Շատ հաճախ չենք էլ կարող պատկերացնել, թե մի քանի ժամում ընթերցվող գրքերը որքան երկար ու տքնաջան աշխատանքի արդյունքում են ծնվում։ Հեքիաթներ ստեղծելու բարդության ու ամենապահանջկոտ ընթերցողներին՝ երեխաներին գոհացնելու մասին BRAVO.am-ին պատմել է երիտասարդ գրող Արմեն Գրիգորյանը։
- Արմեն, որքա՞ն հաճախ եք լինում Օպերայի բակում ու ինչո՞ւ որոշեցիք Ձեր նոր գրքի վերնագիրը կապել հենց այդ վայրի հետ:
- Շատ հաճախ եմ լինում, հատկապես՝ ամռանը։ Ինձ համար այդ շինության ճարտարապետությունը, նրա շուրջը գտնվող արձաններն ու այնտեղ տիրող մթնոլորտը շատ հարազատ են: Շատերս ենք Երեւանով քայլելիս անցնում Օպերայի շենքի կողքով ու նրան շրջապատող փողոցներով, դրա համար էլ գիրքը գրելիս որոշեցի, որ հերոսները պետք է հայտնվեն հենց այդ բակում։
- «Օպերայի բակում»-ը Ձեր արդեն երրորդ գիրքն է, ինչպե՞ս եք առհասարակ սկսել ստեղծագործել։
- Քանի որ ֆիլմեր շատ եմ սիրում, դեռ 15 տարի առաջ սկսեցի սցենարներ գրել ու Գյումրիում մասնակցեցի երիտասարդ սցենարիստների մրցույթի, որտեղ հետաքրքիր գաղափարի համար պատվոգրի արժանացա։ Այն ժամանակ չգիտեի, որ սցենարները պետք է հատուկ ձեւով ու տառատեսակով գրել, հետո այդ ամենն յուրացրի ու սկսեցի ստեղծագործել ինձ հարազատ ֆենտեզի ժանրում։ Քանի որ երեխաներին շատ եմ սիրում ու նրանց հետ հատուկ կապ ունենք, ցանկությունս էր ինչ-որ բան պատմել ու սովորեցնել։ Սկսեցի երեխաների համար գրքեր գրել, ու ծնվեց «Կանը եւ կախարդական բանալու գաղտնիքը»։ Ավագ Եփրեմյանի եւ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքներն իմ գրած հեքիաթների ու պատմածների մասին շատ կարեւոր էին, դրական արձագանքներ ստանալուց հետո շարունակեցի ստեղծագործել։ Իմ պատմությունները տպվել են «Գրեթերթ»-ում, «Գրանիշ»-ում, «Ակտուալ արվեստ» ամսագրում, «Արձագանք» հանդեսում։
Արմեն Գրիգորյանը
- Ինչպե՞ս առաջացավ «Օպերայի բակում»-ի միտքն ու ինչպե՞ս հասկացաք, որ հենց այդպիսի գործ եք ուզում ստանալ։
- Երբ նոր էի սկսել հեքիաթներ գրել, մեզ մոտ այդ ժանրում շատ քիչ գրքեր էին հրատարակվում: Ինձ էլ խորհուրդ էին տալիս մինչ երեխաների համար ստեղծագործելը նախ կյանքի փորձ ձեռք բերել, թոռներ ունենալ ու նոր հասկանալ, թե ինչ բան է հեքիաթ պատմելը: Համաձայն չէի այդ մտքի հետ եւ չդադարեցի գրել: Այդպես ծնվեց ինձ հարազատ արեւելյան մոտիվներով «Արիջա»-ն։ Գլխավոր հերոսը խոհարար է ու հատուկ բաղադրատոմս է փնտրում, որ գրավի սիրելիի սիրտը։ Ես էլ եմ սիրում խոհանոցն ու կարողանում եմ համեղ կերակրատեսակներ պատրաստել (ծիծաղում է,-հեղ.), երբեմն կինս իմ ու գլխավոր հերոս Լասմանի մեջ ընդհանրություններ է գտնում։ Շատ հետաքրքիր ստացվեց նաեւ գրքի պատկերազարդումը՝ իր դասախոսի խորհրդով գեղարվեստի ակադեմիայից դիմեց Մերի Սարմազյանը, որպեսզի դիպլոմային աշխատանքի համար նկարի գործերիցս որեւէ մեկը։ Առաջարկեցի «Արիջա»-ն, երկու աշխատանք նկարելուց ու գերազանց ստացվելուց հետո ցանկացա, որ շարքը շարունակի, եւ այդպես ծնվեցին գրքի շապիկն ու մյուս նկարազարդումները։ Ինձ հաճախ էին հարցնում, թե ինչո՞ւ եմ հեքիաթն արեւելյան մոտիվներով գրել, մի՞թե հայկական թեմաներ չկան։ Դրա համար էլ իմ երեւակայությունը տեղափոխեցի մեր իրականություն, ինչն անելն այդքան էլ հեշտ չէր։
-Ինչո՞ւ, ի՞նչը մեր իրականությունում չի համապատասխանում հեքիաթին:
- Մեր առօրյայում հեքիաթայինը քիչ է։ Միշտ ցանկացել եմ, որ գրքիս հերոսները տեղափոխվեն մեկ այլ իրականություն, ու դա արեցի հենց Երեւանում։ Աստրալային գոտի նրանք մուտք գործեցին որպես թիթեռներ, մտավախություն ունեի, որ այդ հատվածը մի քիչ ռոմանտիկ կերպով կընկալվի: Բայց անչափ ուրախացա, երբ «Գլոբալ բրիջ» կրթահամալիրում երեխաների հետ հանդիպման ժամանակ իմացա, որ այդ կերպարանափոխությունը նրանց ամենաշատն է դուրս եկել:
-Ես շատ եմ հավանել, թե ինչպես եք Երեւանի կենտրոնում տեղակայված մի քանի արձաններին կենդանություն տվել ու նրանց հեքիաթի գործող կերպարներից դարձրել։
- Փոքր տարիքում շատ եմ տպավորվել խորհրդային «Կախարդական տղան» մուլտֆիլմից, որում արձանը տղայի հետ խոսում է, մեկ էլ սկսում է շարժվել ու քայլել։ Այնքան կախարդական թվաց, որ հետագայում այդ միտքն օգտագործեցի նաեւ իմ հեքիաթում: Գրել եմ Մարտիրոս Սարյանի, Ավետիք Իսահակյանի եւ Մհեր Մկրտչյանի արձանների մասին, ինչն ամենապատասխանատու պահն էր ինձ համար ու ավելի շատ քննադատության էի սպասում, թե ինչո՞ւ եմ գրել նրանց մասին, կամ ո՞վ եմ ես, որ անդրադառնամ այդ մեծերին։ Գնացել եմ բոլորի տուն-թանգարանները, շատ մեծ ուսումնասիրություն արել ու փորձել նրանց մասին գաղտնիքներ իմանալ։ Մկրտչյանի թանգարանում իմացել եմ, որ փոքր տարիքում հեծանիվ չի ունեցել, ծանոթացել եմ Իսահակյանի դժբախտ սիրո պատմությանը, թե ինչպես է նրա սիրտը երիտասարդ տարիքում կոտրվել, տեսել Սարյանի «Հեքիաթ» շարքը։ Նաեւ հենց արձաններն եմ ուսումնասիրել, թե ինչու է Սարյանը ոտաբոբիկ, սպիտակ ու այդքան մեծ, արդյո՞ք Իսահակյանը ձեռնափայտով է, այս հարցում կարծիքները կիսվում են։ Այդ ամենի մասին դպրոցում չեն պատմում, դրա համար ուզում եմ երեխաները թանգարաններ այցելեն ու նոր բացահայտումներ անեն։ Հավաքած բոլոր տեղեկություններն անցկացրել եմ իմ միջով ու ներկայացրել հեքիաթում։ Իսահակյանի հետ կապված այլաբանական հատվածը գիրքը գրելուց հետո եմ ավելացրել, զգում էի՝ ինչ-որ բան պակաս է։ Գիրքն առաջարկեցի «ԴաՎինչի» հրատարակչությանը, եւ քանի որ գաղափարն ու դիզայնը հավանեցին, տպագրեցին։ «Օպերայի բակում»-ն «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթի ցանկում է հայտնվել ու գրքի հազարավոր օրինակներ են վաճառվել:
- Ինչի՞ն են հավասարազոր կամ մոտ այն ապրումները, երբ քո գրածը վերածվում է գրքի, եւ տեսնում ես, թե ինչպես են ուրիշները կարդում այն:
-Շատ հեքիաթային է։ Սկզբում մեծ սպասումներ ես ունենում, թվում է՝ հենց տպվի, բոլորը կկարդան ու կարծիք կասեն, լավ ու վատ արձագանքների ես սպասում, բայց այն միանգամից չի լինում: Հետո ես հասկանում, որ պետք է ժամանակ անցնի, բայց ամեն գրքից հետո խառն ապրումներ ես ունենում՝ ուրախություն, անհանգստություն, մտահոգություն, թե արդյոք կհասկանա՞ն գրածդ։ Ուրախ եմ, որ հիմա մանավանդ երեխաների մոտ ընթերցանության բում է սկսվել:
Հասմիկ Բաբայանը եւ Արմեն Գրիգորյանը
-Ձեր կերպարները շատ տարբերվող ու յուրահատուկ են, ինչպե՞ս եք նրանց օժտում նման հատկանիշներով։
- Սովորաբար շատ եմ գրականություն կարդում, ֆենտեզի գրքեր ուսումնասիրում, մանկական հոգեբանությանը ծանոթանում։ «Օպերայի բակում» գրքի Քամու բացասական կերպարի վրա շատ երկար եմ աշխատել։ Կարդացել եմ Նոբելյան մրցանակակիր Կլոդ Սիմոնի «Քամին», մինչ այդ համարում էի՝ Քամու կերպարը նոր է ու ես եմ հորինել, բայց պարզվում է՝ անգամ, հունական դիցաբանության մեջ է եղել նման աստված: Իսկ Պատրիկ Ռոթֆուսի «Քամու անունը» ֆենտեզի գրքում քամին ուժեղ եւ ամենազոր է։ Այն կարդացել եմ իմ Քամուն ստեղծելուց հետո, հետաքրքիր էր, թե այն որքան գրավիչ կարող է լինել։ Իմ գրքում էլ Քամին շատ զորեղ է, բայց նաեւ մարդկային որակներ ունի եւ ցույց եմ տվել, թե ինչու է այդպիսին դարձել։ Երեխաներին էլ նրան շատ էին հավանել ու շնորհանդեսի ժամանակ մանրամասն հարցեր էին տալիս: Երբ այդպես հավատում են քո ստեղծած կերպարին ու հետաքրքրվում նրանով, ուրեմն՝ ստացվել է։ Գրքում նաեւ հենց երեխաներին վերաբերվող խնդիրների եմ անդրադարձել՝ Նարեկը որեւէ բան է կարդում ու չի հասկանում, Մարին կարմիր գույնն է սիրում։ Շատ հաճախ մեծերին երեխաների խնդիրներն անհասկանալի ու կարեւոր չեն թվում, մինչդեռ նրանք ապրում են դրանցով։ Այդ հատվածը եւս շատ է սիրվել եւ հանդիպումների ընթացքում շատ հարցեր տվեցին, այդ թվում՝ գրքի շարունակության հետ կապված։
-Իսկ այն լինելո՞ւ է։ Այնպիսի վերջաբան եք գրել, որը ենթադրում է շարունակություն։
-Ինքս նախապես շարունակության մասին չեմ մտածել, բայց տպվելուց հետո կարդացի ու զգացի, որ պատմությունն ավարտուն չէ: Հիմա արդեն աշխատում եմ երկրորդ գրքի վրա, որը կոչվելու է «Աստրալ կամ աստրալային գոտու գաղտնիքները»։ Շատ հետաքրքիր կլինի գնալ մեկ այլ քաղաք, օրինակ՝ Գյումրի ու այնտեղի արձանների հետ շփվել, կամ Երեւանի մյուս փողոցներով էլ քայլել հերոսների հետ։
-Ի դեպ՝ հեքիաթի գլխավոր հերոսները՝ Մարին ու Նարեկը կրում են Ձեր երեխաների անունները։
- Գիրքը գրելու ընթացքում Նարեկը դեռ չէր ծնվել, իսկ հերոսներիս անուններն արդեն ընտրել էի: Այնպես ստացվեց, որ կերպարի անունը տվեցի որդուս, ոչ թե հակառակը, ինչպես կարող եք մտածել։ Որդուս որոշել էի հորս անունով կոչել, նա երկու անուն ունի՝ Նարեկ Նիկոլայ Գրիգորյան։ Դրա համար էլ այս պատմությունն ինձ ավելի հարազատ է ստացվել՝ նախ երեխաներիս անուններն են գրքում, բացի այդ էլ գործողությունները տեղի են ունենում Երեւանում, ինչը նաեւ շատ պատասխանատու է։ Այլ իրականության մասին գրելիս՝ ավելի ազատ ես, բայց երբ հերոսներիդ մոտիկ ու հարազատ տարածք ես բերում, քննադատությունների համար ավելի խոցելի ես դառնում։ Դրա համար էլ տարիների աշխատանք պետք եղավ՝ «Օպերայի բակում»-ի մտահաղացումն ունեցել եմ 2017-2018 թվականներից, զուգահեռ աշխատում էի նաեւ «Արիջա»-ի վրա, ու գիրքն ավարտեցի 2-3 տարում։
- Ո՞ւմ կարծիքը կամ քննադատությունն է Ձեզ համար կարեւոր, որ գրքի հրատարակվելուց հետո ուզում եք լսել։
- Շատ եմ սիրում լսել բոլորին էլ, բայց սկզբում միշտ փորձում եմ ինձ հասկանալի ու դուրեկան գրել, հետո նոր կարծիքներ հավաքել ոչ միայն մոտիկ ու հարազատ մարդկանցից։ Ամենակարեւորն ու առաջին քննադատները հենց երեխաներն են։ Օրինակ՝ «Արիջա»-ն կարդալուց հետո այնպիսի հարցեր տվեցին, որ հասկացա՝ մի քանի բացթողում կա ու որոշ հատվածներ հեքիաթային առումով իրար չեն բռնում: Թեեւ դրանք այդքան էլ լուրջ չեն, բայց պետք էր ավելի ուշադիր լինել։ Եվ «Օպերայի բակում»-ի վրա աշխատելիս փորձել եմ հաշվի առնել նաեւ այն հանգամանքները, որոնք կարող էին հայտնվել երեխաների ուշադրության կենտրոնում:
- Հեքիաթները մեր ձեւավորման ու կայացման վրա մեծ ազդեցություն են թողնում: Դուք գրելիս ի՞նչ եք փորձում փոխանցել երեխաներին:
- Իմ հեքիաթները յուրահատուկ սիրո դրսեւորում են, ցանկանում եմ երեխաներին ինչ-որ բան պատմել ու սովորեցնել։ «Օպերայի բակում»-ի օրինակով ուզում եմ, որ հայկական իրականությանը հեքիաթային աչքերով նայեն, նաեւ արձաններին այլ կերպ մոտենան ու ոչ միայն դասերից սովորած պատմությունները հիշեն։ Ուզում եմ մեր երեխաներն աշխարհը ոչ միայն արտասահմանյան մուլտերի ու հեքիաթների միջոցով ընկալեն։
- Ձեր երեխաների համար ի՞նչ եք կարդում ու նրանք ինչպե՞ս են վերաբերվում Ձեր գործերին ։
- Նարեկը դեռ հինգ ամսական է (ծիծաղում է,-հեղ.), նոր է ծնվել՝ գրքի հետ մի քանի օրվա տարբերությամբ, իսկ Մարին 5 տարեկան է։ Նրան միշտ եմ հեքիաթներ պատմել ու նաեւ հորինել, ինչպես տատիկս էր անում։ Շուտով իմ նոր ժողովածուի՝ «Հեքիաթներ փոքրիկին»-ի նկարազարդումների վրա եմ աշխատելու, որում 10 հեքիաթ կա, այդ թվում՝ իմ կոմիքսի պատմությունը։ Ներառել եմ նաեւ հին գրվածքներ, որոնք մինչեւ Մարիի ծնվելն եմ ստեղծել, կան նաեւ այնպիսինները, որոնք հենց նրա համար եմ գրել: «Սեբաստացի» կրթահամալիրի սաները դրանք առցանց կարդացել էին ու ինձ հրավիրել քննարկման: Մտածում էի՝ քիչ երեխաներ կլինեն, բայց այնքան մեծ լսարան էր հավաքվել ու այնքան էլ շատ հարցեր տվեցին:
- Փաստորեն լսարանի հետ կապը միշտ պահում եք ու լսում ընթերցողների կարծիքները: Նաեւ նրանց հետ հանդիպումներից ի՞նչ եք հասկացել, որո՞նք են որպես գրող Ձեր ուժեղ եւ թույլ կողմերը:
-Անկասկած, ուժեղ կողմս երեւակայությունն է, մեկ-մեկ ասում են՝ այն անսահման է ինձ մոտ: «Արիջա»-ում երեւակայությամբ ստեղծված կերպարները շատ-շատ են, անընդհատ նոր հերոսների էի ընդգրկում գրքում ու նրանց համար անուններ հորինում, ինչը նույնպես իմ առավելություններից է: Իսկ ահա «Օպերայի բակում»-ի դեպքում փորձել եմ ավելի զուսպ լինել ու տարբեր փոքր պատմություններ չներառել, կենտրոնացել եմ հիմնական հերոսներիս վրա: Հետագայում պետք է աշխատեմ մտքի ձեւավորման վրա, որպեսզի պատկերացրածս ավելի լավ ներկայացնեմ: Հեքիաթների ժողովածուն շատ ավելի մատչելի ու հասկանալի է լինելու երեխաների համար, այն շատ նուրբ ու հուզիչ պատմություններ է ներառելու: Հուսով եմ՝ այդ գիրքն էլ հաջողություն կունենա ու կհետաքրքրի փոքրիկներին:
- Սովորաբար ո՞ր տարիքի երեխաների համար եք գրում:
-«Օպերայի բակում» գրքի համար սահմանել էինք 8-ից բարձր տարիքային շեմը, հիմնական կորիզը 3-րդ դասարանցիներն են կազմում, բայց կցանկանայի, որ 5-րդ դասարանից նոր սկսեին կարդալ: Թեեւ հիմա երեխաներն ավելի զարգացած են ու շատ բան են հասկանում։ Իսկ ահա հեքիաթների ժողովածուն հենց փոքրիկների համար է, բայց մի քանիսն ավելի մեծերին էլ կհետաքրքրեն: Գրքի գործերի մեծ մասը պետք է երեխաների համար ուտելիս կամ էլ քնելիս կարդալ: Ինքս հաճախ եմ հեռախոսով բացում տեքստն ու քնելուց առաջ Մարիի համար ընթերցում:
- Իսկ Դուք եւ Ձեր շրջապատի մարդիկ ե՞րբ հասկացաք, որ ամեն ինչ շատ լուրջ է ու արդեն կարող եք հեքիաթագիր համարվել:
- Երբ սցենարի համար պատվոգիր ստացա, ամեն ինչ ավելի լրջացավ: «Կանը եւ կախարդական բանալին» կարդալուց հետո Ավագ Եփրեմյանն ասաց, որ ինձ հետ արդեն որպես գրող է խոսում (ծիծաղում ենք,-հեղ.): Կնիքի պես բան էր, որ դրվեց, ու գրողի կյանքը սկսվեց (ծիծաղում է,-հեղ.): Արդեն ընդունել եմ, որ գրող եմ, բայց պետք է ավելի շատ աշխատեմ, որ համապատասխանեմ այդ կոչմանը:
Արմեն Գրիգորյանը
-Ձեր գործունեության ոլորտներն իրարից բավական տարբեր են՝ սովորել եք տեղեկատվական տեխնոլոգիաներ, աշխատել որպես վարկային մասնագետ, հիմա գրքեր եք գրում: Ինչպե՞ս եք այդ ամենը համատեղում:
-(Ծիծաղում է,-հեղ.): Թեեւ բարդ է համատեղել, բայց այդ ոլորտները նաեւ օգնում են իրար: Կարծում եմ՝ չպետք է գումար վաստակես այն աշխատանքով, որը սիրում ես: Իմ դեպքում գրելն ավելի շատ սիրելի զբաղմունք է, որն ինձ տեղափոխում է հեքիաթային աշխարհ: Գրելիս հատուկ երաժշտություն եմ միացնում ու տարբերվող վայր գտնում, երբեմն լռության եւ հատուկ լուսավորության կարիք եմ ունենում: Թեեւ ժամանակի ընթացքում այդ առումով փոխվել եմ, հիմա հենց միտքը գալիս է, փորձում եմ որեւէ տեղ գրել ու հետո զարգացնել, կամ տեխնոլոգիաներն եմ օգտագործում ու ձայնագրում: Մի բան հաստատ է, որ գրելն ինձ իրականությունից լրիվ հեքիաթային միջավայր է տեղափոխում: Դպրոցում երեխաներից մեկը հարցրեց, թե այդ ինչպե՞ս եմ ստեղծագործում, ոչ մի գաղտնիք էլ չկա՝ նստում եմ ու իրենց պես վայելում ընթացքը:
- Սովորաբար գրողները նշում են, որ կերպարներին կենդանություն տալուց հետո նրանք են իրենց թելադրում՝ ինչ անել ու ինչպես ավարտել գիրքը, Ձեր դեպքում ինչպե՞ս է:
-Հեքիաթների ժողովածուն վնասված թեւով թռչունի մասին պատմություն ունի, որին երեխան մայրիկից թաքուն խնամում է, հետո հասկանում՝ պետք էր ամեն ինչ պատմել, քանի որ նա էլ է սիրում կենդանիներին: Վաղուց էի գրել այդ հեքիաթը, եւ երբ որոշ ժամանակ անց կարդացի, չէի հավատում, որ հեղինակը ես եմ: Կինս էր այն խմբագրել, ճշտեցի, թե արդյոք ինքը չի՞ հեղինակը: Այդ հեքիաթը միակն է, որի ստեղծելու ընթացքի ու գաղափարի ծնվելու մասին ոչինչ չեմ հիշում, ասես վերացել էի իրականությունից ու ամբողջությամբ ընկղմվել գրելու մեջ: Բայց երբեմն էլ իրականությունից հեռանալը դեպրեսիա է առաջացնում, չես կարողանում գրել եւ սկսում ես նախորդ աշխատանքներդ կարդալ, որպեսզի ոգեշնչվես:
Արմեն Գրիգորյանը
- Ինքներդ նման ճգնաժամերն ինչպե՞ս եք հաղթահարում, քանի որ դրանք անխուսափելի են՝ ստեղծագործական բուռն շրջաններին նաեւ տեւական դադարներ են հաջորդում:
-Ուղղակի պետք է կանգ չառնել, անընդհատ փորձել ու շարունակել գրել: Մեր այս իրականության մեջ հնարավոր չէ կենտրոնանալ ու սպասել լավ ժամանակների: Անընդհատ սպասում էի, որ դրական փոփոխություններ կլինեն, ու նոր կտպագրեմ «Օպերայի բակում»-ը: Բայց անդադար սպասելով՝ մեկ էլ կհասկանաս, որ տարիներ են անցել ու այդպես էլ ոչինչ չես հասցրել անել: Դրա համար էլ որոշեցի շարունակել ու ներկայացրի նոր գիրքը: 44-օրյա պատերազմին մասնակցելուց հետո այնքան վատ բաներ էի գրում: Հիմնականում քույրիկներիս էի ուղարկում, որ կարդան: Երբ հարցրիք, թե ո՞ւմ կարծիքն է ինձ համար կարեւոր, այ հենց նրանց՝ ծնողներիս ու կնոջս կառանձնացնեմ, ով նաեւ խմբագրում է տեքստերս: Ֆեյսբուքի իմ էջում մասերով ներկայացնում էի «Աղդամ» շարքը, շուտով այն թերթում էլ կտպագրվի: Քանի որ Աղդամում եմ ծառայել, ներկայացնում էի այնտեղի դեպքերը, եւ մարդիկ մեկնաբանություններում գրում էին, որ այս տղան անգամ պատերազմի դաշտում գեղեցիկն է նկատել: Ինձ համար այդ տեքստերը բնավ էլ գեղեցիկ չէին, բայց գրում էի իրականությունը ցույց տալու ու այդ ամենն ինձնից բաց թողնելու համար: Մարդկանց թվում էր՝ կարող եմ հարցերի պատասխաններ տալ ու ասել, թե պատերազմը երբ կավարտվի, բայց իրականությունը փոխել ստացվում է միայն հեքիաթներում: Այսօր հարցազրույցի գալուց առաջ այնքան վատ լուրեր կարդացի ու մտածեցի, գուցե՞ անիմաստ բաներով ենք զբաղված, բայց հասկացա, որ այդպես չէ: Կյանքն առաջ է գնում ու ամեն պահի ինչ-որ բան կարող է փոխվել դեպի լավը: Հիմա մի քանի հետաքրքիր մտքեր ունեմ, որոնց շուրջ կսկսեմ աշխատել հեքիաթների ժողովածուից հետո:
- Ի՞նչ կասեք մռայլ ու բարդ ժամանակներում գրականության ու արվեստի կարեւորության մասին:
- Նկատում եմ, թե երեխաներն ինչպես են կառչած գրքից, ու եթե չշարունակեինք ստեղծագործել, էլ ինչի՞ց էին ոգեշնչվելու: Դրա համար էլ մշակույթն ու գրականությունը կարեւոր դեր ունեն, բոլորս էլ պետք է շարունակենք աշխատել մեր բնագավառներում եւ փորձել լույս փոխանցել մարդկանց: Պատերազմից ավարտից կես տարի անց ինձ հրավիրել էին Հրազդանի դպրոցներից մեկը, որպեսզի երեխաների համար կարդամ գիրքս: Զգուշացրել էին, որ կարող են նաեւ պատերազմի մասին հարցեր հնչել, թեթեւ պատրաստվեցի՝ ակնկալելով, որ հիմնականում իմ փորձի մասին կկիսվեմ: Բայց երեխաներն այնպիսի անսպասելի հարցեր տվեցին, թե ե՞րբ խաղաղություն կլինի, որ պատերազմն ավարտվի ու նրանց եղբայրները վերադառնան տուն: Չգիտեի՝ ինչ ասել նրանց, գնացել էի հեքիաթի մասին խոսելու, բայց իրենք դեռ պատերազմի ազդեցության տակ էին ու ծանր օրեր էին ապրում։ Մի քիչ հուսալքող պահ էր, բայց հասկացա, որ եթե մնանք այդ ճգնաժամի մեջ ու ոչինչ չանենք, կմնանք նույն խավարի մեջ։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: