարվա կեսը երկրում չէի։ Ամաչելով եմ ասում՝ ինձ տղաներն օգնում էին, որ ավարտեմ։ Ոչ թե այդպես էի որոշել, այլ այդպես ստացվեց։

- Վերադառնանք մանկություն:

- Ծնվել եմ 20-րդ դարում, երբ դեռ կար Խորհրդային Միությունը։ Երիտասարդ էի, երբ ստեղծվում էր Հայաստանի նորանկախ պետությունը։ Ծանր, դժվար տարիներ էին, բայց արդյո՞ք հիմա ավելի ծանր չէ... 16 տարեկանից աշխատել եմ՝ բարմեն էի, մատուցող, Վերջին զանգի սցենարներ եմ գրել եւ այլն։ Եթե ասեմ՝ թերի մանկություն եմ ունեցել, բակ չեմ ունեցել, խաղալիքի պակաս եմ ունեցել, այդպես չէր։ Լույսը 2 ժամով տալիս էին, բայց հասկանում էինք՝ պատերազմ է, մենք երկիր ենք ստեղծում։ Այդ դժվար օրերի մեջ ավելի շատ սեր ու միասնություն կար, քան՝ հիմա։ Օպերայի պատկերը բոլորս հիշում ենք՝ ձյան տակ մարդիկ կանգնած։ Իրենք չէին եկել, որ կառավարություն փոխեին, ոչ էլ ավտոբուսի գնի թանկացման դեմ էին պայքարում, իրենք երկիր էին ստեղծում՝ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ դու քեզ դրա մի մասնիկն էիր զգում:

1988-ի երկրաշարժը միայն Սպիտակի ու Գյումրու աղետը չէր՝ համահայկական էր, իսկ հիմա Վանաձորում կամ Մեղրիում խնդիր է լինում, շատերը միայն այդ քաղաքների խնդիրն են համարում։ Չէ՛, այդպես չպետք է լինի։ Տպավորություն է՝ դարպասները բացել են, լավ հայերին հանել են ու լիքը վատ հայերի ներս բերել։ Հատուկ ներմուծել են այնպիսի մարդկանց, որ պառակտեն ազգը:

- Մի անգամ ասել էիք՝ Ձեր կյանքում դանակով մեջքից հարվածող մարդիկ են եղել: Հիմա դժվա՞ր եք ընտրում ընկերներին։

- Երիտասարդ տարիքում ընկերների մասին պատկերացումներդ այլ են, հիմա նրանց ոչ թե փնտրում ես, այլ հայտնվում են։ Մի ձեռքի վրա կարող եմ հաշվել՝ ովքեր են իմ ընկերները։ Ընկեր ունեմ, որ 5 տարի է՝ ընկերություն ենք անում, բայց կարծես 20 տարի ճանաչում ենք միմյանց։ Նման ընկերներ շատ քիչ են։ Ես իրենց ասել եմ՝ հիմա իմ կարմիր գրքում են։   

Ռաֆայել Ղազանչյանը


- Սոցցանցերում ակտիվություն չեք ցուցաբերում, չեք պատմում Ձեր առօրյայի, ընտանիքի մասին:

- Ես հին մտածելակերպ ունեմ։ Իմ անձնականը միայն իմն է: Մարդիկ կան՝ սեւ փիարին էլ են համաձայն, դե, ուշադրությունից դուրս մնալու բարդույթ ունեն: Նկատե՞լ եք՝ փոքր, կոլոտ մարդիկ մեծ բաների են ձգտում՝ մեծ ավտո, մեծ հագուստ եւ այլն։

- Դուք միշտ ուշադրության կենտրոնո՞ւմ եք եղել։

- Իհարկե, ես էլ եմ ունեցել ուշադրության պակաս, բայց դա չեմ լրացրել սոցցանցերում իմ մասին հիշեցնելով։

- Ասում են՝ կոնֆլիկտային մարդ եք, եւ դժվար է Ձեզ հետ աշխատելը։

- Ինձ հետ դժվար է աշխատելը, բայց ես կոնֆլիկտային չեմ։

- Իսկ եթերը չե՞ք կարոտում, թե՞ Ձեզ դուր է գալիս աշխատել կադրից դուրս։

- Սուտ կլինի ասել՝ չեմ կարոտում։ Այն հարթակ է, որտեղ կարողանում ես արտահայտվել։

- Դժվա՞ր է համակերպվել այն հանգամանքի հետ, որ Ձեզ ժամանակին ավելի շատ էին ճանաչում, քան՝ հիմա։

- Սկզբից, իհարկե, դժվար էր, իհարկե, կարոտ կա, բայց հետո հասկանում ես, որ ամբողջ կյանքում չպետք է լինես էկրանին։ Ու գալիս է մի ժամանակահատված, երբ էկրանից այս կողմ ես քեզ պատկերացնում։

Ռաֆայել Ղազանչյանը


- Անձնականից չեք սիրում խոսել, բայց գիտեմ, որ արդեն աներ եք, այսինքն՝ այդքան մեծ աղջիկ ունեք։

- Երկու տարի է՝ աղջիկս ամուսնացել է։ Տղաս 16 տարեկան է։ Տարիներ առաջ աղջկաս հետ ֆիլմ դիտելու էինք գնացել, ծանոթներիցս մեկը տեսել էր ու չէր մոտեցել: Հետո ասաց՝ մտածել է՝ մենակ չեմ: Պարզաբանեցի՝ աղջիկս է, զարմացավ: Ես հասկացա՝ ինչ է մտածել, ասացի. «Չէ՜, էլի, այդ կարգի դեռ չէ» (ծիծաղում է,-հեղ.):

- Մի քանի բլից-հարց. ինչի՞ց եք վախենում:

- Ժամանակից շուտ հարազատներիս կորցնել եմ վախենում:

- Ինչի՞ համար եք զղջում:

- Որ ժամանակին ավելի շատ ժամանակ չեմ տրամադրել ինձ հարազատ մարդկանց։

- Ափսոսում:

- Ափսոսում եմ, որ իմ պահվածքով, խոսքով վիրավորել եմ հարազատ մարդկանց։

- Ձեր թույլ կողմերը:

- Թուլությունս երեխաներս են։

- Ուժեղ կողմերը:

- Դարձյալ երեխաներս են. եթե իրենց մատը փուշ է մտնում, տեղս չեմ գտնում։

Ռաֆայել Ղազանչյանը


- Դեպք, իրադարձություն, որ կուզեիք ջնջել Ձեր կյանքից։

- Երեւի, միայն իմ կյանքից չէ. հիմա այսպես պաթոսային չհնչի, բայց երբ քո տանը  կռիվ է, իսկ իմ տունը միայն բնակարանը չէ, այլ՝ երկիրը: Ես չէի ուզենա, որ լիներ պատերազմը։

- Հարց, որը միշտ նյարդայնացրել է Ձեզ:

- Մի քանիսն են: Երբ Մարության Հայկը դարձավ քաղաքապետ, բոլորին թվում էր, թե «Կարգին»-ի անձնակազմին պետք է տանի քաղաքապետարան։ Կամ որ տեսնում էին, հարցնում էին՝ «Քո ընկերն է, վերջը ի՞նչ է լինելու, դու կիմանաս»։

- Ապագայի մասին Ձեր մտորումներն ու հավատը:

-Իհարկե, հավատն առ Աստված միշտ կա: Նաեւ մեջս մի քիչ հույս կա, որ մարող կրակին փայտ գցենք, էլի կվառվի։ Չեմ պատկերացնում՝ վաղն ինչ կլինի: Ու եթե մի բան այն չլինի, մարդիկ, որ ճամպրուկները հավաքած նստած են, գնան, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու: Այնպես չէ, որ իմ մտքով չի անցել... Է՜, գնացինք, հետո՞։ Այնտեղ խալիները գցած սպասո՞ւմ են։ Հյուրանոցի պես ենք վերաբերվում մեր երկրին, չէ՛, հյուրանոց չի։

Զրուցեց՝ Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW