×


«Նրա խենթ տեսակի պակասն այսօր կա». «Խաչատրյան» համերգասրահում էլվինա Մակարյանի շունչն էր

Երբ առաջին անգամ Էլվինան երգեց Բեռլինում, նրան միանգամից էդիթ Պիաֆին նմանեցրին ու համարեցին հայկական Էդիթ Պիաֆ` փոքրահասակ, հզոր ձայնով, ուժեղ էներգիայով: Սակայն Հայաստանում, կարծես, պատրաստ չէին լսելու ջազ երգող հեղափոխական երգչուհուն։ Խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին հանուն երգելու իրավունքի, մինչդեռ Էլվինա Մակարյանը՝ հանուն ոճի եւ թեմատիկայի։

«Նյու ջեներեյշն փրոջեքթը» Հանրային ռադիոյի էստրադային եւ սիմֆոնիկ նվագախմբի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրեց «Էլվինա Մակարյան տրիբյուտ» խորագրով համերգը՝ նվիրված երգչուհու 75-ամյակին։


«Էլվինայի հետ սովորել եմ նույն դպրոցում։ Երկու տարով փոքր էր մեզնից։ Դպրոցում ունեինք Էստրադային փոքրիկ նվագախումբ, որտեղ ես դաշնամուր էի նվագում։ Ճիշտ է` նա մեր նվագախմբի անդամ չէր, քանի որ տարիքով փոքր էր, բայց գալիս էր փորձերին, դաշնամուր էր նվագում, երգում։ Շատ տաղանդավոր էր ու անհանգիստ մարդ էր. իրեն չէր կարողանում գտնել։ Այսօրվա համերգին  փորձել ենք ստեղծագործություններն այնպես մատուցել, որ իրեն բնորոշեն։ Ամենակարեւորը` երաժշտությունն ու տեքստը հասցնել հանդիսատեսին։ Իհարկե, երկրորդ Էլվինա չկա»,– ասում է Հանրային ռադիոյի Էստրադային եւ սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը։  


12 տարեկան աղջիկը, որը սիրում էր կատարել Ռոբերտինո Լորետի եւ Շառլ Ազնավուրի երգերը, չէր էլ պատկերացնում, որ հայկական ջազի մասին խոսելիս մի օր նաեւ իր անունն են տալու։

«Որքան խենթ արտիստ էր, նույնքան տարբերվող մանկավարժ. նրա դասավանդման ոճն էլ էր ուրիշ»,– ասում է Էլվինա Մակարյանի սան, երգչուհի Լուսինե Կչոզյանը։


«Էլվինան իմ դասախոսն էր։ Ինձ համար մեծ պատասխանատվություն եւ հպարատություն է մասնակցել այս համերգին եւ ներկայացնել այն գեղեցիկ ստեղծագործությունները, որոնք ինքն է ինձ սովորեցրել։ Հուսով եմ` այդ էներգետիկան կկարողանամ փոխանցել հանդիսատեսին  ու հասցնել Էլվինային։ Իր բոլոր ստեղծագործությունները շատ նման են իրեն. եթե խոսքերին նայենք, ամբողջն իր կյանքն է»։

Երգչուհի Իլոնա Սագիեւայի երգացանկում Էլվինան առանձնահատուկ տեղ ունի. «Ցավոք, ծանոթ չեմ եղել իր հետ, բայց նա ինձ համար շատ հարազատ մարդ է։ Իր արվեստի հետ, իր արվեստի միջոցով ավելի հոգեհարազատ դարձավ նաեւ իր կերպարը։ Իր կոլեգաները հաճախ ասում են, որ ոչ միայն ձայնիս տեմբրն է նման, այլեւ բնավորությանս գծերը։ Փոքրիկ գաղտնիք բացեմ՝ ռեժիսոր Արթուր Սահակյանի հետ մոնոներկայացում ենք պատրաստում՝ համերգային ձեւաչափով։ Բեմադրելու ենք այնպես, որ անծանոթ մարդը տեսնի Էլվինայի լուսավոր կերպարն ու ճանաչի նրան յուրովի»։


Իլոնան ասում է` Մակարյանի «Մենություն» ստեղծագործությունն ամբողջացնում է նրա կերպարը՝ հատկապես վերջին տարիների իր ապրածը։ Երգը հուշում է, որ նա իր մեջ պարփակված ու օտարացած էր ապրում։ Իսկ Էլվինայի երգերը կատարելը բավական բարդ է հոգեվիճակի առումով։ «Խնդիրը համոզիչ մատուցելն է»,– ասում է երգչուհին։

Անահիտ Շահբազյանի համար հոգեհարազատ են Էլվինայի ռիթմիկ ու պայծառ երգերը։ Նրա ձայն էլ հաճախ է հանդիսատեսը նմանենցնում Էլվինայի ձայնին. «Իմ երգացանկում Էլվինան միշտ կա,ու ես ավելի շատ սիրում եմ նրա ուրախ երգերը։ Երգեր, որոնք դրական էներգիա են հաղորդում մարդկանց։ Փորձելու եմ կյանքիս  ընթացքում ներկայացնել Էլվինայի երգերը, որոնք շատ անգամ մնացել են արխիվներում, որոնք պետք է թարմացվեն ու նորովի ներկայացվեն։ Շատ կուզեի, որ Էլվիանն ներկա լիներ այս համերգին ու վայելեր։ Կտեսներ, թե հանդիսատեսն ինչքան սեր է տածում իր արվեստի նկատմամբ։ Փորձում եմ իմ երգով հաճոյանալ նրան, անգամ երկնքում»։


Կարեւորը հոգեվիճակը լսարանին  փոխանցելն է, այն հույզերը, որ երգչուհին ապրել է ստեղծագործությունը կատարելիս` կարծում է երգչուհի Սեդա Սեյրանյանը. «Ինձ համար մեծ պատիվ է նման նվագախմբի հետ Էլվինայի գործերը մեծ բեմից ներկայացնել։ Ու այն ներկայացնել նոր շնչով, նոր մոտեցմամբ։  Էլվինան խենթ ու դրամատիկ արտիստ էր։ Նրա բոլոր ստեղծագործությունները հենց իրեն են նման։ Նրա խենթ տեսակի պակասն այսօր կա»։


Երգչուհի Սրբուկին հոգեհարազատ են Էլվինայի գրեթե բոլոր երգերը. «5 տարի առաջ թողարկեցի իմ «Հայկական ստեղծագործություններ» ալբոմը, որում ընդգրկվել է Էլվինայի «Երգ սիրո մասին» գործը՝ նոր գործիքավորմամբ։ Իմ ամենասիրելի ստեղծագործություններից է։ Այդ երգից անկեղծություն է գալիս։ Իսկ այսօր առաջին անգամ պատիվ ունեմ այս բեմից կատարել «Սեր Աստծո» ստեղծագործությունը, որը դարձյալ իմ սիրելիներից է։ Ուսումնասիրելով Էլվինայի արվեստն` ամեն անգամ համոզվում եմ, որ նա այն երգչուհիներից է եղել, որն իրեն ոչ բնորոշ երգեր երբեք չի կատարել։ Նա հարուստ ներաշխարհով արտիստ էր ու նրա բոլոր կատարումներում այդ ամենը նկատվում է։ Ինձ թվում է` բոլոր երգերն իր մասին են։ Եթե անգամ իր մասին էլ չեն, ապա դարձրել է իրենը։ Երբ լսում եմ կատարումները, հավատում եմ իրեն»։


2007 թվականին ԱՄՆ-ի իր բնակարանում գտնում են երգչուհու անշնչացած մարմինը։  Մահվան պաշտոնական պատճառ է նշվում սրտի կաթվածը։ Սակայն մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հայտարարում է, որ երգչուհին ինքնասպան է եղել։ Նրա վերջին հարցազրույցի ժամանակ լրագրողը հարցնում է՝ ինչ գույնի են իր աչքերը: Էլվինան պատասխանում է՝ օվկիանոսի։ Հոգու  խաղաղությունը հենց այնտեղ էլ գտնում է։ Նա արտիստ էր, որը պայքարում էր կարծրատիպերի դեմ թե՛ կյանքում, թե՛ արվեստում։ Նա ապրում էր կարոտով, երգում սիրո ավերակների ու մենության մասին։

Տեքստը` Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները` Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW