Քսան տարի է` միասին են, հարաբերություններն ամուր պահելու բանաձեւերը լավ գիտեն, իսկ թարմություն հաղորդելու եւ շփումը նոր հույզերով համեմելու համար չեն խուսափում բացահայտումներից։ Ասում են՝ կարեւոր են միմյանց վստահելը, հարգելն ու փոխզիջումները։ Դրամատիկական թատրոնի դերասաններ Գագիկ Մկրտչյանն ու Լիդիա Գրիգորյանը հյուրընկալվել են Հերմինե Ստեփանյանի «HerMine Dialog» հաղորդմանն ու անկեղծ խոսել ընտանիքի, ծնողների հետ ապրելու, թատրոնում միմյանց ամուսիններ չընկալելու մասին։
Ծնողների հետ ապրելու փորձառությունը
Գագիկ. Երբ տեղափոխվեցինք մեր նոր տուն, ես խնդրեցի, որ զոքանչս գա մեզ հետ ապրելու։ Նախ՝ նա իմ ընկերն է, ավելի շատ իմ կողմից է, քան Լիդիայի (ժպտում է,- հեղ․), համով պատրաստում է, մեր հանդեպ էլ շատ ուշադիր է։ Երբ Լիդիան գալիս է տուն, շարունակում է իր տեքստերը կրկնել. թատրոնն իր համար մի կյանք է։
Լիդիա. Հա, բայց այդպես մի ասա. ես տանն էլ եմ աշխատում` հավաքում եմ, մաքրում, դասավորում, երբեմն եփում եմ եւ այլն։ Այդ ընթացքում եմ փորձում նաեւ տեքստերս կրկնել (ժպտում է,- հեղ․)։
Գագիկ. Տանն իրար վրա չենք բղավում․ երեխաներ կան, հետո էլ՝ ե՞րբ եմ առհասարակ վերջին անգամ բղավել, այդպիսի բան չեմ հիշում։ Մնացածը մենք անում ենք լուռ. դրա տեխնիկան ունենք։ Դե, լա՜վ, կարող է մի քիչ էլ լսի, ի՞նչ է եղել որ (ծիծաղում է,-հեղ.):
Լիդիա. Ոչ մի րոպե չեմ մտածել անհանգստության մասին, որովհետեւ մաման իսկապես շատ է օգնում։ Մենք երկու երեխա ունենք ու տանը հաճախ չենք լինում. երեկոյան ենք գալիս։ Իսկ ամբողջ ցերեկը մամաս է երեխաներին խնամում, ամեն ինչով զբաղվում, եթե աշխատանքի չի լինում։ Ու կենցաղում երբեք խնդիրներ չենք ունեցել, ոչ մի անգամ չեմ մտածել՝ լավ կլիներ` առանձին ապրեինք։
«Թատրոնում երբեք իրար կին եւ ամուսին չենք զգացել»
Գագիկ. Շատ քիչ քննարկելու, խոսելու հետեւանքով մարդիկ բաժանվում են այսօր, այսինքն՝ չեն անցնում այդ ճանապարհը միասին։ Իսկ մենք թատրոնում երբեք իրար կին եւ ամուսին չենք զգացել։ Հենց մտնում ենք թատրոն, իրար գործընկերներ ենք համարում, ինչպես, օրինակ, մեր ընկեր Էմմա Մանուկյանն է, Դիանա Մալենկոն․․․ Այսինքն՝ թատրոնում ամուսիններ խաղալ չի ստացվել մեզ մոտ, ու մենք չենք էլ ուզել դա։
Ուրեմն` «Վերջին ծաղրածուն» ներկայացման մեջ ներգրավվեցի մեր դերասան Լեւոն Հախվերդյանի փոխարեն, որովհետեւ պետք է գնար բանակ, իսկ Նարինե Պետրոսյանի փոխարեն մտավ Լիդիան։ Քանի որ Նառայի հետ ես արդեն խաղացել էի, տեխնիկապես հստակ գիտեի՝ բեմում ինչպես խաղալ համբույրը, ու երբ Լիդիան այդ տեսարանում հանկարծ պիտի համբուրեր ինձ, մենք էլի իրար թուշ պաչեցինք, ինչպես մյուս դերասանների հետ ենք անում։ Լիդիան հասկացավ՝ ինչ է կատարվում` «Կինդ եմ, հանգիստ կարող էիր համբուրել»։ Ես հիմա զուտ սիրուն բառեր չեմ ասում, զգացողությունն իրոք այդպես է եղել. բեմում կին-ամուսին չկա։
Լիդիա. Միշտ ասում եմ՝ ի՜նչ լավ է, որ կան այն ներկայացումները, որոնցում մենք զույգ ենք խաղում. հանգիստ, ազատ համբուրվում ենք (ծիծաղում է,- հեղ․)։
«Նայեցի ու ասացի՝ դե, նորմալ համբուրվեք, էլի»
Լիդիա. Ես թե՛ հարաբերությունների մեջ եմ լրիվ նորմալ ու հանգիստ մոտենում փոխզիջումներին ու գիտակից ընկալումներին, թե՛ աշխատանքում։ Օրինակ՝ տատուի դեպքում Գագոն կարող է հաճախորդ ունենալ, որը մերկ պառկած լինի սենյակում, երբ նա աշխատում է։ Ինձ համար դա նորմալ է, քանի որ մասնագետ է, դա իր աշխատանքի բնույթն է, իհարկե։ Նույնը թատրոնում է։ Օրինակ՝ «Լորենցաչչո» ներկայացման ժամանակ Դիանան ու Գագիկն են զույգի խաղում, եւ փորձերի ընթացքում իբրեւ թե համբուրվում էին, թուշ էին պաչում, էլի։ Ես էլ նայեցի՜, նայեցի ու ասացի՝ «Դե, նորմալ համբուրվեք, էլի, ի՞նչ է նշանակում էս ամեն ինչը»։ Այսինքն՝ առողջ հարաբերությունը գիտակցումից է կախված. մենք ընդունում ենք իրար այնպիսին, ինչպիսին կանք։ Դա վստահությունն է մեկս մյուսի հանդեպ։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: